ԳՐԱԿԱՆ ՀԱԶՎԱԴԵՊ ՄԻ ԵՐԵՎՈՒՅԹ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ (նույն պոեմը քսան լեզուներովՙ մի հատորում) Հասարակության մեջ մարդկանց միմյանց հետ հաղորդակցվելու պահանջը բնական երեւույթ է, որն իր հերթին առաջ է բերում նաեւ օտարներիՙ այլ մշակույթների հետ շփվելու անհրաժեշտություն, ինչը լեզվական հարստացման եւ մտածելակերպի ընդարձակման կենսական աղբյուր է ծառայում երկու, երեք եւ ավելի ազգությունների ներկայացուցիչների համար: Յուրաքանչյուր գրող, որեւէ ստեղծագործության հեղինակ երազում է բացի մայրենի լեզվից իր գործը հրատարակված տեսնել նաեւ այլ, օտար լեզուներով: Եվ ինչքան շատ լինեն այդ լեզուները, այնքան մեծ կլինի տվյալ գրողի վաստակի արժեւորումը: Հազվադեպ է, որ մի ստեղծագործություն թարգմանվի մեկ տասնյակից ավելի լեզուներով եւ հրատարակվի մեկ հատորում: Հիշատակության արժանի են խորհրդային ժամանակներում Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» եւ Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» պոեմների թարգմանություններըՙ համապատասխանաբար 1967 եւ 1969 թվականներին («Հայաստան» հրատարակչություն): Առաջինը (կազմողՙ Ա. Նազիկյան, խմբագիրՙ Լ. Միրիջանյան) 13 (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, լեհերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, իտալերեն, պարսկերեն եւ իսպաներեն) լեզուներով, իսկ երկրորդը (կազմող եւ խմբագիրՙ Ա. Պողոսյան) 14 (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, էստոներեն, մոլդավերեն, տաջիկերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հարավսլավերեն եւ հունարեն) լեզուներով: Այժմ անգլիաբնակ բազմահմուտ մտավորական, բանաստեղծ, երգահան, լեզվաբան եւ թատերագետ Հովհաննես Փիլիկյանի «Ծովանկար իմ մօր օրուայ մասին» չափազանց գողտրիկ, մելամաղձոտ եւ պատմական խորհրդանշական այլաբանություններով հագեցած պոեմը 20 լեզուներով մեկ գրքում հրատարակելու բացառիկ եւ գնահատելի մտահղացումն է ունեցել «Ազգ»-ի մշտական աշխատակիցներից, տաղանդավոր թարգմանիչ, պրպտող մտավորական եւ մշակութաբան երեւանաբնակ Արծվի Բախչինյանը , որն իրականություն է դարձրել վերջերս իր ծրագիրըՙ նվիրելով հատորը հայ գրքի տպագրության 500-ամյակին: Պոեմը իր շիջող մոր սնարի մոտ կանգնած որդու հոգեկան տվայտանքների մասին էՙ ի տես այն «տիտանական Ովկիանոսին», որը «ջրասույզ է» անում «մոր նաւը»: «Արծվի Բախչինյանի այս գիրքը... հպարտության աղբյուր է ինձ համար: ...Ես չէի կարող բազալտից, օբսիդիանից կամ մարմարից ավելի անգին հուշարձան կառուցել... իմ քաղցրիկ ու իմաստուն մայրիկիՙ Թեֆարիկի համար», գրում է իր երախտիքի խոսքում պոեմի անգլերեն բնագրի հեղինակ Հովհաննես Փիլիկյանը: Հրատարակված գրքի 8-10-րդ էջերում «Միեւնույն հարկի տակ» խորագիրը կրող ներածականում ինքըՙ Արծվի Բախչինյանը հետաքրքական տվյալ է նշում, գրելով, որ 2010-ին իրականացրել է նման մեկ այլ ծրագիրՙ հրատարակելով ճանաչված գրող Էլդա Գրինի «Ձեռքերը» կարճ պատմվածքի թարգմանությունները 35 լեզուներով: «Անգլերեն բնագիրը» իր հակիրճ ներկայացման մեջ «Կիպրահայեր» համացանցային հանդեսի խմբագիր Սիմոն Այնեճյանը շատ դիպուկ է բնորոշում ներկա բանաստեղծությունը գրելովՙ «Այն իւրօրինակ կերպով ոգեկոչում է մայրերի օրը անփարատ տխրութեան եւ զգացմունքայնութեան ողբերգական զգացումների մի ամբողջութեամբ, որը, սակայն, ի վերջոյ փոխակերպւում է յաղթական երգիՙ ընդդէմ մահուան, թերեւս վերջին ամենացնցող բառերով, որ երբեւիցէ գրուել են անգլիական պօէզիայի պատմութեան մէջ, եւ որը ես կարող եմ մեջբերել որոշ յուզմունքով. Հնձուոր Մահուան աւանդական միջնադարեան պատկերը դառնում է Աստծոյ պոստմոդեռնիստական կեանքի հնձող-բռնաբարող, մի ապշեցուցիչ փիլիսոփայական բացայայտում, որն ընթերցողը չի կարող մոռանալ»: Այնուհետեւ բանաստեղծության անգլերեն բնագրին հետեւում են թարգմանությունները հետեւյալ լեզուներովՙ արաբերեն (թարգմանիչՙ հալեպահայ Հարութ Վարդանյան (Հարվարդ), հայերեն (թարգմանիչՙ Արծվի Բախչինյան), չինարեն (թարգմանիչՙ Լի Բոն Ուեն), դանիերեն (թարգմանիչՙ ծնունդով դանիացի Գերդա Դավիդյան), պարսկերեն (թարգմանիչՙ Խաչիկ Խաչեր, իրանահայ գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ), ֆրանսերեն (թարգմանիչՙ Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի նախկին ուսանողուհի Լուսինե Շուքուրյան), գերմաներեն (թարգմանիչՙ Լորնթի Յունգ, մասնագիտությամբ տնտեսագետ), իտալերեն (թարգմանիչՙ ջենովաբնակ Սերենա Ֆերրանդո, դասական լեզուների մասնագետ), ճապոներեն (թարգմանիչներՙ Դաիսակու Վատանաբե: Հայերեն է ուսանել Ասիական եւ Աֆրիկյան լեզուների եւ մշակույթների Տոկիոյի ինստիտուտում: 2011-ից ապրում է Երեւանում: Աշխատում է դոկտորականի վրա եւ Հարունա Հիրոհատաՙ Տոկիոյի համալսարանից), լատիշերեն (թարգմանիչՙ Վալդա Սալմինա: Ավարտել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի Հայկական ուսումնասիրությունների բաժինը: Լատիշերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանը»), մակեդոներեն (թարգմանիչՙ Արմինե Փիլոյան-Վրտեսկա: Ավարտել է Երեւանի պետհամալսարանի Ռոմանա-գերմանական ֆակուլտետի անգլիական բաժինը: Ապրում է Սկոպիեում (Մակեդոնիա) եւ դասավանդում է հայերեն տեղի հայկական շաբաթօրյա վարժարանում), լեհերեն (թարգմանիչՙ Օլգա Սիենկո, նկարչուհի), պորտուգալերեն (թարգմանիչՙ Նադիա Կերեչուկ: Ուկրաինացի է, ծնված Բրազիլիայում, լեզվաբան), կեչուա (երկու տարբերակով, թարգմանիչներՙ Նոնատո Րուֆինո Չուկուի Մամանի Վալեր եւ Կարմեն Գլադիս Ալոսիլլա Մորալես, ռումիներեն (թարգմանիչներՙ Հասմիկ Մարիամ Դանիելյան), ռուսերեն (թարգմանիչՙ Արծվի Բախչինյան), իսպաներեն (թարգմանիչՙ Ջեսիկա Լուոնգ, թուրքերեն (թարգմանիչՙ Խորեն Մարտիրոսյան), յորուբա (թարգմանիչՙ Բրիջետ Ալաբի: Նիգերիայի բնակչության մեծամասնությունը կազմող յորուբա ցեղից: Նրա թարգմանությունը առաջինն է դեպի աֆրիկյան լեզուներ կատարված որեւէ հայի ստեղծագործության): Հատորի վերջում պոեմի բնագրի հեղինակ Հովհաննես Փիլիկյանի կենսագրական տվյալներն են տրված, որտեղից տեղեկանում ենք, որ նա Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի արքայական մարդաբանական ինստիտուտի եւ Լոնդոնի քաղաքային գրական ինստիտուտի ակադեմիական վարչության անդամ է: Բրիտանական հանրագիտարանի համար հոդված է գրել մեծագույն թատերական գործիչ Մաքս Ռայնհարդտի մասին: Նա հոդվածներ է գրել նաեւ «Drama» (Դրամա) եւ «Theatre Quarterly» («Թատրոն եռամսյա») հանդեսների համար: Մոտ 40 պիես է բեմադրել, որոնցում դերեր են ստանձնել Դայանա Դորսը, Դերեք Ջակոբին, Քիթ Միտչելը, Ալֆրեդ Մարքսը, Ռիչարդ Գրինը, Սառա Բադելը եւ ուրիշներ: Նշանակալի են հատկապես նրա շեքսպիրյան պիեսների բեմադրությունները: Տիրապետում է 11 լեզուների, որոնց թվում են գրաբարը, լատիներենը, եբրայերենը եւ չինարենը: Արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ մրցանակների: Նրա անունը գրանցված է «Who՛s Who» կենսագրական բառարանում: Հասկանալի է, որ նման վիթխարի գործ, այսինքն մի գրական ստեղծագործության հրատարակությունը տարբեր լեզուներով, իրականացնելը հեշտ չի եղել Բախչինյանի համար, բայց նա ինքն է խոստովանում գրքի էջերում, որ դա միաժամանակ «հրապուրիչ է եղել», քանի որ նման ժողովածուները իսկական պարգեւ են բոլոր նրանց համար, ովքեր «ըմբոշխում են տարբեր լեզուների մեղեդայնություններն ու այբուբենական տառատեսակների զարմանազան գրելաձեւերը»: Մեզ մնում է «վարձքդ կատար» ասել Արծվի Բախչինյանին եւ նրան մաղթել ստեղծագործական հետագա մտահղացումներ: Հարկ է նաեւ գնահատանքի խոսքեր ուղղել գրքի շապիկը ձեւավորող նկարչուհի Էլիզաբեթ Ռոմհիլդին (Դավիդյան), կես հայ, կես դանիացի, որն ապրում է Թայլանդում, եւ բոլոր թարգմանիչներին, որոնք սիրահոժար հանձն են առել իրենց լուման ներդնել այս գործում: Ճիշտ են վարվել պոեմի հեղինակն ու հրատարակիչը, որ նրանց հակիրճ կենսագրական տվյալներն են ընդգրկել հատորում: |