ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՆ ՈՒՆԻ 24 ԺԱՄ ԳՈՐԾՈՂ ՌԱԴԻՈ «ՖԱՄԱ» Մայիսի 7-ըՙ Ռադիոյի միջազգային օրը, Մանկավարժական համալսարանում նշանավորվեց բուհի ռադիոյիՙ Առաջին համալսարանական ռադիո «Ֆամա»-ի կայքի շնորհանդեսով: Շնորհանդեսն անցավ լեփ-լեցուն դահլիճում, որին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ տարբեր բուհերից: Շատերին անծանոթ «Ֆամա» եզրույթը հասկանալի դարձավ կայքի շնորհանդես-համերգի ընթացքում. Մանկավարժական համալսարանի ուսանողները հենց բեմում բացահայտեցինՙ այն հունա-հռոմեական դիցարանում աստվածուհի է, որն «ամեն ինչ լսում է, ամեն ինչ տեսնում է», ապա վստահեցրինՙ 24 ժամ եթերում նույն գործառույթը կկատարի նաեւ «Առաջին համալսարանական ռադիո»-ն: Մանկավարժական համալասարանի հերթական ձեռքբերումն իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին էստրադային եւ ռոք երաժշտության աստղեր Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, The Beautified Project խումբը, ինչպես նաեւ հեռուստատեսային տարբեր նախագծերից հայտնի կատարողներ: «Նորություններ», «Ինչպես լսել», «Հաղորոդումներ», «Ծրագիր», «Ֆրեշ», «Շուտով», «Մեր մասին». սրանք են ռադիո «Ֆամա»-ի կայքի հիմնական բաժինները, որոնց միջոցով կայքի այցելուները կծանոթանան համալսարանական եւ կրթական համակարգի խնդիրներին, նորություններին, երիտասարդներին հուզող տարատեսակ հարցերին: Որպես լրատվական գործունեություն իրականացնողՙ «Ռադիո Ֆամա»-ի առաջին հաղորդումը եղել է հենց լրատվական թողարկումների ապահովումը. օրվա ընթացքում երեք ժամը մեկ եթերում է օրվա լուրերի թողարկումըՙ 12:20, 15:00, 18:00 (գլխավոր թողարկում) եւ 21:00: Ռադիոյի հաղորդացանցի այսօրվա բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են: «Ռադիո Ֆամա»-ի եթերում այսօր հնչում են ռադիոլուրեր, հայտարարություններ, «Երիտասարդության ձայն», «Կաթով սուրճ», «Մի երգի պատմություն», «Ռադիոարվեստ», այլ երիտասարդական հաղորդումներ: Առաջին համալսարանական ռադիոն իրականացնում է ոչ պակաս կարեւոր գործառույթ` հարթակ հանդիսանալով համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների` ապագա լրագրողների գործնական պատրաստվածությանը: Ռադիո «Ֆամա»-ի կայքի ծնունդը շնորհավորեց եւ բարի երթ մաղթեց նաեւ ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանըՙ նկատելով, որ այն վերացրեց ռադիոյի մասին շրջանառվող հայտնի տեխնոլոգիական առասպելը, թե համացանցը կխժռի ամեն ինչՙայդ թվում նաեւ ռադիոն: Լեւոն Գալստյանը հույս հայտնեց, որ ռադիոն կարճ ժամանակում կստանա իր վերջնական կերպարանքն ու իր շուրջը կհամախմբի ուսանողներին եւ դասախոսներին, հիմք հանդիսանալով նաեւ համալսարանական հեռուստատեսության ծնունդին: Ռադիո «Ֆաման» /radiofama.am/ եթերում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից, սակայն կայքի պաշտոնական շնորհանդեսն արվեց ռադիոյի միջազգային օրը: |