«ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ԻՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՔՈՂԱՐԿՈՒՄ ԻՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Ինչպես երեւում է, դեռ դասեր չի քաղել կրած փորձություններից» Նոյեմբերի 28-ին Աշխաբադում հրավիրվել էր «Տնտեսական համագործակցություն» կազմակերպության 15-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիեւի հետ: «Կարակում» հյուրանոցում անցկացված երկու հանդիպումներն էլ եղել են դռնփակ եւ տեւել 30 րոպե: Էրդողան-Ալիեւ հանդիպումն անցել է կատարյալ փոխըմբռնման մթնոլորտում եւ կողմերը, ըստ վերջինի մամուլի ծառայության, քննարկել են Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակին եւ գործընթացներին առնչվող հարցեր: Որքան էլ ծառայությունը հաղորդագրության մեջ չանդրադառնա դրանց բովանդակությանը, ակնհայտ է, որ եղբայրական երկու երկրների նախագահները քննարկել են «Զանգեզուրի» միջանցքի բացման եւ ղարաբաղյան հիմնահարցում 3+3 ձեւաչափի կիրառման հնարավորությունը: Ի դեպ, թուրքական լրատվամիջոցներն էլ չեն մանրամասնել Էրդողան-Ռայիսի հանդիպման օրակարգը: Բայցեւայնպես կողմերին «Զանգեզուրի» միջանցքի հետ հետաքրքրում է 3 + 3 ձեւաչափը: Պարզապես, ի տարբերություն Էրդողանի, Ռայիսին միջանցքին դեմ է, իսկ ձեւաչափինՙ կողմ, որովհետեւ դա Իրանին, եթե ոչ ռազմական ներկայություն, ինչպես արդեն ունի Թուրքիան, գոնե քաղաքականն ապահովում է: Հարկ է նաեւ նշել, որ տարածաշրջանի քաղաքական այս երկու հզոր ուժերը, որոնք մշտապես մրցակցել են միմյանց հետ, ունեն Հարավային Կովկասը իրենց ազդեցության տակ վերցնելու եւ այնտեղ «մեծ եղբոր» դերը ստանձնելու հավակնություններ: Այդ իսկ պատճառով հավասարապես իրենց մրցակիցն են համարում Ռուսաստանին, առանց այդ մասին բարձրաձայնելու: Էրդողան-Ռայիսի հանդիպման հաջորդ օրը Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, թուրքական «Դունյա» թերթի նոյեմբերի 29-ի վկայությամբ, հանդիպումը գնահատել է կառուցողական, նշել է Իրան-Թուրքիա հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում կողմերի ձեռք բերած համաձայնության մասին եւ ընդգծել է երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններն Էրդողանի Թեհրան նախատեսվող այցի ընթացքում հաղթահարելու հավանականությունը: Արտգործնախարար Աբդոլլահիանի այս լավատեսությունը, սակայն, չի խանգարել «Timeturk»-ին, որ դեկտեմբերի 1-ի համարում հրապարակի «Իրանում ծավալվող Թուրքիային միտված հակաքարոզչության պատճառը» խորագրով հոդվածը: Հոդվածում այս թերթն անդրադառնում է Իրանի աշխարհաքաղաքական առաջադրանքներին, ունեցած համանուն կորուստներին Ղարաբաղում եւ առհասարակ Կովկասում, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանում: Հոդվածն արտատպված է «Turkiye» թերթից, հեղինակն է պրոֆ. Մեհմեդ Շահինը, ահա թե ինչ է գրում «Իրանում Թուրքիայի դեմ ուղղված քարոզչության պատճառը» վերնագրված հոդվածում: «Երկար ժամանակե ի վեր Իրանում տարօրինակ քարոզարշավ է ծավալվում Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի դեմ: Գրեթե ամեն օր իրանական մամուլը հանդես է գալիս Թուրքիայի եւ Էրդողանի դեմ բացասական հոդվածներով: Իրանում արդեն առօրյա սեանսի է վերածվել Թուրքիային եւ Էրդողանին վարկաբեկելը: Այս մոտեցումն այնքան պարզորոշ է, որ պատահական չես համարի, որովհետեւ Իրանի պես երկրներում վարչակարգը կատարելապես հսկում է մամուլը եւ այդ մասին իրանցիների գլխավորությամբ գիտի ողջ աշխարհը: Առանց իշխող վարչակարգի թույլտվության եւ ուղղորդման անհնար է Թուրքիայի պես կարեւոր երկրի եւ նրա նախագահի դեմ առօրյա սեանսի վերածված քարոզչության ծավալումը: Հատկանշական է, որ Թուրքիային ուղղված վարկաբեկման հոդվածները գլխավորապես հայտվում են հենց վարչակարգին ենթակա մամուլում, իսկ վարկաբեկողներն ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի անդամներն են կամ պետական կառույցների պատասխանատու աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ բացասական նյութերն ռւ վերլուծությունները հրապարակվում են Էրդողանի միտումնավոր ընտրված անհաջող լուսանկարներով, ինչպես նաեւ վերնագրեր եւ ենթավերնագրերով: Դրանց հեղինակները բան ու գործ թողածՙ իրենց ողջ ժամանակը վատնում են Թուրքիայի ու Էրդողանի գործողություններին հետեւելու վրա: Թերթերում լույս են տեսնում այնպիսի հոդվածներ ու հարցազրույցներ, որոնց բովանդակությանը ծանոթանալու դեպքում ակամա համոզվում ես, որ Իրանի մեծագույն թշնամին Թուրքիան եւ Էրդողանն են: Աշխարհաքաղաքական վրդովմունքով շարժվելը արդունքի չհանգեցրեց Պարզորոշ պետք է ասել, որ վերջին տարիներին Իրանը տարածաշրջանում գլխավորում է կորուստի առավել մատնված երկրների ցանկը:Մի կողմից չի կարողանում ապահովել բնակչության բարեկեցությունը երկրում, մյուս կողմից կարեւոր դիրքեր է կորցնում տարածաշրջանում: 2000 թ. սկզբներին, այսինքն սեպտեմբերի 11-ից հետո, երբ ԱՄՆ-ը միջամտեց Աֆղանստանին, վնասազերծելով «Թալիբանին», ապա օկուպացրեց Իրաքն ու տապալեց Սադդամին, չափազանց գոհունակություն պատճառեց Իրանի վարչակարգին: Մեղմ ասած, Իրանը նպաստավոր դերակատարում ունեցավ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության համար: Շնորհիվ ԱՄՆ-ի նա էլ ձերբազատվել էր ինչպես «Թալիբանից», այնպես էլ Սադդամից: ԱՄՆ-ի միջամտությունից հետո տարածաշրջանում Իրանի ազդեցության աճին զուգընթաց սկսեցին վերստին խոսել Իրանի շիականության վրա հիմնված «աշխարհաքաղաքականության», Հեղափոխության պահապանների կորպուսի եւ «Ալ-Քուդսի» ակտիվացման մասին: Սակայն Իրանը հրապարակվող հոդվածների, արտահայտվող կարծիքների ազդեցությամբ սխալ գիծ բռնեց, փոխանակ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարեւանների հետ, հաղթահարելու համար իր մեկուսացվածությունը, զարկ տվեց աշխարհաքաղաքական ծրագրերին: Արդյունքում հանգեց զրո արդյունքի, կրելով զգալի կորուստեր բոլոր ոլորտներում: Էլ չենք խոսում մարդկային եւ նյութական ահռելի կորուստների մասին: Որտե՞ղ է կորուստներ կրել Իրանը Իրանը կորուստներ է կրել Ղարաբաղ/Կովկասի, Իրաքի եւ Աֆղանստանի պես երկրներում, որոնց նկատմամբ ուներ առավել մեծ հավակնություններ: Սիրիայում, Եմենում եւ Լիբանանում շարունակում է գին վճարել: Անցյալ տարի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ծագած ու որպես «44-օրյա պատերազմ» պատմության մեջ մտած ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը խիստ մտահոգեց Իրանին:1990-ի սկզբներին, երբ օկուպացվում էին Ղարաբաղն ու հարակից շրջանները, Հայաստանին աջակցող Իրանը երկրորդ պատերազմում չկարողացավ աջակցել, ինչպես հարկն է, իսկ Թուրքիան, առանց երկմտության, զորավիգ կանգնեց Ադրբեջանի արդարացի դատին: Իրանին չհաջողվեց Կովկասում պաշտպանել իր ագրեսոր դաշնակցին: Նոր պայմանները թույլ չտվեցին նրան վարվել այնպես, ինչպես 1990-ականներին: Հիմա Իրանի առջեւ կա երկու ճանապարհ. կա՛մ առաջվա պես պիտի շարունակի սատար կանգնել Հայաստանին, կա՛մ էլ մտնի «Կովկասի վեցյակի» մեջ: Չմոռանալ, որ Իրաքի վերջին ընտրություններում իրանամետ կուսակցությունների պարտությունն անհանգստացրել է Իրանին: Աֆղանստանում թալիբների իշխանության գալը նմանապես Իրանի սրտով չէր: Ի չիք են դառնում նրա աշխարհաքաղաքական երազանքները: Թերեւս դրանով է պայմանավորվում Իրանիՙ Թուրքիային եւ Էրդողանին ուղղված քարոզչությունը: Վարկաբեկելով Էրդողանին, նա տարածաշրջանում փորձում է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը, միաժամանակ քողարկում իր անհաջողությունը: Ինչպես երեւում էՙ դեռ դասեր չի քաղել փորձություններից»: |