ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ՍԹՐԻՆԲԵՐԳ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Մենք կարծում էինք, թե ամենաահավոր բանը, որ կատարվել է եւ կարող էր կատարվել Հայաստանումՙ պատերազմն է, ու դա արդեն կատարվել էՙ մի ողջ սերնդի անէության մատնելով: Սակայն սխալվում էինք, մի վատ բան էլ հիմա է կատարվում, քանի որ փոխանակ ուժերի ճիշտ կենտրոնացումով պաշտպանական նոր ճակատ ու ծրագիր ստեղծեին մոտեցող բոլոր վտանգների դեմ, պարտության ճարտարապետ իշխանության համար էլ Աստծուց խելք իջեցնելով ու հատկապես վարչապետի ղեկին մնալը Փաշինյանի կողմից իդեա-ֆիքս չսարքելով, այս օրերին մի վերին ձեռքով Հայաստանը հրվում է ավելի վատ վիճակի մեջՙ ընտրական ֆարսի տանելով երկիրը: Նպատակը, հայերին իրարից հեռացնելու եւ թշնամացնելու ենթատեքստից բացի, նաեւ վտանգի զգացողությունը բթացնելու, շեղելու բովանդակություն երեւի ունի, որպեսզի երաշխավորված դիմակայության կամ փրկության ծրագրեր ի հայտ չգան, քաղաքական միտքը ընտրություններից ու իշխանությունը գրավելուց բացիՙ այլ գաղափարներ գեներացնելու հնարավորություն չունենա, երբ թշնամին ախորժակ է սրում Սյունիքի ու Ստեփանակերտի վրա, ու նույնիսկ հայտարարություններ է հնչեցնում, թե հունիսի քսանից հետո Ստեփանակերտում նստած է լինելու:Կարծում էինք նաեւ, թե քաղաքական կյանքի հետ կապված էլ զարմանալու առիթ չենք ունենաՙ այնքան անհավանական իրադարձությունների ականատեսը լինելով վերջին տարիներին: Բայց ոչ, հայերիս անհավանական քայլերի ողջ շտեմարանը երեւում է դեռ չի սպառվել, ու դրա ապացույցը կարելի է համարել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը նախկին երկու նախագահներին, որոնց դեմ պայքարին նվիրել է իր հետնախագահական ողջ կյանքը: Ինչն է ստիպել նրանՙ իր նախկին հովանավորյալին ու նրա ձեւավորած իշխանությունը արտահերթ ընտրություններով փոխելու հույս ունեցող քաղաքական հակառակորդներին համախմբելու փորձ անելՙ ենթադրությունների դաշտում է, նա Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար անվանել է շատ ավելի վտանգավոր, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները, նշելով, թեՙ «անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»: Ի դեպՙ դեռ մարտի վերջին է նա այդ մասին խոսել երկու նախկին նախագահների հետՙ երկրորդից հենց տեղում մերժում ստանալով, իսկ այս մասին օրերս հրապարակավ հնչեցնելուց հետո կրկին հրապարակավ մերժում ստանալով նրանից էլ, Սերժ Սարգսյանից էլ: Վրադիրՙ Տեր-Պետրոսյանի հետ կամուրջները վերջնականապես այրեց նաեւ իր նախկին հովանավորյալը, Տեր-Պետրոսյանի այս քայլը խորհրդարանում անվանելով ավազակապետական հեղափոխության փորձ: Ի դեպՙ Տեր-Պետրոսյանի առաջակը, թե նախկին նախագահներով իշխանության մեջ չպետք է լինեն, արդեն քոչարյանամերձ շրջանակներից Քոչարյանի դեմ ուղղված քայլ են որակել: Իսկ ահա ՀՀԿ- «Հայրենիք» դաշինքը, անկախ այն բանից, որ ՀՀԿ-ամերձ շրջանակների համար դա անընդունելի լինի, նույնպես որակվում է Քոչարյանի դեմ ուղղված քայլՙ նույն էլեկտորատից ձայներ խլելու եւ Քոչարյանիՙ մեծ տոկոսով խորհրդարան անցնելը կասեցնելու համար: Իսկ թե ինքնուրույն քա՞յլ է դա, ինչպես, ի դեպՙ նաեւ Տեր-Պետրոսյանինը, թե՞ քաղաքական գործընթացների վերին խմբագրման փորձ, վերլուծելու բան է, քանի որ ՀՀԿ-ն մինչեւ վերջ պնդում էր, որ չի մասնակցելու ընտրական թատրոնին, իսկ թե ինչ փոխվեց մեկ-երկու օրում, սրա պատասխանը Սերժ Սարգսյանին ճանաչողները եւ գործընթացների բուն բովանդակությունն իմացող սակավաթիվ մարդիկ անշուշտ գիտեն: Այսպիսով, եթե նկատի առնենք ներխորհրդսարանական ընդդիմության միավորներիՙ ընտրություններին առանձին մասնակցելու եւ արտախորհրդարանական ընդդիմության նույն բեւեռում, բայց երկու ճակատով մասնակցելու փաստըՙ նշենք իրողությունը. մի կողմում իշխանությունն էՙ Նիկոլով, մյուսում մի քանի գլխանի ընդդիմությունը, չնայած ներխորհրդարանական ընդդիմության մասին արդեն ձայներ են հնչում, թե իշխանության հետ պայմանավորվածությունների է եկել: Մեր դիտարկումներովՙ Հայաստանի երկբեւեռ ներքին քաղաքական դիմակայությունը լավագույնս ղեկավարվում է հիմնական ռազմավարական գործընկերոջ կողմից, ինչպես, ի դեպ, բոլոր ժամանակներում, ղեկավարողի գրպանում են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, թեկուզ տարբեր գրպաններում, ու երբ պետք էՙ ղեկավարողը համապատասխան ձեռքը համապատասխան գրպանն է մտցնում: Ու սա տարածաշրջանային ներկա դասավորության, հետպատերազմյան իրողությունների, ռուս-թուրքական տաքացող-սառող սիրախաղերի տեսակետից չափազանց անհանգստացնող է, քանի որ միշտ հարկավոր է ուզած ադեցիկ կենտրոնի հարկադրանքներին դիմակայող ուժ: Դե իսկ ԱՄՆ նոր նախագահ Բայդենի խառնվելը գործընթացներինՙ մեկ-երկու անգամ «ցեղասպանություն» բառն ասելով, հեռուն գնացող հետեւությունների է բերում ե՛ւ Արցախի հարցի վտանգավոր զիգզագների, ե՛ւ Մինսկի խմբի դերակատարությանՙ ռուսների, թուրքերի, հայերի ու մի քանի շերտանի արեւմուտքի պատկերացումների ընգծված տարբերության պարագայում: Մանավանդՙ Մինսկի խումբը, ըստ արտահոսքերի, Արցախի խնդրի հետ կապված նոր առաջարկների փաթեթ է պատրաստում: Իսկ ահա Լավրովի այցը Երեւան ու Բաքու, անշուշտ, իր մեջ մեզ համար վտանգավոր ենթաշերտեր կարող է պարունակել, որի դեմ կենտ ձայնով չէ, որ պետք է հակադրվել: Հիմա մեզ պետք են ամենաորակյալ դիվանագետներն ու կառավարողներըՙ հերթական անգամ մեծ կորուստներ չտալու համար տարբեր իրավիճակներում: Այս իմաստովՙ Տեր-Պետրոայնանն ավելի լավ կլիներ հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձեւավորման նախաձեռնություն դրսեւորերՙ ով էլ լիներ Հայաստանը ներկայացնողը, նրան պարտադրելու համար այդ մոտեցումները, որպեսզի տնայնագործական ու սիրողական քայլերից, անատամ դիվանագիտությունից զերծ մնանք: Բայց, ասում ենք, մերոնք զարմացնելու մեծ շնորհք ունեն: Իրոքՙ զարմանալի բան է, բոլորը այնպես են գլխովին մխրճվել «Ընտրություններ» անունով թատերական ներկայացման մեջ, որ թվում էՙ մոռացել են չորս հազարից ավելի մեր զոհերին, տասն հազար քառակուսի կիլոմետր թշնամուն տրված մեր հայրենիքը, հազարավոր հաշմված տղաներին, Սյունիքի գլխին կախված վտանգըՙ անգամ այդ մասին բարձրագոչ, տրաֆարետային տեքստեր արտասանելով հանդերձ: Ու արդեն վեց ամիս: Մի տեսակ արհեստական ամնեզիայի մեջ լինենք ասես ազգովինՙ այնպես կատաղի են ցուցակ կազմում, խորհրդարան անցնելու քաղաքական ջոկատ հավաքագրում, որ արմանք-զարմանքը պատում է ընտրական վիրուսով չվարակված, քաղաքական շահ չներկայացնող, առկա աղետը բոլոր կողմերից լավ տեսնող ու միայն երկրի (ու ոչ թե այս ու այն խմբի) շահով մտահոգ մարդուն: Ինչ ընտրություններ, ինչ մանդատ, ինչ տոկոս, ինչ ցուցակ, լրիվ ինքնամոռացության մեջ եք ընկելՙ առանց հասկանալու (կամ հասկանալով), թե ինչ խաղի մասնակիցն եք դարձել: Ես փոփոխությունների կողմնակից էիՙ առիթ եղել է, գրել եմ, սակայն փոփոխոււթյուն չի կարող անել հայրենիք հանձնածն ու ողջ սերնդի արյան տակ մտածը, սա անխմբագրելի է. Որեւէ մեկը ու որեւէ պաշտոն, ու որեւէ մանդատ չարժե անգամ մեկ զինվորի արյունը, էլ ուր մնաց հազարավորներինը: Աստված էլ լիներ էս իրավիճակի մեղավորը, պետք է հրաժարական տված լիներ, ու ոչ թե արդարանար ու արդարանար, մի քանի տոկոս ավել, մի քանի տոկոս պակաս մեղավոր կամ պատասխանատու լինելը անընդհատ խոսույթի նյութ դարձներ, վիճարկեր, թե ով է կապիտուլյանտը: Եթե այս ողբալի իրավիճակի պատասխանատուն դու ես, ուրեմն քո տեղում չես, չես կարողացել ճիշտ կառավարել, ղեկավարել, պատերազմել (պատերազմելը գիտություն է), ու իրավիճակի կրկնության դեպքում նույն կերպ ես վարվելու: Վերջ: Անփոխարինելի մարդ չկա: Հայտարարել եսՙ արտահերթի ես գնում, մի փոխվարչապետի վրա դիր վարչապետի պարտականությունը ու գնա մեղքերդ քավելու, թող դա լինի արտահերթ ընտրություններին սովորական մարդու կերպարով մասնակցելը, էլի թող լինի քո ասածը, թե ժողովուրդն է որոշելու, բայց ոչ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալու գերադաս դիրքից այդ որոշման վրա ազդելու հնարավորություն ունեցիր: Ի սկզբանե մտածելով, թե արտահերթ ընտրությունը ելք է, հիմա համոզվեցինք, որ արտահերթ ընտրությունը Հայաստանն ամիսներ անկայուն պահելու ձեւ է, ու դա բխում է նախ եւ առաջ մեր հակառակորդների շահերից: Այո, վարչապետը պետք է գնար, այլ մարդ կատարեր նրա պարտականությունը, նոր, ընդունելի մարդիկ գային կառավարությունՙ մինչեւ հերթական ընտրություն էշը ցեխից հանելու: Մինչեւ հերթական ընտրությունն էլ իրոք նոր ուժեր, նոր անհատներ կձեւավորվեին, օրվա ընդդիմությունն էլ կառավարությանը ուժեղ ճնշման տակ պահելով թույլ չէր տա երկիրը վնասող գործողությունների իրականացում: Հիմա, եթե մի հրաշքով բամագլուխ ընդդիմությունը հետ չկանգնի ընտրություններին մասնակցելու իր մտադրությունից, ուշադրություն եմ հրավիրում, լինելու է այսպիսի պատկեր. այժմյան իշխանությանը մնացած երկու տարուց էլ պակաս ժամանակի փոխարենՙ այս իշխանությունը վերարտադրվելու է հինգ տարով, Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը, միգուցե նաեւ« Լուսավոր Հայաստանը» ներկայացված են լինելու խորհրդարանում, եթե հին օրենսգրքով ամրագրված կոալիցիա կազմելու սկզբունքն է աշխատելուՙ ոչինչ չեն որոշելու, իսկ կարկատան խորհրդարանը պատուհաս է դառնալու օրենսդրական գործունեություն ծավալելու իմաստով: Նախկինների մեղքերից մեկն էլ այն է, որ ավերել են քաղաքական դաշտըՙ իրենց մրցակից չունենալու համար, ու հիմա էլ, փոխանակ տիրապետած ռեսուրսը դնեն իրոք երկրին պետք մասնագետ ու նվիրյալ մարդկանց առաջ մղելով, իրենք իրենց են կրկին առաջարկումՙ հայացքներն ուղղելով մեն մի ուղղությամբ, հյուսիս, սպասելով, թե ինչ պետք է Պուտինն ասի,երբ պետք էՙ իշխանության առաջին դեմքերի թելերը քաշելով, երբ պետք է ՙ ընդդիմության,ինչպես վերլուծաբաններից մեկն էր պատկերավոր նկարագրելՙ ցարը գեներալ-գուբերնատոր է ընտրում: Ընտրություններ թատրոնի հեղինակն էլ է նա, բայց հայոց քաղաքականները պետք է հասկանան, որ ուրիշի խաղը խաղալովՙ շեղվում են սեփական խաղն առաջ տանելուց, վերջապես վտանգում են երկիրը (տվյալ դեպքումՙ Սյունիքը, Արցախից մնացած հատվածը): Հիմա նրանք պիտի Հայաստանի անվտանգության խնդիրներո՛վ զբաղվեին, ու ոչ թե գոլորշի բաց թողնելու ներկայացում-ընտրությունների ֆարսին մասնակցեին: Նշանակովի ու վճարովի քաղտեխնոլոգ ու փորձագետ չլինելու ողջ հմայքն այն է, որ այս կամ այն կողմին հաճելի բան չես ասում ու այդպիսովՙ ստում, այլ իրականությունը կարող ես մատնացույց անել եւ զգուշացնել մարդկանց: Եւ ուրեմնՙ ինչ է անում հիմա մեր ընդդիմությունըՙ մի քանի գլուխներով, մասնակցելով ընտրություններին: Երկու կողմից կարող ենք նայել խնդրինՙ լեգիտիմացնում է գործող իշխանության նոր ընտրությունը եւ իշխանությունից մի կտոր էլ փախցնում է իր համար: Սաՙմեծ հաշվով: Փոքր հաշվովՙ նախկին խորհրդարանի մաս կամող ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-իՙ տարբեր բեւեռներում գտնվելը եւս նպաստում է ներկա իշխանության վերարտադրությանը: Նախ ընդդիմադիր ձայների փոշիացում է լինելու, երկրորդՙ այդ երկբեւեռությունը թույլ չի տալու որեւէ բեւեռի լուրջ ներկայացվածություն խորհրդարանում: Միայն ինչ արժե այն, որ Նիկոլից պոկված Վանեցյանն ու նրա գլխավորած ուժը ՀՀԿ-ի հետ է դաշինք կազմում, սրանից էլ լավ ծագումնաբանական վկայական Վանեցյանի համարՙ ով չգիտեր: Կամ երբ բացահայտում եք, թե որ լրատվամիջոցիներին էիք ֆինանսավորում անցյալում (իհարկեՙ նրանց համար, ովքեր չգիտեին), գոնե հասկանում եքՙ որքան եք հիասթափեցնում ձեզանից էլ, ֆինանսավորվածներից էլ, Հայաստան աշխարհի բարքերից էլ: Ու մարդիկՙ կա՛մ ընտրության չեն գնալու, կա՛մ էլ երկգլուխ վիշապին տեսնելովՙ ձայնը տալու են մի գլխանի հրեշին: Էս ինչ եք անում, ընդդիմադիրներ: Բա ասում էիքՙ էս վարչապետով չեք մասնակցի ընտրությունններին, ով ինչ է շշնջացել ձեր ականջին, որ փոխել եք ձեր որոշումը: Գոնե հասկանո՞ւմ եքՙ ինչ եք անում, նորից հարցնեմ: Փոխանակ շարունակելու ճնշում բանեցնել իշխանության վրա, որ այս կամ այլ հարցում ավելի օգտաշահ լուծումներ լինեն, ու դա, եթե ոչնչի չհասնեիքՙ երկու տարի էր ամենաշատ տեւելու, քանի որ երկու տարի հետո ներկա քաղաքական ուժը իրեն սպառած ուժ կլիներ, այդ ընթացքում առաջ կգային նոր անհատներ եւ ուժեր, կլիներ բնականոն իշխանափոխությունՙ արդեն նոր մարդիկ կգային իշխանության, մինչդեռՙ«կրելու» հին մոլուցքը ստիպելու է, որ ներկա ուժը եւս հինգ տարով իշխանություն ստանա, ինչ է թե ամեն մեկդ մի քանի մանդատ եք ստանալու ու նստեք խորհրդարանում: Նորից ասացիՙ լավ հասկանալի լինելու համար: Եթե ընտրությունները կայանան, ինչին դեռ կասկածում եմ, այս հրապարակումը նորից կհիշեցնեմ: Իսկ կասկածում եմ, որովհետեւ Ազգային ժողովում մեծամասնության կողմից վարչապետի առաջին չընտրությանը, որին պիտի հաջորդի վարչապետի ընտրության նոր տապալում, որ Ազգային ժողովն ինքնալուծարվի, կարող է հաջորդել բոլորովին այլ սցենար: Համենայնդեպսՙ այն չպետք է բացառել: |