RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5249, Տպվել է` 157, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Քաղաքագետ

Թուրքիայի գործողություններն ու դերը տարածաշրջանում շփոթեցնող եւ հակասական են, բայց միայն առաջին հայացքից:

Ռուսաստանից ռազմական տեխնիկա է գնում եւ այդ երկրի հետ բախվում է Սիրիայում, Լիբիայում, Արցախում, արդեն նաեւ Ուկրաինայում:

ԱՄՆ-ի կողմից տնտեսական սահմանափակումների կիրառման փուլում Թուրքիան Իրանի համար մասամբ դառնում է փրկօղակ, բայց շարունակում է մրցել նրա հետ Միջին Արեւելքում. այս երկրների վստահված ուժերը բախվում են Սիրիայում, Լիբիայում, Եմենում, իսկ վերջերս նաեւ Լիբանանում:

Հունաստանի եւ Եվրոպայի հետ լարվածություն է ստեղծում Եգեյան եւ Միջերկրական ծովերում, բայց դառնում է Եվրոպայի համար էներգետիկ միջանցքի ամենակարեւոր եւ ամենավստահելի հանգույցը:

ԱՄՆ-ի հետ առերեւույթ բախվում էՙ Ռուսաստանից Ս-400 համակարգ գնելով, իսկ անվտանգային ու ռազմական հարաբերությունները խորացնում է տարածաշրջանումՙ ԱՄՆ-ի զորքերի տեղը գրավելով: Այնպես որ, Թուրքիան դառնում է ԱՄՆ-ի ազդեցության եւ գործադիր ուժըՙ Հյուսիսային Չինաստանից մինչեւ Կենտրոնական Եվրոպա:

Բայց տարածաշրջանում Թուրքիայի ներկայիս դերը հասկանալու համար անհրաժեշտ է հայացք նետել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ, իհարկե, հենց Էրդողանի իշխանության գալու պատմությանը:

Նախ, ըստ վերջին 50 տարվա տարածաշրջանային եւ միջազգային պատմական իրադարձություններիՙ Էրդողանը եւ նրա կուսակցությունն իշխանության գալ չէին կարող, եթե չլիներ Միացյալ Նահանգների եւ նրան հավատարիմ Թուրքիայի ռազմական վերնախավի տված կանաչ լույսը: Էրդողանի իշխանավարումից առաջ տեղի ունեցած հեղաշրջումները (մանավանդՙ Էրբաքանի իսլամիստական կառավարության օրոք 1997-ի հեղաշրջումը) ցույց են տալիս, որ ԱԶԿ-ի գալուստով աստիճանաբար նվազում է քաղաքականության մեջ զինվորականների ներգրավվածությունը, որին համաձայն է զինվորական վերնախավի ազդեցիկ մասը:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ձեւավորվեց այս գործընթացը:

20-րդ դարի վերջին քառորդին Թուրքիայի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին միջավայրը խիստ անկայուն էր: Ներսից իշխանության տնտեսական զգալի անհաջողությունները եւ իրար հաջորդող ռազմական միջամտությունները քաղաքականությանն ու կառավարմանը, իսկ դրսից Իրանի իսլամական հեղափոխության հետեւանքները, ինչպես նաեւ սառը պատերազմից հետո Թուրքիայի դերի բացակայությունը լրջորեն ցնցել էին երկրի քաղաքական դաշտը: Մինչդեռ, Իրանի հետ դաշնակցից մրցակցի վերածվելու եւ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջացած վակուումի հետեւանքով ԱՄՆ-ին խիստ անհրաժեշտ էր փոխել Թուրքիայի կշիռըՙ կարեւոր դարձնելով այն նոր ձեւավորվող տարածաշրջանում: Անհրաժեշտ էր վերասահմանել Թուրքիայի ներքին միջավայրը եւ նրա տարածաշրջանային ու համաշխարհային դերը: ԱՄՆ-ին անհրաժեշտ էր մի կառավարություն, որը կարողանար ԱՄՆ-ի հետ լիարժեք քաղաքական համերաշխություն պահպանել եւ միաժամանակ վերահսկել Թուրքիայի հասարակության կրոնական զգացումները: Գուցե ռազմական իշխանության ստվերում Էրբաքանի կառավարության իշխանության գալը կարեւոր փորձություն էր, բայց Էրդողանի եւ Դավութօղլուի նման «աշակերտների» օգնությամբ այս քաղաքականությունը շարունակելու ճանապարհ բացեց: Փաստորեն, նոր վարչակազմը ԱՄՆ-ի եւ իսլամիստական ուժերի փոխըմբռնման արդյունք էրՙ երկրում եւ տարածաշրջանում Թուրքիայի կառավարության դերը վերասահմանելու համար:

Այս փոխըմբռնման շնորհիվ Թուրքիան 21-րդ դարում կարողացավ հասնել հարաբերական կայունության եւ տնտեսական աճի, բայց թվում է, որ այն, ինչին ԱՄՆ-ը հասավ եւ շարունակում է ձեռք բերել, շատ ավելին է, քան սկզբում կարծում էր:

Թուրքիայում իսլամին նոր մոտեցում հաստատելով` ԱՄՆ-ը կարողացավ նախ կայունացնել Թուրքիայի ներքին քաղաքական դաշտը, ապա ուղղել դեպի նորՙ նեոօսմանական հայեցակարգ, որն այժմ անվնաս է ԱՄՆ-ի համար, իսկ Թուրքիայի կառավարությունը տարածաշրջանային քաղաքականության հարցում ստացավ հանրության աջակցությունը: Այս գործընթացով ամերիկացիներն իրենց դաշնակիցներից մեկինՙ Թուրքիային, ոչ միայն թույլ չտվեցին ընկնել ներքին անկայունության հորձանուտը, այլեւ նրան դարձրին տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականության իրենց ամենակարեւոր լծակներից մեկը: Նկատենք, որ հատկապես ԴԱԻՇ-ի ստեղծման եւ աջակցման գործում Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում ու այդ երկրի քաղաքացիական պատերազմում, ինչպես նաեւ Լիբիայում, իսկ այժմ Արցախում եւ Դոնբասում Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար անփոխարինելի է եւ կենսական նշանակություն ունի:

Միացյալ Նահանգները, տարածաշրջանային քաղաքականությանը զուգահեռ, ըստ ամենայնի օգտագործում է թուրքական լծակներըՙ անկարգություններ ստեղծելու եւ Մերձավոր Արեւելքն ապակայունացնելու նպատակով:

Թուրքիան հիանալի կատարում է նաեւ Եվրոպայի վրա ճնշում գործադրողի իր գործառույթը, որը ստացել է ԱՄՆ-ի աջակցությամբ: Եվրոպան ներկայում ամբողջությամբ ինտեգրված չէ ԱՄՆ-ի ընդհանուր ծրագրերին, չնայած որ մեծ տերությունները քիչ թե շատ համահունչ են շարժվում ԱՄՆ-ի քաղաքականությանը, բայց դա պահպանելու եւ ամրապնդելու համար ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում եւրոպական երկրների վրա:

Թուրքիան այժմ կարեւոր դեր ունի այդ ճնշումների նպատակային իրականացման եւ կարգավորման գործում: Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների զարգացումը կարելի է դիտարկել այս համատեքստում եւ նկատի ունենալ, որ Թուրքիայում ամենախոշոր ներդրողները ֆրանսիական բանկերն են:

Իսրայելի պարագայում նույնպես Էրդողանի կառավարության կարգախոսներն ու քարոզչությունը էապես տարբերվում են գոյություն ունեցող իրողություններից: Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններն ուղղված էին ներքին լսարանին: Չնայած Թուրքիայի կառավարության տարածաշրջանային պահվածքը, հատկապեսՙ Սիրիայում եւ Իրաքում, լիովին բխում է Իսրայելի շահերից, սակայն իսրայելական ռեժիմի հետ Թուրքիայի թաքնված եւ բացահայտ հարաբերությունների փոփոխության նշույլ չկա: Մենք չենք տեսել Թուրքիայի կառավարության տարածաշրջանային կամ գլոբալ գործողությունները խափանելու Իսրայելի որեւէ փորձ կամ գոնե դժգոհություն: Ավելին, այսօր արդեն Թուրքիան առեւտրի ոլորտում Իսրայելի 6-րդ գործընկերն է:

Տարածաշրջանի բարդ իրավիճակում, հատկապեսՙ Սիրիայում եւ Իրաքում, Միացյալ Նահանգներն առանց ուղղակի բախման ռիսկի ու անմիջական ծախսի պետք է շարունակաբար գնահատի եւ փորձարկի Ռուսաստանի եւ Իրանի վարքագիծը: Այդ ռիսկերի ստանձնումը Թուրքիայի կողմից եւ ԱՄՆ-ի դրական լռությունը Թուրքիայիՙ որպես ՆԱՏՕ-ի կարեւոր անդամի վարքագծի նկատմամբ վերջինիս հետ բարձր մակարդակի համակարգման լուրջ հիմքեր են: Իհարկե պարզ է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ էր Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցության ու մրցակցության ժեստՙ իր կարեւոր դերը կատարելու համար, որը պահպանվում է Սիրիայի շուրջ երեք երկրների պարբերական բանակցությունների տեսքով, մինչդեռ Ամերիկայի շահերից են բխում Թուրքիայի ռիսկային գործողությունները Սիրիայի հյուսիսում, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում:

Էրդողանը փորձեց բնութագրել Սիրիայում եւ Իրաքում իր վարքագիծըՙ որպես Թուրքիայի անկախ որոշման եւ ազգային շահերից բխող գործողություն: Այսօրվա Թուրքիան մի երկիր է, որտեղ միլիոնավոր փախստականներ, այդ թվում ՙ ԴԱԻՇ-ի եւ սուննի ծայրահեղականներ կան, որոնք անապահով ու լարված են պահում Հյուսիսային Իրաքի եւ Սիրիայի տարածքներով կառուցված սահմանները, որտեղ առկա են Իրաքի եւ Սիրիայի քրդերի հետ շարունակական ու խոր արմատավորված բախումներ, որտեղ գտնվում է կենտրոնական կառավարության դեմ տարիների պայքար մղող եւ երկարամյա ազգային շահեր ունեցող ամենամեծ քրդական էթնիկ փոքրամասնությունը:

Տարածաշրջանային այս կառավարվող քաոսում Էրդողանն իրեն վստահված դերը չկատարելու այլընտրանք չունի, քանի որ առանց ամերիկյան աջակցության չի կարողանա ակտիվ դերակատար մնալ:

Չնայած Թուրքիան որպես հեղափոխական մահմեդական պետություն կառավարելու Էրդողանի նախընտրությանըՙ Միացյալ Նահանգները Եվրոպայում նրան տվել է նույն դերակատարումը, սակայն Թուրքիան դիտարկելով որպես աշխարհիկ մահմեդական պետություն:

Էրդողանի պաշտոնավարումը վերջին տարիներին Թուրքիայի սուննի մահմեդականների շրջանում եւ հիմնականում թրքախոս երկրներում մտայնություն է ստեղծել անկախ վարքի եւ որոշ արժեհամակարգի վերադարձի մասին: Այս կերպ Էրդողանը նաեւ փորձում է Իրանի փոխարեն այլընտրանքային դեր ստանձնել սուննի երկրներումՙ պաշտպանելով պաղեստինցիների շահերը:

Իհարկե, անհրաժեշտ է նշել, որ իրեն տրված դերը կատարելու Թուրքիայի անկարողությունը չի հերքում նրա խելացի առաջնորդների ավելի մեծ ուժ եւ ավելի մեծ շահեր ստանալու ուղիներ գտնելու ջանքերը, բացի այդՙ Թուրքիայի ղեկավարներն ապացուցել են, որ բաց չեն թողնում որեւէ հնարավորությունՙ կարեւորելու բոլորի համար իրենց տեղն ու դերը: Թվում է, թե ԱՄՆ-ի հատկապես ռազմական անվիճելի ազդեցությունը այլ բան չի թողնում Թուրքիայի ղեկավարներին, քան խաղալ իրենց վերապահված դերը, բայց նրանք կարողանում են լինել անկանխատեսելիՙ հանուն իրենց կանխատեսած արդյունքի:

ԱՄՆ-ի տեսակետը Թուրքիայի եւ տարածաշրջանում նրա դերի մասին ցույց է տալիս դրա կարճաժամկետ ու միջնաժամկետ շահագործման ծրագիրը եւ ընդգծում ներկա փուլում երկարաժամկետ ծրագրի բացակայությունը: Թվում է, որ Թուրքիայի ղեկավարները, հաշվի առնելով արեւմտյան եւ ամերիկյան կառույցների հետ իրենց երկարամյա աշխատանքի փորձն ու գիտելիքները, մոլորվել են տարածաշրջանում եւ աշխարհում ու իրենց ներուժի բաղդատմամբ ավելի մեծ դեր ստանձնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ