ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ ԻՏԱԼԻԱՅԻՑ Ա. Բ. Վերջին մեկ ամսում հայության վերաբերյալ լույս է տեսել իտալերեն երկու գիրք: Բոլոնիայի համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Աննա Շիրինյանի եւ Պաոլո Տինտիի «Հայկական հետքերը Բոլոնյայի համալսարանի գրադարանում եւ Իտալիայի այլ գրադարաններում» աշխատությունը: Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակության շնորհիվ այն լույս է տեսել զուգահեռ անգլերեն թարգմանությամբ: Հրատարակվել է նաեւ լուսանկարիչ եւ գրող Էմանուելե Ալիպրանդիի «Փամփուշտներ եւ նավթ» գիրքը, որը պատմում է Արցախի եւ Արցախին պատուհասած դրամատիկ պատերազմի մասին: Հեղինակը տարիներ շարունակ խորին կերպով ուսումնասիրում է Հարավային Կովկասի իրադարձությունները, մասնավորապես Արցախի հիմնահարցի պատմական, իրավական եւ քաղաքական կողմերը: Ալիպրանդին համագործակցում է «Իտալական նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» ծրագրի հետ, որի շրջանակներում հետազոտություն է անցկացրել ու կազմակերպել համաժողով Արցախի ինքնորոշման թեմայով: Հեղինակ է «1915 թ. Ցեղասպանության ժամանակագրություն: Հայ ժողովրդի պատմությունն ու ողբերգությունն ըստ ժամանակի իտալական մամուլի» (2009), «Ղարաբաղի պատճառները» (2010) եւ «Նախիջեւանի պատմությունը» (2016) իտալերեն գրքերի (վերջինս ռուսերեն թարգմանությամբ առկա է համացանցում): Իսկ իտալական թատրոնի եւ կինոյի հայազգի դերասան-բեմադրիչ Պաոլո Քեշիշօղլուն Սարգիս Ղազարյանի համագործակցությամբ նկարահանել է «Ես հայ եմ» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ ներկայացված են Իտալիայի 40 հայերի դեմքերը եւ ձայները: Նրանց թվում են գրող Անտոնիա Արսլանը, պատմաբաններ Զառա Պողոսյանը, Նաիրի Մերկադանտին, դերասանուհիներ Լաուրա Էֆրիկյանը, Մարինե Գալստյանը, կոմպոզիտոր Ջանի Էֆրիկյանը, քանդակագործ Միքայել Օհանջանյանը, գրաֆիկ դիզայներ Վարդան Մերկադանտին, գործարարներ Ռուբեն Թիմուրյանը, Ստեֆանո Սրապյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, մարզիկներ Ջորջո եւ Արմեն Պետրոսյանները, շնասահնակային սպորտի մարզիչ Արարատ Խաչիկյանը, խոհանոցագետ Ֆրանչեսկո Հակոբյանը եւ այլք: |