RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3156, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀՈՒՅՍ ՀՈՒՅՍԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սոչիում Պուտինի եւ Էրդողանի վերջին հանդիպումը, այնտեղ արված հայտարարությունները, թե Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ու կայունության երաշխավորներն են, ու թեՙ Ղարաբաղում Թուրքիայի ազդեցությունը հաշտեցմանն է նպաստում (Պուտին), բացարձակապես որեւէ հույս չեն թողնում, որ առանց այդ երկու երկրների թողտվության մեր երկրի իշխանությունը որեւէ քայլ է անում:

Ռուսաստանն, ինչպես հարյուր տարի առաջ, հասկացել է, որ Արեւմուտքի դեմ կռվում ինքը միայնակ չի կարող ոչինչ անել եւ կիսում է տարածաշրջանային նայողի դերը Թուրքիայի հետ հերթական անգամ, իր հետեւանքներով հանդերձ հայերիս համար, միայն թե Արեւմուտքի որեւէ երկրի թույլատրելիից ավելի ազդեցություն չհանձնվի: Իսկ թուրքական, այսպես կոչված, երաշխավորությունը հայերիս որեւէ լավ բան չի խոստանում. հարյուր տարի առաջ եւ հարյուր տարի հետո մեր հսկայական տարածքային կորուստները վկա:

Գայլերը գառների վրա հերթական անգամ իրենք իրենց պահապան են կարգել:

Ֆոնն ամբողջանում է արտահաոսքերից, որ առաջիկայում հնարավոր է Փաշինյան-Ալիեւ հանդիպումՙ Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներիՙ ՄԱԿ-ի ասամբլեայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումից հետո: Նախորդած տեղեկությունները իշխանական օթյակներից ու վարչապետից, թե Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերություններին կամ խաղաղ դարաշրջանի բացմանըՙ ցույց են տալիս, որ ամեն ինչ շատ արագ է կատարվելու: Մանավանդՙ սին էին այն հույսերը, որ Պետդումայի ընտրություններում Ռուսաստանում իշխանության դիմագիծը կփոխվի, ու մենք ժամանակ կշահենք ռուսական իշխանության փոփոխությամբ, քանի որ Պետդումա են անցել բացառապես Պուտինի վերահսկողության տակ եղող քաղաքական ուժերը: Նա պետք է մոտակա ժամանակի մեջ իրեն ժառանգորդ նշանակի, դա պետք է անի արագ, քանի որ Ռուսաստանի բնակչության տրամադրություններն այնպիսին են, որ միշտ էլ հնարավոր է հեղաշրջում, չնայածՙ իբր ազատ ընտրություններին: Ու այդ պատճառով Պուտինը կարող է շտապել ոչ միայն իրավահաջորդի հարցում, այլեւ մեր տարածաշրջանում, Էրդողանի հետ հայերիս ստիպելով երկգլխանի պայմանագրերի ստորագրում. խաղաղության պայմանագիր Ալիեւի հետՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, Թուրքիայի հետ էլ բարիդրացիական հարաբերությունների ինչ-որ թուղթՙ մեր պահանջների հրաժարմամբ, որոնք երկուսը միասին կլինեն նախ Արցախի, ապա Հայաստանի վերջի սկիզբը:

Նույնիսկ այս տեղեկությունների առկայությամբ հույսս չեմ կորցնում, որ եթե ոչ իշխանության, գոնե մերձիշխանական շրջանակում կգտնվեն երկու-երեք համարժեք մարդիկ, որոնք կկանգնեցնեն դեպի սխալ որոշումներ տանող թափանիվը, կգտնեն եւ կառաջարկեն որոշումներիՙ հայերիս համար կորստյան չտանող լուծումների տարբերակները, եւ որ ամենակարեւորըՙ իրենց անսխալական համարող առաջին դեմքերը, որոնք երբեմն խելացի, երբեմն ոչ այնքան խելացի դեմքերով ամենավատթար լուծումների մասին են ակնարկում, ի վերջո կհասկանան, որ դա ոչ միայն Հայաստանի, այեւ իրենց վերջն է գուժում, եւ ձեռք կքաշեն կա՛մ դրանցից, կա՛մ գոնե իրենց պաշտոններից, եթե հնարավոր չէ դիմակայել ռուս-թուրքական տանդեմին այլ կերպ: Ու այդպիսով Հայաստանը շատ փոքրիկ ժամանակ կշահի մի փոքր գոնե դանդաղեցնելու համար որոշում կայացնելու պահի մոտենալը ու գուցե ողջամիտ ելք գտնելուՙ համադրելով շատ հնարավորություններ, սկսած իրական քարտեզները մեջտեղ բերելուց, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը (պարզ էՙ ոչ անշահախնդիր) ի տեղի եւ ժամանակի օգտագործումից, մինչեւ իրանական եւ հայկական շահերի զուգահեռում մեր խնդիրները լուծելիս: Հոկտեմբերի մեկից Իրանի սկսելիք զորավարժություններն իր հյուսիս-արեւմտյան սահմանին հուշում են, որ Հայաստանը կարող է մի շարք հնարավորություններ ճիշտ օգտագորրծել ՙ եթե դիվանագիտությունը գիտություն համարի: Հույս, համենայնդեպս կա, եթե մեր երկրի ղեկավարները խելք եւ ցանկություն ունենան:

Իսկ հույս չփայփայելՙ ի՞նչ անել, եթե այժմ հրապարակի վրա գտնվող ողջ քաղդասը հոգնեցրել է իր անհամարժեք վարքուբարքով ու ջաղացի փոխարեն միշտ չախչախի չրխկոցների հետեւից ընկնելով, նրան այս պահին ո՛չ հնարավոր է փոխարինել, ո՛չ էլ նրանից սպասելու բան էլ կաՙ որը բացում է բերանը (ընդդիմադիր ու իշխանական), գիտեսՙ ի՞նչ ու ինչի համար է ասելու: Ճիշտն ասածՙ նրանց լսելուց անգամ հոգնում ես: Կամ ուղղակի չես ուզում տեսնել այլեւս երկիրն այս վիճակին հասցրածների դեմքերն ու վերջ: Բայց եթե դու չես տեսնում նրանց, դա չի նշանակում, որ նրանք քո երկրի , քո կենսական տարածքի համար պրոբլեմներ չեն ստեղծում:

Ո՞վ կհասկացնի մեր ընդդիմությանը, որ այս պահին կարող են անդառնալի բաներ կատարվել, ու նրանք, փոխանակ անվերջ մի ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածությունը տասն անգամ դեմ տալով հրճվեն, փոխանակ չասեն այն, ինչ միշտ ասում են (դա այս պահին ոչնչով չի օգնում Հայաստանը նեղ վիճակից դուրս բերելուն), թող նստեն-որոշեն-առաջարկեն այն քայլերը, որոնք պետք է այսպիսի իրավիճակում աներ Հայաստանը ներկայացնող որեւէ ղեկավարՙ ռուս-թուրքական պարտադրանքների դեմն առնելու համար: Թող մարտավարություն ու ռազմավարություն մատնանշեն այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակի համար, բացի ներկաների հրաժարականից-իրենց գալուց խոսելուց, որն այս պահին բնավ իրատեսական չէ, իսկ Հայաստանի աննպաստ պայմանագրերն իրենց ընդհանրապես կզրկեն նույն մարդուն տասնմեկերորդ անգամ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրելու հաճելի զբաղմունքից:

Իսկ թափանիվը գլորվում է, զարգացումները տանում են ոչ այն ուղղությամբ, որ մեր պետությանն ու հայերիս են անհրաժեշտ, ու դա իրոք կանգնեցնել է պետք, մանավանդՙ թափանիվն արագություն է հավաքում: Դա երեւում է վերջին շրջանի իրադարձություններից յուրաքանչյուրի մեջՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների խոսանյութում (չնայած համանախագահները մտադիր են վերսկսել իրենց այցերը մեր տարածաշրջանՙ երկկողմանի մեկնաբանությամբ. ռուսների ու ադրբեջանցիների կարծիքովՙ առկա դրական միտումները խորացնելու համար միայն, հարցը իբր ռազմական ճանապարհով լուծված լինելու պարագայում, ամերիկացիների եւ ուրիշների կարծիքովՙ Արցախի կարգավիճակի եւ այլ խնդիրներով բանակցությունները վերականգնելու համար): Վարչապետի օնլայն ելույթում նույն ասամբլեայում նույնպես կգտնեք արագացման նշանները, ընդ որումՙ հայկական կողմի համար ոչ նպաստավոր հեռանկարը հենց այդ ելույթում ուղղակի աչք է խոթվում: Դա երեւում է նույնիսկ ԱՄՆ կոնգրեսում հայանպաստ բանաձեւին Հայաստանի իշխանության չարձագանքից:

Էրդողանի եւ Պուտինիՙ Սոչիի հանդիպումից, որտեղ Սիրիայում իրենց շահերը հորով-մորով անելուց հետո վերջիններս լայն թափով ուզում են անցնել հայերիս խնդիրներինՙ փոխզիջումներ պարտադրելու պուտինյան ակնարկներով, թե բա.«Ակտիվ գործում է ռուս-թուրքական կենտրոնը: Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է տարածաշրջանում կայունության եւ կողմերիՙ հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի համաձայնեցման համար»: Էրդողանիՙ Վարանդայի (Ֆիզուլինՙ ադրբեջանական անվամբ) միջազգային օդանավակայան գալու ու նրա բացմամբ հրճվելու մտադրությունը վկա:

Այդպիսի իրավիճակում եթե համանախագահները (կամ Վրաստանի վարչապետը, որը Բաքվից հետո ժամանում է Երեւան) կազմակերպեն Փաշինյան-Ալիեւ հանդիպում, պետք է վախենալ, թե ո՞րն է լինելու հայկական կողմի օրակարգը, արդյոք այն կարող է դուրս գալ թուրքադրբեջանառուսական պատկերացումներից, որոնք երեքն էլ Արցախի կարգավիճակի հարց չեն դիտարկում, այլ խոսում են կենսապահովման, ականազերծման եւ հարակից այլ խնդիրների անհրաժեշտությունից, Արցախն այլեւս իրենցը կամ իրենց տիրույթում համարելով: Արդյոք Հայաստանը համարձակություն չի՞ ունենա սեղմելու Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներիՙ Արցախի կարգավիճակի վերջնական լուծման բանակցություններ վերսկսելու վերաբերյալ մեկնված ձեռքերը, անկախ այդ մեկնված ձեռքերի անկեղծության աստիճանից, ու այդ օգնությունը չի՞ գործածի ռուսթուրքական պարտադրանքների դեմ:

Նայելով վերնախավի տրամադրություններինՙ երեւի ոչ, այդ համարձակությունը բացակա է: Նայելով ամեն օր մոլեգնող իբր արդարադատական ցունամիներինՙ ոչ: Դատախազությանՙ 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտված հանցագործությունների քննության վերաբերյալ հրապարակումիցՙ ոչ, քանի որ այդ հրապարակման մեջ պարտության պատճառ դարձած որեւէ բուն հանցանքի մասին խոսք չկա, այլ միայն երրորդ ռանգի ինչ-որ փոքրիկ հանցանքների մասին է խոսքը:

Ու որ ինչ-որ բան, շատ արագ ու աննպաստ բան հայերիս համար, կատարվելու է, երեւում է անգամ Տոնոյան-շոուից, քանի որ ինչ -որ բանով պետք է խանգարել մարդկանց ամբողջությամբ աննպաստը տեսնել ու ընկալել, երկրի ներսում էլ , իրոք, մարդկանց ուշադրությունը պետք է շեղել, ու դա լավագույնս արվում է ձերբակալություններով (արդարացի կամ անարդարՙ բնավ կարեւոր չէ այս դեպքում), չնայած երկրորդ դասարանի աշակերտին էլ պարզ է, որ բանակում յուրաքանչյուր քայլ առանց գերագույն գլխավոր հրամանատարի երբեք չի եղել, եթե տասը տարի առաջվա մասին է խոսքը, ինչպես դատախազության հաղորդագրության մեջ է ասվում, կամ եթե անգամ երկու տարի առաջվա մասին է խոսքը, ինչպես Սեյրան Օհանյանն է պնդում:

Ու ոչինչ, ոչ մի տեսարան, ոչ մի հակակոռուպցիոն եւ սուպերժողովրդավարական միջոցառում չի կարող ծածկել այն կործանումը, որը բերելու է Արցախի ուրացումը Հայաստանինՙ նրա հետագա անէացման ճանապարհին:

Գումարած այն հայտարարությունները, թե մենք պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերություններին, որոնք ամբողջացնում են այն ողբերգական իրադարձությունների համապատկերը, որը սկսվեց Արցախի մեծ մասի կորստով, մնացած Արցախին սպառնացող վտանգով եւ այդ բոլորի պրոեկտմանը Հայաստանի անվտանգության վրաՙ երբ հրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, մեր պահանջատիրությունից, կամ Հայաստանի սահմանները գծենք իբր խորհրդային քարտեզներով: Երկու դեպքում էլՙ թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ միջազգային հայցերով կսկսեն քամել մեզ, քանի որ մեզ առաջարկվող պայմանագրերը ստորագրելով, մենք ընդունելու ենք, որ սխալ էինք ու ուրիշների տարածքներն էինք տիրապետում, ուրեմն եւ պետք է հատուցենք այդ պետությունների վնասը: Խելքներդ գլուխներդ հավաքեք ու մտածեք, թե ո՞նց է ոչնչնալու Հայաստանն այդ հայցերով:

Բուն իմաստով էլ, սահմանների ու հաղորդուղիների բացումից ակնկալվող օգուտը եւս ճիշտ չի ներկայացվում:

Էս վերջերս մի շարք տնտեսական վերլուծաբանների վերլուծությունները համադրեցիՙ մտածելով, որ ես տնտեսագետ չեմ, անգամ տնտեսական վերլուծաբան չեմ, ուզում էի հասկանալ, թե հայ-թուրքական հարաբերությունների լավացումը, սահմանի բացումը ինչ է բերելու մեզ տնտեսապեսՙ անկախ իմ կանխակալ կարծիքից: Ի՞նչ գին ենք վճարելու խաղաղության դարաշրջանի բացման համար, ո՞ւմ համար է ձեռնտու այսպես կոչված խաղաղության դարաշրջանը: Ու տեսա , որ շատ տնտեսագետների, վերլուծաբանների կարծիքը (քաղաքական եւ ֆինանսական շահախնդրությունից զատած) համընկնում է առ այն, որ հայ-թուրքական սահմանը բացելուց ընդամենը մեկ-երկու տարի հետո Հայաստանի փոքրիկ տնտեսությունն ու բիզնեսը չեն դիմանալու թուրքական էժան ապրանքին եւ , ասենք, մեկ տարվա թվացյալ լավացումից հետո, հանձնվելու են թուրքական կապիտալի հեգեմոնիային, որից հետո հայերիս համար սկսվելու իսկական աղետ ամեն ինչում, մենք մեր երկրում հայտնվելու ենք հյուրի, թուրքական բիզնեսը սպասարկողի կարգավիճակում, մեր հողերն ու տները դառնալու են թուրքական գնողունակ շուկայի բաժինը, մեր գյուղմթերք արտադրողները դուրս են մնալու մրցակցությունից, մեր փոքր բիզնեսը մեռնելու է եւ այլն: Ինտերնետը լցված է տնտեսագետների կանխատեսումներով եւ հիմնավորումներով, նայեք, եզրահանգեք, մի՛ մնացեք քաղաքականապես կողմորոշված տնտեսագետների հույսին:

Ու որ տեսնում ենք, թե ինչպես են այլ բան ասում վճարովի, այս կամ այն կողմը ներկայացնող վերլուծաբաններն ու լրագրողները, ինչպես են փրփուրը բերանին խոսում հայ-թուրքական ուղիղ երկխոսությունից, կարճ տարածքի վրա տեսողություն կենտրոնացնելով, չնայելով ներկա իրողություններին մի փոքր հեռվիցՙ պատմական ենթատեքստերով, քանի որ նույն սխալներն անվերջ կրկնվում են, հասկանում ես, որ անաչառ վերլուծաբաններ չեն մնացել, նրանք շահեր են սպասարկում, ու դա ամենասարսափելին է, քանի որ մարդկանց վտանգից իրական զգուշացնողներ, քաղաքական շահատակությամբ չզբաղվողներ չեն մնացելՙ արթնացնելու եւ ճիշտ ուղու վրա ժողովրդին դնելու համար:

Մինչդեռ Հայաստանի շուրջ այս պահին սեղմվում է օղակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ