ՓՈՔՐ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Նաիր ՅԱՆ Մեր մտավորականների ու արվեստագետների ավագ սերունդը լավ է հիշում Խանջյան-Թումանյան փողոցների անկյունային շենքը, որի նկուղային հարկում էր երիտասարդ քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցը: Սովետական չափված-ձեւված մտածողության, արվեստում մուրճ ու մանգաղի տրամաբանությունն ու «գեղագիտությունը» հանրահռչակող միտումների կողքին Մինասի, Երվանդ Քոչարի, Արտավազդ Փելեշյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Մանսուրյանի, Արթուր Մեսչյանի, Արա Շիրազի ստեղծագործական մոտեցումները թթվածնի անհրաժեշտ չափաբաժին էին արվեստի աշխարհում: Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, որն Արա Շիրազի հետ սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում, հիշում է, երբ 1960-ականներին առաջին անգամ մտավ Արա Շիրազի արվեստանոցն ու տեսավ նրա մանրաքանդակները. «Փոքր ֆիգուրներ, դիմաքանդակներ, կամերային գործեր, որոնք այնքան մարդամոտ էին, հարազատ ու սիրելի: Դրանցում երեւում էր ոչ միայն բնորդի, այլ նաեւ հեղինակի ներաշխարհը: Դրանք պատրաստված էին պլաստիլինից ու այնքան կենդանի ու շարժուն էին: Հենց այդ ժամանակ պարզորոշ էր, որ ձեւավորվում է հետաքրքրական մտածողությամբ ու ճաշակով արվեստագետ: Եթե անկեղծ, ապա ինձ դուր են գալիս Արայի փոքրածավալ աշխատանքները. նա դրանց վարպետն էր: Մայրըՙ Սիլվա Կապուտիկյանն էլ էր այդ կարծիքին: Արա Շիրազը մոտ էր Սերգեյ Փարաջանովի հետ: Նրա կինը Փարաջանովի եղբոր աղջիկն էր: Վարպետն Արայի ստեղծագործությունների մասին ասում էր. «Դու փոքր ֆիգուրաները հրաշալի ես քանդակում»: Նրա արվեստը գլխավոր գիծ ուներՙ ազգայինը, որը համադրված էր ժամանակակից արտահայտչամիջոցների հետ»: ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն Արա Շիրազի արվեստում շեշտում է զգացմունքայնությունը: Կարծում է, որ այդ առանձնահատկությունը նա ժառանգել է հորիցՙ Հովհաննես Շիրազից: Որդին չէր գրում, բայց հոր նման սիրտն ու հոգին դնում էր իր քանդակների մեջ: Լեւոն Թոքմաջյանն Արա Շիրազի լավագույն ստեղծագործությունը համարում է Պարույր Սեւակի քանդակը: «Հենրիկ Իգիթյանը ցուցահանդես էր կազմակերպել: Մտանք ցուցասրահ ու ի՜նչ տեսնենք. Արան սովորական թեյնիկներ է ցուցադրումՙ քիթները դեսուդեն ծռած, կողերը ճմռթած: Բոլորն ապշել էին: Սովետական տարիներին այդպիսի համարձակությո՞ւնՙ կեսկատակ-կեսլուրջ մոտեցո՞ւմ, երբ ուրիշները ցուցադրվում էին ու խրախուսվում սոցիալիստական բովանդակությամբ իրենց գործերով: Արան նոր շունչ ու թարմություն բերեց իր հետ: Մի անգամ էլ Կոմիտասին նվիրված քանդակագործության մրցույթին նա ցուցասրահ բերեց մի փայտե սայլՙ արաբաՙ մեջը Կոմիտասի քանդակը: Անսովոր ու հետաքրքրական մտածելակերպ, պարզ ու անմիջական մոտեցում, թեմայի անսպասելի կատարողական մատուցում. Արան կարող էր այդպես որոշել ու անել: Նրա փոքրածավալ գործերում ուրույն պլաստիկա, դինամիկա, ճկունություն, հույզ կար: Գուցեեւ նա ուշադրություն չէր դարձնում քանդակի համաչափությանը, բայց դա չէր կարեւորը: Կարեւորը ջերմությունն ու կենդանի շունչն էր, որ Արային հաջողվում էր հաղորդել իր գործերին»: Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Հովհաննես Շիրազի մահարձաններում Արա Շիրազն ամփոփել է իր հերոսների խառնվածքի, ներաշխարհի, մարդկային նկարագրի առանձնահատկությունները, խտացրել նրանց անհատականության բոլոր գույները: Քանդակագործներն ու նկարիչները մասնագիտական աչքով են գնահատում Արա Շիրազի արվեստը: Շատերն են համակարծիքՙ նա փոքր ծավալի մեջ ամփոփում էր մեծ գեղագիտություն, շարժում, տրամադրություններ, զգացմունքայնություն, որոնք մոնումենտալ գործերում չէին պահպանվում, կորչում էին: Սակայն պետք է նշել, որ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը շատերն են հավանում ու այնտեղ տեսնում կերպարի էպիկական ոգին: Արա Շիրազի գործերում ակնհայտ է ազատ ստեղծագործողի մտքի ու ձեռքի անկաշկանդ ներդաշնակությունը: Շատ ստեղծագործողներ աշխատում են քանդակագործության ձեւի ու տարածության համաչափության կանոններով, բայց ստանում են սառն ու անտարբեր կերպարներ, անշունչ ու անզգացմունք ֆիգուրներ: Թվում էՙ ամեն ինչ կատարյալ է, կարգուկանոնով, մասնագիտական չափագրումների օրենքներով, բայց պակասում է ամենակարեւորըՙ արվեստի, ստեղծածի, երկնածի ոգին: Արա Շիրազի արվեստանոցում կիսատ շատ գործեր կան: Ծանր հիվանդությունն ու անժամանակ մահն անավարտ թողեցին նաեւ նրա ստեղծագործական մտահղացումները: Սակայն մտերիմներն ու ընկերները լիահույս են, որ Արա Շիրազի էսքիզները կյանք կստանան թեկուզ այլ քանդակագործների ձեռքով: |