ԵՐԿՈՒ ՕՊԵՐԱՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Երկաթյա վարագույրի հանկարծական եւ վերջնական անհետացումով նրա հետեւում թակարդված միլիոնավոր մարդկանց դիմաց միանգամից բացվեց աշխարհի մնացյալ մասը: Արեւմտյան մշակույթի եւ սովորույթների ջրհեղեղը ողողեց նախկին խորհրդային հանրապետությունները: Հայաստանը, որ նրանցից մեկն էր, անպաշտպան գտնվեց սովորույթների այդ տարափի դիմաց: Եվրոպական եւ արեւմտյան արժեքների ծարավի հայ ժողովուրդն անմիջապես կլանեց վատթարագույնըՙ ներառյալ ուղեղների լվացմամբ զբաղվող կրոնական աղանդները: Արտասահմանյան ճամփորդությունների մեկնող օլիգարխները, նրանց զավակներն ու ընտանիքները շատ արագ հմտացան շքեղ ինքնաշարժեր վարելու, նորաձեւությունների հաստատություններ հաճախելու, շռայլ զբոսավայրերում իրենց փողերը մսխելու մեջ: Ապացուցվեց, այնուամենայնիվ, որ Արեւմուտքի արվեստի եւ գրականության գեղեցիկ կողմերն ավելի դժվարամարս են: Մշակութային հակադիր ուղղությունների խաչաձեւումը շատերին, նույնիսկ որոշ արհեստավարժների, մատնեց շփոթության: Խորհրդային փառքի պանծալի օրերին հայր Ստալինը հայտարարություն էր արել, թե Խորհրդային Միության ողջ տարածքում կա այն ամենը, ինչի կարիքն ունի ժողովուրդը, եւ ինչ որ ունեն Խորհուրդները, աշխարհի լավագույնն է: Սակայն Խորհրդային կայսրության անկումով մարդիկ անդրադարձան, որ ամեն ինչ չունեին, եւ ինչ որ կար, բոլորովին էլ աշխարհի լավագույնը չէր: Քանի որ սովորություններն ու հնից կառչած-մնացած համոզումները դանդաղ են մահանում, շատերը, նույնիսկ շատ արհեստավարժներ, դժվարանում էին հարցականի տակ դնել վաղուց արմատացած իրենց համոզումները: Այս հակասությունները երեւան եկան նաեւ վերջին օրերին, երբ ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանն ասպարեզ հանեց հայկական «Անուշ» օպերայի իր մեկնաբանությունը: Արվեստի հարգարժան գործիչների եւ կատարողների մի խումբ բաց նամակ ուղղեց նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա արգելի ներկայացմանՙ մայիս ամսին Ֆրանսիա «արտահանումը»ՙ «փրկելու համար Հայաստանի պատիվը» եւ չվարկաբեկելու համար գործի հեղինակ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի եւ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի ժառանգությունը: Սա հիշեցնում է մեզ խորհրդային այն ժամանակաշրջանը, երբ Գուրգեն Մահարիի կամ Վարդգես Պետրոսյանի գրքերը այրում էին հերետիկոսին արժանի կրակի բոցերում, որովհետեւ նրանք չէին ենթարկվում պալատական քննադատների որոշ ազդեցիկ ղեկավարների, եւ այսպես կոչված ազգայնական շրջանակների գաղափարական «զսպաշապիկներին»: Բաց նամակին հաջորդեց մի ուրիշ հոդվածՙ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ստորագրությամբ. հոդվածագիրը հայտնի երգիչ է եւ քննադատության է ենթարկում Ս. Ավետիքյանի ցուցադրած «Անուշ»-ի սեքսուալ մոտեցումը: 100 րոպե տեւողությամբ ներկայացման ավարտին հանդիսատեսների մի մասը ծափահարել է, իսկ մյուս մասն անարգական խոսքեր է շպրտել բեմադրիչի հասցեին. անարգանքի ամենից բուռն խոսքը հղել է դիրիժոր Արա Պետրոսյանըՙ սույն օպերայի Սարոյի դերերգի հետ տասնամյակներ առնչված հրաշալի երգիչ Ավագ Պետրոսյանի որդին: Արա Պետրոսյանն օրեր անց քննադատական հոդված է հրապարակել «Ազգ» օրաթերթում: «Ազգ»-ում հանդես եկավ նաեւ կինոգետ Արծվի Բախչինյանը, որն ընդունելով հանդերձ ներկայացման թերություններըՙ դատապարտում էր ներկայացումն արգելելու արվեստագետների կոչը: Պոպուլյար մի դերասանՙ Սերգեյ Դանիելյանը, հակադրվել էՙ ասելով, թե 21-րդ դարում ինչո՞ւ Անուշն անպայման պետք է հագնի տրեխներ, եւ նրա վրայից ինչո՞ւ պիտի գոմաղբի հոտ առնեն: «Անուշ»-ի այս նոր տարբերակն առաջացրեց հակամարտություն, որը հակադրեց, այսպես ասած, ավանդապահներին եւ առաջադիմականներին. երկուսն էլ տակավին բռնված են խորհրդային նախապաշարմունքների ոստայններում: Երկու կողմերի դատողությունն էլ սահմանափակված է գիտելիքների նեղությամբ եւ դեռեւս հարատեւող այն համոզմամբ, թե արվեստի յուրաքանչյուր ծրագիր Հայաստանում ունի սեփականատիրոջ մենաշնորհի վկայական: Ավելի պարզ ասենքՙ «Մենք ենք, որ գիտենք ճշմարիտ ձեւը, եւ հարկ է, որ սփյուռքահայերը մեզնից սովորեն»: Այս մտածելակերպի ապացույցն այն փաստն է, որ բանավեճի ողջ ընթացքում ոչ մի ակնարկ չի եղել 1981-ին եւ 2001-ին Դիտրոյթի (ԱՄՆ) Օպերայի թատրոնի ներկայացրած «Անուշ»-ի ցնցող հաջողությունների մասին: Ոչ միայն ամերիկյան մամուլն է բարձր գնահատել օպերան, այլեւ քննադատները ներկայացումը համարել են «Թատերաշրջանի լավագույն ներկայացում»ՙ համեմատած նույն շրջանի «Տոսկա»-ի եւ «Կարմեն»-ի հետ: New York Times օրաթերթը հոդվածը վերնագրել է այսպեսՙ «ԱՆՈՒՇ: ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՊԵՐԱ»: 1981-ին առաջին անգամ էր «Անուշ»-ը բարձրանում արեւմտյան աշխարհի պրոֆեսիոնալ բեմ: Երբ 20 տարի անցՙ 2001-ին, Դիտրոյթի օպերան վերստին ներկայացրեց այն, Լոնդոնի «Օպերա» միջազգային ամսաթերթի քննադատն ավարտեց իր հոդվածը հետեւյալ տողերով.«Հուսով ենք, որ եւս 20 տարի չենք սպասի «Անուշ»-ը կրկին վայելելու համար»: Մի՞թե սա Արմեն Տիգրանյանի եւ Հովհաննես Թումանյանի լավագույն գնահատականը չէ: Նմանօրինակ վեճ հարուցեց հայկական առաջին օպերայիՙ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի բեմադրությունը Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնի ներկայացմամբ (2001): Հայաստանից արտագաղթած, ծխական արժեքների տեր որոշ նախկին երգիչներ եւ երաժիշտներ փորձեցին նույնիսկ դատ բացել Օպերայի տնօրենի դեմ, որովհետեւ Օպերայի գեղարվեստական խորհուրդը որոշել էր ներկայացնել Չուխաճյանի բնօրինակըՙ փոխանակ ստալինյան ժամանակաշրջանի աղավաղված տարբերակի, սակայն իրականում բողոքում էին, որովհետեւ դերաբաշխման մեջ իրենք նկատի չէին առնվել: Ի վնաս հայությանՙ դրա արդյունքում Օպերայի ղեկավարությունը որոշեց հայկական որեւէ այլ օպերա չծրագրել. մի որոշում, որ մոտ ապագայում դժվար թե փոփոխության ենթարկվի: Ճակատամարտի սահմաններն այժմ հաստատված են, եւ հակառակորդ կողմերըՙ վճռականորեն տրամադրված միմյանց դեմ: Որքան էլ սեղմացուցիչ էին խորհրդային շրջանիՙ լոկ պետական արտոնությամբ գործող մշակութային սահմաններն ու սահմանափակումները, նույնքան անփառունակ է Արեւմուտքի «միայն մենք գիտենք, թե մշակույթն ինչ է» կեցվածքը, որ զգետնում է եվրոպական չափանիշներից դուրս մնացյալ ամեն ինչ: Անարդար կլիներ հեռվից, առանց տեսած լինելուՙ կարծիք հայտնել Ավետիքյանի նոր ներկայացման մասին: Ավետիքյան արվեստագետի (որ, անտարակույս, մեծ հարգանք է վայելում ֆրանսիական ֆիլմաշխարհի մեջ որպես դերասան եւ կինոռեժիսոր) երաժշտական, ինչպես նաեւ Թումանյանի ժառանգության վերաբերյալ գիտելիքները, ըստ երեւույթին, սահմանափակ են: Հայրենի բողոքողների խմբի նամակից այն տպավորությունն ենք ստանում, որ Ավետիքյանը կեղծարարի դարմանումներ է փորձել «վաճառել» Հայաստանի հանդիսատեսինՙ օգտագործելով ֆրանսիական մշակութային ասպարեզում կինոռեժիսորի իր վայելած համբավը: Արդյունքն ինչ էլ լինի, արվեստասերների միջեւ այս բոլորը կարելի է համարել առողջ բանավեճ: Սակայն երբ միմյանց քննադատում են, չէր խանգարի փոքր-ինչ շրջահայացությունը: Բնականաբար, խիստ օգտակար կլիներ նաեւ հարցի հետ կապ ունեցող բոլոր տվյալների լիարժեք տիրապետումը: Հայաստանը քաղաքակրթված բանավեճի կարիք ունի, հատկապես արվեստի եւ գրականության մարզերում: Հեղափոխությունը չի օգնի, բայց եղափոխությունը (evolution) անհրաժեշտ է: Դիտրոյթ, ԱՄՆ |