RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1488, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ, Անվտանգության հարցերով փորձագետ

«Ազգ» շաբաթաթերթի նախորդ համարում ( 17 առ 7.05.2021թ.) «Ուղեղների պատերազմ» հոդվածն էի զետեղել եւ մտածում էի դրանով վերջացնել այդ պատմությունը, որպեսզի առանձնապես չձանձրացնեմ ընթերցողիս լրտեսական պատմություններով: Սակայն հետաքրքրո՞ւմ են լրտեսական գործառույթները մեր հասարակությանը, թե ոչ, Հայաստանը, նրա սահմանները, մայրաքաղաք Երեւանը, ընդհանրապես այս աշխարհագրական դիրքը թիրախավորվելու են ինչպես հարեւան պետությունների, այնպես էլ հանրապետության հետ ընդհանուր սահմանագիծ եւ կարծես թե ընդհանուր շահեր, հետաքրքրություններ ու հակասություններ չունեցող պետությունների հատուկ ծառայությունների կողմից:

Ավելի պարզ արտահայտեմ միտքս. մեր երկիրը եւ նրա սահմանամերձ գոտիները վերածվելու են հետախուզական կայանների, լրտեսական ցանցերի, դիվերսիոն գործառույթների, հատուկ ծառայությունների բախումների կենտրոնի: Ամեն ինչ կախված է, թե ինչպես այդ ամենին կարձագանքեն Հայաստանի հատուկ ծառայությունները, կոշտ կանխարգելող գործառույթներո՞վ, պատասխան հարվածներո՞վ, թե պարզապես կհայտնվեն դիտորդի կարգավիճակում, իսկ ավելի վատ, եթե տեղեկությունները ստանան շատ ավելի ուշ, որեւէ երկրի բաց աղբյուրներից կամ տեղեկացվեն բողոքարկող դիվանագիտական կորպուսի կողմից:

Իմիջիայլոց, հետախուզության կենտրոնների համար լավ «մրցադաշտ» է եղել ժամանակին Լիբանանը, Չեխիան, Շվեյցարիան, Բուլղարիան եւ այլ պետություններ:

Ինչպես նշել էի նախորդ հոդվածում, Չեխիայի Վրբետիցե բնակավայրում պայթեցվեց զինապահեստ եւ զոհվեցին Չեխիայի 2 քաղաքացիներ: Զինապահեստը վարձակալել էր Բուլղարիայի զինավաճառ Էմիլիան Գեբրեւը, որը զենք ու զինամթերք էր վաճառում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ հակամարտության մեջ գտնվող ուժերին:

2014թ. հոկտեմբերի 16-ին հօդս ցնդեց 16 զինապահեստը եւ ոչնչացվեց 50 տոննա զինամթերք: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին պայթեց նաեւ 12 զինապահեստը: Այստեղ արդեն պահվում էին ինչպես զինամթերք, այնպես էլ նորագույն զինատեսակներ: Ինչպես նշեցի, զինապահեստը օգտագործվում էր Է. Գեբրեւի կամ, ինչպես նրան անվանում էին (իրականացվող բիզնեսից ելնելով)ՙ «Նորաստեղծ Վիկտոր Բուտի» կողմից:

Ծանոթություն. Վիկտոր Բուտ, 1967թ. ծնվ., Ռուսաստանի գործարար, դատապարտված է 25 տարվա ազատազրկման 2012թ-ին ԱՄՆ-ում:

Վ. Բուտը, կամ ինչպես նրան հաճախ անվանում էին «Լորդ զինավաճառը» կամ «Մահվան վաճառականը» զենք էր վաճառել Կոլումբիայի «ժողովրդական բանակին», որին ԱՄՆ-ի իշխանությունները համարում էին ահաբեկչական բանակ: ԱՄՆ հատուկ ծառայությունները վաղուց էին Բուտին որոնումՙ համարելով նրան աշխարհում զենքի վաճառքի խոշոր մաքսանենգներից մեկը:

Նրա զենքի գնորդներն էին Աֆղանստանը, Անգոլան, Ռուանդան, Սիերա-Լեոնեն, «Ալ-Ղաիդան»:

Արեւմուտքում համոզված էին, որ Վիկտոր Բուտը հանդիսանում է «Ռոսվորուժենիի» անլուր (հույժ գաղտնի) միջնորդ-վաճառականներից մեկը:

Վերադառնանք Չեխիայի զինապահեստին եւ Գեբրեւին, որը ներկայացնում էր «Emco» բուլղարական ընկերությունը:

2021թ. ապրիլին ռուսական կողմին դիվերսիայի մեջ մեղադրելուց հետո, Չեխիայի իշխանությունները հայտարարեցին, որ 2014թ. հոկտեմբերի 13-ին (առաջին պայթյունից 3 օր առաջ) Աէրոֆլոտի չվերթով Պրահա էին ժամանել Մոսկվայից ոմն Ռուսլան Բոշիրովը եւ Ալեքսանդր Պետրովը: Նախորդ հոդվածումս նշել էի, որ այս 2 անձինք հայտնվել էին նաեւ բրիտանական (Mi-5) հակահետախուզության տեսադաշտում, որպես ռուսական հետախուզության գործակալներ, որոնք փորձեցին Անգլիայի Սոլսբերի քաղաքում ֆիզիկապես ոչնչացնել իրենց նախկին կոլեգայինՙ դավաճան Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերըՙ Յուլիային:

Չեխիա ժամանելուց հետո Բոշիրովը եւ Պետրովը (իմիջիայլոց, նրանց իսկական անուններն են Անատոլի Չեպիգա եւ Ալեքսանդր Միշկին) իբր թե մեկնեցին Վրբետիցե, վերոհիշյալ զինապահեստում զենք գնելու նպատակով: Ինքնստինքյան պարզ է, որ նման առաքելություն իրականացնողները չէին կարող հանդես գալ իրենց իրական ինքնությունը հաստատող փաստաթղթերով:

Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը հայտարարեց, որ նրանք ներկայացել էին Մոլդովայի քաղաքացի Նիկոլայ Պոպայի եւ Տաջիկստանի քաղաքացի Ռուսլան Թաբարովի անձնագրերով:

Չեխիա նրանց ժամանելուց մի քանի օր հետո տեղի ունեցավ առաջին պայթյունը:

Չեխ դետեկտիվները, որոշ ուսումնասիրություններից հետո եկան այն եզրակացության, որ զինամթերքի ոչնչացումը իրականում պիտի տեղի ունենար Բուլղարիայի տարածքում, բեռնափոխադրումից հետո, բայց ինչ-որ պատճառներով պայթյունը տեղի ունեցավ Չեխիայում: Իսկ այդ զինամթերքը կոնկրետ նախատեսված էր Ուկրաինայի զինված ուժերի համար, Դոնբասում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Ահա թե ինչու ռուսական հետախուզությունը նախօրոք ունենալով այդ տեղեկատվությունը, թիրախավորել էր Վրբետիցեի զինամթերքը:

Այս ամենում ուրվագծվում է ինչ-որ տրամաբանություն: Նամանավանդ, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարեց, որ թիրախը ոչ թե Չեխիայի հանրապետությունն էր, այլ Բուլղարիայի զինավաճառը եւ նրա զինամթերքը, եւ այդ գործառույթը անվանել պետական ահաբեկչական ակտ չի կարելի: Դե իհարկե այդ հայտարարությունից հետո Բաբիշին անվանեցին Կրեմլի մարիոնետ (տիկնիկ), իսկ որոշ արեւմտամետ շրջանակներ պահանջեցին նրա հրաժարականը: Իհարկե, եթե Բաբիշը իրոք ռուսամետ է, ապա նրա հնարավոր հրաժարականը ՌԴ-ի համար մեծ կորուստ կլինի, բայց դա ապագայում: Իսկ առայժմ երեւի կորուստ կարելի է համարել այն, որ Չեխիան հրաժարվեց Ռուսաստանից ձեռք բերել «Սպուտնիկ-V» պատվաստանյութը, չնայած գործարքը գրեթե կնքված էր եւ ըստ երեւույթին «Ռոսատոմը» չի ստանա պայմանագիր «Դուկովանիի» (Չեխիայի արեւելքում) ատոմային էլեկտրակայանի կառուցման համար:

Պայմանագիրը կորցնելով Ռուսաստանը կորցնում է 6 միլիարդ եվրո: Այժմ կառուցման տենդերին մասնակցում են ԱՄՆ, Ֆրանսիան եւ Հարավային Կորեան:

Ոչինչ չունենալով Չեխիայի հակահետախուզության եւ ընդհանրապես իրավապահների դեմ, այնուամենայնիվ կնշեմ, որ այս պատմությունը, որի կենտրոնական դեմքերը ռուս հետախույզ-դիվերսանտներ չարաբաստիկ Բոշիրովը եւ Պետրովն են, ավելի շատ նման է Կոնան Դոյլի կամ Էդգար Ալան Պո-ի դետեկտիվ պատմվածքներին, քան իրականությանը: Չէ՛, իհարկե զինամթերքը եւ զինավածառ Է.Գեբրեւը կարող էին եւ պետք է լինեին «թիրախներ», այ սա է, որ կոչվում է նախահարձակ օպերացիա, բայց ինչո՞ւ հենց Բոշիրով եւ Պետրով, որոնք արդեն ամբողջ Արեւմուտքում ոչ ցանկալի անձեր են եւ տեղադրված են հետախուզման «սեւ ցուցակներում»:

Ուզում եմ հավատացնել չեխ իրավապահներին, որ ռուսական ռազմական հետախուզությունում պրոֆեսիոնալ հետախույզ-դիվերսանտների պակաս չկա, առնվազն մի քանի տասնյակ, եթե ոչ մի քանի հարյուր այդպիսի մարտիկներ կան, դեռ չհաշված մասնավոր ռազմական ընկերություն հանդիսացող «Վագները», որի կազմում նույնպես գործում են նախկին կամ գործող փորձված մարտիկներ: Այդ մարտիկներից շատերը «ջրի եւ հրի» միջով են անցել Հյուսիսային Կովկասում, Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում:

Մի խոսքով, բոլորովին կարիք չկա նույն Բոշիրովին ու Պետրովին գործուղել Անգլիա, Չեխիա, Աֆրիկա եւ այլ պետություններ:

Դե իհարկե, դիվերսանտների պատմությունը պետք էր առաջին հերթին 18 ռուս դիվանագետներին երկրից վտարելու համար:

Դեռեւս անցյալ դարի 60-ական թվերին արեւմտյան հատուկ ծառայությունները եւ քաղաքական ուժերը սկսեցին ծրագրել Չեխոսլովակիայի ելքը խորհրդային ազդեցության գոտուց: Այդ առումով Պրահայում ակտիվորեն սկսեցին աշխատել ԱՄՆ-ԿՀՎ, Արեւմտյան Գերմանիայի հետախությունը (BND), Մեծ Բրիտանիայի (Mi-6) հետախուզությունը: Այդ եռյակի դեմ ակտիվորեն աշխատում էր ԽՍՀՄ Պետական անվտանգության կամիտեն (ՊԱԿ-ը), Արեւելագերմանական հետախուզությունըՙ «Շտազին»: Պրահան վերածվեց «Լրտեսական մայրաքաղաքի», ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ժնեւը (Շվեյցարիա):

Ի վերջո Արեւմուտքը հաղթեց, Չեխիան անցավ նրանց Դաշինքի կողմը: Սակայն մինչ այսօր Չեխիան համարվում է հետախուզական կապի եւ հաղորդակցությունների խոշոր օպերատիվ հանգույց, սակայնՙ անգլո-ամերիկյան ազդեցության գոտում: Նշենք նաեւ, որ Չեխիայի հետախուզության (UZSI) եւ հակահետախուզության (BIS) գրեթե բոլոր աշխատակիցները մասնագիտական պրակտիկան ստանում են ԿՀՎ-ում (ԱՄՆ), Mi-6-ում (Մեծ Բրիտանիա), BND-ում (Գերմանիա): Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

Չեխիայից չեն շտապում հեռանալ նաեւ ռուսական հատուկ ծառայությունները: Իսկ ո՞ւր տեղափոխեն ռուսները իրենց հետախուզական կայանները: Եվրոպան Ռուսաստանի համար շատ կարեւոր է: Վերադասավորել իրենց ուժերը Լեհաստանում կամ Բուլղարիայումՙ հազիվ թե ստացվի: Իսկ Արեւմտյան Եվրոպայի մասին ընդհանրապես չարժե մտածել:

Ամեն դեպքում հետախուզությունները ունենում են ձախողումներ, իզուր չէ ասացվածքըՙ «Հետախույզների ճակատագիրը լի է շրջադարձներով»: Պարզապես վերջին ժամանակներս անտեսանելի ռազմաճակատի ռուս մարտիկները հաճախ են հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում:

***

Այժմ երկու խոսք Հայաստանի հատուկ ծառայությունների մասին: ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանը հայտնվեց նոր օպերատիվ-քաղաքական իրավիճակում: Պատերազմ, արտաքին սահմանները ինքնուրույն հսկելու եւ պաշտպանելու անհրաժեշտություն, դիվանագիտական կորուստներ եւ նրանց «ծածկերի» տակ գործող մեծ քանակությամբ հետախուզական կայաններ, սեփական դեսպանատներ բացելու անհրաժեշտություն, բանակաշինություն եւ վերջապես անկախ հատուկ ծառայություն ստեղծելու եւ այդ գերատեսչության համար կադրեր պատրաստելու անհրաժեշտություն: Նշեմ, որ գերտերության փլուզումից հետո Հայաստանի հատուկ ծառայությունից հեռացավ պրոֆեսիոնալների մի հոծ խումբ: Անկախ Հայաստանի նոր ղեկավարությանը առանձնապես չհետաքրքրեց այդ փաստը, ավելինՙ ամեն ինչ արվեց, որպեսզի հատուկ ծառայությունը կազմալուծվի: Այդպես էր պետք ինչ-որ ուժերի: Այնուհետեւ շատ արագ մեկը մյուսին սկսեցին փոխարինել ղեկավարները իրենց անհասկանալի կադրային քաղաքականությամբ:

Այդ ժամանակաշրջանի եւ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարելի է մի ամբողջ գիրք գրել: Ղեկավարներից ոմանք գիտեին, որ ժամանակավորապես են զբացեղնում պաշտոնը եւ ըստ այդմ էլ ղեկավարում էին, ոմանք շատ արագ ըմբռնեցին յուրահատուկ աշխատանքի էությունը եւ ճիշտ հարաբերություններ կառուցեցին անձնակազմի հետ, նունիսկ առճակատման գնացին բարձր ղեկավարության հետՙ պաշտպանելով ճշմարտությունը: Ոմանք պարզ տեքստով ասում էին. «Տղե՛րք, դո՛ւք եք պրաֆեսիոնալը, ես ձեզ չեմ խանգարում, եւ չեմ սովորեցնի, կատարեք ձեր պարտքը»: Նման մարդկանց հետ հեշտ էր եւ արդյունավետ: Ոմանք էլ ի սկզբանե փառասեր էին եւ զարմացած իրենց անսպասելի հաջողությունից: Այդ մարդկանց հետ դժվար էր, նրանք հաճախ հատնվում էին գերատեսչության ներսում եւ դրսում «գորշ կարդինալների» ազդեցության տակ եւ ըստ այդմ ղեկավարում: Չէ՞ որ հատուկ ծառայությունը պետություն է պետության մեջ:

Ես անուններ չեմ նշում, առանց այդ էլ մեր հասարակությունը, այսինքնՙ ընթերցողներս հոգնել են այս իրավիճակից, խաղաղություն ու համերաշխություն են ուզում, բայց ցավոք, խայթոցները, մեղադրանքները, փոխադարձ վիրավորանքները շարունակվում են եւ հատկապես հատուկ ծառայությունների ոլորտում: Խորհուրդ եմ տալիս դադարեցնել, սկզբից գնահատել իրենց անցած ճանապարհը, եւ եթե բավականաչափ պրոֆեսիոնալիզմ կա, տալ առաջարկներ ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ