«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՆ» ՈՒ ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ՆԵՐԿԱՆ Նաիր ՅԱՆ Ամփոփիչ դիտարկումներ Լավ կլիներ, որ այս տարի ծիրանը վաճառվեր ոսկու շուկայում: Անցյալ տարվա ծիրանի բերքից երես առանք. «Ոսկե ծիրան» փառատոնի անունը չափազանցված էր հնչում, իսկ այս տարի ուղիղ համեմատական էր ծիրանի գնին: Փառատոնը սկսվեց ավանդական ծիրանօրհնեքով. ծիրանը շռայլորեն չբաժանվեց ներկաներին. այս տարի թանկարժեք պտուղը հյուրասիրության համար չէր, այլ խորհրդանշական դերն ընդգծելու: «Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց փառատոնի բացման ֆիլմըՙ Մարտին Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված «Նռան գույնը»: Կինոթատրոնի ճեմասրահում բացվեց ուկրաինացի կինոօպերատոր, լուսանկարիչ Յուրի Հարմաշի լուսանկարների ցուցահանդեսը: Հարմաշը Փարաջանովի ընկերներից է: Լուսանկարել է կինոռեժիսորին. հպարտությամբ նշեց, որ հարյուր լուսանկար ունի մաեստրոյից, բայց ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չհաջողվեց իրեն Փարաջանովի ֆիլմերից մեկի օպերատորը լինել: Հարմաշը խոստովանեցՙ ամաչում է, որ Փարաջանովն Ուկրաինայում թանգարան չունի, մինչդեռ Կիեւի նրա բնակարանը մինչեւ հիմա կա: Փարաջանովն իր արվեստով ու երեւանյան թանգարանով մեր երեսը պարզ է անում օտարազգի հյուրերի առաջ: «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրեից Կիմ Կի-Դուկը մեծագույն հետաքրքրությամբ դիտեց Փարաջանովի «Նռան գույնը». խոստովանեց, որ մինչեւ փառատոնից հրավեր ստանալը, ոչ մի տեղեկություն չի ունեցել Հայաստանի ու հայ արվեստագետների մասին: Խոստացավ այսուհետեւ ավելի շատ կարդալ մեր երկրի մասին: Կիմ Կի-Դուկին ապշեցրել էր հայերի ուշադրությունն ու իրենով այդքան տարված լինելը: Կորեացի կինոռեժիսորը, որն, ի դեպ, 32 տարեկանում է առաջին անգամ ֆիլմ դիտել ու դպրոց չի գնացել, չզսպեց զարմանքը. «Բոլորն ինձ հետ ուզում են լուսանկարվել, բայց վստահ եմ, որ ոչ ինձ են ճանաչում, ոչ էլ իմ ֆիլմերն են դիտել: Երեւի դուրեկան արտաքին ունեմ, դրա համար են ցանկանում լուսանկարվել ինձ հետ»: Նրա ֆիլմերը ծայրահեղ կարծիքների տեղիք տվեցին: Կինոդիտողները կա՛մ շատ էին հավանում Կիմ Կի-Դուկի ֆիլմերը, կա՛մ մերժում էին ու ափսոսում կինոդահլիճում վատնած ժամանակը: Նույնպիսի բեւեռացված կարծիքներ պտտվեցին Ժան Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմի շուրջը, որով փակվեց փառատոնը: «Ոսկե ծիրանի» կինոցուցադրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր: Հատկապես երիտասարդները ջանում էին բաց չթողնել համաշխարհային կինոյի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմերն ու վարպետության դասերը: Ակնհայտ էր, որ իրենց ընձեռված հնարավորությունից ակնկալում էին մասնագիտական գիտելիքներ: «Ոսկե ծիրանի» հիմնադիրները դեռ 11 տարի առաջ հայտարարում էին, որ շեշտադրելու են ոչ դրամարկղային ֆիլմերի ներգրավվածությունը մեր փառատոնին: Փառատոնային ֆիլմեր բերել Հայաստան, որոնք համացանցում կամ կինովարձույթներում ջրի գին չունեն, անհասանելի են հասարակությանը, որովհետեւ արժեքավոր են իրենց որակով ու կինոմտածողությամբ: Սկզբից եւեթ որդեգրած այս սկզբունքը «Ոսկե ծիրանը» պահպանում է: Փառատոնի հանդիսատեսն էլ, բնականաբար, մտավոր ու ներքին այլ արժերքներ կրող մարդիկ ենՙ ոչ սերիալային ճաշակով ու նորարարությունների ձգտումով: Մեր կինոսրահները մեկ շաբաթ այդպիսի հանդիսատես ունեցան: Եթե փառատոնի առաջին տարիներին կինոդիտումներն անցնում էին դատարկ դահլիճներում, ապա այս անգամ հերթեր էին գոյանում: «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները սա էին երազում տասը տարի առաջ: Փառատոնն իր հետ կինոմթնոլորտ ու աշխույժ եռուզեռ է բերում, որտեղ պատահականորեն հայտնված մարդը, եթե դա իր միջավայրը չէ, անմիջապես ինքն իրեն դուրս է մղում այդտեղից: Իսկ փառատոնի հետ մտավոր ու հոգեւոր ներդաշնակություն ունեցողներն այդ մեկ շաբաթն իրենց զգում են ինչպես ձուկըՙ ջրում: Բոլոր ֆիլմերը դիտելու ցանկությունը մեծ էր, բայց կինոցուցադրումների գրաֆիկը շատ խիտ էր: Դրա պատճառով շատերը դեգերում էին մի դահլիճից մյուսըՙ ամեն ֆիլմից հասցնելով դիտել 10-20 րոպե: Կազմակերպիչներն այլ ելք չեն տեսնում. ինչպե՞ս համակարգել կինոցուցադրումները, որպեսզի մարդիկ հասցնեն հնարավորինս շատ ֆիլմեր դիտել ու բողոքներ չլսեն: 11 տարի է անցել, այնուամենայնիվ, հայկական ֆիլմերը չեն կարողանում մրցել միջազգային ծրագրերում: Հատկապես խաղարկային ֆիլմերը թույլ են ու որակական հատկանիշներով զիջում են արտասահմանյան ֆիլմերին: «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի պատասխանատուները նկատում են, որ վերջերս հայկական կինոնախագծերում որակական տեղաշարժը նշմարելի է: Իսկ վրացիները ներկայացնում են շատ ուժեղ նախագծեր. նրանց հետ համեմատվելու եզրեր չունենք: Այնուամենայնիվ, «Ոսկե ծիրանը» թեթեւակիորեն առաջ հրեց հայկական ժամանակակից կինոմտածողությունը. երիտասարդ ռեժիսորներն սկսեցին իրենց ուժերը փորձել կինոյում, ձեռքի տակ եղած մանր-մունր հնարավորություններն օգտագործելՙ ինքնադրսեւորվելու համար: Ու տարիների ընթացքում հայաստանյան արտադրության ֆիլմերը սկսեցին «ծիկ» անել «Ոսկե ծիրանում»: Այնուամենայնիվ, մեծ ու հզոր կինոնախագիծ, որով կարող ենք մրցել արտասահմանյան ֆիլմերի հետ, դեռեւս չունենք: Ու դարձյալ ապավինում ենք Փելեշյանի, Փարաջանովի ստեղծածին, հասկանալի էՙ ոչ մրցութային ծրագրերում: Համաշխարհային կինոյի հետ այսօր կարող է մրցել միայն մեր անցյալը: Թվում է, թե թեմաներ ինչքան ուզես կանՙ արցախյան հերոսամարտ, ցեղասպանություն, նոր ժամանակների պահանջներից խրտնած ու կողմնորոշումը կորցրած մարդիկ, սոցիալական ու մշակութային անկում ապրող հասարակություն. ի վերջո, սրանք զուտ ազգային թեմաներ չեն ու կարելի է սցենարական եւ ռեժիսորական ճիշտ մատուցման պարագայ ում դրանք հասցնել համաշխարհային հարթակ: Կարծիքները բաժանվում են. լավ կինոն լավ սյուժե պետք է ունենա, լավ կինո կարելի է ստեղծել քիչ բյուտջեով, եթե ասելիք ու հետաքրքրական մոտեցում ունես: Ինչպես էլ պտտվենք, կանգնում ենք նույն կետի վրա. մեր դրամատուրգիան, գրական, սցենարական հենքը թույլ է. դպրոց չունենք: Թեկուզ միլիոններ տրամադրվեն ֆիլմ նկարելու համար, եթե սցենար չկա, եթե ռեժիսորը չգիտե, թե ում է ուղղված իր ֆիլմը, եթե կինոդիտողն իրեն չի տեսնելու այդ ֆիլմում, չի գտնելու իր հարցերի պատասխանները, իր հույզերի, մտավոր ու հոգեւոր արժեքների անդրադարձը, ինչպե՞ս վստահի այդ նախագծին: Իսկ, օրինակ, Փելեշյանը 25 տարուց ավելի ուզում է Հայաստանի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարել. փող չկա: |