«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՆԵՐԸ» ԳՏԱՆ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻՆ Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Այս տարի «Ոսկե ծիրան»-ը Երեւանի հանդիսականի համար ցուցադրեց շուրջ 300 ֆիլմ` աշխարհի 49 երկրներից: Տեղի ունեցան կարեւորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երեւանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երեւան ժամանեցին աշխարհահռչակ այնպիսի անուններ, ինչպիսիք են Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում էին հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զաննուսին, հայտնի փառատոնային գործիչ, պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս եւ քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաեւ դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը եւ այլք: Հայ առաքելական եկեղեցու կողմից հիմնված հատուկ «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց մեծանուն կինոռեժիսոր Քշիշտոֆ Զաննուսիին` հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար: Նախկինում այս մրցանակին են արժանացել Արտավազդ Փելեշյանը եւ Ալեքսանդր Սոկուրովը: Այս տարի վարպետության դասերով հանդես եկան ավստրիացի վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը, չինացի հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-կեն, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն, կինոգետ Ռիչարդ Պենյան, գրող, վիպասան, սցենարիստ եւ թարգմանիչ Պետրոս Մարկարիսը եւ ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը: Այս տավա «Ոսկե Ծիրանի» մրցանակակիրները հետեւյալն են. Միջազգային խաղարկային մրցույթ. Ոսկե Ծիրան (1-ին մրցանակ)ՙ «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա), Արծաթե Ծիրան (2-րդ մրցանակ)ՙ «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լեւան Կոգուաշվիլի (Վրաստան), Ժյուրիի հատուկ մրցանակ` «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա-Իտալիա), Միջազգային վավերագրական մրցույթ, Ոսկե Ծիրան (1-ին մրցանակ)ՙ «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա-Ֆրանսիա), Արծաթե Ծիրան (2-րդ մրցանակ)ՙ «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նեւերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան-Գերմանիա): «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, Ոսկե Ծիրան (1-ին մրցանակ)ՙ «Թեեւ գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին-Եգիպտոս-Քաթար-Մեծ Բրիտանիա), ժյուրիի հատուկ մրցանակՙ «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան): Հայկական համայնապատկերում Լիամետրաժ խաղարկային անվնակարգում Ոսկե Ծիրանի արժանացավ «Թեւանիկ» ֆիլմը` ռեժիսոր Ջիվան Ավետիսյան (Հայաստան-Լիտվա), իսկ Կարճամետրաժ խաղարկային անվանակարգումՙ «Կաթնեղբայր» ֆիլմը, ռեժիսոր Վահրամ Մխիթարյան (Լեհաստան-Հայաստան), Արծաթե Ծիրան ստացավ «Ռոմանտիկները» ֆիլմը, ռեժիսորներ Արեգ Ազատյան եւ Շողիկ Թադեւոսյան: Պատվոգիր ստացավ «Նորմալ եղիր, խնդրում եմ» ֆիլմը, ռեժիսոր Հայկ Քոչարյան (ԱՄՆ), իսկ Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար ստացավ «Կաթնեղբայր» ֆիլմը, սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա: Ֆիպրեսի մրցույթում հաղթող ճանաչվեց Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը, իսկ Էկումենիկ մրցույթում` Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» ֆիլմը: Խրախուսական մրցանակ ստացավ Լեւան Կոգուաշվիլու «Կույր ժամադրություններ» ֆիլմը: Կինեմատոգրաֆիստների միության թագուհի Նուարդ մրցանակը ստացավ Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» եւ Ռուբեն Գինեյի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմերը: Իսկ Արմեն Մազմանյանի հատուկ մրցանակին արժանացավ Ալեն Մանուկյանի «Հարություն» ֆիլմը: Ի դեպ, փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին եւ միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին: |