ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԻՐԱՎԱԶՐԿՎԱԾ Հ. Ծ. Լուրը քաղելով Փարիզի «theart newspaper.com» կայքից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ մինչ այժմ Փարիզի պետական «Hotel d՛Ennery» հյուրանոցում գործող հայկական թանգարանը զրկվել է իր ցուցանմուշները ներկայացնելու հնարավորությունից: Ըստ թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրենկյանի, 2011 թվին հայկական թանգարանից խնդրել են ժամանակավորապես տեղափոխել ավելի քան հազար ցուցանմուշները «d՛Ennery» թանգարանի վերանորոգման պատճառաբանությամբ: Չնայած 2012-ին ցուցանմուշների որոշ մասը վերադարձվել է, սակայն շենքի վերահսկողությունը իրականացնող «Գիմե» թանգարանի ղեկավարության փոխանցմամբ, հայկական թանգարանի տարածքը շատ վատ ու անապահով վիճակում է: Վերջիններս հայկական թանգարանի ղեկավարությանը առաջարկել են ցուցանմուշները ներկայացնել Մարսելի «Եվրոպայի եւ Միջերկրական քաղաքակրթությունների թանգարանում», բայց Ֆրենկյանը քաղաքացիական գործերի դատարան է դիմել վերականգնելու հայկական թանգարանի իրավունքները: Նրա համոզմամբ Փարիզի շինությունը միակ «փրկօղակն է» եւ պետք է ամեն գնով պայքարել դրա պահպանման համար: Իսկ մեր հերթին կարծում ենք, որ համապատասխան մակարդակով պետք է դիմել Փարիզի քաղաքապետության, կամ նույնիսկ Ֆրանսիայի բարձրագույն իշխանության հայկական այս թանգարանին համապատասխան տարածք տրամադրելու, քանի որ այդ երկրում դա հայկական միակ թանգարանն է, որը, ինչպես «Ազգ»ը գրել է նախապես, ստեղծվել է ֆրանսահայ համայնքի նվիրատվություններով, եւ որի հավաքածուների մեջ կան ձեռագիր մատյանների բացառիկ նմուշներ: |