«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ» ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից շատ համալսարանականներ իրենց կատարածի մասին ավելորդ խոսքեր չեն սիրում շռայլել: 2018-2020թթ ՊԲ Մեխակավանի հոսպիտալում որպես վերակենդանացաման բաժանմունքի պետ Կարեն Մանուկյանը նրանց թվում է: «Ամենամեծ դժվարությունն այն էր, որ ստիպված էիր մասնագիտական եւ մարդկային սխրանքի սահմանագծում լինել: Հաճախ վիրահատություններիՙ կյանք փրկող վիրահատությունների ընթացքում արկեր էին թափվում գլխիդ, իսկ մենք շարունակում էինք մեր թիմային գործը: Մենք կատարեցինք առավելագույնը, եւ ես շնորհակալ եմ անչափ իմ բոլոր գործընկերներին: Մենք արել ենք առավելագույնը զինվորների համար»,-ասում է բժիշկը: Բժշկի խոսքով պատերազմից առաջ էլ ԵՊԲՀ շրջանավարտըՙ որպես զինվորական ծառայություն անցնող բժիշկ մշտապես նախապատրաստվել է հնարավոր վատագույն սցենարին: «Իմ ծառայության երկու տարվա ընթացքում միշտ մտածել եմ պատերազմի հավանականության մասին, ու միշտ ինքս ինձ հռետորական հարց եմ տվել, թե ինչ պետք է անեմ, ինչպիսի գիտելիք պիտի ունենամ, եւ դա ինձ փրկել է, ոչ միայն ինձ, նաեւ վիրավորներին: Անեսթեզիայի գրքերից մեկում գրված է` անզգայացման սխալները 90% դեպքերում լինում են վատ պատրաստվելուց, դա ինձ համար կյանքի հավատամք է դարձել, միշտ պատրաստվել որեւէ սցենարի, որ կարողանաս լուծում գտնել այն բարդ հարցերի համար, որոնց արժեքը շատ թանկ է: Միշտ պատրաստվելով հոռեգույնինՙ պատերազմի մեկնարկից հետո բոլորս մեր թիմում հստակ գիտեինք, թե ինչ պետք է անենք»,- մանրամասնում է Կարեն Մանուկյանը ընգգծելով, որ ինքդ քեզ վրա աշխատելը հաջողելու ամենաարդյունավետ տարբերակն է, որին չկա այլընտրանք: Երիտասարդ մասնագետը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանացում է անցել կլինիկական օրդինատուրանՙ անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ, այնուհետեւ օրդինատուրան ավարտելուց հետո երեք տարի աշխատել է հիվանդանոցային համալիրումՙ որպես ռեանիմատոլոգ: Այժմ բժիշկը աշխատում է«Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի Սրտային վիրաբուժության վերակենդանացման բաժանմունքում: Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտացումն ընտրել է հինգերորդ կուրսում: Նրա գնահատմամբՙ լավ բժիշկ դառնալու համար պետք է շատ կարդալ, անընդհատ աշխատել ինքդ քեզ վրա, ու երբեւիցե «ալարկոտության» համար արդարացումներ չփնտրել, այլ միայն քեզանից պահանջե՛լ ու հավատա՛լ: |