ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԻ ՄԱՍԻՆ ԱԳՐԻՊԻՆԱ ՎԱԳԱՆՈՎԱ Հայ արվեստի պատմությանը քիչ հայտնի փաստ է, որ ռուս մեծանուն պարուհի, բալետմայստեր, պարային մանկավարժ, դասական պարի մանկավարժության մեծագույն դեմք Ագրիպինա Վագանովան (1879-1951) հոդված է գրել հայ ժողովրդական պարի մասին: Գրության շարժառիթը հայտնի չէ, ենթադրվում է, որ գրվել է 1940-ականների վերջին, հավանաբարՙ հատուկ խնդրանքով: Այն տպագրվել է պարուհու մահից հետոՙ 1958-ին Լենինգրադում եւ Մոսկվայում լույս տեսած «Ագրիպինա Յակովլեւնա Վագանովա. հոդվածներ, հուշեր, նյութեր» ժողովածուում (էջ 115-116): Ենթադրվում է, որ Վագանովայիՙ հայկական պարերի հետ ամենանշանակալից ծանոթացումը կայացել է 1936-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ ժողովրդական պարերի առաջին փառատոնի ժամանակ (տեսՙ Асмик Маркосян ՛Страницы истории армянского балета՛, Ереван, 2010, էջ 39): Չի բացառվում, որ ժամանակի հայ մամուլում սույն հոդվածն արդեն թարգմանաբար ներկայացված լինի, սակայն նման թարգմանություն մեզ ցայժմ չի հանդիպել: Այս առիթով տեղին է անդրադառնալ մեր ժողովրդի մեջ շրջանառվող կարծիքին, որ Վագանովան ունեցել է հայկական ծագում: Մինչեւ հիմա որեւէ փաստաթուղթ մեզ չի հանդիպել Վագանովայի հայկական ծագման մասին, ինչը բացառված չէՙ նկատի ունենալով պարուհու արտաքինը եւ այն փաստը, որ նրա ծննդավայր Պետերբուրգում արդեն 18-րդ դարում բնակվել են Վահանյաններ: Բայց մյուս կողմից նկատենք, որ Վագանով ազգանունը բավական տարածված է ռուսների մեջ եւ չի կապվում հայկական Վահան անվան հետ: Նշենք նաեւ, որ Վագանովայի հայկական արմատների մասին տեղեկությունները բանավոր բնույթի են: Հանգուցյալ երգահան Ծովակ Համբարձումյանը բանավոր եւ գրավոր վկայել է, որ ինքն անձամբ այցելել է Վագանովայի զավակներից մեկին եւ որոշ ջանքեր թափելուց հետո նրանից կորզել մոր հայկական ծագման մասին հավաստիացումը: Ինչեւէ, առկա բոլոր վկայություններին մենք մանրամասն անդրադարձել ենք մեր «Հայերը համաշխարհային պարարվեստում» անտիպ աշխատության մեջ, իսկ առայժմ թարգմանաբար ներկայացնում ենք Վագանովայի վերոնշյալ հոդվածը: Չնայած գրության խորհրդային ոգունՙ այն չափազանց արժեքավոր է, քանի որ ներկայացնում է համաշխարհային պարարվեստի մի մեծության կարծիքը հայկական պարերի մասին:
Հայաստանի ժողովրդական արվեստը միշտ գրավել է ինձ իր բարձր մշակույթով, գեղարվեստական նրբինությամբ եւ ստեղծագործական բովանդակության հարստությամբ: Հայ ժողովուրդը, որ տվել է այնքան շատ մեծ բանաստեղծներ, երաժիշտներ եւ գեղանկարիչներ, իսկական արվեստագետ ժողովուրդ է, որի մեջ երբեք չի մեռել նրան հատուկ գեղագիտական խոր զգացումը եւ դարերով մշակված գեղարվեստական ճաշակը: Շատ հարյուրամյակներ, սակայն, այս տաղանդավոր ժողովուրդը հնարավորություն չի ունեցել լիովին արտահայտել իր գեղարվեստական կարողությունները: Հեղափոխությունը նրա առաջ բաց արեց ստեղծագործական նոր կյանքի ուղիներ, եւ նա շտապեց զարդարել այդ կյանքն իր հրաշալի արվեստով: Մեր դարաշրջանում հայ ժողովուրդը խորհրդային մշակույթին տվեց մի շարք առաջնակարգ վարպետներ արվեստի տարբեր բնագավառներում, որոնց անունները լայնորեն հայտնի են ողջ ԽՍՀՄ-ում եւ նրա սահմաններից շատ հեռու: Խորհրդային մշակույթի գանձարան հայ մշակույթը բերել է բազմաթիվ արժեքավոր պարգեւներ: Նրանցից ամենագլխավորը ժողովրդական պարն է: Ինձ, ցավոք, առայժմ չի վիճակվել հայկական պարը տեսնել նրա հայրենիքումՙ արեւոտ, երջանիկ, նոր կյանքով ապրող Խորհրդային Հայաստանում: Ես դրանք գիտեմ միայն ժողովրդական պարողների ելույթներից, համամիութենական օլիմպիադաներից, կինոյից եւ իմ մի քանի աշակերտուհիներիՙ երիտասարդ հայուհիների կատարումներից: Բայց եւ այնպես այդ քչաթիվ տպավորություններն էլ ստիպում են ինձ խոստովանել, որ բազմազան պարերը հիանալիորեն մարմնավորում են ժողովրդական բնութագրի գծերը եւ մեծ խորությամբ հաղորդում են այն զգացումները, որով ապրել եւ շարունակում է ապրել հայ ժողովուրդը: Ցանկանում եմ հատուկ նշել այդ ժողովրդի պարերում աչքի ընկնող ձեռքերի արտահայտչականությունը. Տերպսիքորայի արվեստում ձեռքերը երբեմն փոխարինում են դրամայի արվեստի մարդկային ձայնը: Բացարձակապես ցնցող է ռիթմի այն զգացողությունը, որով հագեցած են հայկական պարերը, եւ այն հմուտ վարպետությունը, որին տիրապետում են ժողովրդական արտիստները: Շատ հայկական պարեր հմայում են իրենց խոր եւ նրբին քնարականությամբ: Շատերը գերում են իրենց շարժունությամբ: Պետք է նշել նաեւ կատակերգական այն ձիրքը, որ, քնարականությանը եւ առնականությանը հավասարաչափ, որոշ պարերում դրսեւորում են հայ կատարողները... Հայաստանի պարային ֆոլկլորի անսպառ հարստությունը, որ հիմնվում է պերճախոս եւ ռիթմորեն գրավող երաժշտության վրա, թույլ է տվել մեզ այդ հրաշալի երկրից հեռու գտնվող Լենինգրադում իրականացնել բալետի այնպիսի մեծ բեմադրություն, ինչպիսին Ա. Ի. Խաչատրյանի «Գայանեն» է: Տաղանդավոր բալետմայստեր Ն. Ա. Անիսիմովային հաջողվել է օրգանապես համակցել դասական պարի տեխնիկան հայկական պարային արվեստի արտահայտչականությանը եւ ինքնատիպ գեղարվեստական ձեւին: Ահա ապացույց այն բանի, որ հայ ժողովրդական խորեոգրաֆիան կարող է ստեղծագործական մեծ էֆեկտով ներառվել բարձր բալետային դասականության շրջանակներում եւ խորհրդային բալետի լավագույն ավանդույթների մեջ: Հուսով եմ, ինչ-որ ժամանակ, մոտ ապագայում, հայ պարարվեստի ներկայացուցիչների հանդիպել համատեղ ստեղծագործական աշխատանքում: Ինձ ընձեռված հաճելի առիթից օգտվելովՙ հղել նրանց սրտագին ողջույն եւ մեծ հաջողությունների բարեկամական մաղթանքՙ հանուն մեր սիրելի պարի արվեստի: (1940-ականների վերջ) Առաջաբանը եւ թարգմանությունը ռուսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ |