RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01 > #011, 2013-06-15 > #012, 2013-06-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-14 19:46:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 930, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 45

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԻ ՄԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ»

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

A Legacy of Armenian Treasures Testimony to a People

Առարկայական աշխարհի պատկերը սովորականից այն կողմ չի ընկալվում` չափից ավելի ընտելացված լինելու պատճառով: Երբ հանկարծ հայտնաբերում ենք «իրերի թաքուն հմայքը», դրանք ձեռք են բերում մեկ ուրիշ իմաստ, երբեմն բանաստեղծականություն ու մեղեդի ենք թաքնված տեսնում անշունչ համարվող առարկայի ներսում, երբեմն խորք ու խոհականություն, երբ թափանցում ենք ավելի ներս եւ կամ պատմություն անցնում դրանց հետ: Պարզ իրերը թանգարանային կարգավիճակ են ձեռք բերում, երբ դրանց մեջ հայտնաբերվում է ժամանակի հին հետքը, երբ մի սովորական քարաբեկոր կամ մի թաս եզակի է դառնումՙ պատմության մի հեռավոր շրջան իրենով ներկայացնելու պատճառով: Իրերն էլ իրենց ճակատագրերն ունեն, նաեւ հազվագյուտ բնույթիՙ էլ չխոսած գեղարվեստական գործերի մասին:

Թանգարաններին բնորոշ խորհրդավորությունը գուցե այս հանգամանքով է նաեւ պայմանավորված, որտեղ լռության խորքում տարբեր ժամանակներ մեկ հարթության վրա կողք-կողքի են հայտնվում: Թանգարանները սովորաբար ընկալվում են իբրեւ ստատիկ գոյություն, երբ որեւէ նմուշՙ հնագիտական, պատմական կամ գեղագիտական, ի ցույց է դրված հանրային դիտման: Մինչդեռ սա այն վայրն է, որտեղ «կայանում է» առեղծվածային խաչաձեւումը, այսինքնՙ ժամանակների հոսքը, որտեղ մարդկության պատմությունը կամ քաղաքակրթության ճանապարհը երեւում է ճակատագրիՙ գուցեեւ քմահաճությամբ պահպանված առարկայական նշաններով: Մեծ թանգարանների արժեքը համամարդկային է, եւ դրանց պահպանությունը մեծ խորհուրդ ունի: Նաեւՙ որպես անցյալի ժառանգության մի վավերացում:

Թանգարանային նմուշը երբեմն իրենով պայմանավորում է ժամանակի մի հատվածի կարեւոր որեւէ իրադարձություն, երեւույթ կամ փաստ եւ անհետացած ժողովրդի կամ պետության վկայություն դառնում: 1915-ը արեւմտահայության ոչ միայն ֆիզիկական բնաջնջման եղեռնագործություն էր, այլեւ նրա հազարամյա քաղաքակրթության, մշակույթի, այն մեծ ժառանգականության ոչնչացման փորձը, որ դարեր շարունակ իր բնօրրանում հայ մարդը փոխանցում էր սերնդե սերունդ: Միայն Վանի շրջակայքում թուրքերի կողմից 10.000 ձեռագրի հրկիզումի հետեւանքը մշակութային մի ամբողջ շերտի ոչնչացում էր: Եվ` այդ պատմության:

Ինչպես արեւմտահայությունը աշխարհասփյուռ եղավ, այնպես էլՙ իր մշակույթը. հայության բեկորները հայտնվեցին աշխարհի ամեն անկյունում, նրանց հետ էլ իրենց հիշողությունը, պատմությունն ու մշակույթը, որ մարդկային կամքի հնարավորության սահմաններում փորձեց պահպանվել, շարունակվել ու զարգանալ արդեն օտարության մեջ, գաղթավայրերում:

Զուտ հայկական թանգարաններն աշխարհում այնքան էլ շատ չեն, թերեւսՙ մի քանիսը: Դրանցից Ֆրանսիայի հայկական թանգարանըՙ Նուրհան Ֆրանգյանի կողմից 1953թ.-ին Փարիզում հիմնադրվածՙ Եվրոպայում միակը, արդեն քանի տարի փակման եզրին է:

1992 թվականին Դիտրոյթում Ալեք Մանուկյանի բարերարությամբ հիմնադրվեց Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանը, որը մաս է կազմում ամերիկահայ գործարար-բարերարի կողմից կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարիՙ հայ հոգեւոր ճարտարապետության ավանդական ձեւերի եւ ժամանակակից ոճերի լավագույն համադրությամբ հրաշալի կառույցի: Այն իրականացնելու համար ճարտարապետներ` ամերիկահայ Սուրեն Փիլաֆյանը եւ ֆրանսահայ Էդուար Ություճյանը գործուղվեցին Հայաստանՙ տեղում ազգային ճարտարապետությունն ուսումնասիրելու, եւ այդ ներշնչումով էլ կառուցվեց Ալեք Մանուկյանի համար կորսված հայրենիքը խորհրդանշող այս տաճարը: Նրան կից բարերարների անունը կրող թանգարանն ընդգրկում է Հայաստանից դուրս հայկական արվեստի ամենախոշոր հավաքածոն: Այդ հավաքածոյի ծանոթությունը եւ այս մասին պատկերացում կազմելը հնարավոր դարձրեց վերջերս լույս տեսած ստվարածավալ պատկերագիրքըՙ բարերարությամբ Ռիչարդ Մանուկյանի: Տպագրությունըՙ University Lithoprinters (Ան Արբոր, Միչիգան):

Լուիզ Մանուկյան Սիմոնի եւ Ռիչարդ Մանուկյանի կողմից գիրքը ձոնված է ծնողներին`

«Քանի որ նրանք ցանկանում էին` հայկական ժառանգությունը հիշվի ընդմիշտ եւ քանի որ նրանց երազն ուներ երկու չափումՙ Ամերիկայում պահպանել հայերի կողմից ու հայերի համար ստեղծված արվեստի գործերի մի հավաքածու, որն ընդմիշտ վկայություն լիներ մի ժողովրդի եւ որ իսկապես raison d՛e^tre-ն (գոյության իմաստ) է հանդիսանում Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի»:

Խմբագրության տնօրենը եւ առաջաբանի հեղինակն է Երվանդ Ազատյանը, գլխավոր համակարգողը` Լուսի Արտաշը, համակարգողըՙ Սիլվի Լ. Մերիանը: Հեղինակային բոլոր տեքստերը անգլերենով են, միայն առաջաբանը անգլերենից բացի ներկայացված է նաեւ հայերենով: Պատկերագիրքն ընդգրկում է թանգարանային նմուշների ավելի քան 200 գունավոր վերատպություն (լուսանկարիչՙ Ռոբերտ Հինսլեյ), բնականաբար` ոչ ամբողջությունը, որոնք առանձին խորագրերի ներքո, ըստ թանգարանի համապատասխան բաժինների, ներկայացնում են հավաքածոյի լավագույն մասը. որոշ արժեքավոր գործեր դուրս են մնացել: Թանգարանի վիրտուալ տարբերակի, նաեւ կայքէջի բացակայության պայմաններում հիշյալ պատկերագիրքը միակ հնարավորությունն է մեզ համարՙ հայկական արվեստի այս եզակի արժեքների հետ ծանոթանալու, նաեւ որոշ տեղեկություններ փոխանցելու առաջաբանի հեղինակի միջնորդությամբ: Թանգարանի շուրջ 400 քառ. մ տարածությունը զբաղեցնում են 8 առանձին բաժիններըՙ գեղանկարի, գորգերի եւ կարպետների, պաշտամունքի առարկաների եւ զգեստների, գործվածքեղենի եւ ձեռագործ աշխատանքի, տնային եւ անձնական իրերի, հնատիպ գրքերի, մանրանկարների եւ հնաոճ առարկաների, նաեւՙ ուսումնասիրությունների բաժինը եւ պահեստարանը: Թանգարանի հավաքածոն կազմում է ավելի քան 1500 առարկաներ. էքսպոզիցիան պարբերաբար փոփոխվում էՙ մշտապես ցուցադրության մեջ պահելով հավաքածոյի 1/3-ը: Թանգարանն ամեն տարի հազարավոր այցելուների եւ բազմաթիվ հետազոտող-մասնագետների է հյուրընկալում եւ բնականաբար մաս է կազմում ամերիկյան թանգարանային մշակույթի: Տարբեր առիթներով Մորգան մատենադարանին, Ուոլթըրզ, Քիմպըլ եւ Դիտրոյթի գեղարվեստի թանգարաններին ժամանակավոր ցուցադրության տրված մի շարք նմուշներ ավելի ընդլայնում են հայկական մշակույթի հետ օտարների շփման հնարավորությունները: Թանգարանային իրերի պահպանությունը ապահով վիճակում է. ամերիկյան լավագույն մասնագետները ժամանակին հոգ են տարել արդիական չափանիշերով պայմաններ ապահովելու համար (լուսավորություն, կայուն ջերմաստիճան, նորագույն տեխնոլոգիաներ եւ այլ):

Պատկերագրքում թանգարանի շենքային պատկերը բացակայում է, գիրքը «բացող» տաք-փայտագույն մեծադիր էջին թանգարանի մուտքի դուռն է պատկերվածՙ Գրիգոր Խանջյանի դիզայնով Հայաստանում քանդակազարդած եւ տեղափոխված Դիտրոյթ:

Թանգարանի բուն արժեքն ու հարստությունը, իհարկե, հավաքածոն է, որի հավաքչական աշխատանքները շենքի կառուցումից շուրջ 20 տարի առաջ էին դեռ սկսվել, ինչն առավել բարդացնում էր տարագրված հայ մշակույթի ՙ աշխարհասփռյուռ հանգամանքը: Առհասարակ այսպիսի հավաքածո ստեղծելու համար որքան էլ նյութական միջոցների բավարար գոյությանը, նշանակալիորեն կարեւորվում է հավաքածուորդի անհատական հատկանիշներըՙ ոչ միայն գեղագիտական ճաշակի առկայությունը, նաեւ մշակույթի պատմության իմացությունը, արվեստի գործերը գնահատելու ունակությունը, ընտրություն կատարելու վարպետությունը, որով ազգային մշակույթի արժեքները նաեւ համամարդկային նշանակություն պետք է ունենայինՙ իբրեւ օտարի մոտ հետաքրքրություն առաջացնելու մի նախապայման: Այս դժվարին եւ պատասխանատու գործը ստանձնեց Փառեն եպս. Ավետիքյանը, որն այդ շրջանում Սուրբ Հովհ. Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովիվն էր: 1996-ին նա տեղափոխվեց Հայաստան. նախ Շիրակի թեմի առաջնորդն էր, ապա Մայր աթոռ Սբ. Էջմիածնի գանձատան եւ թանգարանների պատասխանատուն: Հայաստանյան արվեստասեր շրջանակներին եւս նա հայտնի դարձրեց հմուտ հավաքածուորդի եւ արվեստի գործերի գիտակի իր նրբակիրթ ճաշակը: Դիտրոյթի հայկական թանգարանի կայացման համար Փառեն եպս. Ավետիքյանը իրապես մեծ ջանքեր եւ ժամանակ տրամադրեցՙ աշխարհի ամենատարբեր երկրներից` երբեմն անհավանական ճանապարհներով դուրս բերելու արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր: Հավաքչական նման աշխատանքները հաջողելու համար ոչ պակաս կարեւոր էին նրա մարդկային խառնվածքն ու նկարագիրըՙ հետեւողականությունը, նպատակայնությունը, նաեւ լայն կապերն ու հարաբերությունները հայ եւ օտար արվեստային շրջանակների հետ:

Առանձին անհատների, ընտանիքների, թանգարանների սեփականություն համարվող այդ նմուշները աշխարհի ամենատարբեր վայրերից գտնել, հայտնաբերել, ձեռք բերել, համակարգել, կազմակերպելով նաեւ դրանց տեղափոխման հարցերըՙ տարիների դժվարին աշխատանք էր պահանջում, ինչը նա իրականացրեց թանգարանային գործի խորագետի հնարամտությամբ ու նվիրումով: Հավաքչական գործի աշխարհագրական ծավալները պատկերացնելու համար բավական է նշել մի քանի օրինակ. թանգարանում պահվող 1666-ին տպագրված Ոսկան Երեւանցու Ավետարանի մեկ օրինակը ձեռք է բերվել Դաքքայից (Բանգլադեշ), մեկ այլ հնարժեք իրՙ Ավստրալիայից, բազմաթիվ ձեռագրեր ու գորգերՙ Արեւմտյան Հայաստանից: Նորադուզի 16-րդ դարին պատկանող խաչքարը Վազգեն Ա-ի նվերն է թանգարանին, նվիրատվություններ են արել նաեւ տարբեր տարիներին այստեղ կազմակերպված նկարչական ցուցահանդեսների մի շարք հեղինակներ:

Պատկառելի այս հրատարակությունը հայ ժողովրդի մշակութային պատմության մի վավերացում էՙ տարբեր դարաշրջանների, արվեստի տարբեր ճյուղերի, դրանց զարգացումների, ընկալումների եւ դրսեւորման ձեւերի բազմազանության. հիրավի` հայկական գանձերի մի ժառանգություն, վկայություն մի ժողովրդի: «Կը յուսանք,- գրում է Երվանդ Ազատյանը գրքի առաջաբանում, որ այս հատորը կը ծառայէ հայերուն համար աւելի լաւ հասկնալու եւ գնահատելու իրենց ժառանգութիւնը եւ ոչ հայերու համար ալՙ համայնապատկերը ընծայելու հայկական պատմութեան եւ ժառանգութեան» : Այս առումով շահեկան է պատկերագրքի յուրաքանչյուր բաժինը ներկայացնող մասնագիտական տեքստերի առկայությունը, որոնց հեղինակները հայեր, նաեւ օտարներ են (Սիլվի Լ. Մերիան, Էյմի Լանդաու, Վահրամ Թաթիկյան եւ Պիտեր Քաուի, Լեւոն Ա. Սարյան, Կարապետ Բալյան, Ալինա Այվազյան եւ Ֆելիքս Ի. Տեր-Մարտիրոսով, Էյմի Ս. Լանդաու եւ Թեո Մաարթեն վան Լինթ):

Արժե նաեւ մեջբերել Երվանդ Ազատյանի հետեւյալ հղումը Ուիլյամ Սարոյանին. ««Օ՛ն. քանդեցէք Հայաստանը, տեսէք թէ պիտի յաջողի՞ք, ղրկեցէք զանոնք անապատՙ առանց հացի եւ ջուրի, այրեցէք անոնց տուներն ու եկեղեցիները ու տեսէք թէ անոնք կրկին պիտի չծիծաղի՞ն, երգեն ու աղօթեն, որովհետեւ երբ անոնցմէ երկուքը հանդիպին աշխարհի վրայ որեւէ տեղ, տեսէք թէ նոր Հայաստան մը պիտի չստեղծե՞ն»:»

Ներածական տեքստի հեղինակըՙ Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի բաժնի պատվավոր պրոֆեսոր Թոմաս Մեթյուզը, չնայած համառոտ, բայց մասնագիտական խորությամբ եւ գեղարվեստորեն ներկայացնում է հայ մշակույթի այս հրաշալի գանձարանը, ուստի տեղին է խոսքը փոխանցել հարգարժան պրոֆեսորինՙ ստորեւ ներկայացնելով այդ ներածականը թարգմանաբար:

***

ԹՈՄԱՍ ՄԵԹՅՈՒԶ, Պատվավոր պրոֆեսոր Նյու Յորքի համալսարանի

Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի այս ընդգրկուն հրատարակությունը վերասահմանում է հայկական արվեստի միջազգային նշանակությունը: Սովոր լինելով ներկա Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին, ծվարած կովկասյան լեռների բարձր պատնեշների ետին, մեզ համար հուզիչ ու ոգեւորիչ է բացահայտել նրա պատմության վաղ շրջանի հայկական մշակույթի լայնածավալ, բազմատարր ու տիեզերական բնույթը:

Տիգրան Մեծի մետաղադրամները (մ.թ.ա. 1-ին դար) ներկայացնում են մի թագավորի, որն իր ուրույն, հպարտ տեղն էր զբաղեցնում Մերձավոր Արեւելքի Հելլենիստական միապետների շարքում: Մաքուր սափրված, իդեալիստական թագավորը պրոֆիլով է պատկերված, հայացքըՙ երկինքներին, ինչպես Մեծն Ալեքսանդրը, մինչ Հաղթանակի եւ Ճակատագրի դասական աստվածուհիները դրամի մյուս երեսին պար են բռնել ցնծագին:

Պատկերային լեզվով արտահայտված այս նկարագրությունը հասկանալի էր այդ ժամանակ Միջերկրականի բոլոր ժողովուրդներին: Մետաղադրամների վրա գրված է «Արքայից արքա», մի տիտղոս, որին Տիգրանը պայքարեց արժանի լինելու եւ արշավանքներ կազմակերպելով մինչեւ հարավում գտնվող Պաղեստին: Վաղ շրջանի Հայաստանը մաս էր կազմում գաղափարների եւ առեւտրի ավելի լայն Հելլենիստական աշխարհին:

Միջնադարյան քրիստոնեության միջազգային թատերաբեմում Հայաստանը բոլորովին այլ ձեւով է ներկայացված նկարազարդված ձեռագրերի հարուստ հավաքածոյում:

Դրանք հին ձեռագրերի ժողովածուներ են, այժմյան հատորների նմանությամբ, որոնք Եգիպտոսում զուտ քրիստոնեական գյուտարարություններ էին մեր թվարկության երկրորդ հարյուրամյակում: Մինչ այդ օգտագործվածները ծանրաքաշ մագաղաթների գալարներն էին: Նորամուծությունը առավել մատչելի դարձրեց դրանց, քանի որ էջերը կարելի էր թերթել: Տափակ, հարթ էջերը նաեւ ավելի հեշտ ու հստակ էին դարձնում զարդանախշերը: Դրանք կոչվում են «նկարազարդումներ», որովհետեւ գույները հրաշալիորեն են օգտագործված եւ պահպանում են իրենց պայծառությունը դարեր շարունակ:

Չորրորդ դարի վաղ շրջանում քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո հայերը հույներից եւ ասորիներից սովորեցին գրքեր նկարազարդելը:

Մանուկյան թանգարանը պարունակում է նման նկարազարդ ձեռագրերի ապշեցնող մի հավաքածո, որն իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում համաշխարհային նույնատիպ ձեռագրերի շարքում: Պատկերային այդ լեզուն արդեն հասկանալի էր Փարիզում եւ Կոնստանդնուպոլսում: Ներկայացված էին ներշնչված գրողների դիմանկարներ, Քրիստոսի կյանքից դրվագներ եւ առեղծվածային իմաստներով աբստրակտ զարդարանքներ:

Ի հակադրություն անմիջական հարեւանների ստեղծագործությունների, հայկական նկարազարդումների ավանդույթը պահպանեց իր բացարձակապես կրոնական բնույթը: Այս երեւույթը հատկապես ակնառու է Կիլիկյան թագավորության (1080-1375) ժամանակաշրջանում, երբ իրենց արեւելքում գտնվող մահմեդական ու հարավում գտնվող խաչակիր հարեւանները նախընտրում էին աշխարհիկ գրքերի նկարազարդումներըՙ ցույց տալու համար իրենց ռազմական հզորությունը եւ քաղաքական իշխանության պահանջատիրությունը:

Ի հակադրություն, հայկական մատյանները աշխարհիկ օգտագործման համար չեն, այլ ընծա են Աստծուն: Դրանց ավետարանական մակագրությունները մատնանշում են իրենց կրոնական նպատակներըՙ որպես ոսկյա կամ արծաթե մասունք պահպանվելու եկեղեցիներում կամ վանքերում: Դրանով է բացատրվում նաեւ, թե ինչու տպագրության ստեղծումից երկար ժամանակ անց, երբ գրքերի տպագրությունը շատ ավելի էժան էր, հայերը կառչած մնացին ձեռքով գրքեր նկարազարդելու իրենց ավանդույթին: Միայն բարձր արժեք ներկայացնող ստեղծագործություններն էին արժանի դատվում նկարազարդվելու, քանի որ դրանց պատրաստելը շատ թանկ արժեր:

Այս հատորները, որոնք հաճախ արծաթե եւ կիսաթանկարժեք քարերով էին պատված, ավանդաբար պահպանվում էին եկեղեցիների «գանձատներում» (հունարենՙ skeuophilakion) պատարագի ժամանակ օգտագործվող զգեստների ու անոթների հետ:

Մանուկյան թանգարանը այս վերջիններից կարեւոր նմուշներ է պարունակում: Դրանց հիշատակարանները վկայում են բարձրաստիճան նվիրատուների բարեպաշտությունն ու աղետների պարագայում պահպանելու անհրաժեշտությունը:

Հայկական կյանքի աշխարհիկ մասը առավել ճոխ ներկայացված է արդի ժամանակաշրջանի կտավներում, կերամիկական իրերում, զգեստներում եւ գործվածքներումՙ ցույց տալով հայկական արվեստի կոսմոպոլիտ բնույթը:

Սկսած 16-րդ դարից, Քյոթահիայի (Արեւմտյան Թուրքիա) հախճասալիկների արտադրությունը առեւտրական մեծ հաջողություն էր վայելում, հարեւան Իզնիկի առավել հայտնի արտադրության կողքին: Դրանց բաց կապույտ եւ սպիտակ նախշերով էին պատված եկեղեցիների, մզկիթների եւ պալատների ինտերիերները Կոնստանդնուպոլսից սկսած մինչեւ Երուսաղեմ: Միջազգային առեւտրական ցանցերով հայերը նախշեր էին բերել տալիս նույնիսկ Ճապոնիայի նման հեռավոր վայրերից:

Պատկերակալային կտավների անցումը ներկայացնում է հասարակության մի այլ մակարդակ, որը ձեւավորեց հայերի ճաշակը 19-րդ դարի եվրոպական նկարչության ռոմանտիկական տեսլականի հանդեպ: Հայերը հաճախ սկսեցին ուսում ստանալու համար մեկնել օտար երկրներ: Հայ նկարիչները հատկապես մեկնեցին ուսանելու Կոնստանդնուպոլսի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի եւ Հռոմի ակադեմիաներում:

Մանածագործվածքներն ու կտորեղենը հայոց պատմության ամենաանձնական եւ ամենապերճաշուք մասունքներն են եւ Մանուկյան թանգարանը արժանի է հատուկ գովասանքի այն բանի համար, որ դրանք հավուր պատշաճի ուշադրության եւ խնամքի են արժանացել: Դրանք ցուցադրված են աշխարհագրական վայրերի եւ պատմական տվյալների անհրաժեշտ տեղեկություններով: Դրանց կտորների նրբությունը, նախշերի հնարամիտ լուծումներն ու անթիվ-անհամար տարբերակները խիստ բարձրարժեք են նույնիսկ գյուղական վայրերի արտադրության իրենց մակարդակով: Այս արվեստի ուսումնասիրությունը դեռեւս սկզբնական շրջանում է գտնվում, բայց որոշակի կենտրոնների հատուկ փորձառությունը սկսում է թափ ստանալ:

Հրատարակելով այս խնամքով պատրաստված կատալոգըՙ Մանուկյան թանգարանը խոստանում է լինել ոչ միայն ցուցասրահ, այլեւ հայ արվեստի երկար ավանդույթների գիտական ուսումնասիրությունների լուրջ կենտրոն:

Թարգմ.ՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ