ՊԱՏԱՍԽԱՆՙ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ՆԱԻՐ ՅԱՆ Ցեղասպանության վավերագրերը դարձել են գեղանկարների, գրաֆիկական աշխատանքների ու քանդակների թեմա: «Պատասխանՙ 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է տվել Մեծ եղեռնի ականատեսների գրավոր վկայությունների հիման վրա գեղարվեստական գործեր ստեղծել: Հրավիրվել է մասնագիտական հանձնաժողով, որի անդամները մրցույթի եզրափակիչ փուլում առանձին-առանձին ներկա են եղել աշխատանքների փակ ցուցադրությանն ու գնահատել ստեղծագործությունները: Ընտրվել է 20 աշխատանք. դրանք գրական նախահիմքերիՙ Եղեռնի վավերագիր-պատմությունների հետ կընդգրկվեն «Պատասխանՙ 100 տարի անց» պատկերագրքում: Բացի այդ, ընտրված 11 վավերագրերը կուղարկվեն հայ եւ օտարազգի աշխարհահռչակ գործիչներիՙ նրանցից ակնկալելով պատասխան-արձագանք: Գրաֆիկական աշխատանքները, գեղանկարներն ու քանդակները կցուցադրվեն Ազգային պատկերասրահում: Մրցութային մեկ աշխատանք կստանա «Հատուկ» կարգավիճակ, իսկ հեղինակը կպարգեւատրվի նախագծի աջակիցներիՙ ՀՀ մշակույթի նախարարության ու Վիվա Սել ՄՏՍ-ի կողմից: Մասնագետների կարծիքովՙ երիտասարդ արվեստագետները հետաքրքրական, յուրօրինակ մտածելակերպով են առաջնորդվելՙ Մեծ եղեռնի վավերագրերի մղձավանջային պատկերներում ընդգծելով խորհրդանշական իմաստներ: Նրանք շեշտադրել են հայի ապրելու կամքը, հավերժական ոգին, հազարավոր նահատակների սրբացած հոգիների պատգամներըՙ վրեժխնդիր ու պահանջատեր լինել: |