ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՏԻԳՐԱՆՅԱՆ-ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Խորհրդածություններ Հովհաննես Թումանյանի երկու պոեմների եւ հայկական երկու օպերաների վերաբերյալ Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի դերը հայ նոր գրականության զարգացման գործում: Նրա ստեղծագործություններն ամենքին էլ սիրելի են ու հոգեհարազատ, քանզի դրանց էությունը մարդն է ու մարդկայնորեն գեղեցիկը, դրանցում կյանքի ու մահվան հավերժական հակասության գաղափարի փիլիսոփայությունն է իմաստավորված: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ Թումանյանի ստեղծագործություններն իրենց հանճարեղությամբ վաղուց մնայուն տեղ են գտել ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականության մեջ: Այդ ստեղծագործությունները մշտապես հուզել եւ հուզելու են ընթերցողին, ոգեւորել ու խանդավառել են բազում արվեստագետներիՙ ներշնչանքի աղբյուր դառնալով նաեւ նրանց համար: Հենց այդպիսի ոգեւորության շնորհիվ են ծնվել թումանյանական արձակի թեմաներով կերպարվեստի կոթողները եւ արժեքավոր ֆիլմերը, պոեմների ու բանաստեղծությունների հիման վրա հյուսված քնարական երգերն ու հիասքանչ օպերաները: Հենց այդպես ոգեւորվեց կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանըՙ 1908 թվականին կարդալով նրա «Անուշ» պոեմն ու վճռեց այն օպերայի վերածել, հենց այդպես, հմայված «Թմկաբերդի առումը» պոեմով, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը գրեց «Ալմաստ» օպերան: Գիտակցելով, որ «Անուշ» պոեմը հայ ազգային ինքնության, հայի էության մի յուրօրինակ դրսեւորումն է, հին հայ գյուղի կյանքի ու կենցաղի ճշմարտացի արտապատկերումը, Տիգրանյանն իր առջեւ նպատակ դրեց ստեղծելու մի ազգային-ժողովրդական օպերա: Սակայն նա հասկանում էր նաեւ, որ դա շատ դժվարին ու պատասխանատու գործ է եւ անմնացորդ նվիրում ու համբերատար աշխատանք է պահանջում: Սա Տիգրանյանի առաջին փորձն էր մեծ կտավի երաժշտական ստեղծագործություն գրելու, եւ բնական է, որ նա մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում այդ գործին: Անհրաժեշտ էր, փաստորեն, հիմնավորապես ուսումնասիրել մեր ազգային մելոսը, գեղջկական երգերն ու մեղեդիները: Արմեն Տիգրանի Տիգրանյանը ծնվել էր 1879 թվականին, Ալեքսանդրապոլում (այժմՙ Գյումրի), եւ քանի որ ծնողներն արվեստասեր մարդիկ էին, նա մանկուց լսել էր մեր ժողովրդական եւ աշուղական երգերը, որոնք հաճախ հենց իր մայրն էր երգում: Նա սովորել էր նաեւ ֆլեյտա նվագել ու երբեմն փորձում էր նվագակցել մորը: Երբ ապագա կոմպոզիտորը 14 տարեկան էր, ընտանիքով վերաբնակվեցին Թիֆլիսում, որտեղ 1898 թվին նա երաժշտական ուսումնարան ընդունվեց: Աշակերտելով սկզբում Կլենովսկուն,ապա Մակար Եկմալյանինՙ Տիգրանյանը հասու դարձավ երաժշտական արվեստի գաղտնիքներին ու երեւի հենց այդ տարիներից էլ վճռեց կոմպոզիտոր դառնալ: 1900-ականների սկզբներին վերադառնալով ծննդավայրՙ Տիգրանյանն սկսեց երգ-երաժշտություն դասավանդել դպրոցներումՙ միաժամանակ ծավալելով խմբավարական գործունեություն: Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա 1905-907 թթ. ընթացքում գրած առաջին երգերն ու ռոմանսներըՙ «Հովերն առան», «Ախ իմ ճամփեն», «Սեւ աչերեն», «Աշնան լալկան», «Գարնան լալա» եւ այլն, ջերմությամբ ընդունվեցին ունկնդիրների կողմից: Դա ոգեւորեց հեղինակին, ու նա վճռեց ուժերը փորձել ավելի ծավալուն ժանրերի մեջ: Հենց այդ խանդավառությամբ էլ կարդալով Թումանյանի հիասքանչ պոեմըՙ ձեռնամուխ եղավ օպերա գրելու գործին, որն ավարտեց շատ արագ: 1912 թվականի օգոստոսին արդեն «Անուշը» բեմադրվեց Ալեքսանդրապոլումՙ հեղինակի ղեկավարած սիրողական երաժշտախմբի ուժերով: Հարազատ մնալով Թումանյանի պոեմի ոգուն ու ոճինՙ Տիգրանյանը կարողացել էր ստեղծել այդ ստեղծագործությանն արժանի մեղեդային կերտվածքներ եւ երաժշտության միջոցով մարմնավորել կենդանի կերպարներ: Նա հիրավի ստեղծել էր ազգային բարձրարվեստ օպերա, որն օժտված է քնարական մեծ շնչով, վառ արտահայտչականությամբ, ազգային ոճի հարուստ ու բազմերանգ մեղեդիներով: Բայց այդ օրերին գավառական քաղաքում սիրողական երաժշտախմբի թույլ ուժերով բեմադրված ներկայացումը դժվար թե մեծ հնչեղություն ունենար, եւ գուցե հեղինակն ինքն էլ չէր պատկերացնում, որ տարիներ անց այն դառնալու է մեր ժողովրդի ամենասիրելի օպերաներից մեկը: Թերեւս իրավացի էր երաժշտագետ Ալ. Թադեւոսյանը, երբ գրում էր. «Հիրավի, հայ դասական օպերան ծնունդ առավ ցնցոտիների մեջ: Եվ, այնուամենայնիվ, ներկայացումը հսկայական հաջողություն ունեցավ. հասարակությունը վերադարձին իր հետ էր տանում մտքում դրոշմված ու սիրված մեղեդիները, որոնք այնքան օրգանապես միաձուլվում էին Թումանյանի հերոսների կերպարներին»: Միայն հետագայում հնարավոր եղավ Հայաստանում պրոֆեսիոնալ օպերային թատրոն ստեղծել ու պատշաճ մակարդակով բեմադրել Թումանյանի հրաշալի պոեմների թեմաներով գրված մեր երկու հիասքանչ օպերաները: 1933 թվականին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնն իր ծնունդն ավետեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ, իսկ երկու տարի անցՙ 1935-ին, բեմադրվեց նաեւ Տիգրանյանի «Անուշը»: Քանի որ Թումանյանի «Անուշ» պոեմը պատկերում էր նահապետական հայ գյուղի կյանքն ու կենցաղը, երկու հերոսների կործանված սիրո պատմության միջոցով արժեւորում անկեղծ սիրո ու նվիրումի վեհությունը, ուստի բնական է, որ օպերայի երաժշտության մեջ եւս գերիշխելու էին ժողովրդական երգերի ու խաղիկների մոտիվներով զարգացումները: Հենց այդ կերպ էլ Տիգրանյանը հասել է միջավայրին ու կերպարներին բնորոշ երաժշտական արտահայտությունների ճշմարտացիությանը: Սակայն այլ էր «Թմկաբերդի առումը» պոեմի թեման: Դա խոհափիլիսոփայական մի պոեմ է, որտեղ Ամենայն հայոց բանաստեղծն իր մտորումներն է արտահայտում հայրենասիրության ու հայրենադավության, ամուսնական սիրո ու փառասիրության, բարոյականի ու հակաբարոյականի, չար ու բարի արարքների եւ այդ ամենի մասին թեկուզ իբրեւ ավանդազրույց հարատեւող մարդկային հիշողության վերաբերյալ: Մարդը մահկանացու է, բայց նրա գործն անմահ է, ու չպետք է ապրես այնպես, որ հավերժորեն անեծքով հիշվես: «Չարն էլ է միշտ ապրում անմեռ, // Անեծք նրա չար գործին...» , - հիմնավորում է բանաստեղծըՙ հորդորելով հեռու մնալ չար գործից: Պոեմի հիմքում ժողովրդական մի ավանդազրույց է ընկած, որը հեռու է պատմական ճշմարտացիությունից, կերպարներն էլ ոչ թե իրական-պատմական անձինք են, այլ մեր ժողովրդի ու նրա թշնամիների հավաքական-պայմանական գրական մարմնավորումներ: Ողջ ավանդազրույցն աշուղն է պատմում արեւելյան լեզվաոճական շքեղ արտահայտչամիջոցներով, գունագեղ ու ճոխ լեզվով: Թումանյանին իրոք հաջողվել է իր գաղափարներն արտահայտելու հարմար թեմա ու ոճ գտնել, եւ այդ թեման ու հատկապես աշուղի լեզվով այն պատմել-շարադրելու կերպն էլ հենց հմայել, ոգեւորել էր Սպենդիարյանին: «Ինձ ձանձրացրել էին ճշմարտությունից զուրկ, պայմանական, բուտաֆորական, էկզոտիկ սյուժեները, ես երազում էի գտնել մի այնպիսի շնորհակալ թեմա, ինչպես «Իվան Սուսանինը», «Իշխան Իգորը» կամ «Կիտիժը», միայն թե կապված Հայաստանի պատմության, իմ ժողովրդի կյանքի եւ հերոսական պայքարի հետ»,- գրում էր հետագայում Սպենդիարյանը: Նրա այդ երազանքն իրականացավ 1916 թվականին, երբ Թիֆլիսում ծանոթացավ Հովհ. Թումանյանի հետ եւ հմայվեց նրա ստեղծագործություններով: Այդ ստեղծագործություններում գրողի հետ նա թեմա էր փնտրում իր ապագա օպերայի համար եւ գտավ: Ինչպես հիշում էր բանաստեղծի դուստրըՙ Նվարդ Թումանյանը. «Սպենդիարյանը շատ հավանեց ամբողջ պոեմը եւ տեղից վեր թռչելովՙ ասաց. - Այ սա ուրիշ բան է, իսկն իմ ուզածն է : Ու ոգեւորված սկսեց սենյակում ման գալ: Նա խնդրեց Թումանյանին պոեմը տող առ տող թարգմանել իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքի աշուղական ձեւը («Ժամանակակիցները Ալ. Սպենդիարյանի մասին» (կազմ. Թադեւոսյան Ալ.), Երեւան, 1960, էջ 150): Հիրավի, սքանչելի օպերա է «Ալմաստը», որը փաստորեն հայոց երկու մեծերիՙ Թումանյանի եւ Սպենդիարյանի նույնանման սկզբունքներիՙ կյանքի ու մահվան, հայրենասիրության ու դավաճանության, անկեղծ սիրո ու փառամոլության վերաբերյալ ունեցած համանման մտքերի ու գաղափարների փոխըմբռնման արդյունք է: Սակայն նույն կերպ չէր ընկալել պոեմը օպերայի ռուսերեն լիբրետոյի հեղինակ, բանաստեղծուհի Սոֆյա Պարնոկը: Իբրեւ բանաստեղծուհիՙ նա ռուսական հեղափոխական մտավորականության հույզերի արտահայտողն էր եւ չէր կարող խորությամբ հասկանալ արեւելքցի մարդու հուզական ներաշխարհը, սիրո ու գինու, կենսական վայելքների ու հնամենի ավանդույթների պարտադրող-կաշկանդող հակասությունները: Համեմատելով պոեմը լիբրետոյի հետՙ նկատում ենք, որ Պարնոկը նեղացրել է այնտեղ արտահայտված չարի ու բարու, հայրենասիրության ու դավաճանության, սիրելի մարդուն փառասիրությունից կուրացած դավելու համար զղջացող կնոջ հոգեկան ողբերգությունը եւ, առհասարակ, կյանքի ու մահվան հակասությունների վերաբերյալ Թումանյանի խոր ընդհանրացումները: Նա պոեմը պարզապես դիտարկել էր որպես պատմաքաղաքական իրադարձությունների շուրջ հյուսված մի ավանդազրույց, որտեղ ընդամենը խոսվում է հայրենասիրության ու դավաճանության մասին: Բայց Թումանյանի պոեմը միանգամայն համապատասխանում էր կոմպոզիտորի գեղագիտական սկզբունքներին, եւ Սպենդիարյանը ջանքեր չխնայեց ստեղծելու համար մի օպերա, որն իրավամբ հայկական օպերային արվեստի գոհարներից է: Այն, ինչը Պարնոկին քիչ էր հուզել եւ չէր կարեւորվել նրա ստեղծած լիբրետոյի մեջ, կարեւորվեց կոմպոզիտորի կողմից: Առանձին հատվածներում Սպենդիարյանն ուղղակի հասել է գեղագիտական չափանիշների կատարելության (հիշենք թեկուզ Ալմաստի պարը, որտեղ նա մեծագույն վարպետությամբ արտահայտել է հակասական մտքերից տանջվող, տատանվող կնոջ հոգեվիճակը, «Պարսկական քայլերգը», «Աշուղի արիան» եւ այլն): Հասկանալի է, որ հեշտ չի եղել օպերային արվեստի այդպիսի մոնումենտալ կոթող ստեղծելը, ու Սպենդիարյանը շուրջ մեկ տասնամյակ (1918-28 թթ.) ջանադրաբար աշխատել է այն ստեղծելու համար: Այդ տարիներին նա Սուդակի իր ամառանոցում էր ապրում եւ, ինչպես հիշում էր կոմպոզիտորի դուստրըՙ Մարինա Սպենդիարովան, լրջորեն ուսումնասիրում էր հայ ժողովրդական եւ աշուղական մեղեդիները, արեւելյան մուղամները: Սպենդիարյանիՙ կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանին գրած մի նամակից տեղեկանում ենք, որ նա վերամշակել եւ օգտագործել է նաեւ նմուշներ Տիգրանյանի մշակած մուղամներից: Շատ բան կարելի է ասել եւ՛ Թումանյանի հրաշալի պոեզիայի, եւ՛ մեր հիասքանչ օպերաների մասին, բայց թերեւս մեր խոսքն ավարտենքՙ նշելով, որ, հետեւելով օպերային արվեստի դասական սկզբունքներին, թե՛ Տիգրանյանին, թե՛ Սպենդիարյանին հաջողվել է ստեղծել խորապես ազգային օպերաներՙ հավատարիմ մնալով Թումանյանի արտահայտած վեհ գաղափարներին: Երկու օպերաներն էլ բազմիցս բեմադրվել են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլ երկրներումՙ արժանանալով թե՛ հայ, թե՛ այլազգի հանդիսատեսների ջերմ ընդունելությանը: |