«Vogue» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ Հ.Ծ. Օգտագործելով գունային խիզախ եւ անսպասելի նրբերանգներՙ լուսանկարչուհի Լիանա Գրիգորյանը կարողանում է ստեղծել գեղարվեստական պատկերներ, որոնք անմիջապես տեղ են գտնում «Vogue» եւ «Cosmopolitan» նորաձեւության ճանաչված պարբերականների էջերում, տեղեկացնում է Լոս Անջելեսից Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը : Լիանայի անցած ճանապարհը, սակայն, հեշտ չի եղել: Առցանց հարցազրույցի ժամանակ «Միրոր-Սփեքթեյթրի» թղթակից Անի Մանուկյանը պարզել է, որ Լիանան Երեւանից էՙ Կովկասի ինստիտուտի շրջանավարտ: Հետեւել է հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի վավերագրական լուսանկարչության դասընթացներին: Մ. Նահանգներ տեղափոխվելու երազով երբեք չի տառապել: Իր բոլոր ազգականները Եվրոպայում են ապրել, բայց ընկերուհիները համոզել են նրան իրենց հետ մասնակցելու «գրին քարտ» կոչված վիճակախաղի: Ընկերուհիների բախտը չի բերել, միայն ինքն է շահել քարտը եւ 2013-ի իր ծննդյան օրը ոտք դրել Մ. Նահանգներում, որտեղ ծաղկեփնջերի փոխարեն բազմաթիվ մարտահրավերներ էին սպասում նրան: Անհրաժեշտ էր բարելավել անգլերենի իմացությունը, աշխատանք գտնել եւ բնակության հարցերը լուծել: Փորձառու տեսախմբագիր լինելով կարողացել է աշխատանքի անցնել տեղի հայկական հեռուստաընկերություններից մեկում, միաժամանակ լուսանկարելով հարսանեկան արարողություններ: Ընդունվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի լուսանկարչության բաժինը: Կատարած լուսանկարներն այնքան նուրբ մանրամասնություններ են ներառել իրենց մեջ, որ ճանաչված մոդելների ուաշդրությանն են արժանացել եւ շատ չանցած «Vogue» պարբերականը 7 լուսանկար է ընտրել տպագրելու համար իր «Ներքին խաղաղություն» վերնագրով ծրագրի էջերում: Նկարներում վարդագույն ծաղիկներն են խորհրդանշել պահանջված ներքին խաղաղությունը: Այնուհետեւ սկսել է աշխատել «Elite LA»ի նման գործակալությունների հետ, որոնք նորաձեության մասնաճյուղեր ունեն Փարիզում, Նյու Յորքում եւ Միլանում: «Vogue»-ը սիրում է, որ լուսանկարը բնական լինի եւ ինչ-որ գաղափար արտահայտի: Դա թիմային աշխատանք է եւ ինչքան էլ տաղանդավոր լինես, առանձին չես կարող ինչ-որ բանի հասնել», նշել է Լիանան: Նրա հաջորդ մեծ ծրագիրը «Հայ կանայք Մ. Նահանգներում» նախագիծն է, որն ընդգրկելու է հայ կանանցՙ տարբեր ոլորտներում եւ տարբեր քաղաքներում ու նահանգներում: Լիանայի մեծագույն քննադատը ինքն է, եւ իր այդ մոտեցումն է, որ հաջողություն է պարգեւում նրան: |