RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՔՐԻՍՏԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թեքեյան կենտրոնում սեպտ.ի 28-ին բացվեց լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն: Այն կազմակերպվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության կողմից անցկացվող «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում: 15 լուսանկարիչ մրցույթի է ներկայացրել 2019- 2020 թվականների ընթացքում կատարած լուսանկար կամ ֆոտաշարք: Աշխատանքներից միայն մեկը կարժանանա «Վահան Թեքեյան» մրցանակի եւ դրամական պարգեւի` 1500 ԱՄՆ դոլար:

Մասնակիցների շարքում են ինչպես փորձառու, հանրությանը քաջածանոթ լուսանկարիչներ, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ, այդ թվում նաեւ ուսանողներ:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ներկաներին եւ մրցույթի մասնակիցներին: Նա ուրախությամբ նկատեց, որ որոշակի դադարից հետո «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգը նորից մաս է կազմում համահայկական մրցանակաբաշխության կազմում:

«Շատ խորհրդանշական է, որ այս անվանակարգի հանձնաժողովը նախագահում է այդ ոլորտի «Վահան Թեքեյան» առաջին մրցանակակիրներից, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան: Նրա նախագահությամբ էլ կորոշվի հաջորդ մրցանակակիրը»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան կարեւորեց «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության շրջանակներում լուսանկարչության ոլորտը նորից ներգրավելու համար` միաժամանակ կարեւորելով մշակույթի ոլորտում Հայաստանի եւ աշխարհի մի շարք երկրներում Թեքեյան մշակութային միությունների ծավալած աշխատանքը:

««Վահան Թեքեյան» մրցանակը շատ պատվաբեր մրցանակ է` անկախ դրամական չափից: Ուրախ եմ, որ լավ աշխատանքներ են ներկայացված մրցույթին, այդ թվում նաեւ ուսանողների, որոնց համար սա մրցույթների մասնակցելու լավագույն փորձառություն է: Ափսոսում եմ, որ քիչ հեղինակներ են ներկայացված. չէ՞ որ Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր լուսանկարիչներ եւ ցանկալի կլիներ, որ նրանց աշխատանքները եւս ցուցադրվեին»,- նշեց Սամվել Սեւադան եւ վստահեցրեց, որ գնահատելիս հանձնաժողովը անաչառ է լինելու` առաջին հերթին հաշվի առնելով գեղարվեստական կողմն ու լուսանկարչական վարպետությունը:

Մրցույթի պայմաններն ազատ էին. յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին եւ ֆոտոարվեստի սիրահարների դատին է ներկայացրել իր լավագույն աշխատանքը, որում իր ապրումներն էին, հույզերն ու լուսանկարչական ուրույն ձեռագիրը:

Լուսանկարների թեմատիկան բազմազան էրՙ արեւածագից մինչեւ գյուղական առօրյա, քաղաքային տեսարժան վայրերից մինչեւ ծաղկաշատ այգիներ: Շատերի լուսանկարներն Արցախից էինՙ կարոտի ու սպասումի, պահի վայելքը վերհիշելու ցանկությամբ ու լուռ ափսոսանքի բովանդակությամբ:

Նրանց աչքի եւ ձեռքի սերտ համագործակցության արդյունքում ստացվել էին գեղարվեստական ու լուսանկարչական հարուստ որակներով ֆոտոներ: Ի դեպ, ցուցադրությունը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգի «Վահան Թեքեյան» մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ինՙ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառմանը: Մրցանակների կարժանանան 6ՙ Գրականություն, Հայագիտություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ եւ Թատերական արվեստ անվակարգերում հաղթող ճանաչված մասնակիցները:

Նշենք, որ արդեն 27-րդ անգամ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հետ համատեղ անցկացնում է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում են բազմաթիվ արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: Տարիների ընթացքում այն դարձել է ամենահեղինակավոր եւ ամենասպասված մշակութային մրցույթներից մեկը: «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել հայ անվանի բազմաթիվ արվեստագետներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ