«ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՕՐ, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՓՉԱՑՐԵՑ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ... ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Կյանքը լավն ա, սիրում եմ քեզ...» Հուշ-ցերեկույթ Գեղարվեստի ակադեմիայում «Սեպտեմբերի 27-ը թեեւ աշխատանքային օր էր, բայց մենք որոշեցինք, որ պետք է լինի լռության օր», - դահլիճի բեմից ասում է տխուր աչքերով հայուհին, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհին: Սեպտեմբերի 27-ին նրանք լռել են, Եռաբլուր են այցելել, թե դասերի են եղել, լռության մեջ են խոսել պատերազմի դաշտում ընկած իրենց ընկերների հետ: Հաջորդ օրը նրանք խոսեցին բեմից, նրանց լսեցին զոհված տղաների սեւազգեստ մայրերը, լսեցին իրենց ընկերները, դասախոսները: Լսեցին... դահլիճի պատերը, որ մինչ երեկ շնորհավորանքների, ժպիտների ու գույների էին միայն սովոր. առաջին անգամ արցունքներ տեսան: Տասներեք երիտասարդ տղաներ, ուսանողներ գնացին պատերազմ ու չվերադարձան, նրանցից մի քանիսը զոհվեցին հենց առաջին օրը: Գոռ Ավագյան, Տարոն Ֆիլիպոսյան, Արտակ Թովմասյան, Արամ Պողոսյան, Գեւորգ Արշակյան, Միսակ Մկրտչյան, Վիգեն Մուրադյան, Մորիս Գրիգորյան, Էդգար Տոնականյան, Հարություն Ղազարյան, Արմեն Գրիգորյան, Հովհաննես Մազմանյան, Արթուր Բալասանյան : ...Հայացքս դժվարությամբ էի կտրում առաջին շարքում նստած սեւազգեստ կնոջից, վշտից քարացած մոր դեմքից, ծնկներին հանգչող վարդերից... Այս կանանց առաջ կարկամում ես, բառեր չես գտնում, լռում ես: Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի համար ամեն ուսանող թանկ է, նրանցից յուրաքանչյուրի տաղանդի բացահայտումը, ստեղծագործական հաջողությունը ոչ միայն անձնական ուրախություն, աշխատանքի իմաստ է. «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի եւս մեկ անգամ հիշենք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր հայրենիքի, հանուն նրանց, որ պետք է շարունակեն ապրել Հայաստան աշխարհում. նրանք, որ մեր ուսանողներն էին եւ նրանք, որ պետք է դառնային ուսանող, դեռ առաջին կուրսում էին, ովքեր պիտի արվեստագետ դառնային, եւ, ցավոք, եղավ այն, ինչ եղավ: Մեկ տարի առաջ սկսվեց պատերազմը. ոչ ոք չգիտեր, որ այսպիսի ավարտ կունենա, եւ հուսով էինք, որ մեկ անգամ եւս թշնամին կստանա իր արժանի պատասխանը: Բայց եղավ այն, ինչ եղավ, ու մենք ունեցանք այն բազմաթիվ զոհերը, որոնց մասին բոլորդ գիտեք: Ցավոք, զերծ չմնաց նաեւ մեր ակադեմիան. մենք ունեցանք տասներեք զոհ, տակավին երիտասարդ տղաներ: Այսօր այստեղ ենք, որպեսզի խոնարհվենք նրանց հիշատակի առաջ: Մեր կողմից որոշում կա Ակադեմիայի տարածքում հուշարձան կառուցել պատերազմում զոհված մեր ուսանողների հիշատակինՙ մեր ճարտարապետների, քանդակագործների, բոլորիս մասնակցությամբ»: Հետո խոսեցին ընկերները, խոսեցին հուզված, մեկ րոպե լռություն իջավ, հնչեց հոգի մորմոքող «Կռունկը», հնչեցին տխուր, շատ տխուր երգեր զինվորի ու կարոտի, երկնքի մասին ու նորից խոսքեր, արցունքներ հոսեցնող բանաստեղծական տողերՙ հող հայրենիի, փյունիկ թռչունի լեգենդի մասինՙ մեզ նրա հետ, մինչ այսօր, ցավոք, դեռ ասոցացնող... Հերոսը զինվորն էր, կյանքի մեծ ճանապարհին նոր ոտք դրած երիտասարդ մարդը, ուսանողը եւ էլ ո՛չ ոք, ո՛չ ոք ու ոչի՛նչ... Նա, որ ետեւում թողել էր տուն, ծնողներ ու հարազատներ, ընկերներ ու հազար երազանք եւ հայտնվել իր համար բացարձակ անհայտ իրականության մեջ, դեմ հանդիման դաժանագույնինՙ պատերազմին: Ու մենքՙ այստեղ գտնվողներս, որքան էլ մղկտանք, որքան էլ թվա, թե մաշկի ամեն բջիջով ենք զգացել այդ իրականությունը, ճիշտ չէ. անհնար է զգալ ու ապրել այն, ինչի միջով անցել են այդ երիտասարդ մարդիկ, անհնար է հասկանալ այն հոգեբանությունը, որ ունեցել են նրանք, անհնար է պատերազմը հեռվից զգալ, հասկանալ դրա օրենքներն ու չափումները: Մեզանից հեռացածների, այս տղաների համար միակը, որ հիմա մենք կարող ենք անել, մեր հիշողությունների մեջ նրանց պահելն է, փայփայելը, արժանի լինել այն թանկ արյանը, որ թափվեց ապրողների համար, վերջապես ճիշտ կառուցելն է այն Երկիրը, որի մասին երազում էին եւՙ են հազարավոր ազնիվ մարդիկ: Նրանք, ովքեր ընկան Արցախյան առաջին պատերազմին ու դրան հաջորդող տասնամյակներումՙ հատ- հատ, 2016 - քառօրյային եւ այս վերջին պատերազմում, երբ 44 օրում մի ողջ սերունդ կուլ գնաց սպանդին, ու մենք պատասխան չունենքՙ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ եւ ինչպե՞ս էր պետք անել, որ այսկերպ ձեռնունայն չմնայինքՙ Եռաբլուրի չափսերը այսքան անողոք չմեծացնեինք: Հետո դահլիճում նստածները կվերհիշեն իրենց որդիներին ցուցադրված ֆիլմի միջոցովՙ ուսանողների ուժերով նկարահանած: Նրանց մասին հուշեր կպատմեն դասախոսներն ու մտերիմները. ամեն մեկը կերեւա իր առանձնահատուկ գույնով, խառնվածքով, հետաքրքրություններով, տաղանդով, բարեկրթությամբ, հումորով կամ համեստությամբ. տղաներ, որոնց առջեւում նոր բացվող կյանքն էր, որ պիտի ապրվեր, պիտի ստեղծագործվեր: Ահա այս դառնությունն է, որ ֆիլմը ստեղծողների ու մյուսների համար այսքան ծանր է դարձրել հետագա օրերը, որ «մեկ տարի անընդմեջ ամեն օր արթնանում են փշրված հոգիներով, ապրում կարծես բնականոն կյանքով, խաղաղության մեջ, բայցՙ թվացյալ...»: Այս պատերազմի եւ առհասարակ պատերազմների ոճրագործությունը, դրա անհեթեթությունն ու ոչնչությունը գիտի միայն կռվող զինվորը: Ու նա նամակ է գրում իրեն ամենից շատ սպասողինՙ մորը, նա միշտ է գրելու սա, քանի կա պատերազմը... Ոտքից գլուխ ճերմակ հագած ուսանողիՙ զինվոր որդու մորն ուղղված նամակի կարդացած ամեն տող տակնուվրա արեց մեր հոգիները: «...Հիմա էլ ոչ մեկը չի մեռնում, ուղղակի առավոտները արթնանում ես ու էլ կողքիդ չի: Էսօր առաջին անգամ սկսեցի մտածելՙ էս ի՞նչ կռիվ ա ու հանուն ինչի՞ ա, սկզբում վախենում ես, հետո վախն անցնում ա, հետո ընկերներիդ ես տեսնում կյանքի հեղուկի մեջ շաղախված, էդ տեսարանից հոգիդ մարմնիցդ հինգ րոպե հեռանում ա, հետո հետ ա գալիս, հետո գալիս ա դառնությունը, հետո դառնությունը դառնում ա աղի արտասուքներ, ու դրանք վախի կամ թուլության արցունքներ չեն, դա մեր սերն է մեր ընկերների հանդեպ ունեցած, հետո գալիս ա կատաղությունը ու սկսում ես մորթել աջ ու ձախ, հարյուրներով, դաժան ձեւով, նույնիսկ տարօրինակ հաճույք ես ստանում, հետո գալիս ա ցնծությունըՙ մեր մեծ ու փոքր հաղթանակների, հետո գալիս են լռության ժամերը, բայց միտքը դադար է մնում, ոչ մի բան չես կարողանում մտածել, կարճատեւ խաղաղություն է տիրում, հետո էմոցիաներն անհետանում են ու նորից սպանում ենք հարյուրներով առանց վրեժի, առանց ուրախության, ուղղակի խնդիր ենք լուծում: Հայացքդ էլ մշուշոտ չի, հոգիդ էլ տակնուվրա չի լինում, ուղղակի վերացնում ես վաշտ վաշտի ետեւից, տանկ տանկի ետեւից: Երեկ մեր սարերի պես խաղաղ կանգնած նայում էի, թե ոնց հակառակորդի տանկից կառչած զինվորը մոխրանում է, մատս մատիս չտվեցիՙ ոչ փրկեցի, ոչ էլ սպանեցի, ուղղակի սպասեցի մինչեւ վերջ, որ մոխրանա: Զզվելի բան ա պատերազմը, մամ, ինչքան գան, էդքան սպանելու ենք: Զգո՞ւմ ես, մամ, էս բառերը ինչքան հեշտ եմ գրում, այ դրա համար ա զզվելի բան պատերազմը: Էսօր առաջին անգամ սկսեցի մտածել, թե ո՞րն ա հաղթանակը: Երկու ժամ էլ դրա վրա գնաց, վերջը զոռով քամեցի ձեւակերպումը: Հաղթանակը էս ամեն ինչի չկրկնվելն ա: Մեզ ստիպել են կռվել, մենք կկռվենք, բայց լրիվ ոչնչացնելով հակառակորդի բանակը, եթե դա չանենք, սա էլի կրկնվելու ա, երկու տարին մեկ, կամ ամեն օր: Էսօր բարձրագույն հրամանատարությունից մարդիկ էին եկել, անուններ չտամ, պարգեւատրեցին, ինձ էլՙ արիության մեդալ եւ այլն... Վերջում ասեցինՙ հարցեր ունե՞ք, ասեցիՙ հա: Ասեցիՙ ո՞րն ա հաղթանակը: Ասեցին թշնամուն պիտի հաղթենք ու ոչ մի թիզ հող չենք տալու: Ասեցիՙ թիվ գիտե՞ք, ես ուզում եմՙ մինչեւ վերջին հատիկ թշնամին մեռած չլինի, տուն չգնանք ու կրակն էլ չդադարեցնենք: Ինձ ասեցինՙ դա ղեկավարությունը կորոշի... Մամ, հաղթնակը դա ձեր մամաների չլացելն է, ձեր ցավ չապրելն է, էս ամեն ինչի չկրկնվելն ա: Դա հնարավոր կլինի թշնամու ոչնչացումից հետոՙ ամբողջական, նրանց ոչ մի զինվոր պիտի ոտքի վրա չլինի, ու սա չարացած չեմ ասում, սա խնդիր ա, ու միակ լուծումըՙ բացառել սրա կրկնությունը: Գիտեսՙ ի՞նչի ա խնդիր. որովհետեւ սնայպերի պրիցելում թքած ունես ազգության վրա, դու ուղղակի խնդիր ես լուծում. մինուս 1, մինուս 3, մինուս 4, մինուս 200, թվաբանություն ա, մամ: Ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ ընկերներին, սիրում եմ իմ հայրենիքը, բայց ես էլ ռոմանտիկ չեմ, ես խելացի եմ: Հաղթանակը բացառելն ա սրա կրկնությունը` թեկուզ մինչեւ վերջին հատիկ թշնամին սպանելով: Ես էլ էդ բառից չեմ վախենում ու ես մեղավոր չեմ: Ինչ - որ մի օր, ինչ- որ մեկը փչացրեց էս աշխարհը: Ես կսարքեմՙ ինչքան կկարողանամ: Լավն ա մեր աշխարհը, ափսոս ա: Կյանքը լավն ա, սիրում եմ քեզ...»: Հուզմունքը խեղդում է, դահլիճից դուրս եկողներ են լինում, դիմանալը դժվար է: ...Մինչ կյանքը Ակադեմիայի դռներից այն կողմ ուրիշ էր, թվում էրՙ սովորական. փողոցում,մետրոյում մարդիկ քայլում են, խոսում առօրեական բաներից, իսկ դու մի քանի րոպե առաջ այլ իրականության մեջ էիրՙ սեւազգեստ մայրերի հայացքների տակ կքած, երբ նրանց որդիների ուսանող- ընկերները խոնարհումի ծաղկեփնջերով հրաժեշտ էին տալիս, եւ դահլիճում մնում էր խիտ, անասելի խիտ տխրություն: Ակադեմիայի դռներից քիչ այն կողմ երկու աղջիկ մեղմ գրկախառնվեցին, նրանց միջեւ փխրուն տարածություն էրՙ աղջկա խոշոր, խաժ աչքերից հոսող արցունքների տեսքով... |