ԱՐԱՐԱՏ-ՏԱՊԱՆԻ ԼԵՌԱՆ ՎՐԱ ԱԶԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՔՐԴԵՐԻ ՄԻՋԵՎ Իտալացի լեռնագնաց եւ ալպինիստ Tito de Luca-ն, որը որպես գրական ծածկանուն ընդունել է Ազատ Վարդանյան ստորագրությունը, Իտալիայի Աշխարհագրական ընկերության կազմակերպած շնորհանդեսում ներկայացրել է իր նոր գիրքըՙ Արարատ լեռան լանջերում Նոյյան տապանի իր որոնումների մասին: Ստորեւ ներկայացնում ենք հատված այդ գրքից, որը մեր թերթին է տրամադրել Մխիթարյան միաբանության վարդապետ հայր Վահան Օհանյանը:
... Երբ կորցնում ենք մեր մտերիմ ընկերոջը, որդուն կամ ծնողին` դատարկության եւ լքվածության զգացում ենք ապրում: Իմ կյանքի գրեթե կեսը նվիրել եմ պատմահնագիտական հետազոտություններին, եւ այդ տարիների ընթացքում հաճախ եմ կորցրել ինձ համար թանկ ու հարազատ ընկերների: Նրանց հեռանալուն պես ինքս ինձ զգացել եմ դատարկ, միայնակ եւ անկարող` շարունակել ապրել եւ գործել: Հիշում եմ մորս խոսքերը, որոնք նման պահերին ինձ քաջալերելով եւ ասես խոր քնից արթնացնելով ոտքի էին հանում: Սակայն ինձանից հեռացավ նաեւ մայրս` թողնելով ինձ անասելի դատարկության եւ խոր լռության մեջ: Չէ՞ որ մայր կորցնելը բոլորովին այլ բան է: ...Այսպիսով, որոշեցի երկար տարիների իմ հուշերը հանձնել թղթին եւ ներկայացնել ընթերցողին: ... Իմ երազներում հաճախ եմ տեսնում Արարատ լեռան հարավային կողմում` երեք հազար մետր բարձրության վրա գտնվող քրդական այն վրանը, որ ինձ պատահած ողբերգական իրադարձություններից հետո դարձել էր իմ առաջին տունը: Ընտանիքի մայրը, ով հիվանդությունների պատճառով կորցրել էր իր ութ զավակներին, դեռեւս ուներ վեց դուստր եւ մեկ որդի: Նրա մեծ մայրը հայ էր: Փրկվել էր 1915 թ-ի կոտորածի ժամանակ, քուրդ հովիվների կողմից: Ըստ իմ ուսումնասիրության` հայերի Ցեղասպանության տարիներին` Արարատ լեռան վրա ապրող շատ հայեր բռնի կերպով իսլամացվել են եւ քուրդ ընտանիքների մաս են կազմել: Ամենեւին հեշտ չէր արգելված գոտում հետազոտություններ կատարելը, ուր թուրքական զորքի եւ քրդերի միջեւ ռազմական բախումները շարունակական բնույթ էին կրում, եւ հրաձգություններն ու ձերբակալությունները ասես վերջ չունեն: Իմ խաղաղությունը գտնում էի ինձ ծանոթ քուրդ ընտանիքի վրանում: Արարատի հարավային կողմում` 3500 մետր բարձրության վրա այս ընտանիքը ուներ ամենաբարձր արոտադաշտը: Նրանց համար գնեցի դմակաւոր հարյուրավոր ոչխարներ: Գիշերները, կովկասյան հուժկու քամու սուլոցի հետ, ականջիս էին հասնում իմ հինգ հարյուր ոչխարների մայունը: Կեսօրին, երբ մագլցում էի վայրի լեռը, լավաշի անուշ բույրը կարծես ինձ արթնացնում էր քնից, ստիպելով հայացքս մի պահ դարձնել լեռան հյուսիս-արեւմտյան կողմը, ուր Արաքս գետից այն կողմ բարեբեր Հայաստանն էր` իմ երկրորդ հայրենիքը: Այնտեղ եւս հացը նույնն էր, նույն անունն ուներ, եւ կյանքն էլ հայ հովիվների համար Արագած լեռան վրա դյուրին չէր այնպես, ինչպես Արարատ լեռան վրա իմ քուրդ ընկերների համար: Ձկներով հարուստ Արաքսը` գետի ափերին պտղատու ամեն տեսակ իր ծառերով, դարձել է անիմաստ եւ ավելորդ, անանցանելի սահման երկու ժողովուրդների միջեւ: Քսանհինգ դար շարունակ Արարատը հանձնված էր իր հայ խնամակալներին, որոնք լեռան` մինչեւ 2500 մետր բարձրության վրա ժամանակին հացահատիկային կուլտուրաներ էին մշակում, որի մասին են վկայում լեռան բարձունքներին իմ կողմից հայտնաբերված հսկայական ալրաղացները: Տխուր փաստ է, որ այդ տեղանքները այսօր անմշակ են եւ բնակեցված սողուններով: ... Առաջին տարիների իմ կատարած հետազոտությունները պարզեցին, որ հայաստանյան թանգարաններում եւ, հատկապես, Վենետիկի Ս. Ղազար հայոց կղզում Արարատի եւ Նոյյան տապանի վերաբերյալ բազմաթիվ հին ձեռագիր մատյաններում եւ քարտեզներում մատնանշված է Նոյյան տապանի կոնկրետ վայրը, ուր հայերի կողմից դարեր շարունակ գաղտնի կերպով ուխտագնացություններ է իրականացվել` քահանաների ուղեկցությամբ: Այս հին ձեռագրերն էին, որ ինձ ուղղորդեցին դեպի բիբլիական լեռան քարանձավները: Գրի առա այն հայ հովիվների վկայությունները, ովքեր 1915 թվից սկսած մասնակցել էին նման ուխտագնացությունների: Նրանց վկայություններից շատերը համընկնում էին իրար, եւ ես փորձեցի գտնել լեռան վրա գտնվող համապատասխան այդ վայրերը, հատկապես` 1916 թին, ցար Նիկոլայ Երկրորդի շուրջ 150 մարդկանց վկայությունները Արարատի վրա սեւ կանյոնի վերաբերյալ: Սրանք մարդիկ են, որ միմյանց չեն ճանաչել իրենց կյանքի ընթացքում, սակայն նրանց պատմած մանրամասնությունները ակնհայտ նույնանման էին: Օրինակ, որ տեղանքը միակողմանի ուղղաձիգ կիրճ էր, որի ծայրին` տապանն էր կամ տապանի մնացորդները ... : Շատ հետաքրքրական էր լսել 1970 թ.ին մահից քիչ առաջ, հայ հովվի` Գեւորգ Հակոբյանի վկայության ձայնագրությունը այն մասին, թե ինչպես է երեխա ժամանակ` 1902 եւ 1904 թվականներին, երկու անգամ եղել Տապանի վրա: Ուխտագնացության ժամանակ` հորեղբոր հետ միասին, նրան հաջողվել է քայլել բիբլիական տապանի տանիքի վրա: Պարզեցի, որ այդ տեղանքը Ահոր եվ Պառոտ կոչվող կիրճերի միջեւ է, որն էլ ժամանակին հետազոտել եմ: Ցավալի պատահարը, որ տեղի ունեցավ լեռան 4000 մետր բարձրության վրա, կանգնեցրեց ինձ, սակայն հաջորդ տարի վերսկսելով իմ հետազոտությունները, վերջապես կարողացա գտնել հայերի գաղտնի կայքը: Այդ կախարդական վայրի հիշողությունը` 1915 թ.-ին, լեռան վրա քրիստոնյա հայերի բնաջնջումից հետո անհետացել էր: Մինչ այս, նախկինում փայտե զանազան հին գերաններ էի գտել լեռան բարձունքներում: Հետաքրքրաշարժ է այն փաստը, որ բույսերից զուրկ այս լեռը, ավելի քան 4300 մետր բարձրության վրա կրում է Միջագետքին բնորոշ բույսերի մնացորդներ, 2700 տարվա հնադարյան նետեր եւ հինավուրց կուռք` ավելի քան քան 4000 մետր բարձրության վրա: Պատմական հնագույն ձեռագրերը եւ այս դաշտում կատարած իմ հետազոտությունները խաչվելով իրար` վերջապես ցույց տվեցին իրենց անհավատալի արդյունքները: Կազմակերպվեցին մի շարք գիտաժողովներ այդ թվում նաեւ` միջազգային: Արարատին նվիրված ցուցահանդեսները` սկսած Վենետիկ քաղաքից, կարող էին լինել տարիների իմ կատարած աշխատանքի վարձատրությունները: ... Լեռան վրա իմ կողմից հայտնաբերված ալրաղացները միակը չէին, որ վկայում էին հայ հին ժողովուրդի մասին, այլ գտա նաեւ գյուղեր եւ փոքրիկ քաղաքներ Արարատի բոլոր լանջերին` ընդհուպ լեռան բարձունքները: Գյուղերից մեկում, լեռան 2700 մետր բարձրության վրա հայտնաբերեցի կարպետներից պատրաստված մանկան օրորոց, որով ցեղասպանությունից առաջ հայ հովիվները ձիերի վրա երեխա են տեղափոխել: Լեռան այլ տեղանքներում գտա նաեւ զանազան զարդեր, ապարանջաններ եւ թալիսմաններ: Հնագույն քրիստոնեական եկեղեցիները, ոռոգման ջրատարները, ախոռները եւ բակերը խոսում էին լավ կազմակերպված եւ զարգացած քաղաքակրթության մասին: Հնագույն եկեղեցիների ոճը նույն էր` ինչ Հայաստանում իմ տեսած եկեղեցիներինը: Քրիտոնեական այս կառույցները շատ են Անատոլիայում` մինչեւ Վանա լիճ: Նրանցից շատերը այսօր էլ լավ պահպանված վիճակում են: ...Քուրդ զինյալների ուղեկցությամբ այցելեցի այն քարանձավները, որ ծառայել էին որպես զանգվածային գերեզմանոցներ: Ահա իմ աչքի առջեւ էր այն, ինչը շուրջ մեկ դար արդեն թաքցնում են թուրքերը: Հազարավոր հայերի` կանանց եւ երեխաների ոսկորներ ... : Այդ քարե սպանդանոցում` հայերից շատերը սպանվել էին հիմնականում դաշույններով: Այս ամենը լուսանկարեցի եւ տեսանկարեցի, քարտեզագրեցի այդ տեղանքները, որը եւ հետագայում ներկայացրի տարբեր մակարդակի գիտաժողովների ընթացքում: Բոլորն ապշում էին, երբ տեսնում էին մի քանի տարվա հավաքած իմ աշխատանքի պտուղները` լուսանկարները եւ փաստերը: Հայ ժողովուրդը կատարելապես անտեղյակ էր Արարատի վրա նման տեղանքների եւ այնտեղ կատարված ողբերգական մանրամասնությունների մասին: ...Մեծագույն ուրախություն էր ինձ համար ջերմորեն ընդունվելը հայ հասարակության մեջ, հայկական համալսարաններում, Վեհափառ հոր` Կաթողիկոսի մոտ: Ցեղասպանության հիշողությունը ամենեւին էլ մարված չէ եւ արյունն էլ, որ թափվել է այդ բիբլիական Սուրբ լեռան վրա, այլեւս չի կարող լռել, այլ այսօր արդեն հետմահու արդարություն է պահանջում: ... Արարատ լեռան վրա վերջին հետազոտությունների ժամանակ հայտնաբերեցի պատմական հին ձեռագրերի մեջ հիշատակվող Սուրբ Հակոբի հնագույն աղբյուրը: Պատմվում է, որ մինչ Նոյյան տապանի մնացորդներին հասնելը, հայ ուխտավորները խմում էին այդ աղբյուրից: Այս զարմանահրաշ աղբյուրի ջուրը հայտնի էր իր բուժիչ հատկություններով: Ըստ ավանդության, այն բուժում էր նաեւ մարդկանց ամլությունը: Աղբյուրը գտնվում է Ահոր կոչվող տեղանքում, ուր քիչ հեռու էլ ճգնավոր Հակոբ Մծբնեցի հայրապետի գերեզմանն է: Ըստ ավանդության, դեպի Նոյյան տապան ուղեւորվող ուխտավորները սովորություն ունեին քար դնել ս. Հակոբի գերեզմանի մոտ ու խնդրել նրան` դյուրացնել Տապան տանող դժվարանցանելի ճանապարհը: Գերեզմանից քիչ հեռու խաչքար է, որտեղից էլ սկսվում էր Տապան տանող ուղին: ... Լեռան վրա կանգնած, հայացքս մի պահ ցած եմ սահեցնում, ուր Արաքս գետն է` անհեթեթ սահման, որից այն կողմ իմ Հայաստանն էՙ իր հնագույն վանքերով ու եկեղեցիներով, խաղողի այգիներով ու ընդարձակ արոտավայրերով, ուր իմ հայ եղբայրներն են, որ նայում են իրենց Մասիս Լեռանը` իբրեւ կորսված մի երկրի, իբրեւ սփյուռք դարձած հնագույն մի ժողովրդի խորհրդանիշ: Հ. Գ. Արդեն հրատարկված կան մի շարք գրքեր, այդ թվում` «Արարատ. Խորհրդավոր Լեռը» խորագրով` իտալերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Նույն խորագրով թողարկվեց փաստավավերագրական տեսաժապավեն` իտալերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Շուտով կլինեն նաեւ իսպաներեն եւ հայերեն: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտո Սորամաեն: Ֆիլմում հավաքված են ավելի քան քսան տարիների իմ հետազոտությունները Արարատ լեռան վերաբերյալ: Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.noahsark.it |