«ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆ 1990 թ. 70-ամյա Խորհրդային միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանում տնտեսության, հասարակական կյանքի բոլոր ճյուղերում եւ կրթության ոլորտում իրականացվում էին հիմնարար փոփոխություններ: Իրար հետեւից սկսեցին ծնվել մասնավոր բուհերը: Դրանց առաջնեկ «Գալիքից» հետո երկրորդը «Գլաձոր» կառավարման համալսարանն էր: Հիմնադիրներ Ժ. Ջհանգիրյանն ու Ա. Խառատյանը չերկնչելով բազմապիսի դժվարություններից եւ վստահ լինելով իրենց գործի հաջողությանըՙ հաստատուն քայլերով գնացին դեպի իրենց նպատակի իրականացում: Առաջին տասնամյակըՙ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ մեկ դպրոցի շենքում կազմակերպելով իրենց ուսումնակրթական գործառույթները հիմնադիրներըՙ չխնայելով նյութական ու ֆիզիկական իրենց ունեցած ռեսուրսներըՙ ձեռնամուխ եղան սեփական շենք կառուցելու դժվարին ու գրեթե անհնարին թվացող գործին: XXI դար «Գլաձորը» թեւակոխեց սեփական հարկի ներքո: Ընդարձակ, լուսավոր եւ բոլոր հարմարություններով օժտված լսարանները, մաքուր, ծաղկազարդ միջանցքներն ու տեխնիկական նորագույն միջոցներով հագեցած կաբինետները գրավիչ են եւ տրամադրող: Երեւանյան նորածին համալսարանն ի սկզբանե նպատակ հետապնդելով հնարավորինս հետամուտ լինել միջնադարյան ավանդույթներին, հիմնադիրների կամքով կնքվեց միջնադարյան փառավոր կրթագիտական կաճառի անվամբՙ «Գլաձոր»: Այն իրավամբ դարձավ երեց եղբորՙ Վայոց ձորում գործած եւ իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական եւ ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն «Գլաձորի» ժառանգորդը: Երեք տասնամյակների բեղմնավոր պաշարով այսօր համալսարանը տոնում է իր 30-ամյակը, տարիներՙ որոնք եղել են գիտական գործունեության, սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու տասնամյակներ: Նախկին ու ներկա աշխատակիցներին, պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ այսօրյա ուսանողներին շնորհավորելով այդ հիշարժան հոբելյանի առթիվ «Գլաձորին» մաղթենք հեզասահ ու արդյունավոր ընթացք, ստեղծագործական ու գործնական նորանոր նվաճումներ, հայ ժողովրդին հարիր բուհի հեղինակություն: Հոբելյանական օրը մեկնարկեց «Գլաձոր 30» գիտաժողովը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը : Նա կարեւորելով նմանատիպ գիտաժողովներըՙ նշեց, որ նման միջոցառումները կարող են մեծապես նպաստել բուհիՙ որակյալ կադրեր պատրաստելու առ-աքելության կյանքի կոչմանը: Գիտաժողովի պլենար նիստում հետաքրքրական եւ բովանդակալից զեկուցումներով հանդես եկան պգդ, պրոֆեսորներ Սուրեն Սարգսյանը եւ Ֆելիքս Մովսիսյանը : Այնուհետեւ գիտաժողովը շարունակվեց մի քանի սեկցիաներում: Երեւանի «Գլաձոր» համալսարանի 30ամյա հոբելյանը լավագույն առիթ էր արժեւորելու բուհի հիմնադիրների եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկարամյա, անմնացորդ նվիրումը: Մասնավորապես Երեւանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանի առիթով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանը, իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը, ինչպես նաեւ պարգեւների եւ կոչումների բաժնի պետ` Մանե Հակոբյանը: Երեւանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի երկարամյա դասախոս Արծրուն Էդիլյանն արժանացավ ՀՀ կառավարության ոսկե մեդալի: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով նախա-րարության ոսկե մեդալի արժանացան «Գլաձոր» համալսարանի երկարամյա դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը , օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանա-կան գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քինակցյանը : «Գլաձոր» համալսարանի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի եւ շնորհակալագրերի: Նույն համալսարանի ոսկե մեդալների արժանացան Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռիմա Այդինյանը , ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոսներ Հայկազ Մազմանյանը, Նաիրա Մարգարյանը եւ Արա Զոհրաբյանը , օտար լեզուների ամբիոնի դասախոս Այծեմնիկ Ստամբոլցյանը եւ գրադարանավարուհի Նարինե Համբարձումյանը : Շնորհվեցին նաեւ պատվոգրեր եւ շնորհակալագրեր: Համալսարանի ռեկտոր Ժ.Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ երեսունամյա բուհի հիմնադրումից մինչեւ մեր օրերն անցած ճանապարհին, ներկայացրեց այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել է համալասարանի ղեկավար եւ դասախոսական կազմըՙ կայացման դժվարին ճանապարհին: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում հիմնադրվեց «Գլաձորյան շրջանավարտների ակումբ», որի ստեղծման գաղափարը ծնվել էր վաղուց: Համալսարանի 30ամյա հոբելյանը հիանալի առիթ էր այդ գաղափարը եւս կյանքի կոչելու համար: Ակումբի նախագահ ընտրվեց համալսարանի առաջին սերնդի շրջանավարտ, ENGIE ֆրանսիական խոշոր էներգետիկ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, Մոսկվայի եւ Կիեւի ներկայացուցչությունների տնօրեն, Ֆրանսիայի արտաքին առեւտրի խորհրդական եւ Ֆրանս-Ռուսական առեւտրաարդյունաբերական պալատի վարչության անդամ Ալբերտ Գրիգորյանը : Հանդիսավոր մասի ավարտից հետո համալսարանում կազմակերպվեց ճոխ հյուրասիրություն, ջերմ շնորհավորանքներին զուգընթաց հնչեցին նաեւ բարեմաղթանքի հուզիչ խոսքեր: Ներկաները համալսարանին մաղթեցին երկարամյա շարունակական բեղմնավոր եւ արգասաբեր ընթացք: Նկար 1. Հոբելյանական գիտաժողովում |