ԱՌԱՆՑ ԳՈՒՄԱՐԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Այսպես են մշակութային ոլորտում պատրաստվում ցեղասպանության 100-ամյա տարելիցին Տպավորությունն այնպիսին է որ երկրի բոլոր գերատեսչություններն ու պատկան մարմինները մոռացել են, որ 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Ձեւավորված պետական հանձնաժողովի աշխատանքը, մեղմ ասած, արդյունավետ չէ եւ շատ դանդաղ քայլերով է առաջ շարժվում: Գրեթե ոչինչ չի արվում նաեւ քարոզչության եւ տեղեկատվության առումով: Եթե տարիներ առաջ թուրքերը 2015թ. ապրիլի 24-ը անվանում էին «հայկական ցունամի», այսօրվա հայաստանյան նախապատրաստական աշխատանքներից տեղական սյուք կամ զեփյուռ էլ չի կարելի սպասել: Ինչպես մի շարք հարցերում, այստեղ նույնպես նախարարներն ու պաշտոնյաներն աչքի են ընկնում շռայլ խոսքերով, խոստումներով եւ հավաստիացումներով, որոնք չեն իրականանում: Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունն ու Ազգային կինոկենտրոնը հայտարարում են, որ հարյուրամյա տարելիցին ընդառաջ պետք է ֆիլմեր նկարահանվեն, որոնք համաշախարհային հանրությանը կպատմեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Խոստումներըՙ խոստում, սակայն դրանց ընթացքի, աշխատանքների անցկացման եւ անգամ ծրագրերի մասին առայժմ որեւէ տեղեկատվություն չկա: Հարցին` ի՞նչ է արվում 100-ամյա տարելիցին ընդառաջ, պատասխանը մեկն է` առայժմ ընթանում են քննարկումներ: Քննարկումըՙ քննարկում, սակայն ընդամենը 11 ամիս է մնացել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին որեւէ լուրջ գործ ներկայացնելու համար: Տարելիցն, անշուշտ, չպետք է լինի վերջակետ, սակայն ոչինչ չանելն է ճիշտ չէ: Անկեղծ ասած, դժվար է որեւէ գործնական քայլ ակնկալել մեր դանդաղաշարժ մշակույթի նախարարությունից, բայց ամեն դեպքում, դա այն գերատեսչությունն է, որը որոշումներ է կայացնում, գումարները նույնպես նա է տնօրինում: Հետեւաբար սլաքն էլ պետք է ուղղվի հենց նրան: Ասել, որ ցեղասպանության մասին ֆիլմերի գաղափարներ չկան` նշանակում է իրավիճակը ճիշտ չներկայացնել: Ցեղասպանության մասին ֆիլմերից մեկն էլ կարող էր դառնալ «Հարդենբերգի փողոցը» ֆիլմը: Վերնագիրը պայմանական-աշխատանքային է, սցենարը գրվել է 2008թ.ին: Ֆիլմը համամարդկային արժեքների համատեքստում է ներկայացնում Հայոց ցեղասպանությունը: Այդ կերպ հեղինակները նպատակ ունեն ֆիլմը ներկայացնել համաշխարհային կինոշուկայում եւ կինովարձույթում: «Չանենք մի ֆիլմ, որը ցույց տանք «Մոսկվա» կինոթատրոնում, հետո ինչ-որ հեռուստաընկերությամբ եւ վերջացնենք»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Հարությունյանը: Ֆիլմի հիմքում «Նեմեսիս» գործողությունն է, Սողոմոն Թեհլերյանի անձն ու հրեա աղջկա եւ գերմանացի տղայի սիրո պատմությունը: Տղան ժանդարմ է, աղջիկը` դատարանում գրագիր: Դեպքերը տեղի են ունենում 1921թ. Բեռլինում, եւ հենց այն օրը, երբ տղան պետք է ծանոթանար աղջկա ծնողների հետ, Հարդենբերգ փողոցում հնչում է կրակոց, եւ տղան ի պաշտոնե ողջ գիշեր` հանձնարարականով հայտնվում է սպանության վայրում եւ չի հանդիպում սիրած աղջկա ծնողներին: Թեհլերյանի թեման ֆիլմում շոշափվում է զույգի զրույցների ընթացքում: Սկզբում տղան է պատմում, թե ով է Սողոմոն Թեհլերյանը, հետո, երբ նրան տեղափոխում են դատարան, աղջիկն է ոգեւորված պատմում Սողոմոնի հավասարակշվածության, հանդարտության մասին: Ֆիլմն ավարտվում է դատավարությունից 18 տարի անց տեղի ունեցող իրադարձություններով: Գերմանիայում ցեղասպանության են ենթարկվում հրեաները: «Այն ինչ չդատապարտվեց եւ անտեսվեց` շարունակվեց շուրջ երկու տասնամյակ անց»,- ասում է Հարություն Հարությունյանը` հավելելով, որ սցենարը փոխվել է 10 անգամ` լսել է բոլորի առաջարկությունները, հաշվի առել բոլորի կարծիքը: «Սա ոչ թե ներքին, այլ արտաքին սպառման ստեղծագործություն է: Հայկական կինոն ապագա ունի, պարզապես նրան տեղ չեն տալիս, հնարավորություն չկա, քանի որ դաշտում մենաշնորհ է եւ երիտասարդների առաջ բոլոր դռները փակ են»,- ասում Հարությունյանը: Հարություն Հարությունյանը մի քանի տասնյակ նամակներ է ստացել Ֆրանսիայից Գերմանիայից: «Ասում են, որ ֆիլմի գաղափարը հրաշալի է, պատրաստ են համագործակցության, սակայն նախ ուզում են հասկանալ, թե Հայաստանի մշակույթի նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում եւ որքանով կարող է աջակցել ֆիլմի նկարահանմանը: Նախարարությունից էլ լռում են եւ կոնկրետ պատասխան չեն տալիս»,- ասում է Հարությունյանը: Վերջերս ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն էլ նամակ-առաջարկություն է ստացել վրացի պրոդյուսերներից: «Ֆիլմի գաղափարը հրաշալի է եւ մինչեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը կարելի է աշխատել եւ կինովարձույթում հսկայական գումար վաստակել»,- գրել են վրացի պրոդյուսերներըՙ հավելելով, որ պատրաստ են գումար ճարել եւ համատեղ ֆիլմը նկարել: «Բոլորն ասում են` լավ բան եք անում, բայց հասել ենք մի կետի եւ տեղում դոփում ենք: Մենք սովոր ենք ներքին սպառման համար ինչ-որ գործ կատարել եւ աչքակապությամբ զբաղվել»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ ֆիլմի վերաբերյալ եղել են քննարկումներ, նախագիծը հավանության է արժանացել: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ էլ ֆիլմի նախագիծը ներկայացվել է Ատոմ Էգոյանին, վերջինս ասել է, որ եթե պետք է ընտրել ֆիլմի սցենար, ապա «Հարդենբերգի փողոցը» լավագույնն է: Այստեղ միակ խնդիրը կապված է նախարարության հետ, քանի որ Ազգային կինոկենտրոնը միայնակ չի կարող նախագիծը իրականացնել: Ֆիլմի սցենարիստներին անհրաժեշտ է նախարարության աջակցությունը ոչ միայն դրամական, այլեւ իրավական առումով: Համատեղ արտադրության ֆիլմի համար Եվրոպայում նախ հարցնում ենՙ իսկ ձեր երկրում կառավարությունն ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերում: Հենց այդ հարցի ժամանակ էլ ֆիլմի հեղինակները հայտնվում են փակուղու առջեւ. նախարարությունից ձայն-ծպտուն չկա, անգամ փաստաթուղթ չկա, որ նախարարությունը կփաստի, որ ֆիլմի նկարահանումն արժանացել է իրենց հավանությանը: «Մեզ մոտ ամեն ինչ բուխտուբրախտի վիճակում է, մեզ մոտ կարեւորը փող լինի, որ հետո հասկանանք, թե դրանից որքանն ենք ատկատ անում եւ հենց դա է պատճառը, որ մեզ մոտ ամեն ինչ լճացած է»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ նորմալ նախագծեր իրականացնելու փոխարեն Հայաստանում սեմինարներ կազմակերպելով են զբաղված: «Հայաստանում ինչո՞ւ եք սեմինար կազմակերպում: Որպեսզի հային համոզեք, որ ցեղասպանությո՞ւն է եղել: Հայը համոզվելու կարիք չունի, այդ աշխատանքը պետք է ուղղի միջազգային հանրությանը»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ ֆիլմի նկարահանման ընթացքն արդեն տապալված է: Անհնար է 11 ամսում գումար գտնել, քասթինգ կատարել, նկարահանել, մոնտաժել եւ զբաղվել արտադրությամբ: Սա իհարկե առաջին ֆիլմի չէ, որի նկարահանումը դադարեցվել է: Ամենայն հավանականությամբ, հարյուրամյա տարելիցին մի քանի ցուցահանդեսով, մի երկու համերգով կբավարարվենք: Միջոցառումները կրկին կլինեն ներքին սպառման ու կրկին մենք մեզանով կողբանք մեր ցավը: |