RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 21:21:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1011, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

Մ. ԳՈՇԸՙ ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՏԻՊԱՐ

Հ. Ծ.

«Միջնադարյան Հայաստանի վանական Մխիթար Գոշին դժվար է 21-րդ դարի համահարթեցման (գլոբալիզացիա) ժամանակաշրջանի անձնավորություն համարել, բայց պրոֆ. Ռոբերտա Էրվինը իր դասախոսւթյան ընթացքում կարողացավ բացահայտել բազմամշակութային ապրելակերպի տիպար օրինակ լինելու նրա հանգամանքը», գրում է Ֆլորենս Ավագյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

«Ինչպես հայ մնալ բազմամշակույթ աշխարհում» դասախոսությունը վերջինն է եղել Հայ եկեղեցու արեւելյան Ամերիկայի թեմի Գրիգոր եւ Կլարա Զոհրաբ տեղեկատվական կենտրոնի հովանավորությամբ գարնանային դասախոսությունների շարքիՙ կազմակերպված կենտրոնի տնօրեն գերապատիվ Դանիել Ֆընդըքյանի կողմից: Այն կայացել է թեմի նյույորքյան կենտրոնատեղիում:

Էրվինը դոկտորական է պաշտպանել Կոլումբիա համալսարանի հայկական ուսումնասիրությունների բաժնում եւ մասնագիտացել միջնադարյան Հայաստանի պատմության մեջ: Երկար տարիներ դասավանդել է Երուսաղեմի հայկական պատրիարքարանի Սրբոց Թարգմանչաց վարժարանում, իսկ ներկայիս դասախոսում Նյու-Յորքի Սբ. Ներսես հայկական ճեմարանում:

Էրվինը դասախոսությունը սկսել է նշելով, որ Գանձակում կլանային, տոհմային համայնքների խառնաշփոթ միջավայրումՙ քրիստոնյաների, մահմեդականների եւ հրեաների շրջապատում, Գոշը, այնուամենայնիվ, կարողացել է իր իմաստությամբ հարգանք ու համբավ ձեռք բերել: Նրան մեծարել են որպես «այր իմաստուն եւ հեզ, վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարպետ», եւ «հռչակաւորն եւ մեծիմաստն գիտութեամբ»: Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլեւ ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում: Շատերն են հեռավոր վայրերից եկել աշակերտելու նրան:

Մանուկ հասակում Գոշը միջմշակութային անհամաձայնությունների ականատեսն է եղել, հատկապես 1139-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած տարիներին, որի հետեւանքով նրա եւ մյուս վանականների մոտ ձեւավորվել է հայկական ոգին ու հավատը պահպանելու կարեւորության զգացումը: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն եւ այլ գիտնականների, այնուհետեւ մեկնել է Կիլիկիա, ուսանել Սեւ լեռան երեւելի գիտնականների հետ, ծանոթացել ասորիների, հույների եւ կաթոլիկների ապրելակերպին: Այսպիսով, ըստ Էրվինի, նրա մեջ ձեւավորվել է երկու բնավորություն: «Նա գուցե առաջին անձնավորությունն էր, որն իր մեջ կրում էր պահպանողական հյուսիսի եւ կոսմոպոլիտ հարավի առանձնահատկությունները», նշել է Էրվինը, ավելացնելով, որ Գոշը երեք սկզբունքների է հետեւել կարողանալ ապրելու համար միջմշակութային հասարակարգում:

(ա) Ինչքան ներդաշնակորեն ապրես քո նմանների հետ (ներմշակութային կյանք), այնքան ավելի լավ ունակություններ ձեռք կբերես այլոց հետ ապրելու (միջմշակութային կյանք) համար: «Ծանիր զքեզ եւ գիտակցիր, որ երբեմն կարող ես սխալվել»:

(բ) Գիտակցիր, որ «Բազմազանությունը աստվածային է: Ամեն մարդ տարբեր է: Աստված մեզ միանման չի ստեղծել, բայց հարկ է ապրել ներդաշնակության մեջ: Միավորվածությունը կարող է դժվար հասանելի լինել, բայց ներդաշնակությունըՙ ոչ»: Եվ վերջապես.

(գ) «Քրիստոսին հավատարիմ մնա հարեւաններիդ շրջապատում, ովքեր էլ լինեն նրանք»:

Այս սկզբունքների վրա են գրված Գոշի դատաստանագիրքն ու առակների ժողովածուն: Դրանցում ներկայացված են հասարակական ու կենցաղային խնդիրներ, դասակարգերի, դասերի ու խավերի, ինչպես նաեւ անհատների փոխհարաբերությունների հարցեր, ազգային ուժերը համախմբելու եւ արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու ուղիներ:

«Աստծո կամքով մենք միմյանց կարիքը ունենք եւ պետք է ապրենք ներդաշնակության մթնոլորտում», եզրակացրել է պրոֆ. Ռոբերտա Էրվինը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ