RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2558, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՒՉԻԿԸ ՏՐԱՔԵՑ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Բազմաթիվ անգամ Առուշ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, եւ դա դիտել ընտրակաշառքՙ անընդունելի է: Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ հայտարարել է Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը :

Ստացվում էՙ Լուսինե Ավետյանը, որը նույնպես կալանավորված է, նախկինում մեղադրական սուտ ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ: Իսկ դատական հերթական նիստի ժամանակ ասել է, որ սուտ վկայություն տալու համար զղջում է: Նա պատմել է, որ Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրները, դրա հիման վրա օգնություն հատկացնելու որոշում կայացրել, բայց դա ընտրակաշառք համարելն անընդունելի է:

Լուսինե Ավետյանը նաեւ նշել է, որ Քարահունջի բնակիչների վրա եւս ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել: Նա ասել է, որ ինքը սատարել է «Հայաստան», դաշինքին, նաեւ քարոզարշավ իրականացրել:

Լուսինե Ավետյանի հայտարարությունից հետո Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն հայտարարել է. «Այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացույցը, որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ, մինչ այս պահը համարվում էր Լուսինե Ավետյանի ցուցմունքը. բոլորի աչքի առաջ այդ փուչիկը տրաքեց:

5 ամիս էՙ այս ցուցմունքի հիման վրա Առուշանյանը կալանքի տակ է: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Լուսինեն պարզ ասացՙ հասկացել է, որ ոչ թե ինքն է թիրախը, այլ Առուշանյանը, եւ կեղծ ցուցմունք է տվել, որպեսզի դուրս գա կալանավայրից:

Անկեղծ եմ ասումՙ Լուսինեի արածն ինձ համար հերոսությանը հավասար քայլ է: Նրան հարց տվեցինՙ արդյո՞ք հիմա չի վախենում, նա պատասխանեց, որ չի ուզում կեղծիքով ապրել եւ պատմեց, թե ինչ է կատարվել իրականում»:

Զավեշտալին այն է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից ամիսներ առաջ Առուշ Առուշանյանը Գորիսի սոցիալապես անապահով բնակիչներին օգնություն է բաժանել, դա դիտարկվել է որպես ընտրակաշառք: Առուշ Առուշանյանն առաջին տարին չէ Գորիսի քաղաքապետ, նրան ճանաչողները շատ լավ գիտեն, որ իշխանափոխությունից առաջ էլ, միշտ Գորիսի քաղաքապետարանը սոցիալական ծրագրեր է իրականացրել, օգնել կարիքավորներին: Բայց այս անգամ այդ քայլը համարվեց քրեորեն պատժելի: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջՙ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին, քպ-ականները գումար են բաժանել եւ դա անվանել սոցիալական աջակցություն: Իշխանական թեկնածուների արարքը քրեորեն պատժելի չի համարվել, անգամ կասկածելի չի թվացելՙ այն որպես ընտրակաշառք դիտարկելու համար:

Առուշ Առուշանյանի գործն արդեն դատաքննության փուլում է: Դատարանն անցել է եղած ապացույցների ուսումնասիրությանը: Որոշում է կայացվել սկզբում քննել ամբաստանյալներին, հետոՙ վկաներին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 27-ը:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հուլիսի 16-ից կալանքնի տակ է: Նա մեղադրվում է ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողներից առավելագույն քվեներ ստանալու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն էՙ ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:

Ըստ առաջադրված մեղադրանքիՙ Առուշ Առուշանյանը Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է, որ քարահունջցինեը մասնակցեն ընտրություններին եւ նրանց հարկադրել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Առուշ Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ