RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2191, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՆՑ ՊՇՌ ԹԵՍԹԻ ԿԱՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

ՆԱԻՐ ՅԱՆ

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ավելի կխստացվեն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հունվարի 1-ից մշակութային հաստատություններ, սննդի օբյեկտներ, ժամանցի վայրեր այցելությունը կթույլատրվի միայն ՊՇՌ թեսթի բացասական պատասխանի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում:

Այս հայտարարությանը հետեւել է «Ռեստորանների ասոցիացիայի» նախագահի հակադարձումը, որոմ նշվում է. «Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը եւ Առողջապահության նախարարությյանը զերծ մնալ անհիմն եւ բացասական հետեւանքներ ունեցող նախաձեռնություններից:

Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ եւ հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր:

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է 50 000 աշխատատեղ եւ չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին»:

Ովքե՞ր են ավելի շատ հաճախում սրճարաններ, ժամանցի վայրեր. իհարկե, երիտասարդները, ուսանողները, պատանիները: Ստացվում էՙ հիմա էլ պատվաստման անուղղակի պարտադրանքի թիրախում են լինելու նրանք: Կա՛մ թեսթ, կա՛մ պատվաստում. ուսանողներն ու պատանիները չեն աշխատում, գումար չեն վաստակում, որպեսզի ամսական մի քանի անգամ թեսթավորվեն, այլընտրանքը պատվաստումն է լինելու: Ահա եւ նոր որոգայթՙ այս անգամ պատվաստման ճնշումների ենթարկելու երիտասարդներին: Իսկ հայտնի է, որ ստեղծված պատվաստանյութերը հենց երիտասարդների համար են սպառնալիք, որովհետեւ վերարտադրողականության հետ կապված, սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու վտանգ են ներկայացնում:

Պատվաստումների անուղղակի պարտադրանքով պայմանավորվածՙ չպատվաստված քաղաքացիներիՙ հանրային վայրեր այցելելու սահմանափակումներ են գործում նաեւ եվրոպական երկրներում, ինչի հետեւանքով այնտեղ եւս պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում:

Կորոնավիրուսի պատճառով մեկուկես տարվա դժվարություններից, լոքդաունից հետո հանրային սննդի օբյեկտները, մշակութային օջախները վերջապես փորձում են ոտքի կանգնելՙ այն էլ պատերազմով անցած, քաղաքական, տնտեսական ճգնաժամի շեմին հայտնված, անորոշ ապագա ունեցող այնպիսի երկրում, ինչպիսին մերն է: Նոր սահմանափակումների դեմ ընդվզումն այս իրողությամբ է պայմանավորված:

Առողջապահության նախարարն արձագանքել է «Ռեստորանների ասոցիացիայի» հայտարարությանըՙ նշելով. «Պատվաստման օրական ցուցանիշները ցույց են տալիս, որ արդեն այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ հանրային սննդի եւ այլ օբյեկտներին ինչ-որ լուրջ վնասներ չեն հասցվի»:

Մինչ օրս Հայաստանում կատարվել է 1.217. 391 պատվաստում. առաջին դեղաչափն ստացել է 781. 011 քաղաքացի, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 39 տոկոսը: Երկրորդ դեղաչափն ստացել է 43. 380 մարդՙ մեծահասակ բնակչության 22 տոկոսը:

Եթե հաշվի առնենք, որ պատվաստումների պարտադրանքը խստացավ հոկտեմբերին, եւ պատվաստումների աճը գրանցվել է հատկապես վերջին երկու ամիսներին, ուրեմն շուտով վրա է հասնելու պատվաստման 3-րդ դեղաչափը ստանալու ժամանակը: Ըստ կարգիՙ 3-րդՙ խթանիչ դեղաչափը պետք է ստանալ 2-րդ պատվաստումից 6 ամիս հետո:

Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայնՙ դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը հիվանդանոցներում անվճար չէր լինելու, սակայն այս հարցը դեռեւս հստակեցված չէ, քննակրվում է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ է հաղորդում կորոնավիրուսի նոր շտամի մասին, որը կոչվում է օմիկրոն: Այն տարածված է Հարավաֆրիկյան պետությունում: Ասում են, որ օմիկրոնի ալիք է սպասվում, որն ավելի դաժան է լինելու, ավելի արագ է տարածվելու, քան դելտա շտամը:

Հայտնի չէ, թե մինչ այժմ ստեղծված պատվաստանյութերը կարո՞ղ են պայքարել օմիկորն շտամի դեմ, թե՞ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ