RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 06-06-2014



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2014-06-06 03:33:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2086, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԿԱՔԱՎԵԼԸՙ ԿԱՔԱՎԱԳՐԵՐՈՒՄ

Նաիր ՅԱՆ

1907-08 թվականներին Կոմիտասն ազգային պարերի ութ նմուշ է գրառել. նոտագրել է երաժշտությունն ու բառերով նկարագրել ամբողջ պարը: Քանի որ գրառման այլ համակարգ չի եղել, Կոմիտասն ասել է. «Սա թողնենք ավելի լավ ժամանակներին»:

Նրանից հետո Սրբուհի Լիսիցյանը քառասուն թվականին Մոսկվայում հրատարակվել է «Запись движения» գիրքը, որը պարերի գրառման համակարգի եզակի նմուշ է: Մասնագիտական ոլորտում հայտնի է նաեւ Լաբանի համակարգը, բայց այն մատչելիությամբ զիջում է Սրբուհի Լիսիցյանի մշակած համակարգին: Հայ ազգագրագետ-բանահավաքի գրառման ձեւով են առաջնորդվել նաեւ Մոսկվայի Մեծ ու Մարիինյան թատրոններըՙ թղթին հանձնելով բալետներ եւ ամբողջական միզանսցեններ: Այնպես որ, Սրբուհի Լիսիցյանը պարերի գրառման համակարգի առաջին լուրջ փորձն է արել, որի հիման վրա կարող են իրենց պարերը գրառել նաեւ այլ ժողովուրդները: Լիսիցյանի համակարգը զուտ ազգային չէ, բայց բխում է ազգայինից: Լիսիցյանի աշակերտներըՙ ազգագրագետներ Էմմա Պետրոսյանն ու Ժենյա Խաչատրյանը , հավաստիացնում են, որ իրենց ուսուցիչը գրի է առել շուրջ երեք հազար պարՙ մեծ մասամբ Արեւմտյան Հայաստանից գաղթածներից. ահռելի ու նվիրական աշխատանք, որի շնորհիվ արեւմտահայոց պարարվեստը պահպանվել ու փոխանցվել է սերունդներին: Ի տարբերություն նրանց պարերիՙ արեւելահայերինը խառնածին է. պարունակում է կովկասյան տարբեր ժողովուրդների պարային տարրերՙ «Ուզունդարա», «Թարաքյամա». անգամ անունները հայերեն չեն: Իսկ Արեւմտյան Հայաստանն ունեցել է խիստ ազգային խորհրդանիշներով, նկարագրով, պատմությամբ ու նշանակությամբ պարեր:

Կարնեցիները, որ մեծ մասամբ հաստատվել են Ջավախքում ու Ախալցխայում, ազգային ավանդույթների շարքում պահպանել են նաեւ ավանդական պարերը: «Կարին» ավանդական երգի ու պարի խմբի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Գինոսյանը պատմում է. « Իմ պապերը Կարինից են գաղթել Ախալցխա: Այնտեղ մի անգամ պարելիս ինձ տեսան իմ համաքաղաքացիներն ու ասացինՙ պապիդ նման լավ ես պարում: Գիտեի, որ քսաներորդ դարասկզբին Ախալցխայում բեմադրվել է «Վարդանանց ցուցք» թատերապարը, որ կարնեցիները հարուստ պարարվեստ են ունեցել, պահպանել ու փոխանցել սերունդներին: Լինելով կարնեցու թոռՙ շատ հետաքրքրված էի այդ պարերի պատմությամբ, ծագումնաբանությամբ ու նշանակությամբ: Գնացի ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի մոտ, որը Սրբուհի Լիսիցյանի օրինակով Ջավախքի պարեր էր գրառել: Նրա գրառած պարերը վերականգնեցի, ինքս էլ փնտրեցի ու գրառեցի Ախալցխայի ու Ջավախքի այլ պարեր: Կարնո պարանմուշների հարուստ գանձարան ունեի: 2001-ին հիմնադրեցի «Կարին» ավանդական երգի ու պարի խումբը, որը շատ շուտով բացի Կարնո պարերից, երկացանկում ընդգրկեց նաեւ ամբողջ հայկական լեռնաշխարհի պարերից»:

Սրբուհի Լիսիցյանի մշակած համակարգի շնորհիվ այսօր հնարավոր է գրառել ու պահպանել ցանկացած պար: Գագիկ Գինոսյանը դեռ տասը տարի առաջ էր մտահղացել Լիսիցյանի համակրգը յուրաքանչյուրի, անգամ սկսնակի համար ընթեռնելի ու հասկանալի դարձնել: Պատմում է, որ առաջին փորձը հաջողությամբ չի պսակվել. տեխնոլոգիաներն այսօրվա պես հզոր չէին: Երկու տարի առաջ «Ինստիգեյթ» կազմակերպության ղեկավար Վահագն Պողոսյանը, որ պատրաստել է «Կարին», «Լեոնիդ Ազգալդյան», «Հայրիկ Մուրադյան» կայքերը, հանձն է առնում կինետոգրաֆիայիՙ պարանշումների գրառման կայքը նույնպես պատրաստել: Կինետոգրաֆիա բառի ստուգաբանությունը եւս Սրբուհի Լիսիցյանն է տալիս: Կինետո նշանակում է շարժում, գրաֆիաՙ գրառում: Գագիկ Գինոսյանը կինետոգրաֆիան փոխարինել է գրաբարյան բառովՙ կաքավագրություն: Կաքավել նշանակում է պարել: Ընդհանրապես պարել բառը, բացի կաքավելուց, այլ հոմանիշ էլ ունիՙ թեւել: Ինչպես տեսնում ենք, կաքավելն ու թեւելը թռչնի հետ են նույնացվում: Պարի ակունքները նախաքրիստոնեական են, ավելինՙ բազմաստվածությունից էլ անդին: Հին հայերի համար թռչունը եղել է այն արարածը, որը կարող էր մարդուն վեր հանելՙ դեպի աստվածներ: Մենք ունեցել ենք թռչնի պաշտամունք ու խորհրդանշաբար նաեւ փորձել ենք մոտենալ թռչնի կերպարին: Իզուր չէ, որ ասում ենքՙ թեւաթափ եղա, թեւատարած մոտեցա: Այս արտահայտություններում չենք օգտագործում ձեռք բառը: Ասում ենք նաեւՙ թեւ թեւի պարել. այսինքնՙ թեւերը միացրած պարելՙ թռչուն պատկերացնելով, թռչնի պես: Բանն այն է, որ հնում պարերը համարվել են թռչունների պաշտամունքին ուղղված ծեսեր: Գագիկ Գինոսյանը նշում է. «Մեր առաջին պարանմուշները թռչնակերպ պարերն են: Կաքավելՙ կաքավի նման պարել, ունենք նաեւ «Շորոր» պարը, որն առաջացել է սորոր թռչնի անունից, «Կռնկավեն» պարը, որ նշանակում էՙ կռունկի նման: Գրառված պարերի որոշ շարժումների կրկնություններ կամ նմանություններ ենք տեսնում մեր գորգերում, խաչքարերի վրա, ասեղնագործության, ձեռագործության, սափորագործության մեջ: Թող սա զարմանալի չթվա: Ոչ թե մեր մշակույթի տարբեր ոլորտներն են միմյանց վրա ազդել, այլ եղել է ընդհանուր հավատալիք, որը ճառագայթաձեւ ազդել է մշակույթի տարբեր ոլորտների վրա ու ամեն տեղ արտահայտման ձեւ ստացել»:

Գրառված պարերի նիշերը կոչվում են կաքավանիշեր: Դրանք պարի նոտաներն են: Կաքավագրերի կայքում համակարգչով գրառված է հայկական 18 պար: Դրանցից առայժմ երեքը Գագիկ Գինոսյանն ու իր համախոհներն ուզում են վերջնական, կատարյալ տեսքի բերել: Թեեւ հիմա էլ յուրաքանչյուր ոք կարող է կաքավագրերի միջոցով կարդալ 18 պարերից յուրաքանչյուրը: «Աստվածածնա պար», «Ճոճք», «Գորանի», «Կարնո քոչարի» եւ այլ. այս պարերը գրառված են: Գագիկ Գինոսյանը մտադիր է նույն սկզբունքով մատուցել ամենահայտնի 50 պարեր:

Կաքավագրերը հնարավորություն են տալիս առանց պարուսույցի պարել սովորել: Երաժշտությունը հնչում է. ոտքի, ծնկի, ոտնաթաթի, ուսի, գլխի յուրաքանչյուր շարժում հերթականությամբ նշված է: Հարկավոր է միայն սկզբում մի քիչ ուշադիր լինել ու գետնին դրված ոտնաթաթի նշանը չշփոթել բարձր պահած ոտնաթաթի նշանի հետ, կամ ծնկածալը չշփոթել ուղղված ոտքի հետ եւ այլն: Իսկ որ ամենակարեւորն էՙ այս պարերը կփոխանցվեն սերնդեսերունդ, չեն կորչի ու կբեմադրվեն: Նույն սկզբունքով Գագիկ Գինոսյանը մտադիր է ազգային մյուս պարերն էլ գրառել ու հանրության սեփականությունը դարձնել: Միայն թե կայքն ու կաքավագրերը պաշտպանության կարիք ունեն: Պետք է դրանք հնարավորինս անվտանգ դարձնել, որովհետեւ չի բացառվում, որ թուրքերն ու ադրբեջանցիները քիթները խոթեն այստեղ ու գողանան մեր պարերը: Գագիկ Գինոսյանն ասում է, որ հարկավոր է ամենաանվտանգ համակարգը ներդնել, որպեսզի հնարավոր չլինի կաքավագրերը ներբեռնել: Միեւնույն ժամանակ նա նպատակային է համարում այդ պարերը տարածել նաեւ Սփյուռքում, որպեսզի այնտեղ եւս ուսուցանվեն ու բեմադրվեն: Չէ՞ որ դրանց մեծ մասը սփյուռքահայերի նախապապերից է մեզ հասել:

Պարերի գրառման համակարգը հասանելի ու հասկանալի է բոլորին, մասնագետներինՙ առավել եւս: Կոմիտասն ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրության աստիճանը»: Մեր պարերն արտացոլում են ու վկայում մեր հինավուրց մշակույթը, պատմությունը, ծագումնաբանությունը, ծեսերը, հավատալիքները: Որեւէ ազգ այդպիսի արժեքներն առանց հապաղելու, մերօրյա ձեւակերպմամբՙ բրենդ կդարձներ ու դեռ մանկապարտեզից կուսուցաներ երեխաներին:

Գագիկ Գինոսյանի մեծագույն ցանկությունն է, որ հայոց լեզվի, պատմության, մաթեմատիկայի ու այլ առարկաների նման հայ ավանդական պարն էլ մտնի հանրակրթական դպրոցՙ որպես առանձին ու պարտադիր առարկա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 06-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ