RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4426, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՄԱՍՆԱԿՑԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Սակայն մասնակցելու դեպքում ակամա օրինականացնելու է Մեղրիի միջանցքի բացումն ու Զանգեզուրի, Երեւանի, Սեւանի նկատմամբ Ալիեւի հավակնությունները

Նոյեմբերի 10-ին, երբ հրապարակվեց ՌԴ նախահահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած եռակողմ հայտարարությունը, որն այնուհետեւ վերածվեց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, հիմնավորելու համար Պուտինին, թե դա ՀՀ վարչապետը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ, իսկ ինքն ընդամենը միջորդել է, «Ազգ»-ում գրել էի, որ այդ հայտարարությունը հարց չի լուծում, այլՙ հարցականներ է առաջացնում: Հաջորդող օրերին, սակայն, հետզհետե պարզվեց, որ դա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման քողի տակ վերջ է տալիս Արցախի Հանրապետության գոյությանը:

Ակնհայտ է, որ Արցախի կորուստը սպառնալիքի տակ էր դնելու Սյունիքը: Ահա թե ինչու, առանց որեւէ կրակոցի Շուշին, Հադրութը, Թալիշը, ինչպես նաեւ ավելի քան 100 բնակավայրեր հայերի ունեցվածքով հանդերձ նվեր ստացած ադրբեջանցի մարդասպան հրոսակը, դեկտեմբերի 14-ին հարձակվեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի վրա, հաջորդ օրն էլ հարձակման ենթարկեց Շուշիի Մեծ Շեն եւ Հին Շեն գյուղերը: Այդ հարձակումները նոր չէին: Հրոսակը եռակողմ հայտարարության հրապարակման հաջորդ օրը հարձակում էր գործել առաջնագծից վիրավորներին տեղափոխող բուժօգնության մեքենաների վրա, սպանելով հայ բժշկին, մինչ վիրավորների մասին տեղեկություն չունենք:

Ավելին, նոյեմբերի 20-ին ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ ավարտվել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը: Սակայն, ադրբեջանցի հրոսակն այդ ընթացքում ներխուժել էր Հայաստանի տարածք եւ պատանդ վերցրել 10 քաղաքացու, ապա նաեւ ռուս զինվորի համազգեստովՙ Արցախի տարածք: Սրանք արդեն խայտառակություն են խաղաղապահների համար, առավել եւսՙ «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներիՙ շրջափակման մեջ հայտնվելը» կամ 73 հայ զինծառայողների առեւանգումը, որոնց ճակատագիրն առ այսօր, Արցախի պաշտպանության նախարարության վկայությամբ, շարունակում է մնալ անհայտ:

Թերեւս, ավելի մեծ խայտառակություն պետք է համարել այն, որ դեկտեմբերի 15-ի դրությամբ, ինչպես նշեց ՀՀ վարչապետը, Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել: Եթե ռուս խաղաղապահներն ընկնում են ադրբեջանցի հրոսակի շրջափակման մեջ(*), ինչպե ս են պահպանելու խաղաղությունը, կամ եթե Ադրբեջանը չի հաստատում խաղաղապահների մանդատը, ապա վերջիններս ի՞նչ հիմքի վրա են կատարելու իրենց, այսպես կոչված, առաքելությունը եւ, ուշիմ աշակերտի պարտաճանաչությամբ, հայերի ունեցվածքով հանդերձ ինչո՞ւ են հանձնել Շուշին, Հադրութն ու Թալիշը ներառյալ, 151 հայկական բնակավայր, որոնք ոչ ներառված են եղել եռակողմ հայտարարության մեջ, ոչ էլ դրա հաստատման պահին գտնվել են ռազմական գործողությունների գոտում: Թե՞ Մոսկվան հայ ռազմագերիների եւ պատանդների փոխանակումը դիտավորյալ ձգձգելու հնարավորություն էր տալիս Ադրբեջանին, որ այդ ձգձգումով հայկական կողմի ուշադրությունը շեղի Արցախի տարածքների հանձման ապօրինություններից:

Նշված հարցերը, իհարկե, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հետաքրքրում, ուստի նա, ձայնակցելով իր լավագույն ընկերոջըՙ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջականապես կարգավորման մասին է խոսում, մեկ էլ Արցախի «բնիկ ադրբեջանական տարածք» լինելու եւ, որպես ինքնիշխան պետությունՙ Ադրբեջանի իրավունքների մասին, թե կարող է թուրքական ռազմաբազա տեղակայել իր տարածքում: Թուրքիան, սակայն, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ներգրավվելուց զատ, հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչներ էր տեղակայել, ինչը ռազմական հանցագործություն է, բայց հոգ չէ: Մի՞թե Հայաստանը, ի տարբերություն ինքնիշխան Ադրբեջանի, Ռուսաստանի գաղութն է:

Գալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ապա նա էլ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից է գանգատվում, մեղադրելով նրանց խափանարար գործունեության մեջ Հարավային Կովկասում, գովաբանում Էրդողանին, թե ՌԴ նախագահը վերջինի հետ մշակել է համագործակցության մոդել, որը կիրառվում է հիմա Լեռնային Ղարաբաղում, ապա վերահաստատում Ռուսաստանի «աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին», ինչպես նոյեմբերի 24-ին էր հաստատել: Այնուհետեւ Լավրովը խոսում էՙ տարածաշրջանային անվտանգության պլատֆորմ ստեղծելու մասին: Այս պլատֆորմը սերտորեն կապակցված է Լավրովի գովաբանած «հաղորդակցության ուղիների ապաշրջափակման» անհրաժեշտությունից բխող Մեղրիի միջանքի հետ: Ընդ որում, պարզվում է, որ Մեղրիով, չգիտես ինչու, երկու միջանցք է նախատեսվում եւ դրանց բացումը պայմանվորվում է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով:

«Ազատություն», անդրադառնալով դեկտեմբերի 7-ին այս հարցին, հիշեցրել էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ այդպիսի միջանցքի մասին խոսք չկա: Ոչ էլ, ըստ ռաղիոկայանի, եղել է Մինսկի խմբի փաստաթղթերում: Այսինքն, Մոսկվան Լաչինի շրջանն Ադրբեջանին է հանձնել, որ այնտեղից միջանցք տրամադրելու միջոցով շնորհ անի Հայաստանին, որպեսզի նախադրյալներ ստեղծի Մեղրիի զույգ միջանցքների բացման համար: Քանի որ Լաչինի միջանցքի լայնությունը 5 կմ. է նախատեսվում, հետեւաբար նույնքան լայնություն կունենան նաեւ Մեղրիի միջանցքներից յուրաքանչուրը: Որքան էլ Լավրովը գովաբանի «հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը», Մեղրիի զույգ միջանքներն ընդամենը ապաշրջափակում են Նախիջեւանի հաղորդակցության ուղիները, որ Թուրքիան Նախիջեւանից Հայաստանի տարածքով ցամաքային ուղղակի կապ հաստատի Ադրբեջանի հետ:

Խնդիրը, սակայն, սոսկ Թուրքիայի ուղիղ կապը չէ Ադրբեջանի հետ, այլ միջանքի հայաստանյան հատվածում ռուս-թուրքական համատեղ պարեկության սահմանումը: Դրա նախադեպն արդեն առկա է Սիրիայում: Դա սահմանվել էր 2019-ի փետրվարին Իդլիբի հարավումՙ Դամասկոսը Հալեպին, իսկ Հալեպը Լաթաքիային կապող Իդլիբով անցնող M 4 մայրուղու վրա, որի հարավային հատվածում պարեկություն են անում ռուս զինծառայողները, իսկ հյուսիսային հատվածումՙ թուրք: Քանի որ ռուսական կողմը մերժել է Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի կազմում թուրք զինծառայողներ ընդգրկելու Էրդողանի պահանջը, ուստի միանգամայն հավանական է, որ վերջինս համառի պարեկության հարցում եւ Հայաստանի տարածքում պարեկության պատրվակով հայտնվեն թուրք զինվորներ: Ի դեպ, այդ մասին Էրդողանն արդեն ակնարկել է:

Հետեւաբար միանգամայն անհասկանալի էՙ թե Լավրովը Հայաստանի այդ ո՞ր շահերի կամ հաղորդակցության ի՞նչ ուղիների ապաշրջափակումից է խոսում: ի վերջո, Թուրքիան 1991-ին հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, իսկ 1993-ից ի վեր շրջափակում է Հայաստանի Հանրապետությունը, փակելով սահմանները: Լավրովը չի կարող այդ մասին չիմանալ, մնում է ենթադրել, որ նա չիմացողի տեղ է դնում իրեն: Գալով տարածաշրջանային անվտանգության պլատֆորմին, ապա դեկտեմբերի 10-ի Բաքվի շքերթից հետո Անկարա վեադառնալիս Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը սատարում է Իլհամ Ալիեւի ՙ տարածաշրջանային անվտանգության պլատֆորմ ստեղծելու գաղափարին:

Իլհամի այս գաղափարի համադրումը Էրդողանի Մեղրիի միջանցքում ռուսների հետ համատեղ պարեկություն անցկացնելու նկրտումների հետ, Հայաստանի համար խիստ վտանգավոր է դարձնում ինչպես պլատֆորմը, այնպես էլ նախատեսվող միջանցքը, հատկապես Բաքվի զորահանդեսի ֆոնին, մանավանդ որ դրանք, Էրդողանի հավաստմամբ, արժանանում են Պուտինի հավանությանը: Դեկտեմբերի 10-ի զորահանդեսին Ալիեւը հայտարարել է. «Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունն ունի ռազմական լուծում, այլապես առկա իրավիճակը կարող էր շարունակվել եւս 30 տարի»: Այնուհետեւ նա, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռքբերումները, ասել է, որ Զանգեզուրը, Երեւանը, Սեւանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել:

Իլհամի ելույթին հետեւել է Էրդողանի ելույթը: Նա ամենայն ամբարտավանությամբ մի քանի խորհուրդներ է տվել հայերին, ասելով. «Հայաստանը պետք է խելք հավաքի: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսի նոր դարաշրջան: Ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, որ պայքարն ավարտված է»: Նա միաժամանակ շքերթի օրը հռչակել է հայ ժողովրդի դահիճներ Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օր:

Այս ամենը, սակայն, չէր խանգարել էրդողանին, որ նա «Հայաստանի առջեւ Թուրքիայի դռները բացելու» պատրաստակամություն հայտնի: Ի դեպՙ պատերազմի օրերին էլ Էրդողանը ի լուր աշխարհի հայտարարել էր, որ ինքը մտադիր է ավարտին հասցնել 1915-ին Հայաստանում երիտթուրքերի կիսատ թողած գործը: Սա ցինիզմի ակնհայտ դրսեւորում է, բայց նորություն չէ նրա համար: 2003-ին, վարչապետ դառնալուց հետո, երբ նա այցելում էր Գերմանիա եւ այնտեղ նրան գերմանական կառավարությունը «մերսեդես» էր նվիրել, իսկ նա աներեսաբար պահանջել էր, որ ինքնաթիռ նվիրեն:

Քանի որ Հայաստանի կառավարությունն ու արտգործնախարարությունը զորահանդեսին ունեցած ելույթների համար արդեն դատապարտել են Իլհամին եւ Էրդողանին, ուստի Հայաստանը չի մասնակցի տարածաշրջանային անվտանգության պլատֆորմին: Սակայն մասնակցելու դեպքում ակամա օրինականացնելու է Մեղրիի միջանցքի հետագա բացումը, այնտեղ թուրք զինվորների մասնակցությամբ պարեկային ծառայության հաստատումը, Էրդողանի լկտիություններն ու Զանգեզուրի, Երեւանի, Սեւանի նկատմամբ Ալիեւի հավակնությունները:

Խմբ. կողմից.- Խմբագրությունը ավելի հավանական է համարում Հայաստանի մասնակցությունը այդ պլատֆորմին, հենվելով ՀՀ իշխանությունների հոժարակամության, այլեւայլ տարածքներ առանց առարկության ու դիմադրության թուրքերին զիջելու եւ ամեն ինչ ռուսական կողմին իբրեւ ալիբի օգտագործելու եւ այլ փաստերի վրա:

(*) Հիշեցնենք, որ ռուսական կողմը պաշտոնապես հերքեց շրջափակման մեջ հայտնվելու տեղեկությունը: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ