RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-02 23:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1269, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ. «ՔԱՆԻ ԿԱ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸՙ ԿԼԻՆԻ ԵՎ ԿԻՆՈՆ»

ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

Զրույցս կինոգետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի հետ է: Վերջինս կինոաշխարհին նվիրված արժեքավոր գրքեր ունիՙ «Հայերը համաշխարհային կինոյում» (2004), «Հայ կինո-100» (2012, հայերեն, անգլերեն, ռուսերեն), նաեւ կինոյին առնչվող հարյուրավոր հոդվածներ է հրապարակել Հայաստանի եւ Սփյուռքի գիտական ու զանգվածային մամուլում: 1996-ից որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի (Կինոգետների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցության) հայկական մասնաճյուղի հիմնադիր անդամ եւ փոխնախագահ մասնակցել է ընկերակցության տարեկան հանդիպումներին, իսկ որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի անդամՙ Ստամբուլի, Թրոմսյոյի, Երեւանի, Սալոնիկի միջազգային կինոփառատոներին:

Արծվիի «մտերմությունը» կինոյի հետ սկսվել էր դեռ դպրոցական տարիներից, երբ «Ֆիլմ» թերթին նամակներ եւ փոքրիկ թղթակցություններ էր ուղարկում, ինչը, փաստորեն, պատահական չեղավ նրա կյանքում...Երկար տարիներ Արծվին անդամակցել է հայաստանյան կինոմիություններին (Կինոգետների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցություն, Հայաստանի Ազգային կինոաակադեմիա, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն), սակայն անցյալ տարի հարկ համարեց դուրս գալ դրանցիցՙ չխզելով իր կապը կինոաշխարհից եւ չհրաժարվելով կինոյի մասին գրելուց: Մոտ ապագայում հրատարակվելու է նրա տարիների պրպտումների հանրագումարըՙ նվիրված ամերիկյան կինոյի եւ թատրոնի մեծ բեմադրիչ Ռուբեն Մամուլյանին:

- Արծվի, եւ ո՞րն է լավ կինոն...

- Այն, որը դիտելուց հետո հասկանում ես, որ այդ մեկուկես-երկու ժամն իզուր չանցավ, որ այդ ընթացքում ինչ-որ բան «դիպավ» սրտիդ ու մտքիդ, միգուցե ինչ-որ բան փոխվեց քո մեջ, մի նոր բան հասկացար, ցնցվեցիր, զարմացար, ապրումակցեցիր, լիցքավորվեցիր, ապրեցիր կատարսիս կոչվող զգացողությունը... Ինչո՞ւ ոչ, նաեւ լիցքաթափվեցիր քեզ «թույլ տված» ժամանցից: Եվ գիտես, որ պարբերաբար հիշելու ես այդ «շարժվող պատկերների» թողած տպավորությունը: Մի խոսքով այն, որը տալիս է արվեստի լավ գործն առհասարակ:

- Ի՞նչ է սպասվում կինոյին, որքա՞ն կդիմանա, թե՞ հավերժ է նրա գոյությունը:

- Քանի կա մարդկությունըՙ կլինի եւ կինոն: Դա նրա ստեղծած այն հրաշքներից է, որից ամենաբուռն ցանկության դեպքում էլ անկարելի է հրաժարվել: Մարդ միշտ կախարդանքի, լեգենդի կարիք ունի, իսկ կինոն ունի հենց այդ հատկությունըՙ ստեղծել կախարդանք, լեգենդներ...

- Ամբողջ աշխարհում այլեւս ռեժիսորներն իրենք են նաեւ գրում ֆիլմի սցենարը: Մի՞թե սա ճիշտ եք համարում:

- Անշուշտ, քանի որ այդ կերպ բեմադրիչի ստեղծագործական ազատությունն առավել մեծ է: Հատկապես, այսպես կոչված, հեղինակային կինոն անկարող է ստեղծվել ուրիշ մեկի գրածի հիման վրա: Ժամանակին Տարկովսկին ասել է. «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ֆիլմ նկարահանել ուրիշի սցենարով: Եթե բեմադրիչը նկարահանում էՙ ամբողջությամբ ընդունելով ուրիշի սցենարը, ապա նա անխուսափելիորեն դառնում է նկարազարդող»:

- Ո՞ւր է գնում 21-րդ դարի կինոն: Ինչպիսի՞ պատկերի մեջ են այսօրվա լավագույն ֆիլմերը:

- Բարեբախտաբար, գլոբալիզացիա կոչվող չարիքը տակավին չի դիպչում կինոյին, այնպես որ ամեն երկիր գնում է իր ճանապարհով: Հոգեպես իրեն կարծես սպառած եւ կինոյի սոսկ ժամանցային կողմին ծառայող Հոլիվուդը գնում է դեպի տեխնիկական է՛լ ավելի մեծ աճպարարություններիՙ մոռանալով մարդուն, մարդկայինը, հավերժական արժեքները, իսկ Բոլիվուդը գնում է հնդկական կինոյի հաստատած ուղիովՙ գերգունագեղությամբ ու գեր-երգուպարով զանգվածներին մի փոքր կտրել այս չար աշխարհիցՙ պատժելով պաթոլոգիկ չարագործներին եւ իրենց մուրազին հասցնելով իդեալական հերոսներին: Եվրոպական եւ կորեա-ճապոնական կինոն այլեւս չգիտիՙ գլուխը ո՛ր պատին տաՙ հանդիսատեսին ցնցելու գերխնդրով, այդ իսկ նպատակով 21-րդ դարում ավելի ուժգին է սեղմում պաթոլոգիայի «ոտնակը»ՙ հաճախ կինոնյութ հայթայթելով ոչ թե մարդու ներաշխարհից, այլ սոսկ «մատից ծծելով»: Ռուսական կինոն, ցավոք, մեծ մասամբ մոռացել է իր լավագույն ավանդույթները եւ տարուբերվում է արեւմտյան ընդօրինակությունների ու սեփական վատ սերտած կինոդասերի միջեւ: Իսկ այսօրվա լավագույն ֆիլմերը նրանք են, որոնք զերծ են նշածս արատներից, որոնցում տակավին հույսը, հավատն ու սերը չեն ընկալվում որպես հնացած հասկացություններ, որոնք դիտելովՙ դեռեւս շարունակում ես հավատալ մարդ էակին...

- Հայտնի է, թե որքան ծախսատար է մեկ ֆիլմ նկարելը: Այսօր Հայաստանում հազվադեպ են նկարահանվում խաղարկային ֆիլմեր: Հնարավո՞ր է փոքր բյուջեով լավ ֆիլմ նկարել: Դա կապ ունի՞ ռեժիսորի տաղանդի հետ:

- Տաղանդավոր բեմադրիչը փոքր բյուջեով կարող է լավ ֆիլմ ստեղծել եւ ընդհակառակըՙ անտաղանդ կինոբեմադրիչին չի կարող փրկել խոշոր դրամագլուխը: Ի դեպ, նույնը վերաբերում է եւ տեխնիկային. երբեմն ձեռքի հեռախոսով կարելի է ստեղծել գլուխգործոց, որը չի ստեղծի գերժամանակակից տեխնիկան: Ամեն ինչ կապ ունի ստեղծողի ձիրքի, կինոմշակույթի, այն երեւույթի հետ, որ կինոգործիչները երբեմն անվանում են «կինոյի բացարձակ զգացողություն» (բացարձակ երաժշտական լսողության նմանությամբ): Ի վերջո, Արտավազդ Փելեշյանի կինոգլուխգործոցները մեծ բյուջեով չեն ստեղծվել:

- Րաֆֆին ասում էր, որ մի լավ վեպը կարող է փոխել կյանքը: Իսկ ֆիլմն ունի՞ այդպիսի ազդեցություն:

- Ունի: Հիշեցի ռիգացի այն կնոջը, որը տանըՙ վզին պարան գցած, պատրաստվել է ինքնասպան լինել, երբ այդ պահին հեռուստացույցով սկսել են ցուցադրել Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ Բաղնիքդ անուշ» կատակերգությունը: Կինը սկսել է դիտել ու փոխել է մտադրությունը: Վստահ եմ, սակայն, որ նույն կինն ավելի ուժեղ կսեղմեր պարանը, եթե հեռուստացույցով սկսեին ցուցադրել Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոս» կամ Վացլավ Մարհոուլի «Ներկված թռչունը» ֆիլմերը...

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ ֆիլմ է պետք այսօրվա Հայաստանին:

- Այնպիսին, որը միաժամանակ թե՛ մեզ, թե՛ աշխարհին կկարողանա կինոլեզվով ասելՙ ա՛յս ենք մենք, ա՛յս է մեր տեսակը: Առանց որեւէ բան թանձրացնելու, նվազեցնելու կամ գունազարդելու: Սա ահավոր դժվարին գործ է, որին մեր կինոգործիչները երբեւէ կկարողանա՞ն հասնել...

- Երաժշտության մեջՙ Մոցարտ, կինոյո՞ւմ...

- Չա՛պլին: Ինչպես Մոցարտի երաժշտությունն է թեթեւ, ծորուն, խաղացկուն եւ իր լուսավոր էության մեջՙ հաճախ նաեւ դրամատիկ, այնպես էլ Չարլի Չապլինի արվեստն ավելին է, քան սոսկ կատակերգականը, անտեսանելիորեն խորն է, որը տեղ-տեղ սահմանակցում է դրամատիկականին ու դրանից անդինին:

Ի դեպ, հիշեցի, որ ժամանակին «կինոյի Մոցարտ» են անվանել Սաթյաջիթ Ռեյին: Նման բնորոշումները փոքր-ինչ կամայական են, թեեւ արժե ա՛յդ աչքով վերադիտել հնդիկ այդ ականավոր բեմադրիչի լավագույն գործերը...

- Ռեժիսոր, օպերատոր, դերասան, սցենարիստ, կոմպոզիտոր, հնչյունային ռեժիսոր, զգեստավորող, դիմահարդար. կա՞ էլի մեկը, որի մասին ոչ ոք չի հիշում, բայց նա կարեւոր աշխատանք է կատարում ֆիլմի ստեղծման ժամանակ:

- Իհա՛րկե, արտադրի՛չը, որի կարեւոր աշխատանքը սկսվում է, երբ դեռ նշածդ մասնագիտությունների մարդիկ հաճախ որոշված էլ չեն լինում:

- Ձեր կարծիքով ո՞ր երկիրն է այսօր առաջատարը կինեմատոգրաֆիայում:

- Միանշանակ դժվար է ասել: Ես շարունակում եմ մնալ եվրոպական կինոյի հետեւող: Վերջերս ինձ համար հայտնագործել եմ Իսլանդիայի արդի կինոարվեստը, որի «սառցե» կինոաչքըՙ հաճախ կապտականաչ գունաբաժանմամբ, սառը պաստելային երանգներով սկսել է շատ ինքնատիպ հայացքներ ձգել աշխարհինՙ իրենց խստաշունչ բնապատկերների խորքից:

- Որքա՞ն է ինքնուրույն դերասանը կինոյում: Ասում ենՙ նրան ղեկավարում է ռեժիսորը:

- Նայած դերասան եւ նայած բեմադրիչ: Օրինակ, պատմում են, որ էքսցենտրիկ կինոկատակերգության մեծ վարպետ Լեոնիդ Գայդայը դերասաններին միայն ամենահիմնական ուղղություններն էր տալիս աշխատանքում: Նրա յուրաքանչյուր նկարահանմանը դերասանները պետք է գնային լավ պատրաստված, առաջարկեին դերի մեկնաբանման, կերպարաստեղծման իրենց տարբերակները: Այդ իսկ պատճառով Գայդայի ֆիլմերում ավելի հեշտ նկարահանվել են վառ անհատականություն եւ մեծ երեւակայություն ունեցող դերասանները...

- Ո՞վ է ձեր ամենասիրելի ռեժիսորը:

- Չեմ տա քիչ ծանոթ կամ այսօր մոդայիկ ինչ-որ անուն: Ես չեմ դադարում զարմանալ Ֆեդերիկո Ֆելինիի կինոերեւակայությամբ, չեմ դադարում հիանալ, թե ինչպես է նա կարողացել հաճախ արտակենտրոն եւ անհեթեթ պատմություններով էկրան փոխանցել մարդկային գոյության բազում դրսեւորումներ:

Ֆելինին պատմել է, որ մի անգամ ոսկեգույն քթով մի տիկին նրան հանդիմանել է, թե ինչո՞ւ իր ֆիլմերում չկա եւ ո՛չ մի նորմալ մարդ: Իսկ ես չունեմ ոսկեգույն քիթ ու միայն շնորհակալ եմ կինոյի մեծ Մաեստրոյին, որ նրա ֆիլմերում չկա եւ ո՛չ մի նորմալ մարդ: Մեծ հոգեհարազատություն եմ զգում նրա ստեղծած աշխարհների եւ կերպարների հանդեպ: Միգուցե քանի որ ինքս էլ համոզված եմ, որ մեր այս տխուր ու դաժան աշխարհը գեղեցկացնում ու առաջ են մղում «ոչ նորմալ» մարդիկ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ