RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014



ՀԱՆԳՐՎԱՆ

Տեղադրվել է` 2014-07-24 21:21:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2105, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅ ԿՆՈՋ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԴԵՐԸ

Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

Բեյրութում օրերս լույս է տեսել սփյուռքում ճանաչված մտավորական, գրականագետ Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի «Հայ կինը եւ մշակույթը» ժողովածուն։ Սույն հրատարակումովՙ իր ազգանվեր գործունեությամբ մեծապես արժեքավոր «Շիրակ» հրատարակչությունը եւս մեկ անգամ հաստատեց իր կարեւոր գործունեության ուղղվածությունը։ Նշելի է նաեւ, որ ժողովածուն լույս է տեսել Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի զավակների հովանավորությամբ։ Ինչպես գրված է գրքի նախաբանում, «Այս գիրքը կը բովանդակէ Ազատուհի Սիմոնեան-Գալայճեանի տարիներու ընթացքին գրած յօդուածներն ու ուսումնասիրութիւնները եւ կրթամշակութային համագումարներու զեկոյցները։ Գիրքին մէջ արծարծուած են օտարագիր հայ գրողներու եւ օտար հեղինակներուՙ Ցեղասպանութեան նուիրուած ստեղծագործութիւններուն վերաբերեալ հարցերը։ Սեւեռումի տակ առնուած են նաեւ միջազգային արժէքով հայ թէ օտար գրագէտներ եւ հայ կին արժէքներ։ «Հայ կինը եւ մշակոյթը» հատորը կը ցոլացնէ հեղինակին մշակութային լայն հետաքրքրութիւնները եւ հայ կնոջ հանդէպ ցուցաբերած ակնածանքը եւ արժեւորումը։ Իր գործունէութեան ընթացքին բանաւոր խօսքի եւ գրչի ճամբով ան նաեւ հորիզոններ բացած է հայ իգական սեռին առջեւ» ։

Բացառիկ ճշմարտություն են գրքի խմբագիր, սույն նախաբանի հեղինակ, բանաստեղծ Պեպո Սիմոնյանի այս դիտարկումները։ Եվ դրան ակներեւ հաստատումը ընթերցողը տեսնում է գրքի յուրաքանչյուր էջում։ Ինչ վերաբերում է մասնավորապես հայ կնոջ անուրանալի ու մեծապես գնահատելի ներկայությանը մեր ազգային մշակույթի ասպարեզում, ապա ա՛յս նյութը շատ վաղուց կարոտ է լուրջ ուսումնասիրության եւ փաստացի, վավերագրական հենքի վրա հայ կնոջ մեծարման։ Քանզի իրապես, ակներեւ եւ բացառիկ է հին ժամանակներից, միջնադարից ցայսօր հայ մտավորական կնոջ առկայությունը եւ դերը հայ մշակույթում։ Եվ այս իսկ առումով Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի «Հայ կինը եւ մշակույթը» ժողովածուն մեծապես արժեքավոր է, հետաքրքրական եւ անհրաժեշտՙ հայ իրականության համար։ Հեղինակը ժողովածուում ամփոփել է տարիների ընթացքում հրատարակված իր հոդվածները, որոնք գրավելով լայն ընթերցողի ուշադրությունը, տպագրվել են Լիբանանի «Ազդակ», «Արարատ», «Զարթօնք», «Խօսնակ», «Երիտասարդ Հայուհի», Ամերիկյան համալսարանի (AUB), Կանանց հիմնարկի պարբերականներում, Միացյալ Նահանգների «Երիտասարդ Հայաստան», «Նոր Կեանք» թերթերում։ Հիշյալ բազմաբովանդակ ժողովածուում միատեղված են հեղինակի հոդվածները, նվիրված նաեւ հայ ականավոր դեմքերին, ի թիվս որոնցՙ Ուիլյամ Սարոյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Թումանյան, Արշիլ Գորքի եւ ուրիշներ։ Անդրադառնալով հայ մշակույթի տարբեր բնագավառներինՙ գրականությանը, գեղանկարչությանը, քանդակագործությանը եւ այլ, Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանը այդ յուրաքանչյուր բնագավառի ուսումնասիրության մեջ ցուցաբերում է իր բարձր գիտելիքները եւ իր հոգեմտային նրբազգաց ընկալումը։

Հեղինակի գիտաուսումնասիրական շրջանակները լայն են եւ բազմաբովանդակ։ Ինչպես նշված է գրքի նախաբանում, սույն հատորում զետեղված են նաեւ Ցեղասպանության նյութն արծարծող եւ որոշ օտար մտավորականներին, գրագետներին, մշակութային գործիչներին նվիրված հոդվածներ։

Սակայն, արդ, ես գերիշխող ցանկություն ունեմ մասնավորապես անդրադառնալու գրքի հեղինակիՙ Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի «Հայ կինը եւ մշակույթը» նյութին։ Սաՙ տվյալ գրքի ամենաուշագրավ, կարեւոր միտումներից մեկն է, որն արդարացիորեն խորհրդանշում է հայ կնոջ ներկայանալի դերը ընդհանրապես հայ իրականության եւ մասնավորապս հայ մշակույթի բնագավառում տակավին վաղ պատմական ժամանակներից։ «Հայ կինը եւ մշակույթը», «Հայ կնոջ դերակատարութիւնը ազգային եւ միջազգային մակարդակներու վրայՙ 21-րդ դարու լուսարձակին տակ», «Զապել Եսայեանի «Աւերակներու մէջ»-ը», «Սիպիլի հայեացքները կեանքին ու գրական գործերուն ընդմէջէն», «Հայ մայրը մարտահրաւէրներու դիմաց», «Հայ կինը փոխվող աշխարհի մը մէջ»ՙ թե՛ պատմական-մշակութային եւ թե՛ անձնական-մարդկային առումներով, եւ իմաստներով այս խորագրերը կրող հոդվածները ուշագրավ կերպով ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների հայ կանանց կերպարներըՙ բացահայտելով նրանց մեջ ե՛ւ ազգային, ե՛ւ մարդկային, ե՛ւ կանացի արժանիքները։ Առավելապես մեծ հետաքրքրության արժանի է Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի «Հայ կինը եւ մշակույթը» հոդվածը, որով նա արդարացիորեն վերնագրել է իր ամբողջ հատորըՙ շեշտադրելով հենց ա՛յդ նյութի անհրաժեշտությունն եւ ուսումնասիրության կարեւորությունը։ Հեղինակը գրում է. «Մեր սրտերը հպարտութեամբ լեցնող դրուագներէն ու դէմքերէն մեզի հասած տուեալները այնքան խօսուն են, որ կը տարուինք բաղդատականը ընել անցեալին հայ կնոջ վայելած բարձր դիրքին, մշակութային բարձրորակ գործունէութեան ու պատրաստութեան եւ արդի կնոջ գոյավիճակին միջեւ ։

Կ"արժէ՛ միջազգային կանանց շարժումներուն փոխանցել հայ կնոջ անցեալի իրագործումները, երբ ընդհանրապէս կինը Եվրոպայի թէ այլ երկիրներու մէջ կ"ապրէ՛ր կաշկանդուած ու սահմանափակ կեանք մըՙ իր տան չորս պատերուն ետին։ Հայ ժողովուրդի մշակութային զարթօնքի շրջանը որպէս ոսկեդարը, ունեցաւ իր խոր անդրադարձը հայ իգական սեռի զարգացման տեսակէտէն եւս»։

Գիտամշակութային բնագավառներում հայ կնոջ պատմական դերը ուսումնասիրելուց եւ ավուր պատշաճի փաստագրականորեն ներկայացնելուց հետո, Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանը եզրայանգում է. «Եթէ նախանձախնդիր ենք մեր ազգային գոյութեամբ, պարտաւոր ենք նաեւ մտահոգուիլ մեր մշակոյթի պահպանումով եւ զարգացմամբ։ Հայ կինը ունի իր լուրջ պատասխանատւութիւնը այս ուղղութեամբ, որպէսզի ան դարձնէ ընկերային հաւաքական մեր կեանքի նայուածքը զուարճութենէն, խրախճանքէն ու անցողակի հաճոյքներէն վեր դէպի հայ մշակոյթի մշտնջենական արժէքները, որոնցմովՙ միայն կրցած ենք տոկալ բազմաթիւ դարեր։ Հայուհին իր սեռին վայել արժանապատւութեամբ եւ որպէս արժանաւոր յաջորդը իր նախնիքներուն, պիտի դիմակալէ իրեն վստահուած խոշոր պատասխանատւութիւնըՙ հայ մշակոյթը հաւերժացնելու սահմանող համազգային ճիգերուն մէջ» ։

Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանը իր հատորում անդրադարձել է նաեւ հատուկ ուսումնասիրության արժանի նյութին, որը վերաբերում է ծնող-զավակ-թոռնիկ փոխհարաբերություններին։ Նուրբ, մարդկայնորեն ջերմագորով, խորաթափանց ուսումնասիրություններ են դրանքՙ համապատասխան գիտական, հոգեմտային եզրայանգումներով։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ «Ծնողքի դերը զաւակի ուսումնառութեան մէջ», «Ծնողաց եւ չափահաս զաւակներու փոխյարաբերութիւնները», «Մենք եւ մեր թոռնիկները» հոդվածները պարզապես մի ուշագրավ առանձին դասագիրք ենՙ տվյալ կարեւորագույն հարցերի ճանաչման եւ դրանց մեջ առավել մեծ իմացություն ունենալու համար։

Այս ամենի մասին է Ազատուհի Սիմոնյան-Գալայճյանի «Հայ կինը եւ մշակոյթը» խորագրով հատորը, որն իր բազմաբովանդակությամբ եւ բոլոր նյութերի բարձրորակ, խորագիտակ ուսումնասիրությամբ, արժեքավոր եւ ողջունելի ներդրում է հայ իրականության եւ մշակույթի մէջ։

Բեյրութ-Երեւան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 25-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ