ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆԱԻՐ ՅԱՆ Մղձավանջը երեք ամիս շարունակվում է ու դեռ կշարունակվի, քանի դեռ ռազմագերիներ ու անհետ կորածներ ունենք, քանի դեռ ոչ մի հստակ թիվ չգիտենքՙ քանիսն են նրանք: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշումՙ մինչեւ իսկ 500 ռազմագերի: Բառացիորեն անտերության մատնված երկիր ու ժողովուրդ: 21-րդ դարում մենք ունենք վաղ միջնադարյան պատկեր. հաճախ մի քանի հարյուր մետր տարածքներում տեղի են ունեցել մարտեր, ու հայտնի չէՙ որտեղ քանի հոգի է կռվել, ովքեր են եղել, ինչ է կատարվել նրանց հետ: Այնպիսի տպավորություն է, ասես Արցախը Կամչատկայից մինչեւ Եվրոպա է ձգվում, մենք էլ երբեք մարդահամար չենք անցկացրել, որ իմանանքՙ որքան ազգաբնակչություն ունենք, քանի զինծառայող է մեկնել ճակատ, քանիսը չի վերադարձել: Նույնիսկ քոչվոր ցեղախմբի պարագայում նման պատկեր չէր լինի, իսկ 5000 տարվա հինավուրց ազգի հետ կատարվեց վատթարագույնը: Հարյուրավոր ընտանիքներ ապրում են անորոշության, տանջալից սպասումների մեջՙ որտեղ փնտրեն իրենց որդիներինՙ անհետ կորածների՞, թե ռազմագերիների մեջ, թեեւ այսպես թե այնպես, ոչ մի խմբում փնտրել չեն կարող, որովհետեւ պաշտոնապես որեւէ թիվ, որեւէ անուն չի հրապարակվել, իսկ իշխանությունները շարունակում են ապրել իրենց սովորական, նախապատերազմյան առօրյայով: Կառավարության, ԱԺ-ի, ավագանու նիստերՙ սովորական օրակարգով, ասես երկրում ոչինչ չի եղել, ոչինչ տեղի չի ունենում: Ազգ, ժողովուրդ, հանրություն, ցավից ճաքիր, վշտից քարացիր, ողբից պապանձվիր, դու մենակ ես, երկիրդ որբի գլուխ է: Արցախի ու Հայաստանի սահմաններն օր օրի նեղանում-սեղմվում են: Հայ գյուղացին զինված ադրբեջանցիների հետ սահման է չափում, ավելի ճիշտՙ ադրբեջանցին չափում է, ինքըՙ նայում, թե ինչպես է այդ չափումների արդյունքում սահմանն անցնում իր տան ու հավանոցի արանքով: Սյունիքում կամավորական ջոկատները մեկ ամսից ավելի կանգնած են կուշտ ու կուռ, զինված ու զրահավորված թշնամու դիմաց: Նրանք մինչեւ հիմա տանից բերած ճտքավոր կոշիկներով ու բաճկոնով ենՙ առանց գիշերային լուսավորության սարքերի, առանց զրահաբաճկոնի, որովհետեւ զինվորի բաժինը հենց հիմա անհատները վաճառքի են դրել list.am-ում, ու ոչ ԱԱԾ-ն, ոչ ոստիկանությունը չեն պարզել, թե պատերազմից ընդամենը մի քանի օր անց ՀՀ քաղաքացիները որտեղից ու ինչ ճանապարհով են զրահաբաճկոններ ու գիշերային լուսավորության սարքեր ձեռք բերել եւ բացահայտ վաճառում են: Երեք ամիս ձգվող մղձավանջի մեջ դեկտեմբերի 14-ին լույս առկայծեցՙ 44 գերիներ վերադարձան հայրենիք: Բացի հրապարակված 44 անուն-ազգանուններից, այլ տեղեկություն գրեթե չկա, որովհետեւ ցավոտ է, փխրուն է, զգայուն է այս հարցը, որովհետեւ անգամ գերու լուսանկարը ցույց տալը կնշանակի նրան թիրախավորել, հազարումի մեկնաբանությունների տեղիք տալ. ի վերջո, անհերքելի է, որ մեր հասարակությունը մեծ հաշվով առողջ դատելու ունակությունից հեռու է: 44 ընտանիք վերագտավ ապրելու իմաստը, 44 մարդ վերածնվեց, բայց դեռ քանի՜-քանիսն են մնացել թշնամու ճիրաններում. ոչ մի ստույգ տեղեկություն չունենք, ինչպես որ առայժմ հայտնի չէՙ գերիներն ինչ տարիքի, առողջական ինչ վիճակում են: Տեղեկություն կա, որ նրանց մի մասը մինչ պատերազմն է մոլորվելու պատճառով հայտնվել Ադրբեջանում ու գերեվարվել: Իհարկե, Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի կյանքը թանկ ու անգնահատելի է եւ հրաշալի է, որ 44-ը փրկվեցին, իսկ ի՞նչ է լինելու մեր մնացած զինծառայողների հետ, որոնք պատերազմի ժամանակ են գերեվարվել: Գերիների վերադարձի մասին լուրն, իրար հերթ չտալով, շուտափույթ տարածեցին բոլորըՙ հատկապես իշխանական օղակները: Հասկանալի է, որ ժողովրդի զայրույթը մի քիչ մեղմելու, խայտառակ հեղինակազրկումից փրկվելու լավ առիթ էր, որն օգտագործելու անհաջող փորձ արվեց. ո՞վ չգիտե, որ գերիների վերադարձը իշխանությունների շնորհքը չէր: Իշխանությունները դեռ մեկ ամիս առաջ էին շրջանառում «բոլորը բոլորի դիմաց» թեզը, իբր իրենց հաջողվել է Ադրբեջանի հետ պայմանավորվել, որ մեր բոլոր ռազմագերիները վերադարձվելու ենՙ անկախ այն բանից, թե մեզ մոտ քանի ադրբեջանցի գերի կա: Ակնհայտ խաբկանք. «բոլորը բոլորի դիմաց» թեզը, ինչպես եւ սպասելի էր, չաշխատեց: Բաքվից Երեւանՙ Փաշինյանին ծաղրուծանակի ենթարկող Ալիեւը մեզ ռազմագերի կտա՞ր. իհարկեՙ ոչ: «Բոլորը բոլորի դիմաց» թեզն ընդամենը ականջահաճո հերթական սուտն էր, որ սկզբնական շրջանում հանրության ականջներն էին լցնում իշխանությունները: Մեր գերիների վերադարձից ժամեր առաջ Հայաստանն Ադրբեջանին վերադարձրեց կուշտ ու կուռ, հագած-կապած երկու դիվերսանտ մարդասպաններինՙ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին: Համեմատեք նրանց լուսանկարներըՙ 2014-ին նոր բռնված ժամանակ եւ երեկՙ օդավանակայանում. ասես Սոչի-սանատորիայից վերադառնալիս լինեին: Իսկ ինչպե՞ս են վարվում ադրբեջանցիները մեր ռազմագերիների հետ, միայն Լյուցիֆերին է հայտնի: Քանի որ իշխանությունների կողմից ոչ մի հոդաբաշխ տեղեկություն ու բացատրություն չի տրվում, թե ինչի կամ ում դիմացՙ ում ու քանի հոգու է հանձնում մեզ Ադրբեջանը, ուստի, մնում է փաստերի համադրությունների հիման վրա ենթադրություններ անել: Ադրբեջանցի երկու դիվերսանտների դիմաց 44 հայ գերի՞. շատերն այս եզրակացությանը հանգեցին, բայց մենք փոխանակման համար ադրբեջանցի գերիներ ունե՞նք: Հայտնի է, որ պատերազմի օրերին երկու սիրիացի վարձկանների ենք բռնել, սակայն ոչ մի տեղեկություն չկաՙ նրանց հանձնե՞լ ենք կամ եթե հանձնելու լինենք, ո՞ւմ ենք հանձնելուՙ Ադրբեջանի՞ն, որը դեռ պատերազմի ժամանակ էր հրաժարվել վարձկաններից, թե՞ Սիրիային, որը մեր պարագայում փաստացի պատերազմող երկիր չէ: Ի՞նչ օգուտ սիրիացի վարձկաններից, արդյո՞ք նրանց հետ կփոխանակեն մեր ռազմագերիներին, եթե պարզվի, որ նրանք դեռեւս մեզ մոտ են: Այս հարցերն ավելի շատ ժողովրդին են հետաքրքրում, հանրության շրջանում են շրջանառվում, որովհետեւ բոլոր հարվածներն ու կորուստները ժողովրդին են հասցվել, ոչ թե իշխանություններին կամ քաղաքական գործիչներին: Որբի գլուխ դարձած երկրում վերքը տիրոջն է ցավ տալիս: Արցախում ու Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը պահվում է հույժ գաղտնիության ձեւաչափում: Մեր սահմաններն ինֆորմացիոն բլոկադայի մեջ են. ծրագրված քաղաքականություն էՙ ինչքան քիչ բան իմանա ժողովուրդը, այնքան գաղտնի գործելու շանսերը կմեծանան, այնքան ընդվզումը, պայքարը, Փաշինյանի հրաժարականի պահանջները կդանդաղեն: Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, թե Արցախի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերի համար թեժ մարտեր են տեղի ունենում: Իհարկե, ռազմաքաղաքական վերնախավը բանից անտեղյակ էր, ամեն ինչ արվում էր տեղաբնակների, կամավորների ուժերով ու ինքնակազմակերպման շնորհիվ: Հակամարտությունը թեժացավ նաեւ Դիզափայտ լեռան համար: Համարյա տասն օր է անցել, մինչեւ հիմա ոչ մի հստակ տեղկություն չկաՙ ինչ կորուստներ ենք ունեցել. տարբեր աղբյուրներից տեղեկություն կա, որ 6 վիրավոր ունենք ու 10 գերեվարված, իսկ Արցախի ու Հայաստանի իշխանությունները համառորեն լռում են ու ոչ մի մեկնաբանություն չեն տալիսՙ ինչ է կատարվել: Ինչքան քիչ բան իմանանք, այնքան իրենց օգուտն է: Ի վերջո, Խծաբերդը, Հին Թաղերը, Դիզափայտը, ըստ եռակողմ համաձայնագրիՙ հայկական տարածքում պետք է լինեին, որովհետեւ ի սկզբանե եղել են ԼՂԻՄ-ի քարտեզում: Օգտվելով հայաստանյան իշխանությունների անգործությունից ու անճարակությունիցՙ ադրբեջանցիները ցանկացած կամայականության են դիմում, քանի որ նրանց ձեռքը բռնող չկա: Բառացիորեն փաստաթղթի դրույթ է խախտվել այն դեպքում, երբ մեր կողմից բոլոր կետերն անխախտ իրագործվել են: Ժամեր անց ռուսական կողմը հայտարարեց, թե Խծաբերդը, Հին Թաղերն ու Դիզափայտ լեռն իրենց վերահսկողության տակ են: Բայց դա շատ կարճ տեւեց, որովհետեւ դարձյալ ոչ պաշտոնական, բայց ավելի հավաստի աղբյուրներ վկայեցին, որ երեքն էլ անցել են ադրբեջանական կողմին: Երեւանի տարածքը 227 քկմ է, իսկ օրերս ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած վերոնշյալ տարածքները միասին կազմում են 600 քկմ, ընդ որումՙ 2500 մ. բարձրությամբ Դիզափայտ լեռը ռազմավարական նշանակություն ունի, այնտեղից ինչպես ափի մեջ, երեւում են Շուշին, Հադրութը, Ջաբրայիլը, Կովսականը, Իրանի սահմանը: Դե արի ու մի մտածիր, որ ադրբեջանցի երկու դիվերսանտներին պարտադրված ենք հանձնել Ադրբեջանին, ավելացրած տարածքներՙ ռազմագերիների դիմացՙ 44 գերիներ: Քանի որ անտերության մատնված երկիրը միայն դե ֆակտո ունի իշխանություն, քանի որ անգամ օդում է զգացվում, որ մեր կորուստներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ իշխանությունների բերանից անգամ լինգով հնարավոր չէ մի բառ հանել, ուրեմն յուրաքանչյուր ոք ենթադրություններ անելու իրավունք ունի, ընդհուպ մտածելուՙ նոր տարածքներՙ ռազմագերիների դիմաց գաղտնի պայմանավորվածության մասին: Ի դեպ, 44 գերիներին հանձնելուց կես օր հետո ադրբեջանցիներն առաջ են շարժվել դեպի Շուշիի շրջանիՙ համաձայնագրով մեզ պատկանող Հին շեն, Մեծ շեն, Եղծաձոր համայնքներՙ գյուղացիներին ստիպելով լքել իրենց տները: Նույն օրն ադրբեջանցիները համացանցում տեղադրեցին տեսանյութ, որտեղ ծաղրում էին մեզ 44 գերիների վերադարձի համար ու ցույց տալիս, որ եւս հարյուր հայ ռազմագերի են վերցրել: Խելագար մղձավանջը շարունակվում է: Պարզ տրամաբանությամբ իրավունք ունենք ենթադրելու, որ սա հատուկ ռազմավարություն էՙ Արցախում ու Հայաստանի սահմաններին ադրբեջանցիները գրոհում են մեր գյուղերը, միաժամանակ տեսանյութերում ցույց տալիս մեր ռազմագերիներին, որպեսզի հաջորդ գործարքը կատարվիՙ ռազմագերիներՙ նոր տարածքների դիմաց: Իրավունք ունենք եւս մի ենթադրություն անելու, որ անհետ կորածների, ռազմագերիների հարցը դիտավորյալ է ձգձգվել. գերիներն իրականում պատանդ են ու շանտաժի առարկա, որպեսզի կամաց-կամաց նոր տարածքներ զիջենք, ու այսպիսով իրականություն դառնա Փաշինյանի հայտնի թեզը: Իսկ ադրբեջանցիներն այսուհետեւ էլ կարող են հայկական անտեր-անպաշտպան գյուղերից ամեն վայրկայն գերիներ վերցնել, քանի դեռ Ալիեւը չի հասել Սեւանում ոտքերը թրջելու, իսկ Երեւանում թեյ խմելու գերնպատակին. թշնամին քաջ գիտե, որ որբի գլուխ Հայաստանը բառի ուղիղ իմաստով իշխանություն չունի: |