ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԵՎ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ Պ. Ք. Ատոմ Էգոյանի ֆիլմըՙ մրցութային ծրագրում Կաննի միջազգային կինոփառատոնը այս տարի անցկացվելու է արդեն 67-րդ անգամ: Այն տեղի կունենա մայիսի 14-25-ը: Ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն մայիսի 7-ին հայտարարեց, որ փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկվել են հավելյալ մասնակիցներ: Այսպես, մրցույթից դուրս կցուցադրվի Անդրե Տեշինեի «Մարդ, որին չափից ավելի էին սիրում» ֆիլմը: Գլխավոր դերակատարներն են Կատրին Դնյովը եւ Գիյոմ Կանեն: «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակներում կներկայացվի հունգարացի կինոբեմադրիչ Կոռնել Մունդրուսկոյի «Սպիտակ շուն» ֆիլմը: Հատուկ ցուցադրությունները համալրվել են վավերագրական որոշ ժապավեններով: Դրանք են Լորեն Բեկու¬Ռենարի «Տղամարդկանց եւ պատերազմի մասին», ղազախ Ադիլխան Երժանովի «Շինարարներ» ֆիլմերը, ինչպես նաեւ Տոնի Գատլիֆի «Ջերոնիմոն» եւ Պաբլո Ֆենդրիկի «Ավյունը»: Արդեն հայտնի է նաեւ Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը: Այնտեղ ընդգրկված են ամերիկացի բեմադրիչ Սոֆիա Կոպպոլան, ֆրանսիացի դերասանուհի Կարոլ Բուկեն, ամերիկացի դերասան Ուիլլեմ Դեֆոն, մեքսիկացի դերասան Գաել Գարսիա Բեռնալը, հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Յոնը, իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին, ինչպես նաեւ չին բեմադրիչ Ցզյա Ջանկեն եւ դանիացի բեմադրիչ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը: Ինչպես նշում է «Դեդլայն» կայքէջը, ժյուրիի անդամները նորզելանդացի բեմադրիչ Ջեյն Կեմպիոնի նախագահությամբ «Արմավենու ոսկե ճյուղ» գլխավոր մրցանակը կշնորհեն մրցութային ծրագրի 18 ֆիլմերից մեկին: Դրանց թվում են Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան», Ատոմ Էգոյանի «Գերվածը» (The Captive), Ժան¬Պիեռ եւ Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշեր», Դեւիդ Կրոնենբերգի «Աստղային քարտեզ», Ժան¬Լյուկ Գոդարի «Մնաք բարով, բառեր», Թոմի Լի Ջոնսի «Տեղաբնակը» ֆիլմերը եւ այլն: Փառատոնը կբացվի ֆրանսիացի բեմադրիչ Օլիվիե Դաանի «Մոնակոյի իշխանուհին» ֆիլմի ցուցադրությամբ (գլխավոր դերումՙ Նիկոլ Քիդման): Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված 42-ամյա բեմադրիչ Սոֆիա Կոպպոլան 2006 թ. փառատոնին ներկայացել էր «Մարի¬Անտուանետ» ֆիլմով, որը ոչ պաշտոնական վարկանիշով ստացավ 5 բալ, բայց վերջին հաշվով չարժանացավ որեւէ մրցանակի: Պաբլո Ֆենդրիկի «Ավյուն» ֆիլմում նկարահանված Գաել Գարսիա Բեռնալը առավել հայտնի է «Անիծյալ սեր» ֆիլմում իր խաղացած դերով, ինչպես նաեւ 2005 թ. BAFTA մրցանակ ստացած «Մոտոցիկլիստի օրագրում» մարմնավորած երիտասարդ Չե Գեւարայի դերով: |