RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2013-05-18 > #010, 2013-06-01 > #011, 2013-06-15 > #012, 2013-06-29 > #013, 2013-07-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 15-06-2013



Արխիվի էջերից

Տեղադրվել է` 2013-06-17 23:44:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 37

«ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐԸ» ՄԱՀԱՐԻ-ՇԱՀՆՈՒՐ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Մահարի-Շահնուր նամակագրության գլխավոր թեմաներից էր «Այրվող այգեստաններ»-ը` հայ գրականության ամենաքարկոծված գործը:

Նամակագրությունը սկսվեց այնպես անմիջական, որ արդեն երեք ամիս անց Մահարին գրեց Շահնուրին իր հերթական գիրքը նրան նվիրագրելու մտադրության մասին: Կյանքից երկու տասնամյակ կորցրած գրողի գրքերը շատ չէին: Առավել հետաքրքրական էր նվիրագրյալների ցանկը, ո՞ւմ կողքին էր հայտնվելու Շահնուրը,- Ալ. Մյասնիկյան («Շիրակի ջրանցքը»), Եղիա Չուբար («Զիգզագներում»), Չարենց («Մրգահաս»), Ավ. Իսահակյան («Երիտասարդության սեմին»), մայրը («Լռության ձայնը»):

Նամակը հանկարծակիի բերեց Շահնուրին. «Անշո՛ւշտ թէ զգացուեցայ բարեկամական ձեր այն ժեսթէն, որով կը բերուէիք իմ անունիս ձօնել ձեր յաջորդ երկը: Ատիկա պատիւ մըն է, որուն սակայն շատ ալ արժանի չեմ նկատեր ես զիս: Կեղծ համեստութիւն չկայ ըսածիս մէջ: Այլ ան թէ, իմ անունիս կցուած կը մնայ անհեթեթ ամբաստանութիւնը դասալքութեան: Թէ ինչո՞ւ հեռացեր եմ Հայ Դպրութենէն: Չեմ կարծեր որ կարելի ըլլայ խօսք հասկցնել անոնց որ խօսք չեն հասկնար - կամ որ չեն ուզեր հասկնալ: Այս ալ իմ ցաւս է...» (10 հուլիսի 1962 թ.):

Թվարկելով իր հնարավոր խորագրերը, Մահարին խնդրել էր Շահնուրի օգնությունն այդ հարցում: Պատասխանն ուղեկցվեց մասնագիտական վերլուծությամբ. «Տիտղոսի խնդրանքը զիս զարմացուց եւ շփոթեցուց: Ո՛չ կ"ուզէի այդ տեսակ պատասխանատուութիւն ստանձնել, ոչ ալ մանաւանդ ձեզ մերժել: Տամ ուրեմն տիտղոս մը, իբրեւ պարզ ցուցմունք կամ թելադրանք, եւ ոչ այլ ինչ -

Հովն Հրձիգին մեղսակից էր

եկնեցայ հրդեհ բառէն: Արդարեւ դուք ի մտի ունիք «Այրուող Այգեստաններ», «Ողջակիզուած կրակներ» եւայլն: Կ"ըսէք թէ գիրքը կաւարտի, երբ Վանը մոխրացած է: Արդ, հրձիգ թուրքը չէր կրնար մեր տունը հրկիզել եւ մեր սիրտը այրել, եթէ իրեն մեղսակից չունենար հովն ու փոթորիկը: Ան միշտ ալ կոտորած է մեզ, բայց մասնակի եւ տեղական ջարդերով: Տարտանելի անսպասելի յաղթանակէն վերջ, երբ ան ինքզինքը ձերբազատեալ զգաց, տեղականը վերածեց ընդհանրականի: Համեւրոպական պատերազմը աննախընթաց փոթորիկ մըն էր: Ամէն նաւապետ հոգն ուներ ի՛ր առագաստներուն: Ռուս յեղափոխութիւնն իսկ պիտի չը ստանար այն համեմատութիւնը զոր ստացաւ, եթէ արար աշխարհ զբաղած չըլլար ի՛ր իսկ հոգերով: Հրձիգը հով կը սիրէ, հով կը փնտռէ: Մեր դժբախտութիւնը այն է որ, միասին եկան հովն ու հրձիգը: Մէկը միւսը հրահրեց: Մեղսակցութիւն կար իրենց մէջ:

Կ"ընդունիմ որ այս տիտղոսը երկար է, բայց մէկ վանկ նուազ է ձեր ընտրած «Մատեան Մահուան ու Անմահութեան» (9 վանկ): Եւ առաւելութիւն ունի ներդաշնակ ըլլալու (4-4), բայց կը կրկնեմ, ըսածս պարզ մատնանշում մըն է: Խօսեցայ ձեզ մերժած չըլլալու համար: Դուք ձեզ պարտաւոր մի՛ նկատէք զայն իւրացնելու»:

Պահպանվեց «Այրվող այգեստանները», իսկ «Հովն հրձիգին մեղսակից էր»-ը օգտագործվեց որպես ամփոփիչ ասքի բնաբան:

Վեպն ավարտվեց երեք տարուց: Խմբագրական, գրաքննչական եւ հրատարակչական աշխատանքները վերցրին եւս երկու տարի: Այդ ընթացքում Շահնուրն անգամ հասցրեց իր լուման ներդնել գրքի հրատարակությունում, երբ նրան այցելեցին Է. Թոփչյանն ու Ս. Խանզադյանը. «Խօսակցութիւնը եղաւ հեւքոտ եւ ոստոստուն, բայց կարծեմ ես գտայ մեղսակից մը յանձին Եդուարդ Թօփճեանի, երբ խնդրեցի որ Պետհրատը լոյս ընծայէ - անյապաղ - «Այրուող Այգեստաններ»ը, առանց որ Աստուածածնայ երկրորդ Կիրակիին թողուի «Ծաղկած Փշալարեր»ը» (26 սեպտ. 1965 թ.):

Մահարու նամակները զգալի նյարդայնացան վեպի հրատարակության ձգձգումներից. «Անհամբեր եմ «Այրվող այգեստաններ»ուն. հույս ունեմ, ավելի շուտ երազում եմ այն օրը, երբ գիրքը փոստին կհանձնեմ քո հասցեին...» (18 հոկտ. 1965 թ.), ««Այգեստաններ»ս դեռ տպարանին մեջ կմխան: Պատանեկան (եթե չըսենք մանկական) անհամբերությամբ կսպասեմ իր լույս տեսնելուն: Կարծես առաջին անգամն է, որ գիրք կտպեմ...» (6 դեկտ. 1965 թ.), «Անհամբեր եմ «Այգեստաններ»ուդ համար: Ես խնդրեցի, որ երբ տպագրությունը վերջանա (վերջապես...) մի օրինակ շտապ-հապշտապ ինձ ուղարկեն` քեզ առաքելու համար: Ընկա՛լ քաղցրությամբ...» (27 մայիսի 1966 թ.), «Այս տպագրական քաշքշուկն ինձ ավելի հյուծեց, քան գրքի գրելու ողջ ցավագին ընթացքը, որը կոչվում է այսպես կոչված «ստեղծագործական տառապանք»...» (25 հունիսի 1966 թ.):

Շահնուրը հանգստացնում է նրան` ինչպես կարող էր. «Քանի որ հասաք ձեր վէպի մեքենագրութեան, կը նշանակէ որ շատը գնաց` քիչը մնաց» (4 փետրվարի 1965 թ.), «Ձեր թեթեւ պաղառութիւնը բուժուած պէտք է ըլլայ ցարդ, շնորհիւ ձեր առաջնեկին: Վստահ եմ որ «Այգեստաններ»ը ձեզի պիտի պարգեւեն սնունդին լաւագոյնը` աւելի քան երբեք թարմագեղ եւ նորափթիթ» (15 հոկտ. 1965 թ.): Իսկ մեկ այլ նամակում կանխատեսեց. «Կրնամ երեւակայել թէ որքա՛ն լուսաշող եղած պէտք է ըլլայ այն օրը, երբ երկարատեւ սրտհանումներէ վերջ ստացաք Այգեստաններու տպագիր օրինակը: Վստահ եղէք որ ես զայն պիտի կարդամ, երբ որ ստանամ, այնպէս` ինչպէս քիչ անգամ կարդացած եմ սիրելի բարեկամի մը երկը» (29 նոյ. 1966 թ.):

Վերջին նամակը, փոստային երթուղիներում, ինչ-որ մի տեղ «ողջունեց» հանդիպակացին. «Չգիտես, կամ գուցե գուշակում ես թե ինչ զրկանք էր ինձ համար այս չորս ամիսներին չգրել քեզ եւ քեզնից նամակ չունենալ: Գրքիս տպագրության դանդաղեցումը շատ բարկացուց զիս, անգամ հիվանդացուց ու հիմա, երբ վերջապես մեկ ժամ առաջ գիրքս քո հասցեին փոստին հանձնեցի, թեթեւացած շունչ քաշեցի եւ ահա կգրեմ, կխզեմ ակամա լռությունս» (26 նոյ. 1966 թ.):

Մեկ ամսից ստացվեց Շահնուրի նամակ-գրախոսականը, որի նմանը Մահարին չէր ունեցել իր ստեղծագործական կյանքում: Խոսքը դրվատանքի աստիճանի մասին չէ, այլ գեղագետի գրչով գրված պատառիկի, որում տեղին գործածված յուրաքանչյուր բառ ուներ իր կշիռը: Եթե նա գրախոսության ժանրում ուրիշ ոչինչ գրած չլիներ, այս մեկն արդեն բավական էր` որպես դասական օրինակ գրականագիտական քրեստոմատիաներում ընդգրկվելու համար.

«Մեծապէս եւ ջերմօ՛րէն կը շնորհավորեմ քեզ, քու աննման Այգեստաններուդ համար, զոր կարդացի խորին յուզումով: Լեցուն` ինչպէս կրնայ լեցուն ըլլալ նուռ մը, իր սեղմ եւ արնաներկ ամբողջութեան մէջ, ան կատարեալ միաձուլումն է այն բոլոր տարրերուն որոնք կը կերտեն կեանքով բաբախուն վէպը, պատմական եղելութեան մը ընդմէջէն: Այդ տարրերը` յուշագրութիւն, տեղեկագրութիւն, բարբառ, քաղաքական հաւատամք, եւայլն, այդ բոլորը դուն մշակած ես հաւասար յաջողութեամբ, վարպետի մը նման: Անոնք չեն յայտնուիր դասաւորեալ կամ կուտակեալ ձեւով, այլ միաձոյլ վիճակի մէջ, այսինքն` ապրուած եւ մարսուած քու կողմէ: Կատարելապէս յաջողած ես քու առաջադրութեանդ մէջ, որ էր - «Այնպէս մը ընել որ ընթերցողը ոչ միայն տեսնէ Վանը, այլ զգայ զայն»: Ի հարկէ ինծի շփոթութեան մատնեց Ձօնդ: Ես ինչո՞վ արժանի էի այդ պատիւին: Ապահովաբար նկատի ունեցար այն պարագան - ընդ որս որոշ նկատումներու - որ ես մէկն եմ անոնցմէ, որոնք խորապէս կ"ապրին մեր մեծ աղէտին ցաւը: Այս վէրքը, որ միշտ կը կոտտայ, իմ հետս պիտի տանիմ մինչեւ գերեզման, միշտ անմխիթար... Սուտ խօսած պիտի ըլլամ եթէ ըսեմ թէ մէկ շունչով կարդացի զայն: Լեցուն` ինչպէս որ է, գիրքդ կը պարտադրէ ուշադիր ընթերցում, առանց որուն կարելի չէ ըմբոշխնել երկին գեղեցկութիւնը, իր բազմազան երեսակներով: Լեզուդ հմայեց զիս: Համեղ, ոճաւոր, այլ մեծապէս հարուստ` իր բառամթերքով, քու լեզուդ իբրեւ ենթահող ունի մեր այն անփոխարինելի աշխարհաբարը, որ չի թերանար շրջագայութեան մէջ դնելու գրաբար ասութիւններ եւ դարձուածքներ: Առաջին անգամն է, որ նեղսրտութիւն չեմ զգար Երեւանէն եկած գիրքէ մը, որուն անթիւ բառերուն ճշգրիտ սահմանումը կը խուսափի իմ իմացութիւնէս: Այդ բառերուն առջեւ, թէեւ չեմ գիտեր թէ ոտքս ճշգրիտ ո՛ւր կը դնեմ, բայց կը զգամ թէ կոխած տեղս ամուր է եւ ճամբան` ուղիղ: Համեղ կոչեցի լեզուդ (եւ ճկուն եւ վառվռուն), երբ պէտք էր յիշատակել անոր բանաստեղծական երանգաւորումը, մասնաւորաբար այն հատուածներուն մէջ, ուր կ"երգես բնութեան գեղեցկութիւնը: Նոյնքան պիտի ներբողեմ կենդանութիւնը քու հերոսներուդ: Անոնց առօրեան է որ, շնորհիւ մշտանորոգ անակնկալներու եւ շնորհիւ քու համբաւաւոր humeur-իդ, վառ կը պահեն ընթերցողի հետաքրքրութիւնը, նման լուսարձակին` որ ներաշխարհի մը մթին ծալքերը կը պարզէ: Այսուհանդերձ, երբեմն ես ինծի հարց տուի - միթէ նախընտրելի չէ՞ որ, այս տեսակ նիւթի մը առջեւ (որ սիրտ պիտի ծակէ, ինչ որ ալ ընենք) ի սպաս դրուէր գրութեան այնպիսի շեշտ մը, այնպիսի ton մը, որ ըլլար նուազ «երջանիկ»: Խայտանքը, գորովալիր քաշքշուկը, բարեմիտ ծաղրը ըլլային աւելի սքօղուած... Երջանկութիւնս մեծ եղաւ, երբ հաստատեցի թէ դուն կը մտածես ճիշդ ա՛յնՙ ինչ որ ես կը մտածեմ մեր «յեղափոխականներու» գործին մասին: Եթէ գիտնաս, թէ քանի՜, քանի գիշերներ, խմբուած փարիզեան սրճարանի մը մէկ անկիւնը, մենք դատապարտած ենք այդ գործը, ճիշտ քո՛ւ բառերովդ - «արդիւնքը, հետեւանքը»: Աւելին` քու քննադատութեանդ մէջ տեղ չէր գտած ոխը: Արդէն չէր կրնար գտնել: Ան որ գիտէ տեսնել գիրին ետեւը, ան որոշակի կը տեսնէ քու անսահման բարութիւնդ, քու մարդկային զգացումներուդ խորութիւնը: Սրտառուչ սիրոյ եւ անհուն կարօտի կոթող մըն է Այգեստաններդ: Պատկառազդու պատրիարք մը պիտի համբուրէր քու լուսաւոր ճակատդ, ես միայն աս կ"ըսեմ - Քէ մեռնիմ, Մահարի, շա՛տ ապրէ...»: ։

Նամակն ուներ հետգրություն. «Երկու օր առաջ ստացայ եւ իսկոյն կարդացի Երկիր Նայիրին: Քու գիրքդ անկէ բարձր է, շատ ու շատ, եւ ամէ՛ն տեսակէտով: Ա՛յս է իմ կարծիքս» :

Մահարու պատասխանում տնօրինվեց գրախոսականի հետագա բախտը.

«Բնազդաբար զգում էի, գիտեի, որ գիրքս պիտի հավանես, որ չպիտի կարմրեմ քեզ նվիրագրելու համար, բայց այդքա՜ն բարձր գնահատական...

Ինչեւիցե, զգում եմ մի անսահման թեթեւություն: Բնականոն երկունքը 9-ամսյա մի ժամանակաշրջան է ենթադրում, իմ այս «երկունքը» 30 տարվա պատմություն ունեցավ: Ինչո՞ւ պիտի քեզ շփոթություն պատճառեր Ձոնս, երբ դու շատ հիմնավոր եւ գեղեցիկ կերպով հիմնավորել ես եւ արդարացրել իմ «քայլը».- «ընդ որս ուրիշ նկատառումներու», որովհետեւ դու «խորապես կապրիս մեր մեծ աղետին ցավը» եւ հետո որ «մեկ տեսակ կմտածենք գործին մասին...» : Մի՞թե բավարար հիմք չէ: Եվ վերջապես քեզ ձոնելով իմ գիրքըՙ ես գրական քննության եմ բերել իմ գործը գեղագիտական ոճի եւ մտածողության մեծ վարպետիդ, դու, որ կարող ես սովորական թղթի երկու էջերի վրա վերլուծել 600 էջանոց մի վեպ, վերլուծել այնքան խիտ եւ դիպուկ, այնպես, ինչպես ոչ մի քննադատ կարող էր անել զայդ հարյուր էջերի վրա... Երբ նամակդ ստացա, անոր բովանդակությանը հաղորդակից դարձուցի «Հայրենիքի ձայն»-ի խմբագիր, ինձ համար շատ սիրելի բանաստեղծ եւ մարդ Վահագն Դավթյանին. ձեռքը դրեց նամակիդ եւ խնդրեց, պահանջեց, որ հրատարակե իր թերթի մեջ` «որպես զի քննադատները տեսնեն եւ սովորեն թե ինչպե՞ս պետք է քննել եւ դատել...»: Եվ երեւի չվախենամ քեզանից եւ Աստծուց ու տամ թող տպե, մանավանդ որ... Այս նամակի մեջ վերջապես դու ինձ հետ, վերջապե՜ս, «դու»-ի անցար: Այնպես որ կարող եմ հետ այսու ավելի անպատկառ լինել...» (5 հունվարի 1967 թ.):

Իրավունք ունե՞ր նա հրապարակել նամակը: Ո՛չ, եթե նկատի ունենանք վեպի շուրջը բարձրացած աղմուկը: Այո՛, որովհետեւ նա չէր կարող պատկերացնել դրա չափերը: Մանավանդ որ նախադեպը եղել էր: Մեկ տարի առաջ Մահարին նույն թերթում հրապարակել էր Շահնուրի մեկ այլ նամակն իր բանաստեղծությունների ժողովածուիՙ Երկերի ժողովածուի առաջին հատորի մասին...

«Այգեստանյան» նամակի հրապարակումը նպատակ ուներ ազդել սկիզբ առնող ներհակ հոսանքների վրա, փոխել դրանց ընթացքը: Սակայն Շահնուրի խոսքը նույնպես ընկալվեց թշնամաբար: Բերենք երկու բնորոշ հատված Լեւոն Միրիջանյանի նամակներից. «Շահան Շահնուրը իսկապե՞ս այդքան հայիլ-մայիլ է եղել «Այրվող այգեստաններ» վեպով... Նրա նամակը ոչ միայն համոզիչ չէր, այլեւ շատ էր անձնական: Ինչպես երեւում է, մեծ գրողներն էլ ենթակա են անձնականության... Մահարին Վանը ենթադրել է իր հորենական կալվածքը, եւ նրա պատմությանը վերաբերվել է ըստ յուր հիշաչար քմահաճույքի: Շահան Շահնուրը մի՞թե սա չի զգացել: Մի՞թե նա` Շահան Շահնուրը կարիք ունի սեփական ազգանունը դրոշմված տեսնել նման մի «վեպի» խարանոտ ճակատին...» [1]: Մյուսն ուղղված էր Մկրտիչ Արմենին. «Մահարու վեպը ես գրեթե չեմ կարդացել: Բայց շատ եմ լսել դրա մասին դրվագներ, որ արատավորում են վանեցիներին մասնավորապես եւ հայ ազգը ընդհանրապես: Կատաղած են գրեթե բոլոր ընթերցողները: Նաեւ` Պ. Սեւակը, որը Կենտկոմում առաջարկել է չտպել ոչ մի ռեցենզիա, մինչեւ գրողների տանը չքննարկեն: Իսկ «Հայրենիքի ձայնը» տպեց Շահնուրի նամակը Մահարուն` երկինք հանող: Դա կդառնա ծակ պարաշյուտ... Իսկ այդ վեպը հեղինակի համար կդառնա տապանաքար...» :[2]

Գրողների միության քարտուղարության որոշումով վեպը համարվեց ձախողանք: Դա ազդանշան եղավ Սփյուռքում իրարամերժ հրապարակումների: Դաշնակցական մամուլը ողջունեց ազգային սրբություններ «պաշտպանող» որոշումը, իսկ չեզոք եւ ռամկավար մտավորականությունը` Անդրանիկ Ծառուկյան, Սիմոն Սիմոնյան, Գեւորգ Աճեմյան, Գերսամ Ահարոնյան, Անդրանիկ Անդրեասյան դատապարտեցին այդ որոշումը` որպես ոչ գրական երեւույթ: Շահնուրը երրորդ մարդկանց գրած նամակներում հայտնվեց այդ խմբում.

«Երեւանի Գրողներու Միութեան յայտարարութիւնը պարզապէս գայթակղութիւն մըն է: Այն գրական քննարկումը, որ կը փորձուի այդ յայտարարութեան մէջ, բոլորովին արհամարհելի է որպէս գրական վերլուծում. իսկ քաղաքական-կուսակցական դէպքերու մեկնաբանութիւնը` հակապատմական մեկնութիւն, իր ընդհանուր գիծերուն մէջ:

Մահարիի դէմ կատարուած levռe des boucliers-ն [զինաճոճությունը] ունի որոշ պատճառ - impie [ամբարիշտ] արարք կը նկատուի ամէն մերկացում ճշմարտութեան, որը հիմէն կը խախտէ մեր կոյր chauvinisme-ը, որ տոկուն է սահմանի ա՛յս կողմ թէ այն :

Ճշմարտութեան սէրը բաւական է որ Երեւան ուղղէ իր դիրքը, ուշ կամ կանուխ: Գալով դաշնակցական մամուլի վայրահաչութիւններուն, որոնց խօսքը կ"ընէք... եթէ ընելիք բան մը կայ dans l"immռdia [այս պահին], այն է չվտանգել կեանքը տառապակոծ գրագէտին բարձրագոչ աղմկարարութեամբ» (Գր. Քէօսէեանին,15 սեպտ. 1967 թ.):

Նույն նամակում կրկնվեց «երջանիկ ոճի» նվազ կիրառման ցանկալիությունը. ««Այրուող Այգեստաններ»ը երկարաշունչ եւ կենսայորդ գիրք մըն է, ուր իրական, բազմապիսի եւ հազուագիւտ յատկութիւններու կողքին կը յայտնուի տկարութիւն մը, որ զուտ գրական է, եւ ոչ թէ ազգային-քաղաքական: Տկարութինը կը կայանայ - ըստ իս - այն բանին մէջ, որ գիրքին ընդհանուր շեշտը չէ եղած այնքան ողբերգական, որքան ըլլալ կը պահանջէր մշակուած նիւթը, որ անլուր ողբերգութիւն մըն է: Կարեւորը այն չէ թէ հեղինակը ի՛նչ բան կը դնէ իր ընթերցողին բերնին մէջ - մե՞ղր թէ քացախ, ժպի՞տ թէ արցունք, այլ անոնց dosage-ը, որ պէտք է բերնին մէջ թողու, վերջ ի վերջոյ, աղի-լեղի համ մը: Համ մը` որ ետ գայ» :

Մահարին մեղադրվում էր պատմական փաստերի խեղաթյուրման մեջ: Շահնուրը շտապեց նրան հանգստացնել. «Տարակուսանքը որ միտքդ պատած կը թուի ըլլալ «Այգեստաններ»ուդ մասին, բոլորովին անհիմն կը գտնեմ ես: Վիպագիրին բացարձակ իրաւունքն է իր արհեստին պահանջներուն պատշաճեցնել պատմական դէպք մը, փոխել եւ տարուբերել զայն կազմող տարրերը, հաւատարիմ մնալով հանդերձ դէպքին ընդհանուր դիմագծին եւ գունաւորումին: Անխուսափելի է, որ ժամանակակիցներ, որ նոյն դէպքը ապրած են, ընեն ճշդորոշումներ` պատմական գետնի վրայ: Անոնք նկատառման արժանի չեն» :

Հետեւեց անդրադարձը մի գրախոսականի, որի վանեցի հեղինակն սկսել էր խոսքը «կեցցե՛»-ով եւ ավարտել` «անկցի՛»-ով. «Տարբեր բան է Նայիրիի Թիւթիւթնճեանը: Այս երանելին կը կարծէ, թէ արուեստ եւ իմացականութիւն տարբեր բաներ են: Այսինքն թէՙ Գուրգէն Մահարին կրնայ գեղեցիկ նախադասութիւններ շարել պատկերաւոր ոճով եւ մնալ զուրկՙ տրամաբանութենէ, քննական միտքէ, իմացութենէ: Ճշմարիտն այն է, որ այս ինքնակոչ քննադատին մէջ դուն դաշնակցականն է, որ վիրաւորած ես: Խեղճը չէր կրնար լռել...» :[3]

Եվ երրորդ անգամ մեջտեղ եկավ «երջանիկ ոճը». «Ճիշդ է թէ «Այգեստաններ»ը ունին տկարութիւն մը (ինչպէս ամէն մեծ վէպ), բայց ան թեթեւ է եւ մասնակի: Ինչպէս ըսի նախորդիւ, նախընտրելի պիտի ըլլար որ քու ողբերգական պատմութեանդ համար գործածած ըլլայիր քիչ մը նուազ զուարթաբանութիւն» (9 հուլիսի 1967 թ.):

Մահարուն եւ Շահնուրին հարազատեցնում էր նրանց բանաստեղծական արձակը, որին խառն էր հումորը: Մի առիթով Շահնուրը դժգոհել էր. «Հայ գրականութիւնը, ուր այնքան մեծ տեղ կը գրաւեն հռետորականութիւնն ու sentimentalisme, դժուար կը հանդուրժէ հումորին» . Այդ հումորի dose-ի մէջ էր նրանց արձակի տարբերությունը: Մեկում այն բաղադրյալ էր, մյուսում` անբաժան տարր: Ծիծաղով էր Մահարին գրել իր եռագրությունը, ճամբարային եւ աքսորական վիպերգությունը... Առանց այդ ծիծաղի հայ գրականությունը կունենար այլ գրող: «Երջանիկ ոճի» նվազեցման հարցում Շահնուրը հազիվ թե ճիշտ լիներ: Պատահական չէր, որ նրա նշած օրինակը ճամբարային առաջին պատմվածքն էր, որը «ծիծաղով» զիջում էր «Մշեցի Առաքել...»-ին կամ «Ծաղկած փշալարերին». «Մահարիի քնարը անկարող չէ հնչելու թաւ եւ ողբերգական լարով: Բնա՛ւ երբեք: Կը բաւէ կարդալ իր «Սեւ մարդը» հաստատելու համար թէ Մահարիի արուեստը օտար չէ այն ամէն ինչի, զոր թուեցի քիչ վերը...» :

Վեպի հակասական ընդունելության մի պատճառ էլ էր նշել Շահնուրը, որն առնչվում էր «երջանիկ ոճին». «...Մահարի զոհը եղաւ Ո une admiration mal placռe [ավելորդ հիացման] : Իր ծննդավայր Վանի վրայ փորձեց այնՙ ինչ որ Չարենց փորձած էր Կարսի, եղերականի եւ ծաղրանքի խառնուրդով: Այս admirative sujռtion-ը [հիացական ենթակայությունը] կ"երեւայ, կատարեալ յստակութեամբ «Այգեստաններ»ու յառաջաբանին մէջ: Արդ, «Երկիր Նայիրի»ն մէկն է այն ձախողած վէպերէն, որ ոչ իսկ կարելի է կոչել, ֆրանսական սահմանումով, un roman de poռte [բանաստեղծի վեպ]: Երկու ուղեկիցները չեն յաջողած humeur-ը գործածել չափով եւ տեղին: Եղածը dose-ի հարց մըն է: Թէեւ պատուական քննադատ, անկարելի չէ որ Մահարին կուրացած ըլլայ իր եղբայրական սէրով եւ հիացումով: Գրականութիւնը հրախաղութիւն մըն է որ ունի իր արկածները: Կը պատահի որ վառօդը պայթի artificier-ի [հրավառագետի] ձեռքին մէջ, ըսել կ"ուզեմ ամէնէն աւելի ճարտար եւ խղճամիտ գրիչին: Եւ Աստուած գիտէ թէ հայրենակարօտ Մահարին որքա՜ն սիրով եւ որքա՜ն գուրգուրանքով մշակած էր իր վէպը, որ - պէտք չէ բնաւ մոռնալ - մեծապէս բարձր է «Երկիր Նայիրի»էն» (Գր. Քէօսէեանին, 12 սեպտ. 1969 թ.):

Հաջորդաբար կարդալով «Այգեստանները» եւ «Երկիր Նայիրին», Շահնուրը նկատել էր ավելորդ «եղբայրական սէր եւ հիացում» Մահարու առաջաբանում... Նա չէր կարող իմանալ, որ բուն առաջաբանը վերջին պահին փոխարինվել էր նորով: Միայն տասնամյակներ անց հնարավոր եղավ վերականգնել «հիացական ենթակայությունից» հեռու նախկին առաջաբանը:

Կարո՞ղ էր Մահարին այլ կերպ գրել իր վեպը: Բերենք չորս տող նրա հուշերից.

« Ինչո՞ւ այդպես գրեց «Երկիր Նաիրի»-ն:

- Ինչո՞ւ այդպես գրեցիր «Երկիր Նաիրի»-ն:

- Այդպես գրվեց , ես մեղավոր չեմ:

Կաֆե «Նաիրի»»:

Ընդգծումներն իրենն են: Բնական էր հարցը Չարենցի առաջին արձակ գործի մասին: Բնական էր եւ Չարենցի պատասխանը, բայց կյանքի մայրամուտին նման հարցը Մահարուն տալը, հավասար էր «Ինչո՞ւ գրեցիր «Այգեստանները»» հարցին...

Ուրիշ կերպ գրվել չէին կարող ո՛չ մեկը, ո՛չ մյուսը...

Քարտուղարության որոշումից հետո խմբագրություններում եւ հիմնարկներում կազմակերպվեցին «հրահանգվող» (Սուրեն Աղաբաբյան) քննարկումներ [4], որոնց վերջակետը դրվեց Երեւանի համալսարանում: Շահնուրը հետեւում էր այդ զարգացումներին. «Ռաֆայել Արամեան անունով հեթանոս մը ունեցեր է ելոյթ «Այգեստաններ»ուդ մասին, ի մէջ «Բանբեր Երեւանի համալսարանի». ելոյթ` որ աճապարանքով արտատպուեցաւ Փարիզի դաշնակցական Հայաստանի կողմէ: Վա՜յ քեզ Քաղաք, որ ի զուր կը դիեցնես համալսարանական երիտասարդներ, որոնց ազգայնամոլությունը կը մնայ այնքան կոյր, որքան անծայրածիր` իրենց տգիտութիւնը» (10 հունվարի 1968 թ.):

Մահարին ներկայացրեց արձակագրին. ««Հեթանոս» Արամյանի մասին. ուսանող չէ, 40-45 տարեկան հավիտենական հուսատու սկսնակ է...» (7 փետրվարի 1968 թ.):

«Հուսատու սկսնակին» բնորոշ էր եւ... կեղծիքը: Փարիզի «Աշխարհ»-ի խմբագիր Ավ. Ալիքսանյանի հետ նա եղավ Մահարու մոտ: Վերջինս նրանց ընդունեց անկողնում եւ գրեց Շահնուրին. «Արդ, այսօր հավաքել եմ ուժերս եւ առաջին տողերս քեզ կգրեմ, ով Շահնուր: Շնորհակալ եմ, որ դու կաս եւ ես կարող եմ քեզ գրել... Երեւանի հոբելյանի օրերին քաղաքավարական այցելություն մը տվեց ինձ «Աշխարհ»ի Ալիքսանյանը Ռաֆայել Արամյանի հետ: Վերջինս գրքիս (վեպիս) դեմ բաներ մ"էր ըսեր եւ արժանացեր քո խիստ որակավորումներուն` ինձ գրած նամակներեդ միույն մեջ: Ալիքսանյանը հայտնեց, որ շուտով Գեղամ Ֆեներճյանի գրախոսությունը լույս կտեսնի վեպիս մասին` դիտված նոր լույսի տակ: Արամյանը թե` ես գրեր եմ իմ մեղայականը եւ ընկ. Ալիքսանյանը խոստացավ նույն համարին մեջ տպել այն...» :

Մահարու մահից հետո ամեն հանդիպելիս Ռ. Արամյանը երկու ձեռքը բարձրացնում էր վեր եւ բացականչում. «Ես իմ մեղայականը գրել եմ...»: Բայց ոչ «Աշխարհ»ում, ոչ էլ Արամյանների արխիվում նման բան չկա...

Մահարու նամակներում առկա էր հավատը վեպի նկատմամբ. «Այգեստաններ»-ը շատ անհավասար ընդունելություն գտավՙ հիացական աղմուկից մինչեւ քամահրանքի աղաղակներ, մինչեւ Գրողների միության քարտուղարության «կարծիքը» «Գր. թերթ»ում: Մո՛ւթ, մո՛ւթ, մո՛ւթ:

Կուզեի, որ չազդվես, հիմար բան ասացի, գիտեմ, որ դա չի ազդի քեզ վրա, որովհետեւ, ով-ովՙ դու լավ գիտես գրականությունն էլ, կյանքն էլ, գրականության կյանքն էլ ու դեռ կյանքի գրականությունն էլ հետը...

Ողջ եղիր եւ ուրախ: Այս էլ կանցնի» (24 հունիսի 1967 թ.):

Հոգեւոր նեցուկ էր եւ այն, որ գրականագիտական լուրջ գնահատականը հնչել էր արդեն. «Գիտեմ, որ «Սփյուռք»ը չես սիրեր, բայց շատ կուզեի, որ կարդաս ս. թ. օգոստոսի 27-ի N 35-ը: Այնտեղ տպված է Գեւորգ Աճեմյանի «Ազատությունը որպես բռնություն» ծավալուն հոդվածը: Հոդվածը հետաքրքրական է ոչ անոր համար, որ իմ վեպը համեմատված է Տոլստոյի «Война и мир»ի կամ պաստերնակյան Ժիվագոյի հետ, ոչ (ինչպես ազգային սնափառությունն այնպես էլ չափազանցությունը խորապես հայեցի երեւույթներ են...), այլ որովհետեւ այնտեղ կան մի շարք ճիշտ դիտողություններ [5] : Մի բան սակայն չի նշված եւ այդ այն է, որ գողը տունեն էր, ադոր համար ալ եզն երդիկեն հանեցին: Կամ փորձեցին հանել:

Գալով առողջությանս, մի մտահոգվեր. տարիների փորձը ցույց տվեց, որ, ճիշտ է, ապրելը դժվար է, բայց մեռնելն ալ դյուրին գործ չէ, ամեն անգամ չի հաջողվի. այս արդեն քանի՜ անգամ պատրաստություն եմ տեսեր հիմնավորապես մեռնելու եւ չեմ հաջողած...» (24 սեպտ. 1967 թ.):

Մահարին ամուր էր քննադատության հանդեպ: Վկա` 20-30-ականները: Տարի՞քն էր պատճառը, թե՞ տեղի տված առողջությունը, որ կյանքում առաջին անգամ նա ընկրկեց: Նրան թվաց, թե վեպում կան «դատարկ տեղեր», որոնք կարիք ունեն լցոնման: Գալով այդ մտքին` նա խորհրդակցեց Շահնուրի հետ. «Պատրաստում եմ «Այգեստաններ»ի հատորային հրատարակությունը... Գրիր բոլոր նկատողություններդ, հաշվի կառնեմ սիրով եւ երկյուղածությամբ...

Քո նշած «երջանիկ ոճի» մասին շատ եմ մտածել եւ շատ եմ ծանր ու թեթեւ արել: Նկատողությունդ տեղին է. հնարավոր է, որ ես պետք եղածից ավելի օգտագործել եմ հումորը, չեմ պահել չափի զգացումը, խախտել եմ այն... բայց ինչպե՞ս դարմանեմ` չգիտեմ: Եվ եթե ձեռք տամ այդ տեղերին, չե՞մ կոտրի վեպի մեջքը...» (30 օգոստոսի 1967 թ.):

Մահարուց պահանջվում էր հակառակ իր խառնվածքի` ողբերգականը բաժանել հումորից, «Մեռյալ հոգիների» կողքին ստեղծել իր «Տարաս Բուլբան»: Բարեբախտաբար այդպես չեղավ: Նա կատարեց միայն հավելումներ` հայ եւ համաշխարհային գրականությունում ստեղծելով աննախընթաց մի նախադեպ, երբ կա վեպի նոր տարբերակ, բայց հազիվ թե կարելի է այն համարել հեղինակի վերջին կամքի արտահայտություն: «Ես չեմ վերամշակել վեպը, լրամշակել եմ եւ ներկայացրել հատորային հրատարակության...» , - գրեց նա: Դա սերունդներին առաջարկվող գլուխկոտրուկ էր: Վեպը դարձավ ավելի բազմաձայն: «Բզեզների բունը» հավելվեց հակառակ գաղափարախոսությամբ: Ամբողջական ասքեր նվիրվեցին ինքնապաշտպանությանը: Թուրք մյուդուրի էջերում չփոխվեց ոչ մի տառ, բայց նրա դրական կերպարը, որքան վարպետորեն, նույնքան էլ անտեղի` շրջվեց: «Ա՞յս է ձեր ուզածը, ստացե՛ք...»,- կարծես ասաց Մահարին: Իհարկե, նրան անհանգստացնում էր արածը, եւ պատահական չէին տողերը. «Ձեռագիր չէ, որ վախնամ. 20.000 օրինակ ընթերցողի ձեռքին է. անգամ եթե վրիպեմ, մեծ հոգ չէ: Բայց ինչ որ ըրեր եմ, զիս կը ոգեւորե. վեպը ավելի հարստացած է, գրարվեստի մակարդակը չի իջած, պահպանված է` ըստ իս...» (24 սեպտ. 1967 թ.):

Այդ աշխատանքն էլ ավարտվեց. «Նամակիդ պատասխանը ուշացրի, կամա եւ ո՛չ ակամա, գիտությամբ եւ ո՛չ անգիտությամբ: Պատճառը հարգելի պիտի գտնես, եթե ասեմ, որ վերջին 2-3 շաբաթը գրասեղանս վերածեր էի թղթամարտադաշտի. վեպը վերջնականապես ի կարգի բերի, հավելումները տեղադրեցի, աշխատեցի մերթ որպես դարբին, մերթ` ոսկերիչ, աշխատեցի սիրով, սրտով եւ այսօր առավոտյան հրատարակչության տղաներեն մեկի միջոցով, վեպի 760 էջնոց կույտը հրատարակչություն ուղարկեցի ի տնօրինություն: Հետո թեթեւացած «օ՜ֆ» մը քաշեցի, սեղանիս վրայեն վերցուցի պատերազմական դրությունը եւ անցա ահա խաղաղ աշխատանքի: Այս նամակն ուրեմն խաղաղության առաջին պտուղն է...» :

Եվ նորից հնչեց հավատը գրական ճշմարիտ արժեքների հանդեպ. «Ովՙ ով, դուն շատ լավ գիտես գինը դատափետումներու եւ ծափողջույններու: «Նահանջ»ը հիշենք, քո «Նահանջ»ը, որը դատափետվեցավ իր ժամանակին. մոռացության ջուրը տարավ դատափետողներին, իսկ «Նահանջ առանց երգի»ն մնաց ափըՙ մարգարիտի նման... Գրական արտադրանքը միշտ հաղթեր է «արտա-գրական» նկատումներ հետապնդող քննադատությանը: Անհեղլի օրե՛՛նք» (8 մարտի 1968 թ.):

Շահնուրը ողջունեց վեպի երկրորդ ավարտը: Անծանոթ մեր իրականությանը` նա հույս ուներ, որ այն վերջապես կստանա իր արդար գնահատականը. «Աշխատասիրութիւնը կը թուի ըլլալ քու դեղն ու դարմանը, քանի յաջողեր ես գլուխ հանել 760 էջնոց ձեռագիրդ, գիշերը մեռնելով եւ յարութիւն առնելով արեւածագին: Թէ ի՛նչ երանգ եւ ինչ համ պիտի ունենայ վերամշակուած Այգեստաններուդ պտուղը, զայդ պիտի գիտնանք երբ այն դուրս գայ այգեկութքի տակառէն: Ըսեմ` տպարանէն: Կը սպասեմ եւ կը մաղթեմ որ հայրենակիցներդ քեզ ծափահարեն այնքա՛ն ուժով, որքան ուժով դատապարտեցին, գրեթէ միշտ արտագրական նկատումներով...» :

Նրանք երկուսն էլ չտեսան «Այգեստանների» նոր հրատարակությունը, որը ոչ միայն չհանեց «հարցականները», այլեւ նոր միջամտություններով խեղաթյուրեց պատկերը: Եվ եթե առանձին «գրականագետների» կողմից երկրորդ հրատարակությունն ստացավ ավելի բարձր գնահատական, ապա պատճառն առաջինի թերագնահատությունն էր: Միայն 2004 թ. վեպի երկու տարբերակները մի գրքով անվթար հասան ընթերցողին...

Վերջերս «հակամահարիական» կենտրոնում` Երեւանի պետական համալսարանում հաճախակիացել են քննարկումները «Այրվող այգեստանների» մասին: Շնորհվում են դոկտորական, թեկնածուական կոչումներ...

Ծանոթագրություններ

1. ԳԱԹ, Զ. Որբունու ֆոնդ, թ. 361, էջ 4

2. ՀԱԱ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 111, էջ 63

3. Խ. Թիւթիւնճեան, «Այրուող այգեստաններ», «Նայիրի», Պէյրութ, 1967, 2 Մայիսի - 2 Յուլիսի, թթ. 1, 2, 3, 4:

4. Մահարու գրական ժառանգությանը քանիցս անդրադարձած Ժ. Քալանթարյանը «Գուրգեն Մահարու «կյանքի գիրքը» կամ ճշմարտության տարբերակները» ըստ ամենայնի ուշագրավ հոդվածում («Նորք», Եր., 2011, թ. 3), խուսափելով գրարշավի ուղղորդվածության քննարկումից, այնուամենայնիվ այն համարում է կողմնակի կարծիք: Սակայն միանշակ այդ կարծիքին էր եւ Մահարին, որին «կողմնակի» դժվար է համարել:

Եվ ո՞վ կարող էր Մահարուց ոչ պակաս ստույգ պատկերացնել այդ խմորման կուլիսները, եթե ոչ Կենտկոմի գաղափարախոսական բաժնի վարիչը. «Մահարու դեմ ահագնացող թշնամանքը (այո, այո, թշնամանքը) աներեւակայելի չափեր էր ընդունել: Զազրելի ամբոխավարությանը տուրք էին տալիս ճանաչված գրողն ու տիտղոսավոր գիտնականը, գրականության հետ առնչություն ունեցողն ու չունեցողը... Գրական անդաստանի ղեկավարներից երկուսը, շրջանցելով բաժինը, եղել էին Կենտկոմի քարտուղարի մոտ եւ որոշման հրապարակման հարցը համաձայնացրել նրա հետ... Հակամահարիական արշավը դժվար կարելի է տարերային համարել: Ես համոզված չեմ, թե այդ ամենը տեղի էր ունենում հենց այնպես, զուտ «հայրենասիրական» մղումով: Ամբոխավարության հետեւում զգացվում էր կազմակերպիչ ձեռքի առկայությունը» (Ստ. Վարդանյան, Գ. Մահարու երկրորդ ոդիսականը, «Գ. Թ.», Եր., 2000, 15 սեպտ, թ. 13-14):

5 Գեւորգ Աճեմյանը գրել էր. «Գրվածը գիրք մըն է: Կարելի է այսօր այրել զայն: Վաղը կը գրուի երկրորդ մը: Դարձեալ կ"այրենք: Բայց կարելի չէ այրել պատմութիւնը, կարելի չէ այրել ճշմարտութիւնը եւ ոչնչացնել զայն: Պատմութիւնը կարելի չէ փոխել անցեալին մէջ, այլ միայն ապագային: Իսկ այս ընթացքով եւ մտայնութեամբ մենք պատմութիւնը կրնանք փոխել միայն մէկ կերպովՙ առաջնորդելով զայն դեպի աւելի վատն ու ամօթալին: Դեպի նոր նահանջներ, նոր պարտութիւններ...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ