RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 06-06-2014



ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-06-06 03:33:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1993, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ԺԱՆՆԱ ԴԱԴԱԼՅԱՆ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի 1974թ-ի շրջանավարտ

Անժել Քյուրքչյանի «Կյանքիս հիշարժան էջերից» գրքի շնորհանդեսը աշխատանքների ոչ մի նախապատրաստական փուլ չանցավ. Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի (այժմՙ համալսարան) 1974 թ. շրջանավարտների 40-րդ տարեդարձի հանդիպումը «Մարիոտում» վերափոխվեց շնորհանդեսի... Հեղինակը հիշյալ կուրսի կուրսղեկն էր եղել, սիրված դասախոսը, եւ հրավիրվել էր ավանդական այդ հավաքին, որի ընթացքում ներկաներն ստացան գրքի իրենց օրինակները:

«Հուշագիրքը» եզակի, իր նախադեպը չունեցող կառուցվածքով հուշագրություն է: Ինչպես շարժանկարի պաստառի վրա, «ականատեսն» ես լինում նրա կյանքի ճանապարհի դիպվածներին, Քյուրքչյան դասախոսի եւ ուսանողի փոխհարաբերությանը (որին վերաբերող նյութերն ավելի են ջերմացնում «Հուշագիրքը»), նրա հետ համագործակցած փայլուն անձանց (ազգական, բարեկամ, ընկեր, սփյուռքահայ ու հայրենի արժանապատիվ դեմքեր...), հեղինակի ստացած ու հղած նամակներին, ընծայագրերինՙ նվիրած ու նվիրված գրքերի մաղթանքներով, որոնք օրինա՛կ, այն էլ ի՜նչ օրինակ կարող են լինել եկող սերնդների համար: Եվ քո առաջ պատկերանում է բացառիկ շնորհներով օժտված Անժել Քյուրքչյան անուն-ազգանունով մանկավարժի, դասախոսի, հարուստ ներաշխարհով մարդու ազնվագույն, անշահախնդիր կերպարը:

Ինչքա՜ն պիտի սիրես քո գործը, քո լեզուն, աշխատանքդՙ ամենալայն առումով, ինչքա՜ն նրբանկատ պիտի լինես լսարանում նստած ուսանողիդ գրածի, թռուցիկ ասած խոսքի ու հումորի նկատմամբ, որ ամեն ինչ գրի առնես, հիշես, պահպանես, անգամՙ անձեռոցիկների վրա գրված սրտից ու հոգուց բխած խոսքեր, էսքիսզներ: Որչա՜փ պիտի գնահատես հարազատիդ, ընկերոջդ, մարդուն ընդհանրապես, որ նրա կատարած փոքրիկ իսկ աշխատանքը սրբությամբ պահես-պահպանես, իսկ այսօր շունչ տաս գրքի տեսքով:

Անժել Քյուրքչյանի հավաստմամբՙ գրքի 9 բաժիններում («Ստեղծագործական շարադրություններ», «Սրտի խոսքեր», «Քյուրքչյանի արտահայտություններից», «Շնորհավորական հեռագրեր», «Շնորհավորական բացիկներ», «Ընծայագրեր», «Նամակներ», «Հավելված», «Վկայում են նկարները») ներկայացվում են ձեռքի տակ ունեցած մեծաքանակ նյութերից նմուշներ միայն:

«Հուշագրքի» էջերից տեղեկանում ես, որ Ա Քյուրքչյանը զբաղվել է նաեւ գիտական գործունեությամբ: Նա հեղինակ է արեւելահայերենի ու արեւմտահայերենի, ինչպես նաեւ գրական հայերենի երկու ճյուղերի վերաբերյալ քերականական աշխատությունների, համահեղինակՙ թելադրության ժողովածուների, Սփյուռքի հայկական ու հայրենի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ, գիտամեթոդական ձեռնարկների, ինքնուրույն ընթերցանության համար հեքիաթների ժողովածուների, «Ճանաչի՛ր երկիրը քո» մատենաշարի

Սրանք հարստություններ են:

Մենք, այլեւ Քյուրքչյանիՙ Հայաստանով եւ Սփյուռքով մեկ սփռված սաներից շատերս այսօր էլ ջանում ենք իր հեղինակած դասագրքերով դասավանդել իրենից ժառանգած պահանջկոտությամբ, նվիրվածությամբ, երեխայիՙ մայրենիի առաջին ուսուցչի կոչմանը մեզ արժանի դարձնելու նրա երազանքի իրականացման պատասխանատվությամբ:

Ի դեպ, մեր սիրելի դասախոսը եզակի, իր նախադեպը չունեցող կառուցվածքով նշված «Հուշագրքով» չէ որ առաջինն է«Կյանքիս հիշարժան էջերից» տեղեկանում ենք, որ նա գիտական աստիճանի արժանացած հայրենադարձ առաջին հայուհին է, 2012թ-ին լույս տեսած «Հայերենի մակբայները» մենագրության մեջ (որը նրա 1956թ-ին պաշտպանած նույնանուն ատենախոսության հիմնովին վերամշակված տարբերակն է) կարդում ենք, որ հայ քերականության պատմության մեջ առաջինն է որ դիտարկել է մակբայի մի նոր տեսակՙ ընդհանրական մակբայները, առաջինն է հաստատել, որ ժամանակն է հայերենի զարգացման բոլո՛ր հատվածներում մակբայներից առանձնացնելու եւ որպես ինքնուրույն խոսքի մաս ընդունելու եղանակավորող բառերը (գրաբարում այն դեռեւս 1952թ-ին առանձնացրել էր Անժել Քյուրքչյանի ուսուցիչ, նրա գիտական ղեկավար դոկտոր, պրոֆեսոր ԱԱ Աբրահամյանը)ՙ գրական հայերենի 9 խոսքի մասերը հասցնելով 10-ի

Ուշագրավ է եւ այժմեական, որ Քյուրքչյանը նշված հուշագրությունների հրապարակումը կարեւորել է նաեւ հետեւյալ նկատառումներով ու մտահոգությամբ, որը տեղ է գտել «Կյանքիս հիշարժան էջերից» գրքի «Ինչո՞ւ է այս «Հուշագիրքը» խորագրի տակ. «Անառարկելի ճշմարտություն է, որ համացանցը գիտելիքների շտեմարան է եւ SMS-ի հնարավորությունների հետ մեկտեղՙ նաեւ հաղորդագրության եւ հաղորդակցվելու գիտական մեծ նվաճում: Սակայն թող որ դրանք չվտանգեն գրավոր, հատկապես նրա մեսրոպատառ ձեռագիր արտահայտությունը (նամակ, հեռագիր, բացիկ...): Վերոնշյալ պատճառներով դժբախտաբար բանավոր խոսքը եւս երկրորդական տեղ է մղվումՙ հաղորդագրություններն արձանագրելով մի քանի ստեղների սեղմումով: Ավելին իսկՙ եթե նկատի ունենանք նաեւ, որ դրանք կատարվում են լատինատառ հայերեն, ապա այդ պարագայում կանգնած ենք նաեւ ավելի լուրջ վտանգիՙ մեսրոպատառ հայերենի նահանջի ընդառաջ»,- հիրավի մտահոգվում է հեղինակը: «... Մինչդեռ որքան էլ կուռ ու տրամաբանական, այլեւ հուզական ու զգացմունքային լինեն նման հաղորդագրությունները, երբեք չեն ունենա բանավոր, մտերմիկ խորհրդի, համոզիչ, թելադրող ու պարտադրող, սրտի ու հոգու թրթիռ, խռովք ու հույզ արտահայտող ազդեցությունը, որն արտահայտվում է ձայնով»:

Ասվածը անհերքելի ճշմարտություն է, որը կրկին ու կրկին հաստատում է իմ հարգարժան դասախոսը, երբ փաստում է, որ մարդն ասունՙ ասող, խոսող արարած է, ուստի մարդկային ձայնըՙ աստվածատուր շնորհ, որն իրեն տարբերում է կենդանիներից, եւ, ինչպես ձեռագիրը, ձայնը եւս ունի անձը բնութագրող արժեք, եւ, ինչպես ձեռագրով, անձը բնութագրվում է նաեւ ձայնով: Նույնն է հաստատում նաեւ Անժել Քյուրքչյանին հղված հետեւյալ ընծայագիրը. «Ես չգիտեմ մեկ ուրիշի, որին կարելի լինի պատկերացնել.. ձայնով: Քո ամեն մի բառի մեջ հոգի կա»...

«Կյանքիս հիշարժան էջերից» գրքի աննախադեպ շնորհանդեսը բավական ժամանակ շարունակվեց: Բաժակ բարձրացվեց «Հուշագրքի» առթիվ, հեղինակին առողջություն ցանկանալուց զատՙ նրան «պարտադրվեց» մասնակցել նաեւ կուրսի ավարտման 50-ամյակին...

Վերստին ուսանող դարձած, ընծայագրված գրքերը թեւներիս տակՙ մեզնից յուրաքանչյուրն ուղեւորվեց իր հարազատ օջախըՙ անցյալի անմոռաց հուշերով, սրտահույզ տպավորություններով ծանրաբեռնՙ ապագայում կրկին հանդիպելու ակնկալիքով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 06-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ