RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2013-02-20 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013



Գրական օրագիր

Տեղադրվել է` 2013-05-04 00:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2480, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԷՋ ՄԻԱՄԻՏ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՕՐԱԳՐԻՑ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

***

Հակոբ Պարոնյանի անզուգական «Մեծապատիվ մուրացկաններ»-ում մի շատ հետաքրքրական դրվագ կա: Անհանգիստ գիշեր անցկացնելուց հետո Աբիսողոմ աղան կանուխ վեր է կենում եւ գնում է լուսանկարչիՙ պ. Դերենիկի գործատունըՙ «լուսանկար պատկերը քաշել տալու համար»:

«Գործատունը դեռ բացված չէր, եւ Աբիսողոմ աղան Բերայի փողոցներուն մեջ կը շրջեր, որպեսզի ժամանակ անցնի, եւ գործատունը բացվի: Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացվեցավ գործատունը, եւ Աբիսողոմ աղան սանդուղե մը վեր ելնելով մտավ սենյակ մը, որ լուսանկար պատկերներով զարդարված էր եւ ուր պ. Դերենիկ նստած կը կարդար:

- Բարի եկաք, Աբիսողոմ աղա, սանկ հրամմեցեք, ըսավ պ. Դերենիկՙ սեղանի վրա դնելով լրագիրն:

Եվ հետո գրագրին դառնալով նշանացի հրամայեց անոր, որ խահվե բերեն:

- Ժամ առաջ քաշենք սա պատկերս, որովհետեւ ստիպողական գործեր ունիմ, քանի մը մեծ մարդոց այցելություն պիտի ընեմ:

- Շատ լավ»:

Հետո Աբիսողոմ աղան անմիջապես անցնում է իր պատվերին: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ուզում եւ ինչ է պահանջում լուսանկարչից Աբիսողոմ աղան.

«Կուզեմ, որ պատկերս փառավոր կերպով քաշվի: Կուզեմ թիկնաթոռի մը վրա նստիլ, առջեւս ունենալ երկու սպասավոր, մեկ աղախին. այնպես ըրեք, որպես թե ագարակի մը մեջ ըլլամ, ասդին վարուցան, անդին կովերեն կաթ կթեն, ասդին ոչխարներն արածեն, ասդին ցանեն, անդին քաղեն, ասդին հերկեն, անդին մածուն շինեն, ասդին ձմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն, ասդին սագերը ծովու մեջ լողան, անդին անտառին մեջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորյան փոխադրեն, անդին վերջապես ինչ որ կըլլա ագարակի մը մեջ, տեսնվի պատկերիս մեջ»:

Աբիսողոմ աղան լուսանկարչից պահանջում է փաստորեն անհնարին ու անկարելի բանՙ լուսանկարի երկչափ հարթությունը դարձնել եռաչափ առարկայական տարածություն, լուսանկարի անշարժ (ստատիկ) վիճակը վերածել շարժուն (դինամիկ) վիճակի, այսինքնՙ պատկերվող իրականության վրա հածող հայացքի ներքո տարածություն մուծել շարժում (գործողություն) եւ ժամանակ: Այսօրինակ պահանջի անհեթեթությունը ծիծաղ է առաջ բերում, բայց եթե ուշադրություն դարձնենք Աբիսողոմ աղայի պահանջի խորքում դրված գաղափարին, ապա կտեսնենք, որ դա փաստորեն շարժանկարիՙ կինոյի գաղափարն է, որ Հակոբ Պարոնյանն արտահայտել է 1886 թվականին, Լյումիեր եղբայրներից տարիներ առաջ:

Ես սա նկատել եմ դեռեւս իմ ուսանողական տարիներին, բայց չեմ բարձրաձայնել, վախենալով չափազանցության կամ ծայրահեղության մեջ մեղադրվելուց: Բայց երբ տարիներ առաջ կարդացի մեր ժամանակների եվրոպական խոշորագույն գրող եւ գրականագետ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ումբերտո Էկոյիՙ Հարվարդի համալսարանում 1994 թվականին կարդացած «Նորտոնյան» կոչվող վեց դասախոսությունը, մտածեցի, որ կարող եմ դիտարկումս բարձրաձայնել: Այդ դասախոսությունները նվիրված են գրականության եւ իրականության, հեղինակի եւ իր բնագրի միջեւ եղած փոխհարաբերությունների հետ կապված հարցերին ու խնդիրներին: Ումբերտո Էկոն երրորդ դասախոսության մեջ, երբ մի հարցի առիթով համադրում եւ համեմատում է Ալեսսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպի մի հատվածը Մարսել Պրուստի վիպաշարի մի վեպի հերոսի անքնությունը պատկերող հատվածի հետ, մասնավորապես նկատում է. «Միայն թե ինձ չասեք, թե տասնիններորդ դարի գրողները պատկերացում չունեին կինեմատոգրաֆիական տեխնիկայի մասին. հակառակը, այդ կինոօպերատորներն են սեփականացրել տասնիններորդ դարի գրողների հնարքները» :

...Հակոբ Պարոնյանը, անշուշտ, տասնիններորդ դարի համաշխարհային գրականության մեծագույն վարպետներից մեկն է:

***

Պերճ Պռոշյանի գրականությունը հայ ժողովրդական լեզվական տարերքի, ժողովրդական գիտակցության ամենաբարձր դրսեւորումներից մեկն է: Հանիրավի մոռացված ու անտեսված գրողի գրականության մեջ արդիական ու հետաքրքրական շատ բան կա: Թե ինչու Պռոշյանը եւ հայ գրականության ուրիշ երեւույթներ այսօր մեզանում անհրաժեշտ ուշադրության եւ վերաբերմունքի չեն արժանանում, վերլուծելի եւ բացատրելի իրողություն է եւ առանձին ու մեծ խոսակցության նյութ: Մի բան, սակայն, որոշակի է ու ակնհայտ: Մեր դասական գրականության էջերը մինչեւ այսօր էլ լավ չեն կարդացվում կամ ճիշտ չեն կարդացվում. խոսքս վերաբերում է գրականագետներին ու զանազան մեկնաբաններին:

Պռոշյանի «Սոս եւ Վարդիթեր» վեպում (1860) մի դրվագ կա, որ ընթերցողին կարող է զարմանք ու տարակուսանք պատճառել եւ կարոտ է բացատրության: Խոսքը հետեւյալ դրվագի մասին է: Սոսը գնում է Գարեգինի մոտ, իր հետ տանում է «մի քանի հատ մուգ ներկած ձու» եւ խնդրում է, որ Գարեգինը նախշի այդ հավկիթները: Գարեգինը հանձն է առնում նախշազարդել ներկած հավկիթները եւ ասում էՙ «ես ի՛նչ կնաշխեմ, հլա աշխարհքումս մարդ չի դուս եկել, որ միտքն իմանա»: «Ի՛նչ կնաշխեմ», այսինքնՙ «այնպե՛ս կնաշխեմ»: Եվ հետո գրողը ներկայացնում է հավկիթները նկարազարդելու պատմությունը:

«Սոսը, որ դուս էլավ, Գարեգինը, որ աշխարհքումս բան չի մնացել, որ չիմանա, առավ ձվի պողպատե ղալամն ու մի ձվի վրա քաշեց Սոսի պատկերքը, Վարդիթերի կուռը բռնածՙ բաղչի միջին վարդ քաղելուս: Սոսը քաղում էր, Վարդիթերը փունջ անում. տակին էլ գրեց, թե «Զոր աստված զուգյաց, մարդ մի՛ մեկնեսցե»: Մեկել ձվի վրա մի խնձորի ծառ քաշեց, մի կարմիր խնձոր վրեն, որ հոտը աշխարհքը բռնել էր. մի քանի ջահել տղեք քար էին քցում, որ էդ խնձորը վեր ընկնի. համա ոչ ով չէր կարում վեր քցիլ. ումուտները կտրած ետ էին ուզում դառնալ. հետո Սոսը գալիս ա, որ քար քցի, երկու օձ, որ ֆշշացնելիս մարդի երեսի հենց քամի էին տալիս, որ սառչում էր ու տղեքը երեսները փախցնում էին, էդ օձերը պտուղը բերաններն առան ու գլուխ տվին, որ Սոսի քարը չի դիպչի. Սոսը հենց քցեց քարը, որ երկու օձի գլխին էլ դիպավ. նրանք շշմեցին ու խնձորը վեր ընկավ. տակին էլ գրում ա, թեՙ «Էս բանը թթու էր, թան չէր, ամեն մարդի բան չէր»: Մեկ ձվի վրա էլ քաշում ա Սոսին մի սիպտակ քյահլան ձիու վրա նստած, որի բերնիցը կրակ էր վեր գալի փնչացնելիս. Վարդիթերին գավակին դրածՙ մի սարի դոշի հենց ա փախչում, որ թոզը վեր ա ըլնում ու թոզի միջիցը մի ծտի չափ ա երեւում. շատ ձիավորներ էլ քամակիցն ընկել են, ուզում են բռնիլ, շատերը ճամփին ձիու վրիցը գլխի վրա ընկնում են, շատերն էլ մի ոտը մնացած օրզանգուի միջին, ձին քաշ ա տալի. համա էնքան հեռու են, որ Սոսը նրանց աչքին չի երեւում ու իրանք չեն հասնում, սկսում են ետ դառնալ. տակին էլ գրում ա, թեՙ «Աշխարհքս խելոքությունով ա կերել. որ ոչ լվիցե ունկամբ, լվիցե թիկամբ»:

Ինչպե՞ս հասկանալ նկարագրվածը. ամեն մի հավկիթի վրա «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի նման մի հսկա էպոպեա, մի ամբողջ դյուցազներգություն է նկարում Գարեգինը: Ընդ որում, պատկերվածը անշարժ վիճակ չէ, այլ ժամանակի ու տարածության մեջ ծավալվող գործողությունՙ բազում գործող անձերով: Սա կարելի՞, հնարավո՞ր բան է:

Եվ բնական է, որ այս վեպը անբնական թվա, ասենք, Մինաս Թեոլոլյանին: Ահա թե ինչ է գրում Պռոշյանի այս վեպի մասին արգո հեղինակը. «Այսօր ծիծաղելի կը թուի մեզի այս հիւսքը: Երէ՛կ ալՙ առնուազն անբնական կը թուէր»: Սաՙ դեռ ոչինչ, դուք շարունակությունը լսեք. «Որոշ է որ Պռոշեան վէպի մարդ չէ: ...Գրեթէ բոլոր գործերու լեզուն զուրկ է գոյնէ, կենդանութենէ, փայլէ» («Դար մը գրականութիւն», Ա հատոր):

Մինաս Թեոլոլյանըՙ մի կողմ, եթե պարզ ու միամիտ ընթերցողը կարդա նման հատվածները, ի՞նչ պիտի մտածի: Եթե աշակերտը կամ ուսանողը հարցնի ուսուցչին, ի՞նչ պատասխան պիտի ստանա... Պռոշյանի մասին գրքեր եւ ուսումնասիրություններ գրած գրականագետները լռելյայն անցնում են այս դրվագի վրայով:

Մուշեղ Իշխանն էլ է դժգոհ Պռոշյանի գրականությունից. «Պռոշեանի վէպերը, իրենց նիւթով, միօրինակ եւ գործողութիւններու ընթացքով յաճախ անբնական գործեր են: Ընդհանուր ձեւով միջակ վէպեր են անոնք: ...Առհասարակ երկարաբան է, յոգնեցուցիչ, մանրամասնութիւններու մէջ մտնող եւ քիչ մըն ալ հեքիաթասան» («Արդի հայ գրականութիւն», Ա հատոր): Բայց հարգելի հեղինակը այսօրինակ դատողություններով ու դատումներով չի բավարարվում եւ ավելի հեռուն է գնումՙ հասնելով պարզապես ծայրահեղության. «Պռոշեան իր մտածողութեամբ ալ վերջին ծայր պահպանողական եւ սահմանափակ մէկը եղած է»: Այստեղ է, որ ուզում եմ առարկել Մ. Իշխանին. ո՛չ, Պռոշյանը ամենեւին էլ «սահմանափակ մէկը եղած չէ»: Եվ վերը բերված դրվագը դրա վկայություններից մեկն է: Բանն այն է, որ Պռոշյանը պարզապես ծաղրանմանության-պարոդիայի է ենթարկել, ոչ ավել ոչ պակաս, Հոմերոսի «Իլիականի» հայտնի հատվածըՙ Աքիլլեսի զենք ու զրահի պատրաստումը: Ահա մի քանի տող այն ընդարձակ հատվածից, ուր նկարագրվում է, թե ինչ էր պատկերված Աքիլլեսի վահանի վրա.

Նրա վրա կերտված էր արտՙ փափուկ, պարարտ եւ նորահերկ

Ու եռակի գութանավար, եւ նրա մեջՙ շատ մաճկալներ,

Արորներին եզներ լծածՙ քշում էին ետ ու առաջ:

Երբ հասնում էր արտավարը մինչեւ արտի գլուխնՙ այնժամ

Մեկը նրա ձեռքն էր դնում քաղցր գինու թասը սիրուն:

Նորից ապա դառնում էին նրանք դեպի խոր ակոսըՙ

Փափագելով կրկին դառնալ դեպ խորավար արտի գլուխ:

Մթամած էր նրանց ետեւ արտըՙ թեպետ եւ ոգեգույն:

Եվ նման էր հերկված արտի:

Ցայտուն կերտված հրաշք էր դա:

(Թարգմ. Հ. Համբարձումյանի)

Այստեղ ոչ մի արտառոց բան չկա. Հոմերոսի «Իլիականը» ծաղրանմանության են ենթարկել դեռեւս Ք. ա. 5-րդ դարում, կենդանական էպոսի ձեւովՙ «Մկների եւ գորտերի պատերազմը» («Բատրաքոմիոմաքիա»): Համաշխարհային գրականության մեջ շատ բան եւ մանավանդ շատ լուրջ գրական գործեր եւ ծանրակշիռ հեղինակներ են ծաղրանմանության ենթարկվելՙ Հոմերոսից մինչեւ Դոստոեւսկի, մինչեւ Պրուստ, Ջոյս, Կաֆկա, Ֆոլքներ, Հեմինգուեյ եւ ուրիշներ: Դա ամենեւին էլ աններելի ու սարսափելի արարք չէ:

Եվ ահա աշտարակցի համեստ ուսուցիչը իր վեպում ծաղրանմանության է ենթարկել Աքիլլեսի վահանի պատրաստումը: Իրավունքը միշտ էլ տաղանդավոր գրողին է պատկանում:

Իմ կարծիքովՙ գրական նուրբ խաղը այստեղ համադրված է ժողովրդական բանահյուսական-ազգագրական տարերքի հետ եւ արեւելահայ ժողովրդական կյանքն ու հոգեբանությունը քիչ թե շատ գիտցողի համար արտառոց կամ տարօրինակ որեւէ բան իրոք որ չկա:

***

Փոքր ժողովրդի մարդու հոգեբանությունը ե՛ւ զարմանալի է, ե՛ւ հասկանալի: Փոքր ժողովուրդը ձգտում է ինքնահաստատման, չի հանձնվում, ուզում է, որ իրեն ճանաչեն, որ ինքը իր արժանի տեղը ունենա արեւի տակ: Ժամանակին կինոդահլիճներում ծափահարում էին էկրանի վրա հայի ազգանուն կարդալիս: Հետո դա հասավ նույնիսկ տղայամտության ու մանկամտության: Պարծանքով գրում ու գրքով հրատարակում ենՙ հե՜յ. հե՜յ, լսե՛ք ու իմացեք, ոչինչ, որ ազգային ինքնագիտակցության առումով վաղուց ստրուկի ապազգային հոգեբանություն ունենք, բայց այսինչ նշանավոր կամ աշխարհահռչակ մարդու քեռու կնոջ մորաքրոջ աղջկա ամուսնու հորեղբոր տղան ծագումով հայ է, իմացեք, ուրեմն, մենք ենք, է՜, մենք...

Սա, իհարկե, մեր կարծիքն է մեր մասին:

Բայց, մեզանից անկախ, գոյություն ունեն ուրիշների կարծիքները մեր մասին: Եվ, որքան էլ ցավալի լինի, հաճախ պարզապես շատ աննպաստ: Պուշկինի «Տազիտ» անավարտ պոեմի հայտնի տողը վաղուց ի վեր հասարակ տեղիք է նույնիսկ գրքերից ու գրականությունից հեռու մարդկանց համար:

Դու վախկոտ ես, դու - ստրուկ ես, դու - հայ ես...

Ուսանող տարիներին մեզ շատ էր խոցում Լերմոնտովի վեպի մի նախադասությունըՙ «Հյուրանոցի բակը մտան կեղտոտ հայերով լի մի քանի սայլակներ...» : Հետոՙ Տոլստոյի վերաբերմունքը հայերի հանդեպ, մանավանդ «Հաջի Մուրադ» վեպում ( «...հայ գեներալը, որ իշխանի սենեկապանից էր սովորել այդ խաղը» եւ այլն):

«Կիլիմանջարոյի ձյուները» հանճարեղ պատմվածք է, Հեմինգուեյըՙ 1960-ականներինՙ գրական կուռք, բայց, մեկ է, ուսանողներս չէինք կարողանում գրողին ներել պատմվածքի մի հատվածը. «Նա թողեց այդ աղջկան ու հրավիրեց մի սանձարձակ հայուհու...» :

Անգլիացի գրող եւ ճանապարհորդ Թոմաս Կորյաթը, օրինակ, գրում է. «...իմ ունեցած երեք ֆունտից առնվազն տասը շիլլինգ ինձանից կորզեցին որոշակիորեն հայազգի լկտի քրիստոնյաները» :

Բայցՙ թողնենք, չշարունակեմ, որովհետեւ սրանց կողքին կա նաեւ հաճելի բան: Անշուշտ, մեր ազգային գիտակցությունը շոյում է, երբ մեր մասին լավ խոսքեր են գրում:

Անգլիացի ժամանակակից մի նշանավոր գրող կաՙ Ֆրեդերիկ ՄաքՔարտի Ֆորսայթ անունով: Որքան գիտեմ, այդ գրողից հայերեն թարգմանված որեւէ տող չկա: Ծնվել է 1938 թվականին, ստացել է հրաշալի կրթություն, լեզուներ է ուսումնասիրելՙ փայլուն տիրապետում է ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն լեզուներին: Մոտոցիկլետ վարելու գործը հասցրել է ծայրահեղ վարպետության, եղել է աչքի ընկնող ցլամարտիկ, եղել է Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի ամենաերիտասարդ ռազմական օդաչու-կործանիչը: Այս ամենըՙ մինչեւ քսան տարեկան հասակը: Հետո թողել է ռազմական ծառայությունը 1958-ին եւ դարձել է լրագրող: Շատ հարուստ կենսագրություն ունի իբրեւ լրագրող-միջազգայնագետ: Հետո զբաղվել է գրողական աշխատանքով, պրոֆեսիոնալ գրող է: Ապրել է Անգլիայում, Իսպանիայում, Իռլանդիայում... Տարիներ անց վերջնականապես հաստատվել է Լոնդոնում: Այսօր Ֆորսայթը շատ հայտնի գրող է, վեպերի, վիպակների եւ պատմվածքների հեղինակ: Իր գործերը թարգմանված են ավելի քան երեսուն լեզվով եւ որոնց ընդհանուր տպաքանակը անցնում է 50 միլիոնից:

Իր մի վեպըՙ «Շնագայլի օրը» (1971) շատ հայտնի է եւ ժամանակին արժանացել է Էդգար Ալլան Պոյի անվան մրցանակի: Մյուս վեպերըՙ «Բաֆրայի պատմությունը» (1969), «Պատերազմի շները» (1974), «Դիվական երկընտրանք» (1979) եւ այլն, նույնպես շատ հայտնի են:

Ինձ համար շատ հետաքրքրական է, որ Ֆրեդերիկ Ֆորսայթը իր մի երկու վեպում անթաքույց համակրանք է հայտնում հայերի հանդեպ:

«Չորրորդ արձանագրությունը» (1984) փառահեղ վեպում մի այսպիսի տեսարան կա: Բարձրաստիճան մի ռուս գեներալ այցելում է մի այլ գեներալի: Երկուսն էլ սովետական իշխանության մեջ շատ բարձր պաշտոն են զբաղեցնում:

«Գեներալի ձեռքին մի փաթեթ կար:

- Իմ տղաներից մեկը հենց նոր է վերադարձել Թուրքիայից: Հայաստանով է եկել,- ասաց նա,- հրաշալի տղա է, երբեք դատարկ ձեռքերով չի վերադառնում: Երեւանում հատկապես տես ինչ է ճարել:

Նա հանեց հայկական լավագույն կոնյակի չորս շշերից մեկը:

Մարչենկոյի աչքերում կրակներ բռնկվեցին:

- «Ախթամա՜ր»,- բացականչեց նա...»:

Նույն վեպի ավարտին գրողը առանձին համակրանքով է ներկայացնում Կրեմլի մեծ պաշտոնյաներից մեկին, Քաղբյուրոյի անդամ Նուբար Գեւորգի Վարդանյանին: Թեպետեւ վեպի գործողությունները տեղի են ունենում 1977 թվականին, եւ Անաստաս Միկոյանը արդեն ողջ չէր, այնուամենայնիվ, այդ կերպարի նախահիմքը անշուշտ Անաստաս Միկոյանն է:

Իր «Բանակցություններ» (1989) վեպում Ֆորսայթը, ի թիվս բազմաթիվ այլ գործող անձերի, պատկերում է մի հայ հետախույզի, որը, պարզվում է, ամենախելոք եւ դիտողունակ մարդն է: «Պավել Կիրկորյանը, այդ ջղուտ, ջլապինդ հայը, սիրում էր, որ առողջ միտք, առողջ բանականություն լինի ամեն ինչում» :

Այս նույն վեպում մի այսպիսի տեսարան կա.

«Նա գիրքը երկարեց Քլուիննին: Հեղինակը ռուս էր, բայց գիրքը անգլերեն էր: Թարգմանություն: Մասնավոր հրատարակություն: «Մեծ գրոսմայստերներ: Ակնարկներ»:

- Ձեզ շախ է հայտարարված, միստր Քուինն, բայց, հնարավոր է, դեռ ոչ մատ: Վերադարձեք Ամերիկա, միստր Քուինն, գիրքը կկարդաք օդանավում: Ձեր թույլտվությամբ ձեզ կարող եմ առաջարկել հատուկ ուշադրություն դարձնել այն գլխին, որ նվիրված է Տիգրան Պետրոսյանին: Այդ հայը վաղուց է վախճանվել, բայց նա եղել է երբեւիցե այս աշխարհում եղած բոլոր տակտիկներից մեծագույնը: Հաջողություն եմ ցանկանում, միստր Քուինն»:

Տիգրան Պետրոսյանի անվան հանդեպ գրողի համակրանքը այս վեպում ընդգծված է էլի մեկ-երկու անգամ:

Իհարկե, նման բաները փոքր բաներ են, բայց ժամանակակից գրականության մեջ մեր հասցեին եղած բացասական կարծիքներից, մեզ ուղղված բացասական բնութագրումներից հետո այսպիսի վերաբերմունք տեսնելը Ֆրեդերիկ Ֆորսայթի կամ Ռեքս Սթաութի վեպերում, անկեղծ ասած, շոյում է հայ ընթերցողի մեր ինքնասիրությունը:

***

«Մարկոս Ավրելիոս կայսեր իմաստասիրական եւ խրատական թուղթերը» գիրքը, 1868-ի հրատարակություն, Վենետիկ, իմ սիրելի գրքերից մեկն է: «Թուղթեր» ասվածը, իհարկե, իր նամակներն են, գրված մինչեւ կայսր դառնալը եւ կայսր դառնալուց հետո, ուղղված զանազան անձանց:

Հելլեսպոնտոսի կուսակալ Լամբերտոսին ուղղված «Թղթում» մի հետաքրքրական հատված կա: Ահա թե ինչ է գրում Մարկոս Ավրելիոս կայսրը.

«Ակնածելի եղած է կղզիդ իմաստուն մարդկանց ոսկորներով, որոնք Հռոմայու նախանձն ու նենգութիւնը աքսորեր է հոտ, ինչպէս որ Իտալիա հոտած է խենթերով, ասանկ ալ ատ կղզին իմաստնոց անուշահոտութիւնը կը բուրէ:

Պարթեւաց պատերազմէն դարձած ատենս, որ կայսերութեանս չորրորդ տարին էր, մրրիկներու հանդիպեցայ ծովուն վրայ, զիս վտանգի դրիՙ ատ գերեզմանները տեսնելու համար. Որբիտա քաղքին հրապարակին մէջ կը գտնես Ովիդիոսին գերեզմանը, որ Օգոստոս կայսրը աքսորեց, Արպինայի քարանձաւներուն մօտ կը տեսնես հռչակաւոր Հայ ատենաբանին տապանը, որ Սիլլա աքսորեց: Նաւահանգիստին մօտ կը գտնես Կալիոդորոսիՙ հին օրէնքները ժողվողին ոսկորները, որ անողորմ Ներոնը քշեց: Էլիս դաշտին մէջ մարմարիոն տապանի մէջ կը գտնես Սիլիոսի աճիւնը, որ եօթը ազատական արուեստներուն վրայ անանկ վարպետութեամբ գրեց որՙ կարծես թէ ինքը գտեր էր զանոնք: Իրաւ կ՛ըսեմ որ ծնկան վրայ իրենց գերեզմանին քովը, լացի վրանին»:

Հետաքրքրական է, ո՞վ է «հռչակաւոր Հայ ատենաբանը» , որին աքսորել է Ք. ա. 88 թվականին կոնսուլ դարձած Լուցիուս Կորնելիուս Սուլլան եւ որի գերեզմանի վրա ծնկաչոք լաց է եղել Մարկոս Ավրելիոս կայսրը:

Սիրելի Ալբերտ Ստեփանյան, ձայն հանիր, մի բան ասա, իմանանք:

***

Երեւանի 2750-ամյա հոբելյանի տարին էր: Պարույր Սեւակին մի հազվագյուտ գիրք էին նվիրելՙ Ս. Մելիք-Սողոմոնյանի կազմած «Արյան ձայներ» խորագրով հայ հայրենասիրական երգերի ժողովածուն, կարծեմ հինգերորդ հրատարակությունը (1912, Թիֆլիս): Այսօր էլ այն շատ հազվագյուտ գիրք է: Բանաստեղծը շատ էր ոգեւորված այդ գրքի երգերով ու բանաստեղծություններով: Այդ երգերի մեծ մասը այդ տարիներին չէին երգում ո՛չ դահլիճներում, ո՛չ ռադիոյով եւ ո՛չ էլ հեռուստատեսությամբ: Տեղյակ մարդկանց մի մասն էլ ավելի շուտ այդ երգերի մասին գիտեր, քան թե այդ երգերը: Եվ նկատի առեք, թե ինչ տարիներ էին: Մեր ազգային զարթոնքի ու վերելքի, մեր ազգային գիտակցության արթնացումի փառահեղ տարիները: Հայոց Մեծ եղեռնի 50 տարին էր լրացել, Երեւանում հրատարակվել էր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի թարգմանությունը մեծ տպաքանակով եւ անմիջապես անհետացել գրախանութներից, ինչպես ավազին նետված մի բաժակ ջուրը, վերջապես հիշել էինք եւ արժանին մատուցել Սարդարապատի հերոսամարտի եղելությանըՙ կառուցվել էր Սարդարապատի հուշահամալիրը եւ այլն, եւ այլն: Այս բոլորը համաժողովրդական զգացողության եւ համաժողովրդական ցնծության երեւույթներ էին: Եվ հիմա էլՙ Երեւանի հիմնադրման 2750-ամյակը: Բանաստեղծը շատ էր ոգեւորված, խոսք էր գրում Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան» երգի համար, եւ այդ առիթով թե պատճառով տարված էր հայոց երգարաններով: Եվ ահաՙ «Արյան ձայները»:

Բանաստեղծը մի փոքր վերապահություն ուներ ժողովածուի խորագրի հանդեպ: Ասում էր, որ կարող էր մի փոքր այլ ձեւով լինել: Եվ մտահոգված էր այն բանով, թե ինչպես «արյան ձայները» միախառնի Երեւան քաղաքի հանդեպ համաժողովրդական սիրո խոսքերին: Եվ մի օր ասացՙ գտա՛, ելքը գտա՛, գիտեմ, թե ինչ եմ անելու, կկարդաս, կտեսնես: Եվ երբ երգի տեքստը տպագրվեց, ամեն ինչ դարձավ հասկանալի:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ...

Ահա, այս «արյան կանչեր» արտահայտությունն էլ «Արյան ձայներ» ժողովածուի գաղտնագրված ներկայությունն է «Էրեբունի-Երեւան» երգում:

***

Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի առաջին էջերում տարակուսանք հարուցող մեկ-երկու նախադասություն կա: Խոսքը վերաբերում է այն հատվածին, որտեղ վեպի հերոսներից մեկըՙ Պետրոսը պետք է դառնա լուսանկարչատան աշխատակից եւ զրուցում է գործատիրոջՙ պարոն Լեսքյուռի հետ: Ահա մի քանի նախադասություն այդ հատվածից:

«Այդ իրիկուն Troisieme Empireը առաջարկեց Փիէռին սրճարան մը երթալ ուր արկարօրէն խօսեցաւ, անդադար գաւազանին կոթին հետ խաղալով: Ըսաւ թէ Հայերուն վրայ մեծ հաւատք ունէր, ունէր նաեւ խանութ մը. կ՛ուզէր զայն վարելու հոգը իրեն յանձնել: Շատ գեղեցիկ աշխատանոց մըն էր, մեծ պողոտայի մը վրայ, բաղձալի դիրքով եւ որ սակայն գետին ձախ եզերքը ըլլալու միակ անպատեհութենէն կը տուժէր: <....>

Եւ երբոր Փիէռ ընդունեց, եւ երբոր ժամադրութիւնը որոշեցին, Troisieme Empireը դեռ երկարօրէն խօսեցաւ գաւազանին կոթին հետ, ծանրակշռութեամբ: Մեկնելէ առաջ չմոռցաւ սակայն անգամ մը եւս կրկնել, թէ Թուրքերուն վրայ մեծ հաւատք ունէր»:

Troisieme Empire-ը պարոն Լեսքյուռի մականունն է եւ նշանակում է «Երրորդ կայսրություն»: Տողերի ընդգծումը իմն է, եւ հենց այդ տողերի վրա եմ ուզում հրավիրել ընթերցողների ուշադրությունը: Առաջին պարբերության մեջ պրն. Լեսքյուռը ասում է, որ «մեծ հաւատք ունի հայերուն վրայ», երկրորդ պարբերության մեջ չի մոռանում կրկնելու, որ թուրքերի վրա մեծ հավատք ունի:

Տարիներ առաջ Փարիզում, «Յառաջի» խմբագրատանը այս տողերը մատնացույց արի խմբագրապետ Արփիկ Միսաքյանին իրենց իսկ հրատարակած գրքում (1981), Արփիկ Միսաքյանն ասաց. «Ես ինչ գիտնամ, ինքն ինչ գրեր է, մենք ալ նույնը տպագրեր ենք»: Այսպես է տպագրված վեպի բոլոր հրատարակություններումՙ թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի: Միայն թե Հայաստանի հրատարակություններումՙ 1962-ի «Երկերում», երկհատորյակի առաջին հատորում եւ այլ հրատարակություններում «թուրք» բառը չգիտես ինչու տպագրված է ընդգծումով, շղատառ: Արդարությունը պահանջում է ասել, որ 1962-ի երեւանյան «Երկերը» կազմողը նկատել է այս հակասությունը եւ հատվածը օժտել է տողատակ ծանոթագրությամբ. «Թրքահպատակ հայերին կամ թրքահպատակ ալազգի ժողովուրդներին, որոնք ապրում են Թուրքիայում, եվրոպացիներն ու ամերիկացիները երբեմն «թուրք» են անվանում (ընդգծումը ծանոթագրողինն է.- Ե.Տ.-Խ.)»:

Անկեղծ ասած, այս ծանոթագրությունը չի համոզում: Սա ճիշտ եւ տեղին կլիներ, եթե պրն. Լեսքյուռը, իմանալով, որ Փիեռ-Պետրոսը հայ է, երկու անգամ էլ գործածեր «թուրք» բառը: Եվ, մանավանդ, ամբողջ վեպում ակնարկ իսկ չկա այն մասին, որ պրն. Լեսքյուռը որեւէ վերաբերմունք ունի Թուրքիայի կամ Թուրքիայում բնակվողների հանդեպ: Ինձ թվում է, որ ծանոթագրողը ջանացել է հարթել հակասությունը կամ փրկել իրադրությունը: Իսկ թե ինքը ինչո՞ւ է ծանոթագրության մեջ ընդգծել «թուրք» բառը, այն տպագրելով շղատառ, մնում է անհասկանալի:

Կա եւ երկրորդ հանգամանքը: Գրական որեւէ տեքստ, այսինքն գրական-գեղարվեստական ամեն մի ստեղծագործություն նշանային համակարգ է, եւ այդ համակարգում տարբեր բառերը տարբեր գրական իրողություններ են, որոնք յուրովի են իմաստավորվում նշանային համակարգումՙ իբրեւ առանձին, անկախ եւ ինքնուրույն միավորներ: Այնպես որ տվյալ բացատրությունը չի կարող բավարարել ընթերցողին:

Ուրեմնՙ ի՞նչ է եղածը, վրիպո՞ւմ, գրական անփութությո՞ւն, թե՞ մի այլ բան: Վեպի նոր հրատարակիչները,- այս ասելով ձեզ նկատի ունեմ, սիրելի պրն. Հակոբ Ավետիքյան, որ Շահնուրի երկերը պատրաստում եք հատորային հրատարակության,- պետք է ուշադրություն դարձնեն այս իրողությանը եւ գտնեն հարցի պատասխանը կամ տան պատշաճ բացատրություն:

***

Ուրիշ գրառումներՙ մի ուրիշ անգամ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ