«ՔԱՄՈՒ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐ» Վյաչեսլավ ԵԴԻԳԱՐՅԱՆ, Արվեստաբանության թեկնածու, ՀՊՄՀ դոցենտ Երաժշտական փառատոն Ապրիլ ամսվա երկրորդ կեսին «Գաֆեսճեան արվեստների կենտրոնում» տեղի ունեցավ հետաքրքրական եւ շատ առումներով ուշագրավ երաժշտական մի փառատոն: Փառատոնը կազմակերպել էր դաշնակահարուհի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Փոխադարձ» ծրագրի համադրող` Մարինե Կարոյանը: Փառատոնի երեք համերգները Մ. Կարոյանը միավորել էր «Քամու հարսնացուներ» ռոմանտիկ խորագրով` օգտագործելով գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Օսկար Կոկոշկայի` Ալմա Մահլերին նվիրված նկարի վերնագիրը (1914): Ինչու «հարսնացունե՞ր»: Հարսնացուները այն կանայք են, որոնք 19-րդ դարի մեծ ռոմանտիկների` Ռոբերտ Շումանի, Ֆելիքս Մենդելսոնի եւ Գուստավ Մահլերի կյանքի ուղեկիցներն էին: Դա նրանց մուսաներն են. նրանց կանայք` Կլարա Շուման (1819-1896), Ալմա Մահլեր (1879-1964) եւ քույրը` Ֆաննի Մենդելսոն (1805-1847): Փառատոնը նվիրված էր այս «հարսնացուների» ստեղծագործությանը. ստեղծագործություն, որ «քշվել է» նրանց հանրահայտ տղամարդկանց ռոմանտիկ երաժշտության «քամուց»` միեւնույն ժամանակ մոռացության տրվելով հաջորդ, փութկոտ սերունդների կողմից: Մարինե Կարոյանը նպատակադրվել էր` վերականգնել մասնագիտական արդարությունը (հետաքրքրվողները կարող են ծանոթանալ` http://boon.am/marine-karoyan//): Շատ ստեղծագործություններ, որ հնչեցին փառատոնի ընթացքում, Երեւանում կատարվում էին առաջին անգամ: Փառատոնի կազմակերպչի կողմից մեծ աշխատանք էր տարվել նոտաների, ինչպես նաեւ կատարողների որոնման հետ կապված (անհրաժեշտ էր վերջիններիս հետաքրքրությունը շարժել նոր երկացանկի նկատմամբ): Կատարողները կանգնած էին կին կոմպոզիտորների ստեղծագործության մեջ ինքնօրինակությունը գտնելու խնդրի առջեւ, քանզի առաջին զգացողությամբ, նրանք միանշանակ պետք է լինեին երաժշտական հանրահայտ ոճերի (կանայք կրում էին իրենց հանճարեղ տղամարդկանց ազգանունները) հայելանման արտացոլումը: Անկասկած, երեւելի երաժիշտների ու նկարիչների հետ շփման ընթացքում այս կանայք գերմանական ու ավստրիական ռոմանտիկների բազմաթիվ գեղարվեստական գաղափարներ են ներընկալել: Այդ պատճառով նրանց կողքին, եւ չափազանց վայելուչ կերպով, փառատոնի ծրագրում ընդգրկված էր այդ կանանց ամենամոտ կանգնած կոմպոզիտորների երաժշտությունը: Փառատոնի յուրաքանչյուր «հերոսուհու» ստեղծագործական ճակատագիրը յուրովի է դասավորվել: Կլարա Շումանը երաժշտական կրթություն է ստացել իր հոր` ժամանակի ականավոր մանկավարժ ֆրիդրիխ Վիկի ղեկավարությամբ: Կլարան եվրոպական մասշտաբի դաշնակահար-վիրտուոզ էր: Այսօր ամենաքիչը տարօրինակ է հնչում այն, որ նա տասնութ տարեկանում նշանակվեց «կայսերական-թագավորական պալատական վիրտուոզ»: Իր վերջին համերգը Կլարա Շումանը նվագել է յոթանասունմեկ տարեկան հասակում, ամբողջ կյանքում պրոպագանդում էր իր հանճարեղ ամուսնու ստեղծագործությունները: Այսօր էլ Ռոբերտ Շումանի ստեղծագործությունները հաճախ նվագում են` ըստ Կլարայի խմբագրության: Կլարան վաղ է սկսել ստեղծագործել: Նրա առաջին ստեղծագործությունը լույս տեսավ, երբ ինքը տասը տարեկան էր: Նրա ստեղծագործությունների ցանկում ավելի քան քսան օպուս կա` այդ թվում Կոնցերտ, Կոնցերտային վարիացիաներ դաշնամուրի եւ նվագախմբի համար, Դաշնամուրային տրիո, երգեր` գրված ձայնի եւ դաշնամուրի համար: (Թեկուզեւ փակագծերում, սակայն պետք է նշեմ, որ Ռոբերտի համար Կլարան ութ երեխա է ծնել:) Նրան նվիրված համերգի ընթացքում, Երեւանում առաջին անգամ հնչեցին «Դաշնամուրային երեք ռոմանսները», ստ.11 (կատարեց ՀՊՄՀ դոցենտ, միջազգային մրցույթների դափնեկիր Շաքե Թադեւոսյանը), ինչպես նաեւ ձայնի եւ դաշնամուրի համար գրված «Չորս ռոմանսները», որոնք ներկայացրին Օպերային թատրոնի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մնացականյանը եւ դաշնակահարուհի Մարինե Կարոյանը: Համերգի ընթացքում չէր կարող չհնչել Ռոբերտ Շումանի երաժշտությունը: Նրա «Կառնավալային ներկայացում Վիեննայում» (կամ, ինչպես ավելի հաճախ այն անվանում են` «Վիեննական կառնավալ») դաշնամուրային ցիկլը, ստ.26, հնչեց Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դոցենտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արեգ Սարգսյանի կատարմամբ: Շումանների ամուսնական կյանքի համար բավական լուրջ փորձություն էր նրանց տանը մեկ այլ հանճարի` երիտասարդ Յոհաննես Բրամսի հայտնվելը: «Նա կանգնած էր մեր առջեւ` որպես Աստծու դեսպանորդ»,- կգրի Կլարան: Փոխադարձ համաձայնությամբ, Կլարան եւ Բրամսը կրակի տվեցին իրենց անձնական նամակագրությունը (Կլարան, այնուամենայնիվ, պահպանել է մեզ հասած մի քանի նամակ): Համերգի երկրորդ բաժնում հնչեցին Բրամսի երկուՙ խորապես լիրիկական Ինտերմեցցոները (կատարեց Արեգ Սարգսյանը), ինչպես նաեւ Դաշնամուրի եւ թավջութակի սոնատը, ստ.38 (Մարինե Կարոյան-դաշնամուր եւ Հայաստանի պետ. Ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար Վահե Դանիելյան): Փառատոնի երկրորդ համերգը նվիրված էր Ֆելիքս Մենդելսոնի քրոջը` Ֆաննի Մենդելսոնին: Ֆաննին եղբորից չորս տարի մեծ էր: Նա եղբոր հետ ստացել է բարձրակարգ երաժշտական կրթություն: Նրա տաղանդով հիանում էր Ի. Գյոթեն: Ամուսնանալով գերմանացի պալատական նկարիչ Վիլհելմ Հենզելի հետ, Ֆաննին, միաժամանակ, սկսում է «Կիրակնօրյա համերգների» կազմակերպումը, որոնք անց էին կացվում նրանց տան երաժշտական սալոնում: Այստեղ նա կատարում էր Մոցարտի, Բեթհովենի եւ իր եղբոր` ֆելիքսի, ինչպես նաեւ սեփական ստեղծագործությունները: Այդպիսի մի համերգի ժամանակ էլ կաթվածահար է լինում` քառասուներկու տարեկան հասակում: Եղբայրը չի դիմանում այդ հարվածին, եւ, չանցած մի քանի ամիս, նույնպես մահանում է: Ֆաննի Մենդելսոնի գրչին են պատկանում կանտատներ, կվարտետներ, ստեղծագործություններ երգեհոնի համար եւ բազմաթիվ դաշնամուրային պիեսներ: Վերջիններիս թվում են տասներկու մանրանվագներից բաղկացած «Տարի» ցիկլը (1841): Առանձին ստեղծագործություններ Ֆաննին սկսել է հրատարակել միայն կյանքի վերջում: Երբ 1987թ. հրատարակվեցին նրա անտիպ ստեղծագործությունները, երաժշտագետները եկան այն համոզման, որ Ֆաննի Հենզել-Մենդելսոնը «ռոմանտիկ դարաշրջանի ամենակարեւոր կոմպոզիտորներից մեկն է»: Փառատոնի այս համերգի ընթացքում Երեւանում առաջին անգամ հնչեցին նրա դաշնամուրային «Չորս երգ առանց խոսքի», ստ.8 (դաշնակահարուհի` Կարինե Հովհաննիսյան) եւ «Վեց երգ ձայնի եւ դաշնամուրի համար», ստ.9 ստեղծագործությունները (Աննա Մնացականյան-սոպրանո, Մարինե Կարոյանդաշնամուր): Թավջութակի եւ դաշնամուրի համար գրված Ֆելիքս Մենդելսոնի «Երգ առանց խոսքի» ստեղծագործությունը, ստ.109, կատարեցին դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանն ու միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը: Համերգի վերջում Ֆելիքս Մենդելսոնի փայլուն տրիոն`դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար, ստ.49, ռե մինոր, կատարեցին Մարինե Կարոյանը (դաշնամուր), Վահե Դանիելյանը (թավջութակ) եւ ՀՀ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Ասատրյանը (ջութակ): Եզրափակիչ համերգը նվիրված էր «հպարտ եւ շլացուցիչ» Ալմա Մահլեր-Վերֆելին: Վիեննական նկարիչ Էմիլ Շինդլերի դուստրը ստացել է փայլուն կրթություն: Վերցրել է դաշնամուրի դասեր, իսկ կոմպոզիցիա սովորել է Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկիի մոտ` Արնոլդ Շյոնբերգի հետ միաժամանակ: Նրա համեստ (նախորդ երկու «հերոսուհիների» հետ համեմատած) «ստեղծագործական պորտֆելում» մոտ երկու տասնյակ երգեր են` ոգով իրեն մոտ կանգնած պոետների տեքստերով: Սակայն Ալմայի իսկական տաղանդը այլ էր. նա պատմության մեջ մտավ որպես «հանճարների ոգեշնչող»: Դժվար թէ եվրոպական մշակույթում գտնվեր որեւէ ականավոր անհատ, որի հետ Ալման շփման կետեր չունենար: Երիտասարդ տարիքից նրա արժեհամակարգում արվեստի հոյակապ ստեղծագործությունը առաջին տեղն էր զբաղեցնում: Վաղ կորցնելով առաջին ամուսնուն` հանճարեղ Գուստավ Մահլերին, նա իր ամբողջ կյանքում մնաց «հավատարիմ այրի», նացիստներից փրկեց հրեա կոմպոզիտորի ձեռագրերը, եւ` պրոպագանդելով նրա ստեղծագործությունը, ապրեց մինչեւ մահլերյան երաժշտության իսկական վերածնունդ: Երկրորդ ամուսնու` հանրահայտ ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ կարճ ապրեց: Իսկ նրա երրորդ ամուսինը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելն էր, որը իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով մեր ժողովրդի ողբերգությունը մարդկության սրտեր հասցրեց: Համերգը սկսվեց Ալմա Մահլերի երեք երգերի (1898) ներկայացմամբ, որ գրված են ուշ ռոմանտիկական ոճով: Երգերը հնչեցին (առաջին անգամ Երեւանում) ՀՀ սոլիստների անսամբլի մենակատար, բարիտոն Կիմ Սարգսյանի եւ կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Գոհար Թորոյանի կատարմամբ: Հաջորդիվ նույն երաժիշտների մեկնաբանությամբ հնչեցին Գուստավ Մահլերի «Երգեր`մահացած երեխաների մասին» վոկալ ցիկլը (Ֆրիդրիխ Ռյուկերտի խոսքերով), ինչպես նաեւ երեք երգ` Ալբան Բերգի «Յոթ վաղ երգեր» շարքից (1907): Ալմա եւ Գուստավ Մահլերների շրջապատից եւս մեկ կոմպոզիտոր` Ռիխարդ Շտրաուսը ներկայացվեց «Չորս վերջին երգեր» վոկալ շարքով (1948-1949), որը ներկաներին մատուցեցին Օպերային թատրոնի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Նունե Բադալյանը (սոպրանո) եւ դաշնակահարուհի Գոհար Թորոյանը: Համերգների ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ լսեց փառատոնի «հերոսուհիների» մասին «նախաբան-պատմությունները»: Փառատոնի մտահղացման հեղինակ Մարինե Կարոյանին հաջողվեց համերգներին նախորդող, երաժշտագիտական խորիմաստ եզրահանգումներից զուրկ ներածական խոսքը մատուցել հետաքրքրական ու գրավիչ` դյուրացնելով տվյալ կին կոմպոզիտորի կերպարի ամբողջական ընկալումը: Մի քանի խոսք «Գաֆեսճեան արվեստների կենտրոն»-ի եւ այս փառատոնի համագործակցության մասին: Փառատոնի ամբողջ ձեւաչափից զգացվում էր, որ վայրի ընտրությունը պատահական չէ: Կենտրոնի արվեստային մթնոլորտը, աշխատակիցների սրտացավ ներկայությունը եւ հատկապես միջոցառումների դահլիճը, իսկապես, լայնորեն նպաստում էր այն կամերային, մտերմիկ մթնոլորտի ստեղծմանը, որ հատուկ էր փառատոնի մտահղացմանը: Փառատոնի գերխնդիրն էր` ծանոթացնել հայ ունկնդրին ավստրո-գերմանական ռոմանտիզմի պատմության պակաս հայտնի էջերի հետ: Նման ակցիաների լուսավորչական առաքելությունը մեծ աջակցության է արժանի: Կարծում ենք, որ, եթե գերմանական ու ավստրիական դեսպանատների չինովնիկները ներկա լինեին այս փառատոնին, ապա նրանց մոտ փոքր-ինչ կսրբագրվեր նրանց աշխատած երկրում մտավորականության մակարդակի մասին կարծիքը: |