ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»ՙ ՍԵՐԲԵՐԵՆ Բ. Ս. Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության եւ բելգրադյան «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան նախաձեռնությամբ ու համագործակցությամբ, օրերս Բելգրադումՙ առաջին անգամ թարգմանաբար լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատությունը: Գիրքի խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը ճանաչված գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանն է, որ ավելի քան 40 տարի զբաղվում է հայ-սերբական մշակութային կապերով: Խորենացու եւ նրա աշխատության մասին պատմական ակնարկ է գրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը : Ինչպե՞ս ծնունդ առավ գիրքը սերբերեն թարգմանելու գաղափարը: - Տարիներ առաջ մասնակցում էի Բելգրադում ավանդաբար անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին, ուր ծանոթացա «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան տնօրեն, տիկին Վեսնա Պեշիչի հետ,- պատմում է Բաբկեն Սիմոնյանը: -Մինչ այդ, հայ գրականությունը եւ մշակույթը Սերբիայում բազմիցս ներկայացնելու առիթներ եմ ունեցել, բայց Վեսնա Պեշիչի հետ հանդիպումովՙ հրատարակչական համագործակցության նոր ուղիներ բացվեցին: Նա տեղեկացրեց, որ ցանկանում է հրատարակել Խորենացու «Հայոց պատմությունը», որի մասին լսել է Հայաստանի մասին քաջատեղյակ իր սերբ մտերիմներից: Երբ հարցրի, թե ի՞նչը շարժառիթ եղավ իրականացնելու այդ մտահղացումը, նա հստակ պատասխանեց, որ իր հրատարակչատան քաղաքականության առանցքը աշխարհի հին քաղաքակրթությունները, ինչպես նաեւ մոռացված մշակույթները սերբ ընթերցողներին ներկայացնելն է: Նրա խոսքը գրավեց ուշադրությունս: Առաջարկեց ինձ խմբագրել Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն թարգմանությունը եւ միաժամանակ առաջաբան գրել: Սիրով ընդունեցի առաջարկըՙ տեղեկացնելով, սակայն, որ դա պատասխանատու աշխատանք է եւ բավականին ժամանակ է պահանջվում գիրքը պատվախնդրորեն ներկայացնելու համար: Անցած երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել: Գիրքը թարգմանվել է ռուսերենից, որը ժամանակին գրաբարից հաջողությամբ թարգմանել է ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը : Խմբագրական աշխատանքի ընթացքում ռուսերեն թարգմանությունից զատ, համեմատական աշխատանք է կատարվելՙ հիմք ընդունելով նաեւ հայերեն բնագիրը, քանի որ հայկական անվանուններն ու տեղանունները ճիշտ տառադարձմամբ ներկայացնելու խնդիր կար: Ցավով պիտի նշել, որ ժամանակին սերբ որոշ հրատարակիչներ ու հեղինակներ ուշադրություն չեն դարձրել հայկական անուններին, որոնք լույս են տեսել մի շարք սխալներով: Այդ առումով, խմբագիրն ամենայն պատասխանատվությամբ է անդրադարձել սերբերենով ներկայացվող հայկական անուններին: Խոսքը, անշուշտ, միայն հայկական անուններին չէ, որ վերաբերում է: Հայերեն բնագրի հետ համեմատելիս խմբագիրը ջանացել է, որ սերբերեն թարգմանությունը լիովին արտահայտի Խորենացու աշխատության ոգին եւ չլինեն վրիպումներ: Իր պատմական ակնարկում տիկին Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել է Խորենացու աշխատության առանցքային նշանակությունը, որը որպես սկզբնաղբյուր, մեր գոյության թերեւս ամենաարժանահավատ վկայագիրն է: Նա գրում է, որ «Հայոց պատմությունը» համամարդկային արժեք է ներկայացնում այն առումով, որ նրանում հետաքրքրական տեղեկություններ կան նաեւ Հռոմի, Հունաստանի, Պարսկաստանի, Եգիպտոսի, Բալկանյան երկրների ու նրանց ժողովուրդների, ինչպես նաեւ Վրաստանի ու Աղվանքի մասին: Բծախնդիր աշխատանքը տվել է իր հրաշալի արդյունքը: Սերբ ընթերցողի սեղանին դրված «Հայոց պատմությունը» լույս է տեսել ճիշտ ժամանակինՙ ողողված աշխարհաքաղաքական բարդ խմորումներով ու պատերազմներով, երբ անհայրենիք ու քոչվոր ցեղերը կրկին փորձում են իրենց վերագրել հայ ժողովրդի պատմական տարածքները եւ մշակութային ժառանգությունը: Գրքում ներկայացված են պատկերազարդումներ «Աշխարհացույցից», որը սերբ ընթերցողին հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնել մեր հայրենիքի պատմական սահմանները: Գրքի լույսընծայմանը մասնակցել են պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը եւ սերբ աստվածաբան Պրեդրագ Միյանովիչը : Գիրքը, անշուշտ, Հայաստանը եւ Սերբիան միմյանց կապող մի նոր կամուրջ է, որն ավելի կմերձեցնի բախտակից մեր երկու ժողովուրդներին: |