RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1944, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԾ ՊԱՅՔԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հայտարարում է Էրդողանի խոսնակը, նկատի առնելով Ադրբեջանի «հաղթանակը»

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը միաժամանակ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն է: Անկախ քաղաքական դիտորդները եւ հատկապես ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV-ի» մեկնաբանները Քալընին համարում են նախագահականի, թերեւս, ամենաազդեցիկ դեմքը, պայմանավորելով դա վերջինի Լոնդոնի գլոբալ շրջանակների հետ ունեցած սերտ կապերով: Վերջիններս հիմք ընդունելով այդ կապերը, միաժամանակ պնդում են, որ Քալընն է ուղղորդում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հետեւաբար ինքն է իրական արտգործնախարարը, ոչ թե Մեւլութ Չավուշօղլուն:

Համենայն դեպս, սեպտեմբերի 28-ին խոսնակ Քալընը, «Սյոզջուի» փոխանցմամբ, հարցազրույց է տվել «Haber Global-ին» եւ պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք զբաղեցնում են Անկարայի օրակարգը: Թուրքիայի համար օրակարգային է նաեւ Հայաստանի խնդիրը, նաեւ այնքան առաջնային, որ Քալընը հարցազրույցում առաջինն անդրադարձել է հենց Հայաստանին եւ զգալի տեղ հատկացրել մեր հանրապետությանը: Քանի որ հարցազրույցը բավականին ընդարձակ է, ուստի որոշել ենք ընթերցողին ներկայացնել դրաՙ հայերին ու Հայաստանին առնչվող հատվածը: Ահա թե ինչ է ասել.

«Մեծ հաղթանակը ձեռք է բերվել մեծ պայքարով»

«Նախ ողջունում եմ 44-օրյա պայքարից հետո ձեռք բերված հաղթանակը Ղարաբաղում: Դա ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ադրբեջանցի եղբայրների, ե՛ւ տարածաշրջանի համար մեծ նվաճում էր, որովհետեւ հակամարտությունը 30 տարի մնում էր սառեցված վիճակում: Մենք տարիներ շարունակ ասում էինք, որ դա պետք է կարգավորվի երկխոսության միջոցով: Ահա անցյալ տարի իրադարձությունների շեմին Հայաստանի ագրեսիվ վերաբերմունքի հետեւանքով դրանք մեկնարկեցին:

Ղարաբաղի անկախացումն, ավելի մեծ նվաճում է, հատկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման առումով: Այս գործընթացում Ադրբեջանը գործեց պատասխանատվությամբ, խուսափելով ագրեսիվ դիրքորոշում որդեգրել եւ գործեց միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Նրա հաղթանակը միանգամայն արդար է: Գալով դրանում Թուրքիայի ունեցած նպաստին, դա համագործակցությունն էր, պալմանավորված «մեկ ազգի երկու պետություն» կարգախոսով:

Ե՛վ թուրքական բանակը, ե՛ւ ադրբեջանական բանակը, մեր նախարարներն ու արտաքին գործերի նախարարները, ավելինՙ մեր նախագահները հսկայական ջանքեր են գործադրել եւ ամեն րոպե ուշիուշով հետեւել իրադարձությունների զարգացմանը: Դա հեշտ ձեռք չի բերվել, կան բազմաթիվ նահատակներ: Ի վերջո մեծ հաղթանակը ձեռք է բերվել մեծ պայքարով: Երբեք չենք ասել, որ հաղթանակի նվաճումով հարցը փակվել է: Ներկա պահին շարունակվում է անկախացած Ղարաբաղի վերակառուցումը: Ընդամենը մեկ տարի է անցել: Եթե տեսնելու լինեք մեկ տարում կատարված աշխատանքների ծավալը, կհպարտանաք:Ալիեւն անձամբ է հետաքրքրվում դրանցով:

«Դրական ենք մոտենում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը»

Ղարաբաղի հաղթանակը թուրքակական զինված ուժերի տեսանկյունից ունի այլ չափանիշ, մեր զինուժը ձեռնամուխ եղավ իր հիմնական առաքելության կատարմանը: Նա Սիրիայում իրականացրեց ռազմական 3 գործողություն, որ չեզոքացնի Իսլամական պետության ահաբեկիչներին եւ ահաբեկչական այլ կազմակերպություններին, երաշխավորելու համար մեր սահմանների անձեռնմխելիությունը: Սիրիայի սահմանի երկայնքով անվտանգության ամուր գոտի ենք ստեղծել:

Լիբիայում փոխվեց իրադարձությունների ընթացքը: Շնորհիվ մեր միջամտության, այդ երկրում ձեւավորվեց կառավարություն եւ կանխվեց վերահաս մեծ կոտորածը:

Մեր կարեւոր 3-րդ միջամտությունը հանգեցրեց Ղարաբաղի հաղթանակին: Թուրքական զինուժի, արտգործնախարարության, հետախուզության եւ նախագահի առաջնորդությամբ իրականացրած միջամտությունը պսակվեց մեծ հաջողությամբ:

Մենք սկզբունքորեն դրական մոտեցում ենք ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին: 1992-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու եւ սահմանները փակելու մեր գլխավոր պատճառը Ղարաբաղի օկուպացումն էր: Քանի որ այդ հարցն արդեն լուծվել է, հետեւաբար Հայաստանի հետ նորմալացումը խոչընդոտող պատճառ այլեւս չկա: Սակայն Ղարաբաղում դեռեւս առկա են լուծման կարոտ որոշ հարցեր:

Թեեւ զինադադար ստորագրվել է, սակայն խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել: Դրա ստորագրումն անհրաժեշտ է: Ընդ որում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի եւ թե Թուրքիայի համար: Խաղաղության պայմանագիրը մեծապես կնպաստի նաեւ տարածաշրջանի կայունությանը:

Կան չլուծված տեխնիկական խնդիրներ: Դրանք անլուծելի խնդներ չեն, միայն թե ճիշտ մոտեցում ցուցաբերվի: Հայաստանի հետ նորմալացման առնչությամբ դրական հայտարարություններ է արել նաեւ մեր նախագահը, նրան այդ հարցում աջակցում ենք մենք, չմոռանալով, որ այս ամենին համընթաց պետք է լուծել նաեւ Ադրբեջանի հետ առկա խնդիրները, ինչը հանգստացուցիչ հանգամանք կհանդիսանա բոլորիս համար»:

*) Դիվանագիտական հարաբերություններ երբեք չեն հաստատվել, որ փակվեին: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ