ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Թուրքիայի դեմ բացասական արձագանքների սպասումովՙ յուրաքանչյուր տարի, Ապրիլի 24-ի նախօրեին, այդ երկրի կառավարությունը ջանք չի խնայել աշխարհի առջեւ իր իմիջը մեղմացնելու համար: Հիշենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ինՙ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, Թուրքիայի կառավարությունը նշեց Դարդանելի ճակատամարտի` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների դեմ գերմանացի գեներալների կողմից Մուստաֆա Քեմալին բաշխած կասկածելի հաղթանակի հարյուրամյակը: Կցանկանայինք, որ Թուրքիայի ջանքերը անօգուտ անցնեին, սակայն իրականությունն այլ է: Հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական դիրքը միջազգային արենայումՙ շատ գերտերություններ աջակցում են Թուրքիայինՙ անկախ այդ որոշման բարոյական հետեւանքներից: Այս տարին ոչնչով չի տարբերվում, հատկապես այն քաղաքական զարգացումների լույսի ներքո, որտեղ տեսնում ենք, որ ԱՄՆ վարչակարգը սուր ակնարկներ է նետում Անկարային, այն մասին, որ նախագահ Ջոզեֆ Բայդենը կարող է «ցեղասպանություն» կախարդական եզրույթը օգտագործել Ցեղասպանության տարելիցին ԱՄՆ-ի կողմից ավանդաբար արվող մեկնաբանության մեջ: Ավելին, Թուրքիայի նախագահական գրասենյակը ապրիլի 20-ին գիտաժողով էր հրավիրելՙ խնդիրը երեք տարբեր փորձագիտական խմբերի հետ քննարկելու համար: Առաջին խմբի մասնակիցների շարքում էր նախագահ Էրդողանի խորհրդական Սեյիթ Սերթչելիքը , որը ժխտում է ցեղասպանության փաստը: Իհարկե երեք խմբերի նպատակը Ցեղասպանության հարցի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելը չէր, քանի որ ճշմարտության մենաշնորհը նախագահ Էրդողանի ձեռքում է, որը հայերից պահանջում է ներկայացնել «գեթ մեկ փաստաթուղթ», ըստ որի թուրքերը երբեւէ կատարել են այդ ցեղասպանությունը: Ուստի, փորձագետներին մնում է միայն պատմական փաստերը այնպես դասավորել, որ դրանք ապացույց հանդիսանան Էրդողանի հորինած պատմական ճշմարտության համար: Ի լրումն այս ստահոդ արարքներիՙ Թուրքիան այլ միջոցներ էլ է ներդրել ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը կանխելու համարՙ թանկարժեք լոբբիստական խմբերի եւ անդադար մամուլի քարոզարշավի տեսքով: Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված Թուրքիայի շտապողականության պատճառներից մեկն է շարունակել ստանալ իրայելական այն լոբբիստական խմբերի ծառայությունները ԱՄՆ-ում, որոնք, որպես կանոն, անցյալում աջակցել են Թուրքիային ԱՄՆ կառավարությանը Ցեղասպանության ընդունման հարցից շեղելու գործում: Քանի որ խնդիրը Թուրքիայի համար այդչափ էական հետեւանքներ ունի, զարմանալի չի լինի, եթե Անկարան վերջին պահին Վաշինգտոնին ներկայացնի այնպիսի հրապուրիչ առաջարկ կամ զիջման տարբերակ, որ վարչակարգը ուղղակի չկարողանա մերժել այն: Ի լրումն իր ավանդական միջոցներիՙ այս տարի Թուրքիան հայերին եւս մեկ ցեղասպանությամբ սպառնալու նոր մեթոդ է որդեգրել: Թուրքիայի գործողությունները Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ, Հայաստանի սահմաններին թուրքական զորքերի շարունակական կենտրոնացումը եւ Հայաստանի տարածքի մաս կազմող Սյունիքը պահանջելը հավասարազոր է նոր ցեղասպանության: Եվ Թուրքիան Հայաստանի նկատմամբ հանցագործ արգելափակումը հանելու դիմաց որպես վարձատրություն պահանջում է Ցեղասպանության ներումը: Անցյալ տարի Բաքվում Հայոց ցեղասպանությունը ծրագրած եւ իրականացրած երեք առաջնորդներից մեկիՙ Էնվեր Փաշայի հիշատակումը Էրդողանի կողմից, գագաթնակետն էր այն բոլոր սպառնալիքների, որ Անկարան պարբերաբար ուղղում է Հայաստանին: Իրենց ջարդարար նախնու փառաբանումը եւ, միաժամանակ, հայերի դեմ նվաճողական պատերազմում հաղթանակով ուրախանալը իրար կապեցին Օսմանյան կայսրություն, Թուրքիայի Հանրապետություն եւ նրա փոքր եղբայր, Ադրբեջանի Հանրապետություն եռյակի բոլոր պատմական կետերը: Էրդողանը միակ թուրք առաջնորդը չէ, որ սպառնացել է Հայաստանին, չնայած նա նրանց շարքում ամենահանդուգնն է: Շատ այլ թուրք առաջնորդներ անցյալում այս կամ այն ձեւով սպառնացել են Հայաստանին: 1992 թվականինՙ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Թուրգութ Օզալը առաջարկեց Կիպրոսի ոճով բլիցկրիգ իրականացնել Հայաստանի դեմ: Այլ առիթներով նա իր հռետորական հարցն էր հնչեցնում. «Իսկ ի՞նչ եթե մեր զորավարժություններից մեկի ժամանակ ռու՞մբ նետենք Երեւանի վրա»: Անուղղակիորեն Օզալը հայերին զգուշացնում էր դաս քաղել 1915 թվականից: Կրկին եւ կրկին Թուրքիան ե՛ւ մեխին է խփում, ե՛ւ նալինՙ ասելով. «Մենք ցեղասպանություն չենք գործել», միեւնույն ժամանակ ավելացնելով. «Նրանք պետք է դաս քաղած լինեին»: Նախագահ Սուլեյման Դեմիրելը Հայաստանը բնութագրում է որպես «անիծյալ սեպ» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ իր աշխարհագրական դիրքում: Այսպիսով, 1993 թվականին Թուրքիայի նախկին նախագահ Բյուլենթ Էջեւիթը ներկայացրեց Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակելու տխրահռչակ ծրագիրը, որը այդ ժամանակ առաջարկում էր Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Փոլ Գոբլը : Մեկ այլ խոստովանություն է արվել Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ, կուլուարներում, Թուրքիայի բանակի սպայակույտի նախկին ղեկավար գեներալ Իլքեր Բաշբուղի կողմից: Նա պարծեցել էր իր երկրովՙ բացեիբաց տալով այն հռետորական հարցը, թե արդյոք Թուրքիան կկարողանա՞ր ունենալ այդպիսի միավորված պետություն, եթե «Մենք մեր երկրից չվտարեինք հույներին ու հայերին»: Չբավարարվելով պատմական Հայաստանի գրավմամբ, հայ ժողովրդի տարհանմամբ ու կոտորածով, թուրք ղեկավարները շարունակում են իրենց ատելության ու սպառնալիքներիՙ այժմ արդեն ցեղասպանության սպառնալիքի քաղաքականությունը: Նախագահ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը փորձել է համոզել նախագահ Բայդենի Ազգային ապահովության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանին , որ քանզի ցեղասպանություն եզրույթը գոյություն չուներ 1915 թվականին, հետեւաբար ցեղասպանություն էլ չէր կարող տեղի ունեցած լինել: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ժամանակ, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն , որ վկա էր եղել այդ իրադարձություններին, Թուրքիայի կառավարության գործողությունները բնորոշելիս հնարավորինս մոտեցել էր ցեղասպանություն սահմանմանը: Իրապեսՙ 1915 թվականի հուլիսին Մորգենթաուն Վաշինգտոն հեռագիր էր ուղարկել, որում նշված էր, որ տեղի է ունենում էթնիկ զտում, որ դա Հայաստանի խաղաղ բնակչությանը բնաջնջելու եւ նրանց կործանելու եւ գաղթական դարձնելու շարունակական փորձ է: Պարոն Կալինը նաեւ պնդել է, որ հայկական հարցի վերաբերյալ որեւէ դատավճիռ չի կայացվել: Ուինսթոն Չերչիլը գրում է. «Մերձավոր Արեւելքից ցեղային բնաջնջումը այնքան ամբողջական էր, որքան առհասարակ այդ արարքը, այդպիսի չափերով, կարող էր լինել: Հիմնավոր կասկած չկա, որ այս հանցագործությունը ծրագրվել եւ կատարվել էր քաղաքական նկատառումներով: Հնարավորություն էր ստեղծվել մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից...»: (Աշխարհը ճգնաժամի մեջ (Հատոր 5) Ուինսթոն Չերչիլ): Հակիրճ անդրադառնալով դատավճռի հարցինՙ մեր օրերի ականավոր ցեղասպանագետՙ Դր. Վահագն Դադրյանը գրել է. «Դատարանի գլխավոր մեղադրական ակտը եւ գլխավոր դատավճիռը հրապարակվել են Օսմանյան կառավարության Տակվիմ-ի Վեկայի պաշտոնաթերթիՙ համապատասխանաբարՙ 3540 եւ 3604 համարներում: Նշենք, որ այս ռազմական տրիբունալի բոլոր վճիռները Նյուրնբերգյան դատարանի վճռի նման գրեթե ամբողջությամբ հիմնվում էին պաշտոնական թուրքական փաստաթղթերի վրա: Հաշվի առնելով մեծաքանակ իրավական եւ պատմական փաստաթղթերի առկայությունըՙ թուրքական կառավարությունը կարող է միայն դիմել սպառնալիքների եւ խեղաթյուրումների: Թուրքիայի կողմից նման մեքենայությունների դիմելը ցույց է տալիս, թե որքան ահռելի կարող են լինել միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման հետեւանքները: Հայաստանի քաղաքական գետտոյի շատ վերլուծաբաններ եւ պետական գործիչներ թերարժեւորում են Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ այն վտանգը, որ երկիրը կհայտնվի թուրքական թակարդում, ինչպես նաեւ կարճաժամկետ տնտեսական օգուտների համար աչք են փակում խնդրի պատմական եւ քաղաքական արժեքի վրա: Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ քաղաքականության մեջ բարոյականության համար տեղ չկա: Որեւէ կառավարություն կխիզախի ճանաչել Հայոց ցեղասպանությունը միայն եթե այդ ճանաչումը համընկնի իր սեփական շահերի հետ: Այդ է պատճառը, որ մեր Ցեղասպանությունը ճանաչել են 30-ից ոչ ավելի երկրներ: Տեւական ժամանակ է, ինչ մենք ականատես ենք լինում Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության օգտագործմանը սեփական քաղաքական նպատակների համար: Ամեն անգամ, երբ կառավարությունը փորձում է որեւէ զիջում կորզել Թուրքիայից, զանգվածային լրատվամիջոցները սկսում են զեկուցել, որ Իսրայելի Քնեսեթի ենթահանձնախմբերից մեկը զբաղվում է այդ հարցով: Հայերը ոգեւորվում են, թուրքերըՙ անհանգստանում, սակայն Անկարան ինչ-որ կերպ կապ է հաստատում Իսրայելի կառավարության հետ եւ խնդիրը երբեք չի հասնում Քնեսեթՙ լիագումար քվեարկության համար: Սա ավանդական քաղաքական խաղ է եւ չպետք է մեզ հիասթափեցնի: 2019 թվականին Սենատի եւ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանության հաջորդաբար ճանաչումից հետո «Նյու Յորք Թայմսը», որը 1915 թվականին 145 թղթակցություններ եւ կարծիքներ էր հրապարակել ցեղասպանության վերաբերյալ, եզրակացրեց. «Մենք բոլորս հասկանում ենք այն քաղաքական նախադրյալները, որոնք ստիպեցին ԱՄՆ կառավարության օրենսդրական ճյուղին ընդունել համապատասխան բանաձեւերը»: Ներկայացուցիչների տան կողմից բանաձեւի ընդունումից հետո «Նյու Յորք Թայմսը» գրեց. «Ներկայացուցիչների պալատը ճիշտ քայլ արեց անցյալ շաբաթ, սակայն համապատասխան հարգանքի չի արժանանում խիզախության համար: Օրենսդիրները գործեցին միայն որովհետեւ Թուրքիային դեմ դուրս գալը այդ ժամանակ ժողովրդական էր դարձել: Վերջերս Թուրքիայի ներխուժումը Սիրիական Քուրդիստան երկկուսակցական հովանավորություն առաջացրեց Վաշինգտոնում: 1915-ի զոհերը արժանի են հիշատակվելու ոչ միայն որպես խորհրդանշական կշտամբանք ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգին: Չնայած օրենսդրական զայրույթը ցեղասպանության բանաձեւի հետ կապելը քաղաքականության բնական ընթացքն է, Էրդողանը այնուամենայնիվ արժանի էր այդ կշտամբանքին, քանզի երկար ժամանակ է ինչ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հովանավորության քողի ներքո ամբողջ աշխարհը ներքաշել է սեփական շահերին ծառայող արկածախնդիր գործունեության մեջ: Այդ է պատճառը, որ ի լրումն բանաձեւի ընդունման, Թուրքիային զսպելու համար պատժամիջոցներ կիրառվեցին : Սա նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար լավագույն պահն է: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում մռայլ տրամադրություններ են տիրում: Աստիճանաբար տուն են բերվում պատերազմի 5000 զոհերի աճյունները: Պարտության վիշտը ճնշող է, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակցիՙ Ռուսաստանի հետ հարաբերություններում հիասթափությունը մեծ է: Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կհամալրի ԱՄՆ կառավարության օրենսդիր ճյուղիՙ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարած քայլերը: Այն նաեւ Թուրքիայի շուրջ, որը բացահայտորեն սպառնում է Հայաստանի սահմաններին, կարմիր գծեր կքաշի: Դա հույսի շող կլինի Հայաստանի պատմության ամենամռայլ ժամին: Դա կլինի փրկություն, որը ամբողջ աշխարհի հայերին կազատի ներկայիս պատմական տրավմայից: Անգլ. թարգմանեցՙ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator) |