RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-10-01 23:04:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2127, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն
Քրիստինե Մելքոնյա

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» անվանակարգում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը։

Միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 25 հեղինակ։ Նրանց թվում են ինչպես արվեստասերներին հայտնի, այնպես էլ կերպարվեստի ոլորտում սկսնակ անուններ։

ՀԹՄՄ կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ցուցադրության այցելուներին եւ շնորհավորեց մասնակիցներին։ Նա ուրախությամբ նկատեց, որ այս անվանակարգում ամեն տարի նկատելի են որակական նորՙ ավելի բարձր մակարդակ ապահովող աշխատանքներ։

Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց մրցույթին մասնակցությունը, որին մասնակցել եւ մրցանակների են արժանացել անվանի գեղանկարիչներ Էմիլ Գազազը, Վարուժան Վարդանյանը, Սարգիս Համալբաշյանը, Գեւորգ Եղիազարյանը, Կարեն Աղամյանը, Միքայել Հարությունյանը եւ այլք։ Բացի այդ, մրցույթի անցկացման 27 տարիների ընթացքում դրսեւորվել են տարբեր մոտեցումներ, եւ մրցանակի են արժանացել ինչպես ոլորտների դասականները, այնպես էլ նորահայտ տաղանդներՙ նույնիսկ ուսանողներ։

«Կերպարվեստ» անվանակարգում հանձնաժողովը ղեկավարում է «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը։ Նա բազմիցս եղել է ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում եւ մեծ պատիվ է համարում այս անվանակարգի նախագահը լինելու հանգամանքը։ Վերջինս հավելեց, որ հանձնաժողովը դժվարին խնդրի առջեւ է կանգնած, քանի որ ներկայացված են մոնումենտալ եւ լուրջ աշխատանքներ։ Մրցանակը մեկն է, լավագույն աշխատանքներըՙ մի քանիսը։ Փորձառու արվեստագետների կողքին նորաթուխ ստեղծագործողների աշխատանքներ են, որոնք չեն զիջում իրենց գեղարվեստական արժեքով։

«Թվում է, թե 21-րդ դարում նախապատվությունը տրված է միայն նորարարություններին, համակարգչային դիզայնին կամ այլ մոտեցումներին, բայց այստեղ ներկայացված են պրոֆեսիոնալ մակարդակի աշխատանքներ։ Տեսնում ենք գրագիտությունՙ նորարական մոտեցումներով։ Սա խոսում է նրա մասին, որ հեղինակներն լրջորեն են վերաբերում մրցույթին եւ ներկայացնում իրենց լավագույն ստեղծագործությունները»,-նշեց Արա Հակոբյանն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին։

ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը նույնպես շնորհավորեց ցուցադրության մասնակիցներին եւ կարեւորեց արվեստի ու գրականության ոլորտում դրամական պարգեւով մրցանակաբաշխություն անցկացնելու Հայաստանի Թեքեյան մշակութային միության ձեռնարկը։

«Բազմաթիվ գրողներ, նկարիչներ, լրագրողներ են արժանացել գնահատանքի։ Հպարտանալու առիթ է, որ նոր սերնդի լավագույն ստեղծագործողները նույնպես մասնակցում են մրցույթին։ Մեկը մյուսից գեղեցիկ աշխատանքներ ենՙ իրենց տաղանդավոր հեղինակներով»,-նշեց Երվանդ Ազատյանն ու գեղանկարիչներին մաղթեց ստեղծագործական ձեռքբերումներ եւ հաղթանակներ։

«Կանայք գնում են պատերազմի» կտավի հեղինակը գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանն է։ Նկարը Բեյրութում ներկայացված էր ցուցահանդեսի, երբ եղավ պայթյունը աշխատանքը մասամբ վնասվել է, սակայն հեղինակն այն չի վերականգնումՙ նկարի մասին կեսկատակ-կեսլուրջ փաստելովՙ նկարի անունը փոխվում էՙ «կանայք գալիս են պատերազմից»։ Արվեստագետների ընտանիքում ծնված Ավետիս Խաչատրյանի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրներում, մշտական ցուցադրությամբՙ Հայաստանում Արամե, ինչպես նաեւ արտասահմանյան մի շարք պատկերասրահներում։ Թեեւ ստեղծագործում է ամենատարբեր թեմաների շուրջ, սակայն խոստովանում էՙ հաճախ է վերադառնում մանկության հիշողություններին։

Նաիրի Բալաբեկյանն էլ թեեւ երիտասարդ գեղանկարիչ է, սակայն մրցույթներին մասնակցելու մեծ փորձ ունի, արժանացել է նաեւ մրցանակների։ Խոստովանում էՙ մեծ պատիվ է մրցույթի մասնակցել եւ աշխատանքները ցուցադրել տաղանդավոր արվեստագետների կողքին, որոնց թվում են նաեւ իր դասախոսները։

Չնայած պատկերասրահում ներկայացված են 25 տարբեր գեղանկարիչների աշխատանքներ, սակայն ցուցադրությունը կարծես ամբողջական պատկեր լինի նրանց միավորում է պրոֆեսիոնալությունըՙ միաժամանակ ընդգծելով յուրաքանչյուր ստեղծագործողի անհատականությունը։

Նշենք, որ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ամենամյա ձեռնարկ է, որին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Միջազգային մրցույթն անցկացվում է 27-րդ անգամ։ Այս տարի այն անցկացվում է 6 անվանակարգումՙ Գրականություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ, Հայագիտություն եւ Թատերական արվեստ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակը 1500 ԱՄՆ դոլար է։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 8-ինՙ ժամը 16։00-ինՙ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառմամբ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ