RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 09-05-2014



Տեղադրվել է` 2014-05-08 22:47:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2294, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ ԵՐԿՐԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ռոմա ԴԱԼԼԱՔՅԱՆ

Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Հայոց պատմության հազարամյակների խորդուբորդ, ելեւէջումներով հարուստ ճանապարհին շատ դեմքեր են եղե՛լ եւ այսօր էլ կա՛ն, ովքեր իրենց գիտակցական կյանքը, ամբողջական գործունեությունն անմնացորդ նվիրաբերել ու նվիրաբերում են մայր հայրենիքին, հարազատ ժողովրդին, հետեւաբար նաեւՙ բովանդակ աշխարհին ու մարդկությանը: Այդօրինակ նվիրյալների շերտը կազմում է ազգային ու համամարդկային հոգեմտավոր ու նյութական հարստության, իսկական արժեքների մեծագույն գանձարանը, որի կենարար լույսերով ու ճառագայթումներով, ներազդեցության դրական լիցքերով ու էներգիայով ազգերն ու ժողովուրդները, հաղթահարելով բնական ու արհեստական բազում դժվարություններ ու խոչընդոտներ, շարժվում, ընթանում են դեպի հավերժությունՙ որպես ուղեկիցներ ունենալով իրենց նվիրյալներինՙ կենդանի ու մահացած: Եվ ահա՛ Հայաստան երկրի ու հայության համար շատերի հետ մեկտեղ այդպիսի նվիրյալ է նաեւ արժանահիշատակ Մկրտիչ Դիվինի Սարգսյանը , որի 90-ամյակը լրացավ մայիսի 2-ին: Նրան վերհիշելու եւ նրա մասին որոշ մտքեր, հիշողություններ արտահայտելու առիթ դարձավ նաեւ «Հայաստան» հրատարակչությանՙ 2011 թ. տպագրած «Դու անկործան վանք կմնաս...» խորագիրը կրող մեծածավալ ու շքեղ գիրք, որ որդուՙ Վահագն Մկրտչյանի ձեռամբ նվեր ստացա վերջերս, երբ մի առիթով գտնվում էի նրա առանձնասենյակում: Տուն վերադառնալովՙ սկսեցի կարդալ հիշյալ գիրքը, որի ընթերցումն ավարտեցի 2-3 օրում եւ ապրեցի խոր վերհուշ, մեծ բավականություն ու հիացմունք... Մկրտիչ Սարգսյանին գիտեմ եւ ճանաչում եմ վաղուց, շատ վաղուց...

Առիթն օգտագործելովՙ հարմար եմ համարում որոշ նկատառումներ արտահայտել «Դու անկործան վանք կմնաս...» խորախորհուրդ գրքի մասին: Քանզի այդ գրքիՙ ժամանակակիցների տարաբնույթ հուշերի ու հանդիպումների, խոսքուզրույցների շղթայում վեր է հառնում նշանավոր մարդ¬քաղաքացի, տաղանդաշատ բանաստեղծ, արձակագիր, հրապարագիր, հասարակական¬պետական գործիչ Մկրտիչ Սարգսյանի նվիրական կերպարըՙ ազգային ու մարդկային դրական հատկանիշներով :

Հուշերում, կենդանի հանդիպումներում պատկերված ու նկարագրված ամենատարբեր հարաբերությունների, կենդանի գործողությունների, շփումների ոլորտներում մեզ է ներկայանում շնորհաշատ ու գերազնիվ մարդըՙ Մկրտիչ Սարգսյանը , որի կյանքն ու գործը, Հայրենական պատերազմում քաջաբար կռվելը, գրական¬գեղարվեստական խորիմաստ ու ծանրակշիռ վաստակը նվիրաբերվել են Հայաստան աշխարհին ու հայությանը, հայրենի մշակույթին, արդարությանն ու ազատությանը:

Հիշյալ գրքում զետեղված են իննսունից ավելի մարդկանց անմոռաց հուշերն ու գնահատումները Մկրտիչ Սարգսյանի մասինՙ գրված ու ասված հոգու խորքերից, անկեղծորեն, փաստարկումներով, առարկայորեն: Ուշագրավ են հատկապես Ստեփան Զորյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սեւակի, Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պերճ Զեյթունցյանի, Անահիտ Սահինյանի, Վահագն Դավթյանի, Նորայր Ադալյանի, Հրաչյա Բեգլարյանի, Բոգդան Ջանյանի, Լյուդվիգ Դուրանի, Զորի Բալայանի, Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, Արեւշատ Ավագյանի, Էդվարդ Միլիտոնյանի եւ շատ ուրիշների (նաեւ այլազգի) հուշերն ու անմիջական խոսք¬զրույցները: Հուշագիրների եւ զրուցակիցների շարքերում կան նաեւ նշանավոր գրականագետների, լրագրողների, նկարիչների, ռազմական գործիչների եւ այլ մասնագետների կարծիքնր ու անհրաժեշտ վկայակոչումներ: Ի դեպ, ջերմ ու սրտառուչ են հոբելյարի կնոջՙ Ելենա Դավթյանի, ավագ որդուՙ Դավիթի (Հայաստանի Հանրային գրադարանի նախկին տնօրեն) դստերՙ Նաիրայի հուշերը, որոնցում պարզորոշ երեւում է նվիրական ամուսնու, կատարյալ հոր սքանչելի կերպարը:

Գրքի տարբեր էջերում զետեղված են նաեւ հարմար առիթներով գրված եւ Մկրտիչ Սարգսյանին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք բնութագրում ու կերպավորում են նրա մարդկային էությունը, վարքն ու բարքը, ընդգծում հայրենի գրականությանը մատուցած վաստակը:

Այս բոլորին ավելանում եւ Մկրտիչ Սարգսյանի կերպարն ավելի կենդանի են դարձնում 190-ից ավելի լուսանկարները, որոնք արտացոլում են տարբեր իրավիճակներ, անվանի մարդկանց (հայ եւ այլազգի) խմբեր, տարբեր վայրեր, հայ եւ այլազգի բազում նշանավոր մարդկանց, որոնց հետ շփվել ու հարաբերվել է Մկրտիչ Սարգսյանը, որոնցից շատերի հետ համագործակցել եւ առաջ են շարժել հայ գեղարվեստական խոսքն ու մտածողությունը, ազգային մշակույթը, բարեկամ ազգերի ու ժողովուրդների գեղարվեստական գրականությունը:

Մկրտիչ Սարգսյանի բանաստեղծական ժողովածուներն ու արձակ գեղարվեստական գործերն իրենց հարուստ թեմատիկայով ու բովանդակությամբ զգալի չափով հարստացրել են հայրենի գրականությունը եւ դարձել նրա առաջմղիչ ուժերից մեկը: Նա 1960-ական թվականների ազգային զարթոնքի պայծառ դեմքերից մեկն է:

Մկրտիչ Սարգսյանի գեղարվեստական շատ գործեր, ինչպես, օրինակ, «Կյանքը կրակի տակ» արձակ երկերի, «Տիրամոր պատկերի առջեւ» պատմվածքների, «Կարոտի երգ» բանաստեղծությունների, «Բարե՛ւ, բարի՛ արեւ», «Լույս լեռան պես» ժողովածուները, «Քաջ Նազար» հեքիաթ¬վեպը, «Դարավերջի հայը» վեպը եւ այլ երկեր, մնայուն արժեքներ են հայրենի գրականության հավերժող ճանապարհին: Դրանք փոխհաջորդող սերունդների գրական դասեր են, խորիմաստ պատվիրաններ:

1959-1962 թթ. Մկրտիչ Սարգսյանը վարում էր Հայաստանի գրողների միության «Գրական թերթ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները: 1958 թ. հունիսից մինչեւ 1960 թ. դեկտեմբերը ես ՀՍՍՀ Լուսավորության նախարարության «Սովետական դպրոց» պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղարն էի: Այդ տարիներին հանրապետական այլ թերթերի հետ մեկտեղ «Գրական թերթ», «Սովետական դպրոց» պաշտոնաթերթերը նույնպես տպագրվում էին նախկին Ալավերդյան (այժմՙ Հանրապետության) փողոցում գտնվող համար առաջին տպարանում: Մկրտիչ Սարգսյանին ճանաչում էի հեռվից, «Երգեր» (հրատարակված 1957 թ.), «Գետակ» (հրատարակված 1959 թ.) բանաստեղծությունների ժողովածուներից: Ճիշտ է, թերթերն ունեին իրենց պաշտոնական սրբագրիչները, բայց նրանց լույսընծայմանը նախորդող օրերին գլխավոր խմբագիրները, պատասխանատու քարտուղարները, բաժինների վարիչները պարտադիր կարգով լինում էին տպարանում. բաժինների վարիչները կարդում եւ ստուգում էին իրենց բաժինների գծով տպագրվող նյութերի շարվածքները, իսկ գլխավոր խմբագիրներն ու պատասխանատու քարտուղարներըՙ թերթերի ամբողջ շարվածքները: Մինչեւ շարվածքների վերջնականորեն մաքրվելը, երբեմն մնում էինք մինչեւ գիշերվա ժամը 2-3-ը, երբ գլխավոր խմբագիրները, պատասխանատու քարտուղարներն ստորագրում էին արդեն լիարժեք պատրաստի շարվածքների օրինակներն ու հանձնում տպագրության: Այդ օրերին ես միշտ տեսնում ու հանդիպում էի վիրավոր թեւով տպարան հաճախող Մկրտիչ Սարգսյանին, որի հետ արդեն խոսել եւ իրար ճանաչում էինք: Ամեն անգամ հանդիպելիս անպակաս էին ջերմ եւ տարաբնույթ զրույցները: Պիտի ընդգծեմ, որ նա հարգալից ու սիրալիր վերաբերմունք էր դրսեւորում ե՛ւ տպարանի աշխատողների, ե՛ւ խմբագրությունների աշխատակիցների նկատմամբ: Հարաբերութունների ընթացքում երբեք ու երբեք չէր ընդգծում իրեն, չէր ցուցանում եսը: Նա միշտ պարզ էր, հասարակ, համեստ ու բարի, անհրաժեշտության դեպքերումՙ բոլորին նեցուկ կանգնող, այսինքնՙ մարդկային դրական հատկանիշներ, որոնք չունեին այդ տարիների պաշտոնյաներից ոմանք, մանավանդՙ մեր ժամանակների փոքր ու մեծ դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների գերակշիռ մասը:

1960 թ. դեկտեմբերից մեր ճանապարհները բաժանվեցին. ես անցել էի այլ աշխատանքի: Սակայն մինչեւ վերջ մենք մնացինք իբրեւ հարազատներ ու բարեկամներ:

Պետք է հավելեմ նաեւ, որ 1952-1959 թթ. Մկրտիչ Սարգսյանն աշխատում էր ՀԿԿ Կենտկոմում որպես ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի հրահանգիչ, հետոՙ մշակույթի բաժնի հրահանգիչ: 1962-1970 թթ. եղել է Հայպետհրատի գլխավոր խմբագրի պաշտոնում, հետագայումՙ նույն հրատարակչության ավագ խմբագրի պաշտոնում: 1975 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ընտրվել եւ համատեղությամբ տարել է ՀԳՄ կուսակցական կազմակերպության բյուրոյի առաջին քարտուղարի պարտականությունները: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով, նրան շնորհվել է մշակույթի վաստակավոր գործչի կոչում եւ այլն: Բայց ոչ մի բան չփոխեց Մկրտիչ Սարգսյանի բնույթը. նա մինչեւ իր անբասիր կյանքի վերջը մնաց նույն պարզ, հասարակ, բարի, մարդասեր ու մարդամոտ անձնավորությունը, որ անհատականություն էր, սքանչելի կերպարՙ ձուլված հայրենի Ջավախքին, մայր Հայաստանին, անհունորեն նվիրված հայ աշխարհին, հայությանը եւ բոլոր ժողովուրդներին:

Տեղին է իր քերթվածներից մեջբերել հետեւյալ քառատողը, որ գրել է 1957¬ին.

Ուզում եմ լինես նման աղբյուրի,

Քո զովությունից թող քեզ ճանաչեն,

Սիրով սպառվես ծարավ շուրթերին,

Ինքդ քեզանից երբեք չամաչես:

Այս տողերում ինքն է, իր խառնվածքը, իր իղձն ու հավատամքը: Հիրավի, այդպիսին էր Մկրտիչ Սարգսյանը, այդպիսին էին նրա հոգին ու սիրտը:

Մի փոքր շեղում: 1987 թ. «Հայաստան» հրատարակչությունը տպագրում էր իր «Միջերկրականի ափերով» խորագիրը կրող ուղեգրական ակնարկների գիրքը, որի հրատարակչական խմբագիրներից մեկը Վահագն Սարգսյանն է: Տպարանում վերջինիս հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո իմացա, որ նա որդին է Մկրտիչ Սարգսյանի: Հանդիպումների ընթացքում ինձ հիացրեց Վահագն Սարգսյանըՙ իր պարզությամբ, համեստությամբ, անմիջականությամբ եւ այլ դրական հատկանիշներով: Ի դեպ, այդպիսին են նաեւ ավագ որդինՙ Դավիթը, դուստրըՙ Նաիրան: Նրանք դրական հատկանիշները ժառանգել են ծնողներից: Վահագնը եւ մյուս զավակներն իմ աչքում ավելի բարձրացան, երբ կարդացի Վահագնի խմբագրած «Դու անկործան վանք կմնաս...» խորագիրը կրող զարմանահրաշ գիրքը, որ մեծ ջանքերի արդյունք է: Եվ այդ գրքի էջերից, տարաբնույթ բազում լուսանկարներից, թողած գեղարվեստական վաստակից, աշխատանքային արդյունաբեր գործունեությունից վեր է հառնում Մկրտիչ Սարգսյանի լուսեղեն ու նվիրական կերպարը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 09-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ