«ՀԱՅԱՍՏԱՆ. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՄՆԵՐ» ԶՈՀՐԱԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու 2012 թվականը նշանակալից էր Հայոց պատմության համար. ամբողջ աշխարհում հայությունը տոնում էր հայերեն գրահրատարակչության 500-ամյակը: Յոհան Գուտենբերգի կողմից եվրոպական տպագիր առաջին գրքի հրատարակումից ընդամենը 67 տարի անց, Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո արտագաղթը Հայկական լեռնաշխարհից եւ Կիլիկիայից ահագնացավ: Սկսվեց մղձավանջի մի քանի հարյուրամյակ, որը ծանր հարված հասցրեց հայոց` քաղաքական եւ մշակութային կյանքի զարգացման ընթացքին: Այդ ժամանակամիջոցում հայության մշակութային զարկերակը կենտրոնացավ աշխարհում սփռված հայկական գաղթօջախներում: Վենետիկն այդ գաղթօջախներից առավել ազդեցիկներից էր, որը մինչ այսօր էլ հայկական մշակույթի ժառանգության կարեւորագույն կենտրոններից է: 2012 թվականին Երեւանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Կազմակերպվեցին զանազան միջոցառումներՙ նվիրված գրահրատարակչության 500-ամյակին: Անշուշտ, Սփյուռքում այդ մեծ իրադարձության կենտրոնը պետք է դառնար Վենետիկը: 2011 թ. դեկտեմբերի 14-ից մինչեւ 2012 թ. ապրիլի 10-ը Վենետիկում անցկացվեց հայ գրահրատարակչության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարք: Բացվեց «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի եւ Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ եւ այլն: Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո: Կազմակերպիչների թվում էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Իտալիայում ՀՀ դեսպանատունը, Վենետիկի «Կորրեր» թանգարանը, Ազգային հնագիտական թանգարանը, ինչպես եւ «Մարչանա» ազգային գրադարանը: Վերոնշյալ ձեռնարկումների հանրագումարային արդյունքը եղավ նույն` «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով, երեք լեզուներով` անգլերեն, իտալերեն եւ ֆրանսերեն հրատարակված հոդվածների եւ նյութերի ժողովածուն: Ժողովածուի գլխավոր խմբագիրներն են Իտալիայում բնակվող հանրահայտ գիտնականներ Հ. Լեւոն Զեքիյանը, Գաբրիելա Ուլուհոջյանը, ինչպես նաեւ Վարդան Կարապետյանը: Իհարկե, նման հնչեղ իրադարձությունը դեպի Վենետիկ ձգեց Հայաստանում եւ աշխարհի տարբեր ծագերում իրենց բեղուն գործունեությունը ծավալող հայ եւ օտարազգի հայագետների, որոնց հեղինակած նյութերով էլ մեծ մասամբ կազմվեց սույն աշխատությունը: Հարկ է նկատել, որ թեեւ ժողովածուի նպատակը խիստ գիտական հետազոտությունների ներառումը չի եղել, սակայն, այնուամենայնիվ, դրանում տեղ գտած հոդվածները ընդհանուր, գունեղ ու բազմակողմանի ճանաչողական նշանակությունից զատ, ունեն նաեւ որոշակի գիտական խորություն: Ժողովածուում հրատարակված աշխատությունները բաժանված են ըստ թեմաների, որոնք վերաբերում են հայոց պատմության տարաբնույթ խնդիրներին եւ ժամանակագրական առումով ընդգրկում են վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Բոլոր հոդվածերն այս կամ այն չափով իրենց մեջ պարունակում են բազմակողմանի, հարուստ նյութեր եւ ըստ թեմաների դրանց տարանջատումը կրում է զուտ պայմանական բնույթ: Առաջին բաժինը ներկայացված է «Ուղիներ պատմության եւ մարդկության միջեւ» վերնագրի տակ, որտեղ ներառված են Հ. Լեւոն Զեքիյանի «Քարի կերպարից դեպի մատյանի իմաստություն. նշանների հավիտենական Ոդիսականը», Գաբրիելա Ուլուհոջյանի «Բանավոր եւ գրավոր լեզու» եւ Մարկո Բաիսի «Ընդհանուր ակնարկ Հայոց գրական մշակույթի մասին» հոդվածները: Ժողովածուում նախատեսված սեղմ ծավալի պայմաններում մեծավաստակ հայագետ Հ. Լեւոն Զեքիյանն ընդամենը 14 էջի սահմաններում կարողացել է ներկայացնել ողջ հայոց պատմության բովանդակալից ուրվագիծը` շաղախելով այն տարատեսակ հարուստ նյութերով: Քաղաքական եւ մշակութային պատմության շարադրանքին զուգընթաց, հեղինակը դիպուկ շեշտադրումներով երեւան է հանել հայկական իրականության մեջ գիտակցական-մտավոր զարգացման ընթացքի տրամաբանության ընդհանուր առանցքը: Գաբրիելա Ուլուհոջյանն արժեւորել է պատմության տարբեր ժամանակափուլերում բանավոր եւ գրավոր խոսքը հայոց ինքնագիտակցության կերտման մեջ: Հեղինակը հատուկ կանգ է առել պատմա-լեզվաբանական մի կարեւորագույն հիմնախնդրի վրա, այն է` հայերենի դերը եւ կշիռը որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին լեզվախումբ ներկայացնող լեզու` արծարծելով 18-20-րդ դդ. հայկական եւ համաշխարհային գիտական շրջանակներում նշյալ խնդրի շուրջ տարածված հիմնական տեսակետները: Իտալացի պատմաբան Մարկո Բաիսը մի քանի էջի սահմաներում կարողացել է ներկայացնել եւ արժեւորել հայերեն գրական հուշարձանների մի ամբողջ ծաղկաբույլ` ընդգրկելով հայերեն այբուբենի ստեղծումից մինչեւ 20-րդ դ. հայ գրականության մեծագույն երկերը: Հեղինակը հատուկ քննության է ենթարկել թարգմանական արվեստի դերը հայ գրականության զարգացման ընթացքում եւ այլ խնդիրներ: Ժողովածուի «Քար եւ երկրաչափություններ» խորագրի տակ ճարտարապետ Մուրադ Հասրաթյանի «Հայկական ճարտարապետություն» եւ հնագետ Համլետ Պետրոսյանի «Միջնադարյան հայկական քանդակագործությունը եւ խաչքարերը» ուսումնասիրություններում հեղինակները գունեղ կերպով ներկայացրել են հայկական ճարտարապետության յուրահատկությունը, որը հազարամյակների ընթացքում ուրույն կամուրջ է եղել Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների միջեւ: Ինչպես գիրը, ճարտարապետությունը եւս խոսքի, հոգեվիճակի արտահայտման դրսեւորում է, որի միջոցով էլ պատմության ընթացքում մշակույթները կերտել են իրենց նույնականացման բաղադրիչները: «Գրքի արվեստը», «Միտք եւ գիտելիք» եւ «Սրբազան երգ» վերնագրերի տակ զետեղված են տարաբնույթ աշխատություններ, որոնք ընդհանուր կերպով ներկայացնում են հայ իրականության փիլիսոփայական մտքի, կրոնի ու դավանանքի հանդեպ ազգային-հոգեբանական ներքին վերաբերմունքի, մարդկային ու ազգային արժեհամակարգային չափանիշների եւ դրանք որպես պատմական ժառանգություն սերունդներին փոխանցելու հազարամյակների մշակույթը: Տիգրան Գույումջյանի «Հայ միջնադարյան լուսավորությունը» ծավալուն հոդվածում մանրանկարչության եւ գրքի կազմման արվեստի այլ ուղղությունների օրինակով ներկայացված են հայ միջնադարյան արվեստի զարգացման ընդհանուր միտումները: Լինելով միջնադարյան հայերեն գրքի անբաժանելի բաղկացուցիչՙ մանրանկարը հայոց կողմից գրքի եւ կրթության արժեւորման ուրույն արտահայտությունն է: Ուշագրավ է, որ վերոնշյալ երեք խորագրերի տակ ներառված են մեծ մասամբ օտարազգի եւ մի քանի սփյուռքահայ գիտնականների աշխատություններ` Ջուստո Տրաինայի «Հայկական պատմագրությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», Կլաուդիո Գուջերոտտիի «Գրական մշակույթ եւ ինքնություն», Վալենտինա Կալցոլարիի «Հայոց եկեղեցու առաքելական ծագումն ըստ պարականոն գրականության. Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալներ», Աննա Շիրինյանի «Հայաստանի գիտական միքտը», Բենեդետտա Կոնտինի «Դավիթ Անհաղթը եւ հայ փիլիսոփայական միտքը», Ռիկարդո Պանեի «Հայրաբանություն եւ Սուրբ Գրքի մեկնաբանություններ», Կլոդ Մութաֆյանի «Հայկական Կիլիկիան եւ նրա մշակութային ժառանգությունը», Թեո Մարտեն վան Լինթի «Խորհրդանշական միտքը Հայոց պատմության մեջ» եւ Արամ Քերովբյանի «Հիշողությունը եւ գիրը Հայոց եկեղեցական երաժշտության մեջ. Շարականները բանավոր եւ գրավոր ավանդության մեջ»: Հոդվածների վերնագրերն իսկ արդեն հուշում են, թե որքան բազմաբնույթ, գիտական մեծ հետաքրքրություն պարունակող խնդիրներ են արծարծված դրանցում: Հայ գաղթաշխարհի եւ Սփյուռքի պատմությունը ժողովածուում ներկայանալի է դարձել շնորհիվ Վլադիմիր Բարխուդարյանի «Հայկական գաղթօջախները», Մարիա Ադելաիդա Լալա Կոմնենոյի «Հայերն Իտալիայում» եւ Սեպուհ Ասլանյանի «Հայկական գաղթօջախների մշակութային ծաղկումը Հնդկաստանում ու Հնդկական օվկիանոսի շրջակայքում եւ նրանց հասարակական-քաղաքական մտքի զարգացումը 18-րդ դարում» բովանդակալից աշխատությունների: Վ. Բարխուդարյանն ընթերցողի առաջ է դրել հայ գաղթավայրերի պատմության համառոտ, սակայն արժեքավոր բովանդակություն ու շեշտադրումներ պարունակող ուսումնասիրություն: Նախ եւ առաջ պատմագիտության մեջ գաղթօջախ երեւույթը սահմանելուց ու հստակեցնելուց հետո հեղինակը բաժին առ բաժին պատկերել է Ուշ միջնադարում եւ Նոր շրջանում աշխարհով մեկ սփռված հայ գաղթավայրերի գրեթե ողջ գունապնակը` ընդգրկելով Սիրիայի ու Միջագետքի, Կոստանդնուպոլսի եւ Զմյուռնիայի, Իրանի, Հնդկաստանի, Աֆրիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի հայ գաղթօջախները: «Հայերն Իտալիայում» հոդվածում Մարիա Ադելաիդա Լալա Կոմնենոն ընդգրկել է Իտալիայում հայկական ներկայության պատմությունըՙ սկսած Անտիկ շրջանից մինչեւ Նոր ժամանակաշրջանները: Հեղինակն անդրադարձել է Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության, ինչպես նաեւ արդեն զարգացած եւ ուշ միջնադարում իտալական հանրապետություններում ու բազմաթիվ քաղաքներում հայության թողած պատմական ժառանգությանը: Հոդվածում արժեւորվել են հայ-իտալական պատմական-մշակութային կապերը, դրանցում Մխիթարյան միաբանության ունեցած դերակատարությունը եւ այլն: Սեպուհ Ասլանյանն անդրադարձ է կատարել հայկական գաղթավայրերից ամենանշանավորներից մեկին` հնդկահայ գաղութին: Հեղինակը բազմակողմանիորեն ներկայացրել է հնդկահայերի հասարակական-քաղաքական, մշակութային, ինչպես նաեւ տնտեսական կյանքի հիմնական բնութագիրը, հայոց պատմության մեջ հնդկահայ իրականության թողած անգնահատելի ժառանգությանը: «Վենետիկը եւ հայերը» խորագրի տակ տեղ գտած հոդվածները ընթերցողին աստիճանաբար մոտեցնում եւ ծանոթացնում են այն իրականությանը, որտեղ սկիզբ է առել հայ գրահրատարակչությանը: Վարդան Կարապետյանի «Հայերը եւ Վենետիկը» աշխատությունը լուսաբանում է հայ-վենետիկյան պատմական կապերըՙ սկսելով վաղ միջնադարից, ապա Կիլիկիայի հայկական պետության շրջանը, հասնելով մինչեւ Վենետիկյան հանրապետության անկումը (1797 թ.) եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը 19-րդ դարում: Հատկապես ուշագրավ են Վենետիկյան հանրապետության եւ Կիլիկիայի հայկական պետության բազմակողմանի սերտ հարաբերությունների արծարծումը, որտեղ տեղ են գտել ինչպես քաղաքական ու մշակութային, այնպես էլ տնտեսական բարձր մակարդակի, երկարատեւ շփումները: «Եղեգնյա գրչից դեպի շարժուն տառերը» վերնագիրը կրող բաժնում Ալեսանդրո Օրենգոն «Հայկական տպագրությունը 16-17-րդ դդ.», Ռայմոնդ Հ. Գեւորգյանը «Հայկական տպագրությունն ու հրատարակչությունը» եւ Ալդո Ֆեռարին «Հայ մշակութային վերածննդի վայրերը 17-18-րդ դդ.» հոդվածներում, նկարագրելով գրահրատարակչության սկզբնավորմանը նախորդող եւ հետեւող ծանրագույն ժամանակաշրջանը, հեղինակներն արժեւորում են հայ իրականության մեջ գրքի հանդեպ անսահման նվիրվածությունը, ինչը դրսեւորվեց հենց գրահրատարակչության սկզբնավորմամբ, դրանով իսկ ցույց տալով քաղաքակրթական զարգացման իրական բանաձեւի բարձր գիտակցումը, որը կրում էին այդ մեծ գործի նախաձեռնող ու իրականացնող հայ նվիրյալները: «Սեւանից դեպի վենետիկյան ծովածոց» բաժինն ամբողջովին նվիրված է Մխիթարյան միաբանությանը: Պայքար Սվազլյանի «Մխիթարյան միաբանությունը. Ակնարկներ նրանց պատմության եւ գործունեության մասին», Պաոլո Լուկկայի «Աբբահայր Մխիթարի կրոնական եւ մարդասիրական ներշնչանքը եւ նրա դպրոցը» եւ Սոնա Հարությունյանի «Ավանդույթներն ըստ Մխիթարյանների» աշխատությունները եւս մեկ անգամ մեծ գնահատանքի են արժանացնում Մխիթարյան միաբանության ծանրակշիռ դերակատարությունը, որ այն ունեցավ իր հաստատումից անմիջապես սկսած եւ շարունակում է իրականացնել առ այսօր: Հեղինակներն անդրադարձել են միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն, ինչպես նաեւ նրան հաջորդած հանճարների գիտական ու մշակութային գործունեությանը, որոնք հայագիտությունը բերեցին որակական բոլորովին նոր հարթության վրա: Ինչպես Հայոց այբուբենը 5-րդ դարում հայ մարդուն նվիրեց իր ազգային եւ անհատական ինքնագիտակցության սիրտը, հայ գրահրատարակչությունը, որպես այդ ընթացքի շարունակություն, աննախադեպ, հզոր ազդակ դարձավ այդ այբուբենը հայությանն առավել մատչելի դարձնելու գործում: Հենց գրահրատարակչությունից կրկին հառնած գիտակցության ուժն էր, որը, կարծես մի ռումբ հետագա դարերի ընթացքում շղթայական ազդեցություն ունեցավ հայ մշակույթի զարգացման վրա: Ի վերջո, այդ զարգացման տրամաբանական արդյունքը եղավ 19-20-րդ դարերի ընթացքում հայ մշակույթի աննախադեպ վերելքը: Շահեն Խաչատրյանի «Հայ արվեստը 19-20-րդ դդ.», Ալեքսանդր Սիրանոսյանի «Կոմիտաս. ավանդույթ եւ բազմահնչություն», «Հայ երաժշտության Ոսկե դարը» եւ Արծվի Բախչինյանի «Հայկական թատրոնը եւ կինոն» աշխատանքներում հատուկ շեշտադրումներով պատկերվում են նոր եւ նորագույն շրջաններում հայ մշակութի զարգացման նախադրյալները եւ միտումները: Արվեստի տարբեր ճյուղերի, հատկապես երաժշտության, թատրոնի, ինչպես նաեւ 20-րդ դարում ժամանակակից արվեստի արտահայտիչ կինոյի զարգացման ընթացքը վեր է հանում համաշխարհային մշակութային զարգացումներում ներգրավվելու հայության գիտակցված ձգտումը, ինչը փայլուն դրսեւորվում է նույնիսկ Հայոց պատմության 19-20-րդ դդ. ծանրագույն, օրհասական պահերին: Ժողովածուն եզրափակվում է Հ. Լեւոն Զեքիյանի գեղեցիկ վերջաբանով, որտեղ կրկին ներկայացվում է դարերի ընթացքում գրքի խորն արժեւորումը հայ մարդու կողմից: Անկասկած, այս եռալեզու շքեղ հրատարակությունը հայ գրահրատարակչության 500-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումների կարեւորագույն ձեռբերումներից է: Բովանդակալից ուսումնասիրությունները պարզապես հագեցած են բարձրորակ նկարներով, որոնք էլ ավելի պատկերավոր են դարձնում ժողովածուն: Գիրքն ընդամենը աչքի անցկացնելուց հետո նույնիսկ, անմիջապես աչքի է զարնում ոչ միայն հոդվածների հեղինակների, այլ նաեւ խմբագիրների, թարգմանիչների, ձեւավորողների եւ հրատարակչության մեջ ներգրավված տարբեր մասնագետների որակյալ աշխատանքը, ինչը վստահաբար թույլ է տալիս հաստատել, որ այս գեղեցիկ հրատարակությունն արժանի է հայ եւ համաշխարհային հանրությանն ներկայացնել հայ գրահրատարակչության 500-ամյակի հանրագումարը: |