LES NUS ՄԵՐԿԵՐԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Արվեստի քննադատները Հարություն Թորոսյանի գեղանկարչության կատարելությունը համարում են նրա մերկերը. կանացի մարմնի մերկություններում նկարիչը հասել է առավել հաջողության: «Հոն է, որ տուած է իր ամբողջ անվիճելի վարպետութիւնը», գրում է Բեյրութի AUST համալսարանի պրոֆեսոր Մարի - Թերեզ Զվեն Թապեթը: Այս տարի մայիսի 22-ին Բեյրութում բացվել է Հարություն Թորոսյանի «Մերկերը» խորագրով ցուցահանդեսը, որի առիթով տպագրված պատկերագրքի մեջ ընդգրկվել են ցուցադրված բոլոր` թվով 50, 1952-2010-ականների` գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները եւ փորագրությունները, հիմնական մասը ֆրանսիական շրջանի`1956-1961 թվականների, երբ նա սովորում էր Փարիզի Գեղարվեստի բարձրագույն դպրոցում: Պատկերագիրքը լույս է տեսել Վարդանյան քույրերի մեկենասությամբ, նրանց հոր` Նուբար Վարդանյանի հիշատակին: Ալբոմը արվեստի գործերի վերատպություններից բացի ընդգրկում է Հ. Թորոսյանի կյանքային դրվագների բազմաթիվ լուսանկարներ` ստեղծագործական տարբեր միջավայրերում, հայ եւ օտար արվեստագետների, մշակույթի գործիչների, արվեստասերների հետ` Գառզու, Սարյան, Քոչար, Թութունջյան, Ասատուր, Ա. Խաչատրյան, Հ. Հակոբյան, Գ. Շահինյան, Շ. Խաչատրյան, Հ. Արմենյան, Ժ. Դանիելյան եւ ուրիշներ: Ալբոմի կարեւոր մեկ մասը տեքստային հատվածն է (ֆրանսերեն, հայերեն, արաբերեն)` հեղինակի մասին հայ եւ օտար արվեստաբանների գնահատականներ, կարծիքներ, նաեւ իր` Հ. Թորոսյանի մի քանի դիտարկումները նկարչության մասին: Պատկերագրքի շնորհանդեսը կայացել է ցուցահանդեսի բացման օրը, արվեստասեր հանրության ներկայությամբ, Լիբանանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահի եւ մշակույթի նախարարության ներկայացուցչի ելույթներից հետո տեղի է ունեցել նախարարության մեդալի տվչությունը: Հարություն Թորոսյանը հանրածանոթ անուն է ոչ միայն լիբանանահայ արվեստասեր միջավայրում, նաեւ տեղի արաբական շրջանակներում, տասը տարի նա ապրել է Ֆրանսիայում, եվրոպական տարբեր երկրներում, նկարչության դասեր առել եվրոպացի վարպետներից: Երկար տարիներ նկարչություն է դասավանդել Լիբանանի համալսարանում, Լիբանանի գեղարվեստի ակադեմիայում, «Թորոս Ռոսլին» ակադեմիայում, Հայկազեան համալսարանում, Համազգային հայագիտական համալսարանում: Ունեցել է 20 անհատական ցուցահանդեսներ Բեյրութում, Փարիզում, Միացյալ Նահանգներում, Հայաստանում, մասնակցել է ավելի քան 50 միջազգային խմբակային ցուցահանդեսների` շատ անգամներ ներկայացնելով Լիբանանը: Նրա արվեստը գնահատվել է թե՛ Լիբանանում, թե՛ Հայաստանում` արժանանալով տարբեր մրցանակների եւ մեդալների (1968-ին «Սուրսոք» թանգարանի, 2012 ին Բեյրութի BIAF միջազգային մրցանակներ, 2004-ին Լիբանանի գեղարվեստի ակադեմիայի, 2009-ին Կիլիկիոյ կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», նույն թվականին Երեւանի մատենադարանի եւ Հայկազեան համալսարանի եւ 2014-ին Լիբանանի մշակույթի նախարարության մեդալներ): 2008-ին լույս է տեսել նկարչի գործունեության 50- ամյակին նվիրված «Թորոսեան» հատորը, հրատարակել է արվեստի մասին հոդվածների «Դիտանկիւնէս» ժողովածուն եւ «Խոհեր կեանքի եւ արուեստի մասին» գիրքը: Նորընծա Les Nus («Մերկերը») ալբոմի գործերի մասին կարելի է ընդհանուր տպավորություն փոխանցել այնքանով, որքանով կերպարվեստի վերատպություններն են դրա հնարավորությունը տալիս: Ինչպե՞ս է կերպարվեստում կնոջ մարմնի` լայնորեն տարածված թեման Թորոսյանի վրձնի տակ մեկնաբանվում, ինչպե՞ս է նա բացահայտում կանացիության ամենաբնորոշ գծերը, երբ շեշտադրումը, գլխավոր խնդիրը մարմնաձեւերի պատկերումն է, ինչպե՞ս է ֆիգուրի դիրքի փոփոխության (նստած, կանգնած, քայլելիս, պառկած, կքած, հենված) միջոցով ստեղծում ներքին շարժում եւ կերպար ձեւավորում, բացահայտում կնոջ ներքին աշխարհի բնորոշ կողմերը: Այս ամենը իրականացնելու համար պահանջվել է համառ ու տեւական աշխատանք: Փարիզյան տարիներին, օրինակ, յուրաքանչյուր մերկ նկարի համար հատկացված է եղել մեկ ամիս, բնորդի ներկայությամբ, օրական 4 ժամ աշխատանքային տեւողությամբ: Անկախ տարիքից ու կազմվածքից` նուրբ աղջկական, թե հասուն-կնոջական, նրա բոլոր կերպարները կրում են մարմնի հողեղենության` տաք-մատչելիության շունչը, անհրաժեշտ կամ ցանկալի են, մարմնաձեւերի, կորությունների պլաստիկան շատ բնական է, մարմինը անհարկի չիդեալականացված: Գրքի շապիկի մուգ կապույտ ֆոնին պատկերված «Կանգնած մերկը» (Nu debout) ամենահաջողվածներից մեկն է` նկարի ամբողջականության առումով հատկապես: Գունաստվերի նուրբ խաղերը երիտասարդ կնոջ մարմնի ձեւերի անթերի համաչափությունը դարձրել են ավելի դյուրահաղորդ ու փխրուն, շոշափելիության աստիճանի հասցրել մաշկի թափանցիկությունը, միջնադարյան հեզության դիմապրոֆիլը բացահայտում է կնոջ ներքին վիճակը, օգտագործված բույսի կանաչ ճյուղը դեկորատիվ դետալ չէ բնավ, նկարը դիտելիս այն հայտնվում է առաջին պլանում`ամբողջացնելով կերպարի զգայականությունը` սիրելու, սիրված լինելու կնոջ ինտիմ ցանկությունը: Մերկերի պատկերները բացում են կանացի խառնվածքի տարբեր կողմեր, պահի մեջ ունեցած հոգեկան իրարամերժ վիճակներ, որ մեկ սպասում է, մեկ լարվածություն, մեկ վրդովմունք կամ հոգնություն, մտազբաղություն, ամոթխածություն եւ շփոթմունք, շինծու անտարբերություն կամ ինքնահիացմունք: Ամենակարեւորը` այդ ամենը տրված է բնական, առանց սուտ կեցվածքների, իսկ հատկանշականը կանացի կերպարների ընդհանուր բնույթն է` մերկությունների մեջ իսպառ բացակայող վուլգարիզմը, չկա ոչ էրոտիկա, ոչ անգամ կիրք, ինչպես ճիշտ նկատված է` միայն չափավոր հեշտասիրություն: «Թորոսեան մերկ մը չի նկարեր, այլ կը պատմէ կի՛նը, համամարդկային էա՛կը, առանց ծանրանալու երկրորդական գիծերու վրայ. ան կընդգծէ արտայայտութիւնը կնոջ, որ ազատագրուած է բոլոր կապանքներէ, բոլոր ձեւականութիւններէ: Մերկերու յստակ ու վճիտ գիծերը կը ներկայացնեն մաքուր եւ զգայուն մարդկայնութիւնը Թորոսեանի» (Մարի- Թերեզ Զվեն Թապեթ): Կապտա-սպիտակի խմբակային ֆիգուրները («Երեք շնորհ», Trois graces) կանացի մարմնի շնորհների նախաստեղծ անմեղության մասին են խոսում, նույն թեմայով գունապատկերային երեք տարբեր նկարներում («Մայր եւ դուստր», Me՛re et fille) երիտասարդ եւ հասուն կանացի մարմնաձեւերի կորությունների հետաքրքրական փոխհարաբերություններ են բացահայտվում, միանգամայն տարբեր` խորհրդավոր զգացողություն է առաջացնում լեցուն ազդրերով, գլուխը ներքեւ թեքած «Կարմիր կինը», ինքնավստահ, կայուն կնոջ կերպար է աթոռին թիկունքով դեպի դիտողը նստածը, իսկ ահա գետնին հեզորեն նստած հարսնացուի եւ նրան զուգող կանանց ջութականման մարմիններից քնքշանքի մեղեդի է ծորում (La toilette de la marie՛e). այստեղ ավելի է ընդգծված Թորոսյանի նկարչությանը բնորոշ այն բանաստեղծականությունը, որի մասին փարիզյան առաջին ցուցահանդեսի առիթով ասել է արվեստի հայտնի քննադատ Անրի Վեբերը. «Թորոսեան նկարիչ-բանաստեղծ մըն է, որուն պէտք է հետեւիլ, յայտնութիւն մըն է»: Զարմանալի զգայուն ու նուրբ է 1915-ի թորոսյանական արձագանքը: Ներկայացված երկու կտավներում (Dans le desert, «Անապատում», Genocide de 1915) սոսկալի արհավիրքը չի աղարտում կանացի մարմնի նախնական գեղեցկությունը, մահը ետնապլանում է, հորիզոնական տարածված կանանց մարմինների թափանցիկ լռության միջից բարձրանում է ցավի աղաղակը` սարսափի ապրումը: Գունային ոչ մեկ խտացում, մուգ տոնայնությունների որեւէ սաստկացում, հակառակը`ավելի նոսր երանգների բացության մթնոլորտում է արտահայտված մարդկային ողբերգությունը: «Նկարչութիւնը ուղղուած է աչքին (տեսողութեան), ան պէտք չունի բացատրութեան», գրում է Թորոսյանը: Դա այդպես է, միայն թե տեսողական տպավորությունը երբ հաղորդվում է զգայական աշխարհին, ակամայից միտքի հոսք, շարժում է սկսվում, ու ծնվում են մեկանաբանություններ, դատողություններ, որոնք հնարավոր է նկարի հետ առնչություն չունենան իսկ, բայց սա է արվեստի գաղտնիքն ու հրապույրը` շարունակությունը թողնել «անցորդին», որտեղ նկարը, բանաստեղծական տողը կամ մեղեդին իրենց երկրորդ կյանքն են ապրում` յուրաքանչյուր անգամ նորովի, յուրաքանչյուր անգամ չկրկնվող: «...Եթէ մենք կը դիտենք դէմք մը կամ կին մը, մենք նոյնպէս կը գտնուինք լռութեան, խաղաղութեան ու սառած իրավիճակի մը դիմաց: Այն ձեռքը, որ հոս կը գծէ, ձեռք մըն է, որ կընտրէ այնպիսի գոյներ եւ ձեւեր, մինչեւ հանդարտեցնէ, թմրեցնէ եւ նոյնիսկ քնացնէ: Այդ ձեռքերը անկողինը շտկող կամ խոկումի տաճարը պատրաստող ձեռքեր են եւ կառաջնորդեն դէպի խաղաղ լռութիւն», Սամիր Սայեղին` Բեյրութի Ամերիկյան համալսարանի փիլիսոփայության դասախոսին, իր նկարների մթնոլորտն է այսպես հուշել, իսկ որոշ քննադատներ Թորոսյանի արվեստի գունային մթնոլորտի վրա տեսնում են Մատիսի, ինչպես եւ` Փարիզի գեղարվեստի բարձրագույն դպրոցի իր ուսուցչի` Բրիանշոյի ազդեցությունները: «Պաստառին մէջ ոչ մէկ աղմուկ», իր այս պատգամը կտավի լռությամբ է արտահայտում Թորոսյանը, որի ներկապնակը բացառապես մարդկային զգացումների, հույզերի երանգներից է բաղկացած, որովհետեւ ինչպես ինքն է գրում. «Այնքան ատեն որ գոյութիւն ունին սէրը, մահը եւ լոյսը` արուեստը պիտի ըլլայ այն միակ մեկնակէտը, որուն միջոցով պիտի արտայայտէ իր տառապանքն ու ուրախութիւնը»: Նկար 1. Հարություն Թորոսյան Նկար 2. «Մերկ նստածը» Նկար 3. «Մերկ պառկածը» |