«ՄԻ ԲԱՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԵՑԻՙ ՄԱՀԸ ՈՉԻՆՉ Է» Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Գերմանիա Ասում է Իզոլդայի դերակատար Հասմիկ Պապյանը Արտաքուստ հավասարակշիռ գերմանացիներին, թվում է, ոչինչ այնքան տաքարյուն չի կարող դարձնել, որքան Ռիխարդ Վագների մասին, նրա շուրջ, նրա երաժշտության հանդեպ դիմացինի հայտնած կարծիքն ու վերաբերմունքը: Վագներն ու Գյոթեն գերմաներեն լեզվի սյուներն են, շնչառությունը, շեշտը: Մայրենի լեզվի հանդեպ բնական սիրուց ծնվում է պաշտամունքային սերը Վագների երաժշտության հանդեպ, որ իր փայլուն ձեւակերպմամբՙ լեզվի շունչն է: Եթե առցանց, վիրտուալ կյանքը շատերին հետ է պահում 5 ժամ գամված վագներյան ներկայացում դիտելու ընտրությունից, ապա ուրիշներ նրա Բայրոյթյան ամենամյա փառատոնին սպասում են տենդագին, իսկ նրա լայպցիգյան ծննդավայրում Վագներն իր շուրջ է համախմբում նաեւ բարձր մշակույթի ու ենթամշակույթի ներկայացուցիչներին: Նրա հանճարի հանդեպ նույնիսկ հրեա երաժիշտ երկրպագուների թիվն է նկատելիորեն աճում: Գերմանացի մեծ կոմպոզիտորի 200- ամյակի շրջանակներում մայիսի 11- ին գերմանական Մագդեբուրգում, որի թատրոնի դիրիժորն էր Վագները 1834- ին, 70- ամյա սպասումից հետո իրականացավ նրա «Տրիստան եւ Իզոլդա»- յի հետ հանդիպումը: «Աշխարհի մեծ թատրոններում հյուրախաղերով հանդես եկած հայ սոպրանո Հասմիկ Պապյանը այս ներկայացման ամենապայծառ փայլատակող լուսատուներից մեկը եղավ», գրում է տեղական «Ֆոլքսշթիմե» թերթըՙ հատկապես ընդգծելով «երգչուհու ձայնային եւ խաղարկային հուժկու արտահայտչականությունը, սիրո եւ մահվան սահմանները զգացմունքայնորեն վավերական արտացոլելով հանդերձ պաթոսի մեջ չհայտնվելու փորձառությունը»:
- Հասմիկ, նոյեմբերից տքնաջան աշխատում էիք Իզոլդայի կերպարի վրա, որի առաջնախաղը եղավ մայիսի 11- ին Մագդեբուրգի թատրոնում: Սա Ձեր վաղեմի երազանքն էր: - Մեկ տարի դրանով էի զբաղված, իսկ նոյեմբերից ավելի ինտենսիվ էի աշխատում: Երբ սկսեցի երգել եւ հասկացա, որ կարող եմ այս կամ այն դերերգը, հատկապես Նորման, Աիդան, Տոսկան հաղթահարել, հաջորդ մեծ քայլը, որ աներեւակայելի էր ինձ համար, Իզոլդան էր, Վագների երաժշտությունը: Այդ տիեզերքն ինձ միշտ հետաքրքրել է, բայց չէի պատկերացնում, թե կարող եմ իրականացնել: Հիմա էլ երազ էՙ լինելով հայ, մնալով հայ, երգել իրենց ամենապահանջկոտ երաժշտությունը: Մեծ մարտահրավեր էր: Ինչ- որ տեղ անձնական խնդիր էր, իմ առջեւ դրված մի ծրագիր էր այս պահին, այս տարիքում, ստեղծագործական այս աստիճանին, եւ շատ ուրախ եմ դրա համար: - Եվ յուրատեսակ նվեր դարձավ Վագների 200- ամյակին: Այս տարի Գերմանիայում ուրիշ տեսակ ուշադրություն կաՙ շատերի համար պաշտելի այս հսկայի հանդեպ: Դուք տարիներ շարունակ լավագույնս մեկնաբանել եք այս տարվա օպերային մեկ ուրիշ 200- ամյա հոբելյարիՙ Վերդիի կերպարները, մեծ տարբերություն կա՞ հայ մնալով կերպավորել երկու այս աշխարհները: - Նախ ասեմ, որ 200-ամյակը համընկավ, պարզապես գեղեցիկ զուգադիպություն էր: Վերդիի եւ Վագների միջեւ տարբերությունն իհարկե լեզուն է, ամեն ինչ պայմանավորված է լեզվի փիլիսոփայությամբ: Վերդիի լեզունՙմեղեդայնությունը, մեզ ավելի հարազատ է, Վագներըՙ համամարդկային, տիեզերական, անհամեմատելի, անփոխարինելի, եզրեր չունեցող է: Այդ երաժշտությունն ինձ վեր հանեց առօրյա հոգսերից, մարդկային փոքրոգություններից, անհամեմատելի, անգերազանցելի ինչ- որ բան է: - Վագները «Տրիստան եւ Իզոլդայի» թե՛ լիբրետտոյի, թե՛ երաժշտության հեղինակն է, նշանակում է ամբողջովին իր հետ լինել: Դաժան չէ՞րՙ կյանքի այսօրվա ռիթմերից կտրվել եւ նվիրվել մի բանի, որին, ըստ հեղինակի բառերի, եթե կատարելապես տիրապետես, հոգեկան խանգարումն անխուսափելի է: - Նախ ասեմ, որ լրիվ խենթանալու առիթը չեղավ, չի լինում, քանի որ դա կատարյալ փոխանցել հնարավոր չէ: - Ինչպես գլխավոր փորձից հետո մեր զրույցում ասացիքՙ շատ լավ էր, բայց կատարելության ձգտումը միշտ կա: - Սա իմ մասին չի ասվածՙ Վիեննայում առաջնախաղից առաջ 75 փորձից հետո նվագախումբը հրաժարվել էՙ ասելով հնարավոր չէ իրականացնել: Բայց այնուամենայնիվ եղել են երգողներ, այսօր կա, ապրում է: Ձեր ասածին դառնալովՙ դաժան չէ՞ր կտրվել, ասեմ հակառակըՙ կուզենայի, որ մարդիկ տեղափոխվին այդ աշխարհըՙ փիլիսոփայության, լեզվի, խորհելու, ընդհանրապես արժեքների, ավելի հեշտ կլիներ ապրել: - 5 ժամ երգել, այնուհետ հանդիսատեսի ծափերին արժանանալ: Ինչպիսի՞ ուժ է պահանջվում մարդուց, երգչուհուց այս գերիրական կերպարը կերտելու համար: Ի՞նչն է սնում Ձեզ բեմումՙ խաղընկերները, գեղեցիկ երաժշտությունը: - Գիտակցությունը, որ այդ իրավունքը, առիթը, այդ բացառիկ կարելիությունն ունես այդտեղ կանգնելու, սա արդեն օրհնություն է: Եվ երաժշտության հանդեպ սերը: Սա ուղղակի ուրիշ ոչնչի հետ չի կարելի համեմատել: - Վագները որքան գերմանական, այդուհանդերձ համամարդկային է, եւ միջազգային ուժերով իրականացավ «Տրիստան եւ Իզոլդայի» բեմադրությունը, ճապոնացի դիրիժոր Կիմբո Իշիի Էտո (Kimbo Ishii- Eto), բրիտանացի բեմադրիչ Ստեֆըն Լաուլես (Stephen Lawless), գերմանացի բեմանկարիչ Ֆրանկ Ֆիլիպ Շլյոսմանն (Frank Philipp SchlՓշmann), Վիեննայում ծնված Տրիստանի դերակատար Ռոման Սադնիկ (Roman Sadnik): Ո՞րն էր միջազգային այդ համագործակցության գլխավոր պայմանը: - Կարողանալ հավասարի իրավունքով ոտք մեկնել գերմանացիների հետ, այդ երաժշտության հետ առնչվել, դրան ծառայել, այդ բերկրանքը, օրհնությունը, հաճույքը, բացառիկությունն ունենալ: Գերմանացիների հետ այս իմաստով մերձենալու իրավունքը նույն ճապոնացու, նույն հայի, նույն անգլիացու համար մեծ երջանկություն է, եւ իհարկե, շատ մեծ համարձակություն, փորձաքար, շատ ավելի մեծ, քան գերմանացիների համար: Եթե սպասելիքները 20 տոկոսով իրականանում են, կարող ես բավարարված եւ երջանիկ զգալ: - Ամերիկայում Դուք վագներյան Սենտայի դերերգով արդեն ներկայացել էիք: Գերմանացիների առջեւ հաշվետու լինելու իմաստով շա՞տ կտրուկ տարբերություն նկատեցիք: - Իհարկե: Նախ դերերգերն են տարբերՙ Սենտան ավելի իտալական երաժշտություն է, ավելի կարճ էՙ մոտ 3 ժամ, ավելի հասանելի է ունկնդրին, ամերիկացիներն ավելի լոյալ են, ավելի ներողամիտ, գերմանացիներն իհարկե իրենց պատկերացումներն ունեն: Որքան գերմանացի, այդքան կարծիք, տպավորություն, բոլորին չես կարող համոզել, դա պարզ էր հենց սկզբից: Եթե այդպիսի մեծ գործ հանձն ես առնում, աչքիդ առջեւ պիտի ունենաս նաեւ բոլոր տեսակի կարծիքներն ու քննադատությունները: Իհարկեՙ կարելի է անվերջ կատարելագործել, բայց անհնար է կատարելության հասցնել: - Բոլոր հոդվածագիրներն արձանագրում են, թե 5 ժամ ունկնդրելուց հետո հանդիսատեսը դեռ մի կես ժամ էլ ծափահարում է: Ուրեմն գոհ է: - Ուզում ես հավատալ, որ ստացվեց: - Առաջնախաղը երգելուց հետո կա՞ տարբերությունՙ երկրորդ բեմելին առավել վստահ լինելու զգացողություն: - Անշուշտ: Պրեմիերան ամենամեծ փորձությունն է: 7 շաբաթում ինչ որ արվել է, նույնությամբ պիտի բեմ բարձրացնես, սխալվելու իրավունք չունես, այդ ժամանակ ազատությունը սահմանափակվում է, դրանից հետո կարող ես որոշ ազատություն թույլ տալՙ չէ՞ որ արդեն փորձել ես: - Ըստ տեղական թերթերի, քաղաքի 70 - ամյա սպասումն արդարացավ: Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից այդ բեմադրության, համատեղ այդ աշխատանքի մասին: - Այսօր դժվար է պատկերացնել ավանդական մոտեցումը, այդ պարագայում պիտի գրեթե համերգային կատարում լինի, գործողություն համարյա չկա: Լուծումը շատ լավն էՙ նավ է, որ կիսվում է, հետո միանում, հետո փլվում, ավերվում, սա էր բեմի փայտյա հիմնական ձեւավորումը, որ շատ էր օգնում երգիչներին ակուստիկայի իմաստով: Անհնար է համակարծիք լինել մի ռեժիսորի հետ, որը տարբեր լուծումներ էր գտել, որ մեծ վիճաբանությունների առիթ կարող էր դառնալ. տեսարաններ կային, որտեղ Տրիստանը եւ Իզոլդան հյուրանոցի սենյակում գրեթե միասին պառկած էին, կամ երբ Տրիստանն իջեցնում է Իզոլդայի հագուստի շղթան, շատ մանրամասներ կան, որոնց հետ կարելի է չհամաձայնել, բայց ընդհանուր առմամբ, մթնոլորտը շատ գեղեցիկ էր: - Բեմադրիչը փորձել էր առավել հեշտընկալելի՞ դարձնել հանդիսատեսի համար: - Ոչ թե հեշտ, այլ իր պատկերացումն էր դա, որ Վագների բովանդակությանը չի համապատասխանում: Բայց այդքան շեղվելն ինձ թվում է կարելի է: Իմ բնույթով հակադրվող չեմ, միշտ փորձում եմ հասկանալՙ ինչ կա թաքնված գաղափարի տակ, ինչ է ուզում ասել: Բեմադրիչները տարիներով են աշխատում իրենց գաղափարը կյանքի կոչելու, քանի որ դրա հանդեպ մեծ հարգանք ունեմ, փորձում եմ իրականացնել լավագույնս: Որովհետեւ եթե փորձես քանդել հիմնական կոնցեպտը, շատ դժվար կլինի նոր բան ավելացնել, ժամանակը շատ քիչ է: Իմ երկարատեւ փորձով համոզվել եմՙ ավելի լավ է կարողանալ ներգրավվել, լավագույնն անել: Ճապոնացի դիրիժորն ընդհանրապես հիանալի էրՙ իր էությամբ, իր ձեռքերով: Նա առավելագույնս պատրաստված էր, ամեն մի նոտան գիտեր, տեսնում, լսում, ուղղում էր: Եվ նույնիսկ ամենաանկարեւոր փոքր փորձերին ներկա էր: - Հասմիկ, հնարավո՞ր է, որ այսօր տեխնիկապես վերազինված Սպենդիարյան թատրոնը Վագներ ներկայացնի, ասենքՙ«Տրիստան եւ Իզոլդան» բեմադրի: - «Թանհոյզերը» ժամանակին բեմադրվել է Երեւանում: Իհարկե, հնարավոր է: Փորձերի, բեմադրության ամբողջ այս ընթացքում միտքս դա էր: Միգուցե համերգային կատարմամբ, օրինակ 2- րդ գործողությունը շատ են երգում: Կարծում եմ ափսոս է, որ հայ հանդիսատեսը սրանից զուրկ լինի: - Ի՞նչ տվեց Իզոլդայի կերպարը: - Իզոլդայի կերպարն ինձ անսահման հարստացրեցՙ որպես երաժիշտ, որպես մարդ, որպես կին: Մի բանում համոզվեցի վերջնականապեսՙ մահը ոչինչ է, ինձ իսկապես շատ մեծ ուժ տվեց, շատ մեծ լավատեսություն: - Խոսքը հավերժական թեմաներիՙ սիրո, կյանքի եւ մահվան մասին է, Ձեզ «մահը ոչինչ է» ասելու ուժը Տրիստա՞նը, վեհ սե՞րն է տալիս: - Այո, այդ սերը գտնելը շատ դժվար է, հազվագյուտ երեւույթ է, բոլորին չի տրված, բոլորը չէ, որ ընդունակ են սիրել եւ զոհաբերել: Գերբնական, գերմարդկային, վերերկրային սիրո մասին է խոսքը: Վագներն իհարկե միակը չէ, որ շեշտել է այդ գաղափարը, բայց հատկապես նրա երաժշտությունն ինձ տվեց այդ ուժը, ու հասկացա, որ մեռնելը շատ հեշտ է: Երաժշտություն, որ վեր է բարձրացնում բոլոր տեսակի մանրուքներից, ձերբազատում բոլոր տեսակի կապանքներիցՙ նյութապաշտական, փոքրոգության: Մտածում էիՙ ինչ լավ կլինի, որ Հայաստանում կարողանան առնչվել այդ երաժշտության եւ բեմադրության հետ: Գնահատում եմ ձեռներեցությունը, բայց լավ կլիներ, որ Հայաստան մեծ արվեստագետներ բերելու փոխարեն տեղի երաժիշտներին տրվեր դրա հետ հաղորդակցվելու երջանկությունը, այդ զբաղվածությունը: Կարելի է այդ միջոցները հատկացնել նվագախմբի մեծ կազմ ունենալուն, որ ամենամեծ խնդիրը կլինի: Անհնարին ոչինչ չկա, պարզապես դա կարեւորել է պետք: - Թեպետ երկուսս էլ չենք դիտել, եւ դժվար է չտեսածի մասին խոսել, բայց ընդհանուր հայացքովՙի՞նչ կարծիք ունեք Սերժ Ավետիքյանի «Անուշի» մասին, որ հանրային բուռն քննարկման արժանացավ: - Ցավում եմ, որ չեմ տեսել, հուսամՙ առիթը կունենամ: Ասեմ, որ կողմ եմ նորարարությունների, հարցն այն է, թե ինչպես կարելի է «Անուշը» նորովի մատուցել, ինչպիսի ձեւաչափով, ինչպիսի մոտեցմամբ: Հարցը լեզվին է վերաբերվում, այսօր դժվար է գտնել մի հայ աղջկա, որ իր մորը նանի է ասում: Եթե օպերայում պիտի մնաՙ «նանի ջան, նանի», դա ինչպե՞ս պետք է ներկայացնել: Շատ են գյուղական տեսարանները, համնուհոտը, բառուբանը, միջավայրը, չոբան ախպեր, քյոխվա, սրանք ինչով փոխարինել: Թումանյանի լեզվին իրավունք չունենք ձեռք տալու, Տիգրանյանի երաժշտությանըՙ նույնպես, շատ մեծ տաղանդ պիտի ունենաս, որպեսզի որեւէ սրբություն չոտնահարելով կարողանաս նոր խոսք ասել: Ավետիքյանն առաջինը չէ, որ ուզեցել է նորովի մեկնաբանել, ինչը ողջունելի է: Հասկանում եմ նրա ազնիվ մտադրությունը.ուզում է համաշխարհային բեմ բարձրացնել, օտարներին սիրելի դարձնել «Անուշը», արդյոք տաղանդը բավարարե՞լ է մեր շատ ազգային օպերան, որն ունի լեզվական մտածողություն, ֆոլկլոր, ներկայացնել օտարներին: Դժվար խնդիր է, պիտի ունենալ երեւի Փարաջանովի տաղանդը: - Դուք Անուշ մարմնավորեցիք Դիտրոյթում, 2001-ին, այն նորարություն չէր, հանդիսատեսն էլ միայն հայ չէր: Կա կարծիք, թե «Անուշը» օպերային թատրոնի խաղացանկում մշտական ներկայություն չպիտի ունենա, դասական իմաստով օպերա չէ, կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց փաստ է, որ հայ հանդիսատեսը տոմս է սպառում: Եթե Գյումրիում այսօր սեփական ուժերով այն բեմադրելու ուժը գտնում են, նշանակում էՙ կա հասարակական պահանջ: Կա՞ տարբերությունՙ ամերիկացիների՞ն, թե՞ ֆրանսիացիներին ես ներկայացնում: - Ցավով պիտի ասեմ այն ճշմարտությունը, որ «Անուշը» մրցակցային օպերա չէ: Վագների, Մոցարտի, Վերդիի կողքին չենք կարող դնել: Սա մեր ազգային ֆոլկլորիկ օպերան է, մեզ միայն հոգեհարազատ: Իմ երգած Անուշը Միչիգանի բեմում ավանդական Անուշն էրՙ գրեթե չփոխված, որ ամերիկացիները ջերմությամբ ընդունեցին, ինչպես կընդունվեր իսպանական Սարսուելլան կամ ազգային որեւէ այլ օպերա: «Անուշը» դուրս հանելը, համաշխարհային մշակութային երեւույթ դարձնելը, որի նպատակն ունի Ավետիքյանը, մեծ համարձակություն է պահանջում: Աճեմյանի «Անուշը» լավագույնն էր, հետո Լեւոնյանը փորձեց, որը վատ տարբերակ չէր, ապաՙ Գեղամ Գրիգորյանը: Կամ պիտի գլխիվայր շուռ տային, կամ պիտի թողնեին Աճեմյանինը, որ պիտի մնար խաղացանկում, ինչպես Վիեննայի օպերային թատրոնում 1953 թվականից «Տոսկան» է, մի բեմադրություն, որ չի փոխվել: 60 տարի է, ինչ խաղացվում է, դահլիճը միշտ լեփ-լեցուն է, փոխվում են միայն դերակատարները, դիրիժորները, այսինքնՙիր գործառույթը չի սպառել: Կարելի էր Աճեմյանի «Անուշը» թողնելՙ որպես ազգային հպարտություն, որպես իսկապես շատ հաջողված բեմադրություն: |