ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Հակոբ Հակոբյան Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի (1923-2013) «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը: 2014թ. մայիսի 10-ից (ժ.14:00) - հունիսի 10-ը Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն եւ ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին` ներառելով հեղինակային աշխատանքներ ստեղծագործական տարբեր` այսպես կոչված եգիպտական-սովետական-անկախության շրջափուլերից: Միջոցառման ամբողջականությանն են նպաստում ՀԱՊ հավաքածուի եւ ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական եւ վերջին շրջանի քանդակային աշխատանքների համատեղ ցուցադրությունը: Եգիպտահայ գեղանկարիչը ուսանել է նախ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետեւ Կահիրեի Գեղարվեստից, Փարիզի Գրան Շոմիեր ակադեմիաներում: 1962 թ. արտերկրում արդեն հայտնի արվեստագետը, հայրենադարձվելով Սովետական Հայաստան, թարմ շունչ եւ գեղանկարչական նոր, յուրովի մտածելակերպ ներմուծեց ոչ միայն հայ կերպարվեստ, այլեւ սովետական արվեստ ընդհանրապես` դառնալով գեղանկարչական «խիստ» ոճի հիմնադիրներից մեկը: Ավելի ուշ 80-ամյա վրձնի վարպետը սկսեց ներկայանալ նաեւ քանդակներով: Ստեղծագործական երկարատեւ տարիների ընթացքում նկարիչն արժանացել է բազմաթիվ կոչումների եւ պարգեւների, անհատական եւ խմբային ցուցահանդեսներով ներկայացել ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ եվրոպական (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա) երկրներում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: |