«ԳԱԶԵԼՆԵՐՈՎ» ՈՒ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 35 ԱՇԱԿԵՐՏՈ՞Վ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Գյումրին որպես քաղաք ավտոբուսների արժանի չէ՞ Վերջերս կառավարության նիստում որոշվեց հանրապետության չորս մարզերի, այդ թվում` Շիրակին գումար հատկացնել տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի համար: Հատուկ նշվեց ու հեռուստաալիքներով հա կրկնվեց, որ ծրագրերից ամենախոշորը Գյումրիինն էՙ 882, թե՞ 887 մլն դրամ, որի կեսը վճարում է Գյումրու համայնքապետարանը, մյուս կեսըՙ պետությունը: Իսկ խոսքն ընդամենը այն մասին է, որ հանրապետության երկրորդ քաղաքում այժմ ներքաղաքային տրանսպորտի միակ միջոց մնացող հին «Գազել» մեքենաների փոխարեն գնվում են եւ կսկսեն երթեւեկել 63 նոր... էլի «Գազել»-ներ: Ախր այս ո՞ր դարն է: Երկրի իշխանություններն անցած այսքան տարիների ընթացքում մարդկանց ստիպել են հանուն ինչ-որ գծատերերի գերշահույթների նեղվածք միկրոավտոբուսներում խցկված ու կռացած երթեւեկել: Հիմա մայրաքաղաքում գոնե նախատեսվում է ներքաղաքային երթուղիներում դրանց քանակի էական կրճատում ու հիմնականում ավտոբուսներով ժամանակակից համակարգի ներդրում, ինչն ուրախալի է ու ճիշտ: Իսկ Գյումրին, մեր մյուս քաղաքները մի՞թե արժանի չեն արժանապատիվ տրանսպորտ ունենալու, ինչը գոնե երկրաշարժից առաջ կար ու խնդիր չէր: Ավտոբուսնե՞րն ասեմ, այժմ անդարձ անցյալի գիրկն ուղարկված տրոլեյբուսնե՞րն ասեմ... Լավը, նորը չտեսնող ու չգնահատող չենք: Քաղաքապետի պաշտոնը նոր թողած Սամվել Բալասանյանի, նրա թիմի աշխատանքը որպես քաղաքացի ընդհանուր առմամբ դրական գնահատելով, քաղաքային տրանսպորտի նորացման խոստումների կատարման այս տարբերակը չենք կարող ճիշտ համարել: Այժմ գնված միկրոավտոբուսներն, իհարկե, նոր արտադրված են, հներից 4 տեղ ավելի ունեն ու մի քիչ բարձր են, համեմատաբար հարմար: Բայց... ընդամենը այդքանը: Թող առայժմ գոնե կեսը ավտոբուսներ լինեին: Որովհետեւ փողերն էլ արդեն ծախսվել են ու մոտ ապագայում քաղաքն այդ նպատակի համար նույնիսկ կառավարության աջակցությամբ այդքան գումար դժվար թե ունենա: Եվ եթե Եվրոմիության փորձնական ծրագրով նախատեսված, կարծեմ 23 տեղանոց 5 էլեկտրաավտոբուսներն էլ տեղ հասնեն, դա ընդամենը կլինի հաճելի փոքրիկ բացառություն: Այսօր երկրի կառավարությունը, հեռուստատեսություններն ամեն օր նաեւ բոլորիս կոչ են անում քովիդի դեմ պատվաստվել, պահպանել հակահամավարակային կանոնները, ինչն իրոք անհրաժեշտություն է: Բայց մարդկանց ամեն օր «Գազել»-ների մեջ կուտակելով ու առաջինդասարանցի իմ թոռնիկին 35 աշակերտ ունեցող դասարանում նստեցնելո՞վ ենք պայքարելու այդ դաժան վարակի դեմ... |