RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 21:21:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1330, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 4

40-ԱՄՅԱ ՎԱՍՏԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մոնրեալում վերջերս շուքով նշվել է հայ համայնքի գործիչ, երգիչ Կարո Նշանյանի բեմական եւ հանրային գործունեության 40- ամյակը` ՀԲԸմիության գործադիր վարչության մշակութային հանձնախմբի եւ Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի հովանավորությամբ: Կարո Նշանյանի գործունեության մասին խոսել են ՀԲԸՄ կարգադրիչ հանձնախմբի փոխնախագահ Սիլվա Մանգասարյանը, պրոֆ. Հրաչյա Սվաջյանը, Տարո Ալեպյանը, Հայ եկեղեցու Կանադայի հայոց առաջնորդական տեղապահ Նաթան արք. Հովհաննիսյանը, ընդգծվել է նրա կազմակերպչական տաղանդը, կարեւորել իրականացված ծրագրերի նշանակությունը: Ցուցադրվել է Կարո Նշանյանին նվիրված վավերագրական ֆիլմ: Երեկոն հագեցված է եղել երաժշտական հարուստ ծրագրով: Դաշնակահարուհի Հենրիետտա Հարությունյանի նվագակցությամբ ելույթ է ունեցել օպերային երգչուհի Նարինե Օջախյանը: Կարո Նշանյանը կատարել է արիաներ հայտնի օպերաներից, ռոմանսներ, Կոնստանտին Պետրոսյանի դաշնամուրային նվագակցությամբ կոմպոզիտորի «Հայաստան» երգը, երգչուհու հետ օպերային դուետներ:

Ծագումով Եգիպտոսից (Կահիրե)` Կարո Նշանյանը Կանադա բնակության է փոխադրվել 1962-ին: Սկզբնապես եւեթ բոլոր նախադրյալներն ունեցել է բեմական- երաժշտական հետագա կյանքի: Առաջին շարականը երգել է Սբ. Գեւորգ եկեղեցում, ինը տարեկանում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Եգիպտոսի Սալեզիանի իտալական ինստիտուտում, երգել է տեղի երգչախմբերում, Կանադայում արդեն բախտ է ունեցել աշակերտելու հանրահայտ իտալացի պրոֆեսոր Լինա Նարդուչիին:

Դասական երաժշտության իր երկացանկը (Մոցարտ, Վերդի, Ռոսսինի, Մուսորգսկի, Կոմիտաս, Սպենդիարյան, Չուխաջյան, Կանաչյան եւ այլն) ինքն է ընտրում եւ հաճախ փոփոխում է` ամեն անգամ նոր գործի կատարումով թարմացնելով այն: «Երբ բեմ կելլեմ, երգի մեջ այնքան խորը կմտնեմ, որ կզգամ կոմպոզիտորի հույզերը եւ ներշնչում կունենամ, շատ անգամ նույն երգը նույն ձեւով չեմ կատարեր»: Բնատուր տաղանդը, ձգտումն ու նվիրումը հասել են նպատակին` պահել-պահպանել հայ երգն ու բարձր մակարդակով հնչեցնել սփյուռքում: Համերգներ է ունեցել Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Հայաստանում եւ այլուր:

Մոնրեալում մասնագիտանալով համակարգիչների եւ հարակից սարքավորումների տարածման գործում` հիմնադրել է Dataworld (Canada) Inc. ընկերությունը: Հիմնադիր անդամ եւ մի քանի տարի նախագահն է եղել Կանադայի հայ գործարարների խորհրդի: Միաժամանակ նա տեղի համայնքային կյանքի լավագույն կազմակերպիչներից է, խոստովանում է, որ իր համար «բան մը կազմակերպելը, ծրագրելը շատ հեշտ է, եւ որքան ժամանակը կարճ, այնքան լավ, գործընկերներ ունիմ եւ գործերը կբաժնեմ ճիշտ մարդոց»: Կազմակերպչական բնատուր ձիրքի եւ աշխատանքային հմտության շնորհիվ նրան հաջողվել է կազմակերպել եւ իրականացնել մշակութային տարաբնույթ ծրագրեր` Հայաստանի Հանրապետության երեք տարեդարձներին նվիրված հանդիսություններ, վերջինը` 20-րդինը` Մոնրեալի ամենամեծ դահլիճում, հիշարժան է եղել Շառլ Ազնավուրի մեծարանքի երեկոն, 1995-ին, ինչպես նաեւ ՀԲԸմիության 100ամյակին նվիրված համերգը, կազմակերպել է թատերական, հատկապես երաժշտական բազմաթիվ ծրագրեր` 5 տարվա մեջ 23 համերգ` ի նպաստ Պոլսահայ բարեսիրական հիմնարկի: Հատկանշական է երիտասարդ տաղանդավոր արվեստագետների հանդեպ նրա քաջալերական վերաբերմունքը, նրանց հանրային ելույթների կազմակերպումը:

Ահա ինչպես է նրան ներկայացնում Ռոմեն Կոզմոյանը. «Տարիներ շարունակ Կարո Նշանյանը սերտ կապի մեջ է եղել Հայաստանի հետ, շաղվել նրա մշակութային կյանքին: Նրա շնորհիվ էր, որ Հայաստանի «Նոր անուններ» մանուկների խումբն այցելեց Կանադա եւ իր զարմանահրաշ արվեստով հուզեց ոչ միայն հայ, այլեւ օտար ունկնդրին, այդ այցելության ժամանակ էր, որ հայաստանցի մանուկներին տրամադրվեցին Մոնրեալի եւ Տորոնտոյի նշանավոր բեմեր: Հայաստանցի ունկնդիրը շնորհիվ Նշանյանի, առիթ ունեցավ վայելելու հանրահայտ երգչուհի Ալին Գութանի արվեստը, որի հետ «Անուշ»- ում Նշանյանը քյոխվայի դերերգը կատարեց:

Չնայած հեռվում` սակայն Կարո Նշանյանը ապրում է Հայաստանի կյանքով եւ հատկանշականը, որ «Նոր անունների»` արդեն պատանեկությունն անցած եւ արտերկրում ապրող արվեստագետների հաջողություններով հրճվում է, շնորհավորում ուսուցիչներին: Օրինակՙ գիշերվա ժամը 3-ն է: Զանգ:

«Ռոմեն ջան, Կարոն է Մոնրեալեն»: «Այսօր Նարե Աղրամանյանը աշխարհի ամենամեծ մրցանակը շահեցավ: Կշնորհավորեմ: Ուզեցի վայրկյան մը առաջ քեզ ուրախացնել»:

Եւ այսպես` Արիկը նվագեց Կարնեգի հոլում, հետո Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Կորյունը` Բեռլինում, Լիլիթը` Վիեննայում:

Ահա Կարոն, ինքը` Կանադայում, հոգին` Հայաստանում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ