RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4788, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Միջազգային հանրությունը, սակայն, Իսրայելի փոխարեն Համասին է դատապարտում

Ռամադանը, ըստ լուսնային օրացույցի, սրբազան ամիս է մահմեդականների համար: Նրանք մեծ պահքը ռամադանում են պահում, որին հետեւում են ռամադանի եռօրյա տոները, որոնք այս տարի սկսեցին երեկՙ մայիսի 13-ին: Այս տոները շարժական են: Սակայն անկախ շարժականությունից, ամեն տարի ռամադան ամսում իրադրությունը Երուսաղեմում սրվում էր, իսկ դա, որպես կանոն, հանգեցնումՙ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը, դրան հետեւում էին Գազայի հատվածի ռմբակոծությունները:

Այս ամենի առումռվ բացառություն չկազմեց նաեւ ընթացիկ տարին: Խնեդրո առարկա բախումների նախադրյալները դեռեւս ստեղծվել էին մայիսի 7-ին, երեկոյան նամազից հետո, երբ իսրայելական ոստիկանությունը հարձակվել էր Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը արմատական հրեաների հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու համար այնտեղ հերթապահող պաղեստինցիների վրա: Վիրավորվել էին, պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով, 205 պաղեստինցի:

Ոստիկանների հարձակումը կրկնվել էր նաեւ մայիսի 8-ին, որի հետեւանքով վիրավորվել էր եւս 90 պաղեստինցի: Մայիսի 10-ին Ալ-Աքսայի մոտ պաղեստինցիներն անցան դիմադրության, ի պատասխան դրան Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Գազան, որը հանգեցրեց 30 պաղեստինցիների սպանության, սպանվածներից 10-ըՙ երեխաներ:

Մայիսի 11-ին Իսլամական դիմադրության շարժումըՙ Համասը, դրան արձագանքեց իսրայելական սահմանային բնակավայրերի հրթիռակոծությամբ: «Ազատություն» ռադիոկայանը ռմբակոծության առնչությամբ նշում է, որ հիմնական թիրախները դարձան Իսրայելի հարավում գտնվող բնակավայրերը, մասնավորապես Աշքելոն քաղաքը, որտեղ կա երկու զոհ:

Մինչ Արեւելյան Երուսաղեմում շարունակվում էին բախումները իսրայելական ոստիկանության եւ Ալ-Աքսան ոտնձգություններից պաշտպանող պաղեստինցիների միջեւ, որոնք գագաթնակետին էին հասել մայիսի 10-ին, 1967 թ. վեցօրյա պատերազմում Երուսաղեմը պաղեստինցիներից (Հորդանանից) գրավելու օրը, որոշ իսրայելցի վերաբնակներ սկսել էին Արեւելյան Երուսաղեմում բնակարաններից վտարել արաբ ընտանիքներին, ինչը քաղաքի ազգագրությունը փոխելու իսրայելական հերթական քայլ էր: Խոսքը գլխավորապես Շեյխ Ջարրահ թաղամասի մասին է:

Անդրադառնալով պաղեստինցիներին թաղամասից վտարելու հարցին, «Euronews»ի կայքէջը մայիսի 10-ի համարում գրել էր, որ դատական ստորին ատյանների հօգուտ իսրայելցի վերաբնակների կայացրած որոշմանը պաղեստինցիների առարկությունից հետո վտարման հարցը ներկայացվել էր Իսրայելի գերագույն դատարան, սակայն վերաբնակները, առանց սպասելու դատարանի որոշմանը, որն ընդունվելու էր հաջորդ օրըՙ մայիսի 10-ի նիստում, ներխուժել էին թաղամաս, ցույց տալով հարյուրամյա վաղեմությամբ գրանցամատյանները, թե իրենք են թաղամասի բուն տերը, հետեւաբար նաեւ բնակարանների, փորձելով պաղեստինցի ընտանիքներին վտարել սեփական տներից:

Բախումների հետեւանքով հետաձգվել է Իսրայելի գերագույն դատարանի նիստը: Սակայն իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Գազայի ռմբակոծության եւ դրան Համասիՙ սահմանամերձ իսրայելական բնակավայրերը հրթիռակոծելով արձագանքի պատճառով պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ավելի քան սրվեց, ստանալով հերթական պատերազմի վերաճելու բնույթ: Կվերաճի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Պարզապես պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր պատերազմի վերաճելու հավանակությունը, տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, մեծապես մտահոգում է միջազգային հանրությանը, կասկած չի հարուցում: Մանավանդ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի «սա դեռ սկիզբն է, ռմբակոծությունը շարունակելու ենք» հայտարարության եւ Համասի «համարժեք քայլերով Իսրայելին պատասխանելու» վճռականության ֆոնին:

Անկախ այդ վճռականության իրատեսական լինելու հանգամանքից, մայիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդը արտակարգ նիստում քննարկեց Արեւելյան Երուսաղեմում տիրող իրավիճակը, բայց ապարդյուն: Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով ԱՄՆ-ի առարկության պատճառով որեւէ որոշում չի ընդունվել: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը նախատեսվոքւմ էր մայիսի 12-ին: Թեեւ հոդվածը գրելու պահին նիստը դեռ չէր գումարվել, սակայն դժվար չէ կռահել, որ նիստում առավելագույնս կընդունվի Իսրայելին դատապարտող որոշում, ընդ որում բավականին անբովանդակ, որը հազիվ թե որեւէ լուծում առաջադրի հարցին:

Համենայն դեպս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, որտեղ, ինչպես մայիսի 12-ին նշել է պաղեստինյան պաշտոնական WAFA գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահն անդրադարձել է Արեւելյան Երուսաղեմում տիրող վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԱՄՆ-Պաղեստին երկկողմ հարաբերություններին, որոնք փաստորեն սառեցվել էին Դոնալդ Թրամփի օրոք, աստիճանաբար դադարեցնելով պաղեստինյան կողմին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցությունը:

WAFA գործակալության այս հաղորդագրությունն ավելի քան անբովանդակ է, Բայդենի ուղերձի բովանդակության մասին նույնիսկ պատկերացում չի տալիս: Այնտեղ պարզապես նշվում է, որ Սպիտակ տունը դատապարտեց Գազայի հատվածից Համասի կատարած հրթիռակոծությունները եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը պայմանավորեց երկու պետության, այսինքն իսրայելականի կողքին նաեւ պաղեստինյան պետության կազմավորման սկզբունքով:

Պաղեստինցիները հազիվ թե դեմ լինեն այդ սկզբունքին, պայմանով որ այդ դեպքում Արեւելյան Երուսաղեմն էլ դառնա Պաղեստինի մայրաքաղաքը, ինչը իրատեսական չի թվում: Ավելին, Իսրայելը, ըստ երեւույթին, մտադիր է աստիճանաբար Արեւելյան Երուսաղեմը ամբողջովին դատարկել պաղեստինցիներից: Ի դեպՙ թուրք քաղաքագետները նույնիսկ խոսում են Գազայի դատարկման Իսրայելի մտադրությունների մասին, բնակիչներին Սինայի թերակղզի, այսինքն Եգիպտոսի տարածք տեղափոխելու միջոցով: Հարկ է նշել, որ ամենեւին չի բացառվում Գազայի բնակիչների տեղափոխման տարբերակը, թեկուզ միջնաժամկետ հեռանկարում:

Ի դեպՙ իսրայելական բնակավայրերի հրթիռակոծության համար Համասին դատապարտել է նաեւ Գերմանիան: Գալով արաբական երկրներին, համանուն լիգան Գազայի իսրայելական ռմբակոծության առնչությամբ առայժմ նախանձելի զսպվածություն է դրսեւորում: Դրա գլխավոր պատճառը, թերեւս, Համասի սերտ կապերն են «Մուսուլման եղբայրների» հետ, որոնց արաբական երկրներից զատ ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչեկան է համարում նաեւ Արեւմուտքը:

Հատկանշական է, որ ոչ պակաս նախանձելի է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զսպվածությունը: Մինչդեռ նա մինչեւ օրս հանդես էր գալիս Համասից զատ նաեւ «Մուսուլման եղբայրների» գլխավոր հովանավորի դերում: Մայիսի 12-ի դրությամբ Էրդողանը Իսրայելին դատապարտող որեւէ հայտարարություն չի արել, ուղղակի ասել է, որ դա Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի գործն է:

Մեջլիսը խորհրդարանական բոլոր 5 կուսակցությունների համատեղ հայտարարությամբ դատապարտեց Իսրայելին: Դատապարտեցին նաեւ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն ու նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը : Ինչ վերաբերում է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին , ապա նա էլ մայիսի 11-ին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Իսրայելին դատապարտելը քիչ է, պետք է գործնական քայլերի դիմել:

Թե ի՞նչ քայլեր են դրանք, նա չասաց, պարզապես հայտարարեց, որ ամեն կերպ աշխատում են գործի դնել ՄԱԿ-ի Անվտագության խորհրդին: Կկարողանա՞, դժվար թե: Առավելագույնս նրան հաջողվի նպաստել Արեւելյան Երուսաղեմում տիրող իրադրության առնչությամբ Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստի գումարմանը, որտեղ ընդամենը կընդունվի Իսրայելին դատապարտող մի որոշում, ինչը որքան էլ բովանդակալից լինի, ոչինչ չի տա պաղեստինցիներին, ինչպես որ չի տվել 2017-ին Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագահ Թրամփի որոշումից հետո Իսլամական համագործակցություն կազմակերպության գումարած արտակարգ նիստը, որտեղ Արեւելյան Երուսաղեմը հռչակվել էր Պաղեստինի մայրաքաղաք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ