ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Սեպտեմբերի 11-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթՙ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի հիշատակին: Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989 թվականին Ստեփանակերտում: Դեռ մանկուց փայլել է բոլոր բնագավառներում. երգում էր, դաշնակահար էր, դերասան: Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախմբի սաներից էր: Ապա երգել է այդ երգչախմբի հիմքի վրա ստեղծված «Մռակած» պետական կամերային երգչախմբում: Սակայն, ի վերջո ընտրել էր ամենամարդասիրական մասնագիտությունը. 2006 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ: Նարեկը բուժծառայության մայոր էր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր: Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքերՙ պարգեւատրվել է «Արիության» մեդալով: Պատերազմի լուրը ստանալուն պեսՙ Նարեկ Մեսրոպյանը շտապել է Արցախ նաեւ 2020 թվականին: Նա նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ: Հոկտեմբերի 11-ին Աղդամի ճանապարհինՙ վիրավոր զինվորներին օգնության շտապելիս, հրետակոծության ժամանակ մայորը վիրավորվել է: Նրան տեղափոխել են Երեւան. բժիշկներն ութ օր պայքարել են բազմաթիվ կյանքեր փրկած գործընկերոջ կյանքի համար: Սակայն Նարեկը, չկարողանալով հաղթահարել, բռնել է հավերժի ճամփան: Նա արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի» մեդալների, հետմահուՙ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի: Հուշ-ցերեկույթին ելույթ ունեցան ԱՀ վաստակավոր արտիստ Սիմոն Սարգսյանը , Արցախի «Մռակաց» պետական կամերային երգչախումբը Տիգրան Քախվեջյանի ղեկավարությամբ եւ այլք: Տեսաֆիլմով ներկայացվեց ռազմական բժշկի անցած շատ կարճ, բայց բովանդակալից ճանապարհը: Հուշ-ցերեկույթն ավարտվեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ՙ Նարեկ Մեսրոպյանին եւ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Դու կաս, տղաս» երգով: Նարեկ Մեսրոպյանին նվիրված հիշատակի օրը միջոցառման մասնակիցներն ամփոփեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: |